Ուրբաթ, 19.04.2024, 18:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Գանձասարի անավարտ ոդիսականը (տեսանյութեր)
16:12
Գանձասարի անավարտ ոդիսականը (տեսանյութեր)
Գանձասար
Շաբաթ և կիրակի օրերին «Առաջին լրատվականը» լրագրողական մեծ խմբի հետ մեկնեց Արցախ` տեղում ծանոթանալու Գանձասարի վանքի պարիսպների երեսպատման` մեծ աղմուկ բարձրացրած խնդրի մանրամասներին: Այցը կազմակերպվել էր մոսկվահայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի Գանձասարի վերածնունդ հիմնադրամի կողմից:

Այն նաև ճանաչողական բնույթ էր կրում: Լրագրողական այսպիսի մեծ դեսանտ` մոտ վաթսուն հոգի, երբևէ չէր ժամանել Գանձասար ու հարակից Վանք գյուղ, և եթե չլիներ վանքի պարսպի հետ կապված պատմությունը, թերևս երբեք այսպիսի հնարավորություն ո՛չ լրատվամիջոցներին, ո՛չ էլ նրանց լսարանին չընձեռնվեր: Իսկ տեսնելու և պատմելու բան Գանձասարի պարիսպներից բացի իսկապես շատ կար: Լևոն Հայրապետյանը տարիների ընթացքում վիթխարի գործ է արել Լեռնային Ղարաբաղում: Այս հոդվածի շրջանակներում կսահմանափակվենք միայն Վանք գյուղում և Գանձասարի վանական համալիրում իրականացված աշխատանքների ոչ ամբողջական թվարկումով: 1500-ից ավելի բնակչություն ունեցող հայրենի գյուղում, որը գտնվում է Մարտակերտի շրջանում, Հայրապետյանը կառուցել է` երկու շքեղ հյուրանոց` հարակից հանգստի, սննդի և ժամանցի գոտիներով, գյուղապետարանի` քաղաքապետարան հիշեցնող շենքը, երկհարկանի մանկապարտեզ, համալսարան հիշեցնող եռահարկ դպրոց` մեծ լողավազանով, տեխնիկապես հագեցած լուսավոր դահլիճով, ֆիզկուլտ հրապարակով, գրադարանով, համակարգչային դասարանով, ճաշարանով և այլն, ժամանակակից երկհարկանի հիվանդանոց` հագեցած բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով և հարմարություններով, գյուղատնտեսական շուկա, գազանանոց, ձկնաբուծարան, գնվել են զբոսաշրջային ավտոբուսներ, ժամանակակից գյուղտեխնիկա: Այս ամենի շնորհիվ գյուղի բնակիչների մի ստվար զանգված ապահովված է մշտական աշխատանքով, մյուս մասն էլ հնարավորություն ունի իրացնել իր արտադրած մթերքը` հավ, ձու, միս, կարագ, պանիր և այլն: Վանք գյուղից քիչ հեռու մոտ ապագայում կսկսվի ռազմական ուսումնարանի շինարարությունը, որի պետ է նշանակվելու, ըստ նախնական տեղեկությունների, Արկադի Տեր-Թադևոսյանը:

Բուն Գանձասարում հիմնովին վերականգնվել է վանքը, կից կաթողիկոսարանը, կառուցվել է նոր ճեմարան, որը, սակայն, մինչ օրս չի գործում, բարեկարգվել է տարածքը, անցկացվել է շենքի պատերի գիշերային լուսավորություն, ասֆալտապատվել է վանական համալիր տանող ճանապարհը (մոտ 13կմ):

