Հինգշաբթի, 25.04.2024, 03:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 3 » «Իրան և կովկասից» մինչև Եղիշե Չարենց
18:26
«Իրան և կովկասից» մինչև Եղիշե Չարենց
«Եղիշե Չարենց»
Տարիներ առաջ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նախաձեռնեց «Իրան եւ Կովկաս» միջազգային պարբերականի հրատարակումը: Այս տարի լրանում է պարբերականի 15-ամյակը, որի կապակցությամբ հուլիսի 1-2-ը Երեւանում, 14 երկրներից ժամանած 50 եւ տեղացի 20 գիտնականների մասնակցությամբ գիտաժողով է տեղի ունենում: Վերջինս կազմակերպել է «Իրան եւ Կովկաս» հանդեսը եւ հոլանդական Brill Academic Publishers-ը՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի եւ Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական «Արմակադ» ասոցիացիայի աջակցությամբ:

«Իրան եւ Կովկասի» խմբագիր Գ. Ասատրյանի խոսքով, հանդեսը միակ միջազգային գրախոսվող, ազդեցության գործակից ունեցող, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն տպագրվող արեւելագիտական, հասարակագիտական պարբերականն է. «Այն նվիրված է Իրանի եւ կովկասյան տարածաշրջանային խնդիրների լուծմանը, անդրադառնում է ծայրահեղ խնդիրներից մինչեւ տարածաշրջանային զարգացումներ: Հանդեսը մեծ դեր է ունեցել տարբեր խնդիրների արծարծումներին»:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գեւորգյանը մանրամասնեց հանդեսի աշխատանքները. «Այն տպագրվում է հայաստանյան թիմի ջանքերով, խմբագրվում է այստեղից, իսկ հրատարակչական աշխատանքները կազմակերպում է հոլանդական «Բրիլլ» հրատարակչությունը: Մի քանի ուղղվածություն ունի՝ քաղաքական, լեզվաբանական, գրականագիտական, պատմական: Հանդեսը դարձել է հարթակ, որտեղ կովկասյան պետությունների գիտնականները արտահայտում են իրենց կարծիքները՝ գիտական մակարդակով: Բացի տպագիր տարբերակից, հանդեսը նաեւ օնլայն է տարածվում: Կարծում եմ, սա ազգային մրցունակության խնդիր է, որովհետեւ, եթե գիտությունը ընդունում ենք որպես ազգային մրցունակության կարեւորագույն բաղադրիչ, ապա հասարակական գիտությունը Հայաստանի մրցունակությունը ապահովող միակ միջոցն է»:

BBC-ի քաղաքական վերլուծաբան, Լոնդոնի համալսարանի քաղաքագիտության դասախոս, նախկին իրանցի դիպլոմատ Ալի Գրանմայեհը գտնում է, որ հանդեսը լավագույն հնարավորությունն է ինչպես Իրանի, այնպես էլ ողջ Կովկասի մշակույթը մեկտեղելու:

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) հայագիտության ամբիոնի վարիչ Ջեյմս Ռասելի կարծիքով, «Իրան եւ Կովկաս» միջազգային պարբերականը գիտնականներին թույլ է տալիս նոր մոտեցումներ հնարել գիտության ոլորտում: Հանդեսում տպագրվող հոդվածների հեղինակները զանազան երկրներ ներկայացնելով՝ իրար հետ շփվելու հնարավորություն ունեն պարբերականում: Օրինակ՝ Իրանի, Իսրայելի, Հայաստանի, Ադրբեջանի գիտնականները նույն հանդեսում իրենց գործերն են հրատարակում, սա, իրականում, աննախադեպ երեւույթ է»: Ջ. Ռասելը համամիտ չէ այն մտքին, որ հանդեսը քարոզչական բնույթ ունի. «Որեւէ գիտնական քարոզի կարիք չունի, նա միայն ճշմարտությունը պետք է ներկայացնի»:

Հիշեցնենք, որ որոշ չարենցագետներ, մասնավորապես Դավիթ Գասպարյանը, ժամանակին կարծիք էր հայտնել, թե Ջ. Ռասելը սխալ է մեկնաբանել Ե. Չարենցի անտիպները, հատկապես նրա էրոտիկ բնույթի բանաստեղծություններն ու բանաստեղծի հասցեին վարկաբեկիչ մեկնաբանություններ է արել ու միասեռական որակել:

Ջ. Ռասելը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը Չարենցին երբեք միասեռական չի անվանել: «Միասեռականության մասին ես չպիտի խոսեմ, որովհետեւ դա կողմնակի հարց է: Երբ, օրինակ, ամերիկացի բանաստեղծ Ուիթմանի մասին խոսք լինի, բնավ չենք շեշտի, որ նա միասեռական է: Դա արեւելյան նախապաշարումների հարց է: Համաշխարհային գրականագիտության մեջ հեղինակի միասեռական լինելը կամ չլինելը նշանակություն չունի: Իսկ թե ես ինչ եմ ասել, դա այս պահին կարեւորություն չունի: Իմ գործն այն է, որ ես անտիպ բանաստեղծություններ վերծանեմ, վերականգնեմ եւ հրատարակեմ, ինչը Չարենցի վերջին փափագն է եղել: Ինձ չի հետաքրքրում՝ Չարենցը միասեռակա՞ն էր, թե՝ ոչ: Ես միայն ձգտում եմ ճշգրտորեն ներկայացնել ձեռագրերը, իսկ ընթերցողը կարող է ընդունել կամ չընդունել: Իմ յուրաքանչյուր հրատարակություն այստեղ մեծ աղմուկ-աղաղակի առարկա է դառնում, որովհետեւ ես բազմիցս շեշտել եմ իմ հոդվածներում, որ Սովետը սպանեց Չարենցին»:

Գիտաժողովի հյուրերը չկարողացան շրջանցել տարածաշրջանում առկա քաղաքական հարցերը:

Ա. Գրանմայեհը, օրինակ, լրագրողների հետ զրուցելիս կարեւորեց տարածաշրջանում Իրանի դերը: Ըստ նրա՝ Իրանը Կովկասում Թուրքիայի մրցակիցներից մեկն է. «Վերջին զարգացումների ընթացքում Իրանը ձգտում է խնդիրներ չունենալ Թուրքիայի հետ, որովհետեւ Թուրքիան հօգուտ Իրանի արտահայտվեց միջուկային զենքի հարցում»:

Ղարաբաղյան խնդրի հարցում Իրանի դերակատարման մասին էլ հայտնեց. «Ղարաբաղյան հարցի շրջանակներում Իրանը միշտ ձգտել է միջորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց, ցավոք, չի հաջողվել: Հայաստանը ողջունել է Իրանի միջնորդությունը, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին: Ներկայումս Իրանը Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ, ու քանի որ ղարաբաղյան խնդրի լուծումը հստակ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ խաղաղապահների տեղակայման շնորհիվ, լավ հարաբերությունները հաշվի առնելով՝ Իրանի դիրքորոշումը այս հարցում չի կարող տարբերվել Ռուսաստանի դիրքորոշումից»:

Գ. Ասատրյանի համոզմամբ. «Իրանն այժմ իր դերակատարումն ու նշանակությունը մի փոքր նվազեցրել է: Այն չէ, ինչ նախկինում էր, որովհետեւ Թուրքիան ավելի ակտիվ է եւ մեծ լծակներ ունի ազդելու, իսկ Իրանը չունի լայն հնարավորություններ»:

 
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95310/view

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1141 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0