Հինգշաբթի, 25.04.2024, 07:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Իրանական ֆիլմը` «Ծիրանի» գլխավոր հավակնորդ
13:04
Իրանական ֆիլմը` «Ծիրանի» գլխավոր հավակնորդ
Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց իր ողջ շքեղությամբ եւ մռայլությամբ: Փառատոնի բացման ամենամեծ շքեղությունը (կարելի է ասել` շատ քչերից մեկը), թերեւս, ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Ֆանի Արդանի ներկայությունն էր: Ինչ վերաբերում է փառատոնի բացասական կողմերին, ապա այստեղ գլխավորն ազգի մեջ մշակութային հոգեբանության բացակայությունն է: Դրա վառ ապացույցը «Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ մարդկանց սակավությունն էր այն պարագայում, երբ 1,5 մլն բնակչություն ունեցող քաղաքում միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ փողոցները բառացիորեն պետք է փակ լինեին: Սակայն ժողովուրդը մի լավ խոսք ունի. «Մեծն ինչ է, որ փոքրն ինչ լինի»: Եթե երկրի վարչապետը տարվա կարեւորագույն մշակութային միջոցառմանը ներկայանում է գրեթե մեկ ժամ ուշացումով` սպասեցնել տալով համաշխարհային կինոարվեստում աննկարագրելի մեծ ավանդ ունեցող վարպետների, ապա խոսքերն այստեղ ավելորդ են: Ինչեւէ, փառատոնը բացված է, եւ մրցութային ծրագրերի որոշ ֆիլմեր արդեն ցուցադրվել են:

Այս տարի «Ոսկե ծիրանը» ոչ պաշտոնապես բացվեց կանադացի Դընի Կոտեի «Քերլինգ»-ով, որը հիմնականում կարճամետրաժ ֆիլմեր նկարահանող ռեժիսորի 5-րդ լիամետրաժ ժապավենն է: Կանադայի հեռավոր գավառներից մեկում ապրող հոր ու դստեր արտասովոր մռայլ կյանքը թերեւս չհուզեց հայ հանդիսատեսին: Բացի այդ, մենք դեռ ունակ չենք ընկալել պսեւդո-հոգեբանական այնպիսի նրբություններ, որոնք բնորոշ են մեծ հասարակություններին: Ունակ չենք, եւ պետք էլ չէ, որ ընդունենք: Ընտանեկան հարաբերությունները քիչ թե շատ մեր ազգի առավելություններից մեկն է, եւ այն պետք չէ աղավաղել արհեստականորեն ներմուծվող հոգեբանությամբ: Այս ամենին գումարած` «Քերլինգը» գրեթե ոչինչ չի թողնում հանդիսատեսին:

Անհամեմատ ավելի սյուժետային, ճանաչողական եւ հոգեբանական դրամա է ռումինացի ռեժիսոր Կոռնել Գեորգիտայի «Եվրապոլիս» ֆիլմը: Նայեն ապրում է Արեւելյան Ռումինիայի մի փոքրիկ գյուղում: Ֆրանսիայից հեռագիր է գալիս, որ երկար ժամանակ կորած նրա Լուկա քեռին մահացել է: Նայեին եւ նրա մորը խնդրում են մեկնել Ֆրանսիա` ժառանգությունը ստանալու: Հանգուցյալի վերջին ցանկություններից մեկը Սուլինայում` իր հայրենի ռումինական քաղաքի գերեզմանում թաղվելն է: Այս ժապավենը հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալ ռումինական որոշ ավանդույթների, մշակութային առանձնահատկությունների` փոքր-ինչ ստվերում թողնելով համամարդկային արժեքները: Ամենեւին չհամարվելով մեծ թերություն` այնուամենայնիվ, այս հանգամանքը կարող է խանգարել միջազգային կինոփառատոնում ֆիլմի մեծ հաջողությանը:

Փառատոնային երկու օրվա արդյունքում խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» գլխավոր հավակնորդը թերեւս իրանցի ռեժիսոր Ասգար Ֆահրադիի «Նադեր եւ Սիմին. Ամուսնալուծություն» դրաման է: Անժխտելի փաստ է, որ վերջին շրջանում «արեւելյան» կինեմատոգրաֆը մեծ վերելք է ապրում` դրա պտուղները քաղելով տարբեր կինոփառատոներում: Իրանական այս ժապավենը նույնպես մեծ հաջողությունների է հասել այս տարվա Բեռլինի կինոփառատոնում. արժանացել է «Ոսկե արջի», Էկումենիկ ժյուրիի, «Berliner Morgenpost» թերթի մրցանակներին, իսկ ֆիլմի 4 դերասանները ստացել են դերասանական պարգեւները: Ժապավենը մեծ ոգեւորությամբ ընդունվեց նաեւ «Ոսկե ծիրանի» հանդիսատեսի կողմից: Ֆահրադին իր ժապավենը կառուցել է ամուր ընտանիքի եւ դրանում հանդուրժողականության կարեւորության գաղափարի վրա, վարպետորեն պատկերել է ընտանիքում միջանձնային հարաբերությունները: Հատկանշական է նաեւ այն, որ «Նադեր եւ Սիմին»-ը սյուժետային արագ զարգացում ունեցող եւ դեդեկտիվ ժանրի տարրերով ժապավեն է` դերասանական փայլուն խաղով, սոցիալական եւ կրոնական ենթատեքստով: Սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ Իրանի նման երկիրը, որի բարքերը, կրոնական եւ իրավական օրենքները ոչ մի կերպ չեն ընդունվում Արեւմուտքի կողմից, կարողանում է նույն Արեւմուտքին վարպետորեն հրամցնել իր արդիական մշակույթի նման գործերը:

ԹՈՄՍՈՆ


Աղբյուր`http://168.am/am/articles/28618

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 727 | Ավելացրեց: admin | Տեգեր: Իրանական, ֆիլմ, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0