Թվարկված օբյեկտներում մի քանի ժամ տևած շրջայցից հետո լրագրողական խումբը կիրակի կեսօրին բարձրացավ վանք: Այստեղ մեր հարցերին պատասխանեց պատվիրատուն` Լևոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը: Տարօրինակ կերպով թե՛ շաբաթ երեկոյան, երբ արդեն Վանք գյուղում էինք, թե՛ հաջորդ օրը վանքի տարածքում, լրագրողների հետ շփումից խուսափեցին առաջին հրապարակումներից հետո մոտ հինգ օր քար լռություն պահպանող Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը այդպես էլ Շուշիի իր նստավայրից չժամանեց Գանձասար և Վանք գյուղում գտնվող ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Ըստ Վլադիմիր Հայրապետյանի` երեսպատման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ իրենք ամիսներ շարունակ ականատես են եղել պատի շարունակական մասնակի փլուզմանը: Այն պայմանավորված չէ արտաքին տեսքի բարելավման բարերարի ձգտումով: Կից լուսանկարում կարելի է տեսնել, որ պատը, որի մի մասը իսկապես հին է, սակայն բազմիցս վերանորոգված և վերակառուցված, բաղկացած է 20-30 սմ տրամագծով քարերից, որոնք իրարից բաժանված են ցեխով (ժամանակին օգտագործվել է կիր և ավազ, հետագայում փոխարինվել է ցեմենտ-ավազով): Հարկ է նշել, որ վերջին անգամ վերանորոգումն իրականացվել է 1980-ականների սկզբին, և ինչպես կարելի է դատել պատի այսօրվա վիճակից, շաղախի բաղադրության մեջ չափազանց քիչ ցեմենտ է օգտագործվել: Սա է պատճառը, ըստ բարերարի եղբոր, որ իրենք որոշել են անհապաղ սկսել ամրացման աշխատանքները` դրա համար ընտրելով երեսմատման ճանապարհը և օգտագործելով տրավիրտին քարը հենց այն նույն հանքից, որտեղից բերված քարով 13-րդ դարում իշխան Հասան Ջալալը կառուցել է վանքը:

Երեսպատման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարը մեզ հետ առանձնազրույցում նշեց, որ պատի նորոգման և ամրացման միակ այլընտրանքը պատն ամբողջությամբ քանդելն ու նորից կառուցելն էր, ինչը գուցե ավելի մեծ աղմուկ բարձրացներ: Նա բացառեց մոտ մեկուկես մետր հաստություն ունեցող պատի ամրացումը` միայն արտաքին կողմի անորակ շաղախը (ավազի, ցեմենտի և ջրի համակցությունը) որակյալով փոխարինելու տարբերակով` պատճառաբանելով, որ քարերը հուսալի ամրացված կլինեն, միայն եթե բետոնը լցվի դրանց տակի, այլ ոչ երեսի կողմից, իսկ քարերի արանքի ներկայիս շաղախը քանդելու դեպքում հարկ կլինի հանել դրանք, ինչն էլ ըստ էության կվերածվի պարսպի հիմնահատակ քանդմանը և զրոյից կառուցմանը (այսինքն շինարարի նշած այլընտրանքին):

Հայ վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի անդամ Մանուշակ Տիտանյանը, սակայն, մեզ հետ զրույցում կատեգորիկ կերպով բացառեց պարսպի երեսպատումը` որպես պատմական հուշարձանի վերականգնման ճանապարհ: Իսկ այլընտրանքն, ըստ նրա, հետևյալն է. պատի արտաքին մասը, որը շփվում է բնության տարերքների հետ (անձրև, քամի, կարկուտ, ձյուն, արևի ճառագայթներ), հարկավոր է ջրի շիթի ճնշման տակ մաքրել թուլացած և փլուզման ենթակա շաղախի հատվածներից, այնուհետև իրականացնել կրակաթով սրսկում, ապա` ամրացում ավազի և ցեմենտի շաղախով: Այն հատվածներում, որտեղ փլուզումը մեծ չափեր է կրում (որպիսիք Գանձասարի դեպքում շատ չէին) թույլատրելի է պարսպի մասնակի վերակառուցում` քարերը հանելու և կրկին տեղադրելու տարբերակով: Տիկին Տիտանյանի մյուս առարկությունները (http://1in.am/arm/armenia_arts_25952.html) ներկայացրել էինք ավելի վաղ:

