Հինգշաբթի, 28.03.2024, 18:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Է. Թոփչյան. «Ուրախ եմ, որ Չայկովսկու մրցույթի հաղթանակից հետո Նարեկ Հախնազարյանի առաջին ելույթը ՀՊՖՆ-ի հետ է»
18:01
Է. Թոփչյան. «Ուրախ եմ, որ Չայկովսկու մրցույթի հաղթանակից հետո Նարեկ Հախնազարյանի առաջին ելույթը ՀՊՖՆ-ի հետ է»
Էդուարդ Թոփչյան
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 24-ին տեղի ունեցավ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2010-2011 թթ. համերգաշրջանի եզրափակիչ տոնական համերգը' նվիրված Նարեկ Հախնազարյանի' օրեր առաջ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում ունեցած հաղթանակին: Քսաներեքամյա երաժիշտը համերգին հանդես եկավ որպես մենակատար: Հավատարիմ մնալով կայացած մրցույթի անվանմանը եւ մրցույթում կատարած ստեղծագործությունների թեմատիկային' համերգային ծրագրում ընդգրկված էին Պյոտր Իլյիչ Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացաները, Իտալական կապրիչիո, Պեցո կապրիչիո, Սիմֆոնիա թիվ 5:

Գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանը համերգի սկզբում հնչած Չայկովսկու 1812 թ-ի նախերգանքից հետո նշեց, որ Նարեկ Հախնազարյանի հետ համատեղ համերգ ունենալու առթիվ ինքն ուրախ է առանձնակիորեն, քանի որ ճանաչում է Նարեկին դեռ մանկուց եւ միայն գերզբաղվածության պատճառով է, որ միասին հանդես չեն եկել, թեեւ նախկինում համերգային փորձեր արդեն ունեցել են: «Սա տաղանդավոր երաժիշտ, իմ մտերիմ ընկեր Նարեկ Հախնազարյանի առաջին ելույթն է Չայկովսկու մրցույթից հետո այստեղ, այս բեմի վրա, ինչը կարեւոր եւ պատմական իրադարձություն է»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:

ՀՊՖՆ-ի եզրափակիչ համերգի մենակատար Նարեկ Հախնազարյանը ներկայում Մոսկվայի եւ Բոստոնի «New England Music» կոնսերվատորիաների ուսանող է, ընդգրկված է Բոստոնի կոնսերվատորիայի հեղինակավոր «Artist Diploma» ստանալու ծրագրում: Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, Չայկովսկու մրցույթում 1-ին մրցանակի, Ոսկե մեդալի եւ 2 հատուկ պարգեւների արժանանալուց բացի, Կորեայի «Geongnam» միջազգային մրցույթի 2-րդ, ԱՄՆ-ի «Johansem» երիտասարդական կատարողների միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր, 2007թ. Արամ Խաչատրյան մրցույթի 1-ին եւ Ոսկե մեդալակիր է: Մասնակցել է Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դավիդ Գերինգասի, Լորենս Լեսսերի եւ այլ մեծանուն երաժիշտների վարպետության դասերին: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների հեղինակավոր համերգասրահներում: Ինչպես այս եզրափակիչ համերգին, այնպես էլ մրցույթի ժամանակ Նարեկը նվագել է աշխարհահռչակ «Դավիդ Դագլեր» 1698 թ-ի արտադրության ֆանտաստիկ թավջութակով: «Թավջութակը քմահաճ, բայց հավատարիմ «կին» է, քանի որ այնպիսի քնքուշ հարաբերություններ, որ ունես իր հետ, հաստատ ընկերոջդ հետ չես ունենա»,- խոստովանել է նա համերգի նախօրեին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Երիտասարդ երաժիշտը նվագելիս աչքերը փակում է, նրա հավաստմամբ' դա տեղի է ունենում ինքնաբերաբար եւ օգնում է իրեն առավել խորն ընկղմվել երաժշտության մեջ:

Համերգային ծրագրի ողջ ընթացքում դահլիճը թնդում էր նվագախմբին եւ մասնավորապես' Նարեկ Հախնազարյանին ուղղված բուռն ծափահարություններից:

2010-2011թթ. համերգաշրջանը դասական երաժշտությունը երիտասարդ սերնդին մատուցման տեսանկյունից ՀՊՖՆ-ի համար հատկապես հաջողված էր. հիշեցնենք, որ այս տարեսկզբին էր, որ նվագախումբը համերգներով հանդես եկավ հանրապետության առաջատար մի քանի բուհերում եւ ուսանողների համար հիմնեց դասական երաժշտության ակումբներ: Նաեւ 2010-2011 թթ. համերգաշրջանի համար նշանակալից էին հայ դասական երաժշտարվեստը ներկայացնող երեկոները, որոնք արժանացան հայ եւ օտարազգի ունկնդիրների ուշադրությանն ու հիացմունքին: Երիտասարդ երաժիշտի հետ եւ վերջինիս հաղթանակին նվիրված հանդիսությամբ համերգաշրջանի ամփոփումն այս իմաստով խորհրդանշական է: ՀՊՖՆ-ի ղեկավարության հավաստմամբ' նրանք հետագայում եւս կշարունակեն երիտասարդ սերնդին դասական երաժշտությունը հնարավորինս լայնորեն ներկայացնելու իրենց ծրագիրը, ինչպես նաեւ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ սերտ համագործակցությունը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659438/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 620 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էդուարդ Թոփչյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0