Հինգշաբթի, 25.04.2024, 19:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Ռումինիայի հայ երիտասարդության ամառային հավաք Սուչավայում և հայկական մշակութային միջոցառումներ Տրանսիլվանիայում
15:01
Ռումինիայի հայ երիտասարդության ամառային հավաք Սուչավայում և հայկական մշակութային միջոցառումներ Տրանսիլվանիայում
 Սուչավա
Օգոստոսի 11-16-ը Ռումինիայի Սուչավա (Suceava) քաղաքում, որ համանուն նահանգի կենտրոնն է, տեղի ունեցավ Ռումինիայի հայ երիտասարդության ամառային հավաքը: «Ռումինիայի հայ գաղութի ապագան հայ երիտասարդության ձեռքն է» խորագրով հավաքը կազմակերպվել էր Ռումինահայոց թեմի նախագահությամբ եւ Ռումինահայոց միության հովանավորությամբ: Ռումինիայի տասնյակ քաղաքներից պատմական Սուչավա էին ժամանել մոտ ութ տասնյակ հայ պատանիներ եւ երիտասարդներ, ինչպես նաեւ հոգեւոր պետեր եւ համայնքային կառույցների ղեկավարներ: Հավաքը տեղի էր ունենում միջնադարյան նշանավոր հայկական Զամկա վանքի (Zamka) հարեւանությամբ գտնվող համանուն հյուրանոցային համալիրում: Չորս օրվա ընթացքում ռոմանահայոց պատմության, Ռումինիայի կայացման եւ զարգացման գործում նրանց դերի, հայ համայնքի այսօրվա խնդիրների եւ հեռանկարների, ինչպես նաեւ երիտասարդության հոգեւոր եւ ազգային դաստիարակության հարցերի շուրջ զեկուցումներով եւ քննարկումներով հանդես եկան հավաքի նախաձեռնող Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանը, Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian), Մոլդովայի միտրոպոլիտ Թեոֆան Արքեպիսկոպոսը (Mitropolit Arh. Teofan), Յաշի ռոմանո-կաթոլիկ թեմի առաջնորդ Եպիսկոպոս Պետրու Գերգելը (Episcop Petru Gherghel), Յաշի պատմության ինստիտուտի պրոֆեդոր, ակադեմիկոս Կատալին Տուռլիուկը (Catalin Turliuc), գրող Պետրոս Խորասանջյանը (Bedros Horasangian), «Արարատ» հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը(Sirun Terzian), «Արարատ» եւ «Նոր Կյանք» հանդեսների գլխավոր խմբագիր Ստեփան Գազազյանը (Stepan Gazazian): Օգոստոսի 13-ին արդի Հայաստանի եւ Հայաստան-Սփյուռք կապերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ դեսպան Համլետ Գասպարյանը:

Հավաքի ընթացքում տեղի ունեցան նաեւ հայոց լեզվի վերաբերյալ դասախոսություններ, ցուցադրվեցին ֆիլմեր, կազմակերպվեցին երաժշտական երեկոներ: Հավաքն ուղեկցվեց Սուչավայի հայկական վանքերում եւ եկեղեցիներում մատուցված հոգեւոր արարողություններով: Երիտասարդներն այցելեցին հայկական Զամկա եւ Հաճկատար վանքերը, Սուրբ Խաչ եւ Սուրբ Սիմեոն եկեղեցիները, հայկական զույգ գերեզմանատները:

Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված համաժողովրդական ուխտագնացություն Հաճկատար վանք, ուր տեղի հազարավոր հավատացյալներից բացի ժամանել էին ուխտագնացներ նաեւ ողջ Ռումինիայից եւ արտասահմանից: Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանի կողմից մատուցված սուրբ պատարագին ներկա էին նաեւ Սուչավայի նահանգային խորհրդի նախագահ, սենատոր Գեորգե Ֆլուտուրը (Gheorghe Flutur) եւ Սուչավայի քաղաքապետ Յոն Լունգուն (Ion Lungu):

Երիտասարդական հավաքն ու Հաճկատարի ուխտագնացությունը լուսաբանվում էին ռումինական կենտրոնական հեռուստատեսության եւ տեղական մամուլի կողմից:

 Ռումինիայի հայ երիտասարդության ամառնային հավաքի ավարտին, օգոստոսի 14-ի երեկոյան, տեղի ունեցավ հիմնադիր ժողով, որը որոշեց հիմնել Ռումինիայի Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն:

Օգոստոսի 15-ին հայկական միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Տրանսիլվանիայում: Դումբրավեն (Dumbraveni) քաղաքում, որտեղ հայերը հաստատվել են դեռեւս միջնադարում եւ այնտեղ ձեռք բերել Ավստրո-հունգարական կայսրության կողմից հաստատված ինքնավարություն, Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարի հարեւանությամբ գտնվող նշանավոր Ապաֆի ամրոցում, ուր տեղավորված է անցյալ տարվանից գործող Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, բացվեց գրաֆիկական նկարիչ Յոզեֆ Նովակի (Jozsef Novak) գործերի ցուցահանդեսը`  նվիրված Տրանսիլվանիայի հայ ազնվատոհմիկ ընտանիքների զինանշաններին: Նկարչի մոտ հիսուն գործեր վերարտադրում էին ժամանակի հայ ազնվատոհմիկների զինանշանները տարեթվերով եւ անվանումներով: Պատկերված էին նաեւ Հայաստանի առաջին հանրապետության եւ ժամանակակից Հայաստանի զինանշանները:

Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում կազմակերպված մշակութային այս միջոցառումներին ներկա էին քաղաքապետ տիկին Ջորջետա Իրիմիեն (Georgeta Irimie), Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, դեսպան Համլետ Գասպարյանը, տեղի եւ Սիբիու (Sibiu) նահանգի մտավորականության եւ հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր հարեւան Կլուժ (Cluj) եւ Մուրեշ (Mures) նահանգներից, բազմաթիվ տրանսիլվանահայեր:

Կեսօրին Դումբրավենի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում մատուցվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված հայ կաթողիկե ծեսով պատարագ, որին հատուկ ժամանել էին Ալբա Յուլիայի (Alba Iulia) կաթոլիկ թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գիորգի Յակուբինին (Gyorgy Jakubinyi) եւ, առաջին անգամ, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանը, որն ընդունվեց մեծ պատիվներով:Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:


Աղբյուր`http://noratert.am/news/id/7543.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 533 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սուչավա, Ռումինիա, Տրանսիլվանիա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0