Նշենք, որ ըստ պատվիրատուի` երեսպատման աշխատանքները կարժենան մոտ մեկ միլիոն դոլար` հաշվի առնելով նաև նախնական ներդրումը` հանքի շահագործում, քարերի տեղափոխում, վերամշակման արտադրամասի ստեղծում և այլն: Հարցին, թե ինչու աշխատանքները չեն դադարեցվում (դրանք ընթանում էին անգամ մեր նկարահանումների ժամանակ) Հայրապետյանը նշեց, որ շինարարական աշխատանքները չեն դադարեցրել, քանի որ արհեստավորները բերված են Հայաստանի տարբեր մարզերից և նրանց հետ ուղարկելու դեպքում աշխատանքները վերսկսելը կարող է բավականին ձգձգվել, մինչդեռ մեծ մասն արդեն արված է, և ավարտին հասցնելն ըստ էության ավելի հեշտ է: Նա նաև տեղեկացրեց, որ թե՛ ԼՂՀ նախագահը, թե՛ վարչապետը իրենց ձեռնարկին աջակցում են և թույլատրել են շարունակել կառուցապատումը մինչև պաշտոնական թույլտվության ձևակերպումը, որը գուցե լինի առաջիկա երկու օրերի ընթացքում:

Պարսպի երեսպատմանը դրական էր վերաբերվում նաև վանքի քահանան` տեր Գրիգորը, ինչպես և արդյունքում լռության ուխտը խախտած նրա վերադասը` Պարգև սրբազանը: Լրագրողների հետ վերջինիս հանդիպումը կայացավ արդեն ետդարձի ճանապարհին` Շուշիում: Նա նշեց, որ նույնպես անհրաժեշտ է համարում պարսպի սալիկապատումը` չնայած ԼՂՀ կառավարության համապատասխան վարչության կողմից թույլտվության բացակայությանը: Սրբազանի խոսքերով` սա այն դեպքն է, երբ օրենքին դեմ գնալը օգնում է գործին, և ինքը դա արդարացնում է: Բարերարի առաջարկը ստանալուց հետո ԼՂՀ կառավարությանը նամակով դիմել է անձամբ ինքը` վեհափառի հորդորով: Բացասական պատասխան ստանալուց հետո մարտ ամսին աշխատանքները առժամանակ դադարեցվել են, սակայն վերջերս կրկին վերականգնվել են, քանի որ Հայրապետյանը ցանկանում է մինչև սեպտեմբեր` երբ հանդիսավորությամբ կնշվի ԼՂՀ անկախության 20-ամյակը, ավարտին հասցնել սկսած գործը:

Իր լռությունը հիմնավորելով մոր ձեռքի վնասվածքի պատճառով իր բազմազբաղությամբ, արքեպիսկոպոսը նշեց, որ իրենց և ԼՂՀ կառավարության միջև ընթացող խորհրդակցությունները խնդրի շուրջ դեռևս շարունակվում են և դեռ արդյունք չեն տվել: Նա հնարավոր համարեց թե՛ աշխատանքների դադարեցումը, թե՛ ավարտին հասցնելը: Սրբազանը հիշատակեց տասնամյակներ առաջ Վազգեն Ա-ի կողմից Սուրբ Էջմիածնի հին` «ցեխից» պարիսպների փոխարինումը ժամանակակից քարե պարիսպներով` նշելով, որ այժմ ոչ ոք չի հիշում նախկին տեսքը: Նույն պատկերն է նաև մյուս հայտնի եկեղեցիներում` Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ, Գեղարդ, Խոր Վիրապ և այլն: Մեկ այլ օրինակ է Սուրբ Հռիփսիմե վանքի տարծքում կույսի մասունքները, որի վրայի տապանը բազմիցս քայքայվել է և փոխարինվել նորով, ինչն ամենևին չի նշանակում, որ ամփոփված մասունքները չորրորդ դարի չեն:

Լրագրողների հարցին, թե ինչու սկսելուց առաջ չեն խորհրդակցել ճարտարապետների հետ և ստացել վերականգման նախագիծ, սրբազանը պատասխանեց, որ սալիկապատումը պրիմիտիվ շինարարական գործողություն է, և դրա համար ճարտարապետական միտք առանձնապես հարկավոր չէ:

Այսպիսով, խնդրի շուրջ բուռն քննարկումները թերևս կշարունակվեն, իսկ թե ինչով կհանգուցալուծվի Գանձասարի ոդիսականը, ոչ ոք չի կարող ասել:

 
Աղբյուր`http://1in.am/arm/regional_karabagh_26182.html









Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0