Շաբաթ, 20.04.2024, 17:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Զրույց «Ակունք»ի խմբագրատանը՝ պոլսահայ մտավորականներ Սարգիս Սերոբյանի եւ Բեսսե Քաբաքի հետ
02:22
Զրույց «Ակունք»ի խմբագրատանը՝ պոլսահայ մտավորականներ Սարգիս Սերոբյանի եւ Բեսսե Քաբաքի հետ
Սարգիս Սերոբյանի եւ Բեսսե Քաբաք
Հայկազուն Ալվրցյան- Խնդրելու եմ, որ մեր այս զրույցի ընթացքում պատմեք Համահայկական խաղերին մասնակցող Պոլսի պատվիրակության, հատկապես՝ առաջին անգամ խաղերին մասնակցող սասունցիների միության մասին. ինչպե՞ս եկաք, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպե՞ս են ընթանում խաղերը:

Սարգիս Սերոբյան- Սասունցիների խումբն այստեղ բերելու միտքը պատկանում է բիթլիսցի հայրենակից Էֆրիմ Բաղին, հայերեն՝ Եփրեմ: Էֆրիմ Բաղը Ստամբուլի ազգային կյանքում հայտնի անձնավորություն է: Եղել է թաղական, խնամակալ, Գումգափուի մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ: Ազգասեր և հայրենասեր մարդ է, ով իրեն սասունցի է համարում, սակայն իրականում ծնվել և ապրել է պատմական Սասունի մաս կազմող, սակայն հիմա Բիթլիսի կազմում գտնվող Մուտքիում: Մուտքիի շրջանը մոտ է Մարաթուկ լեռանը: Դեռևս փոքր հասակում ընտանիքով գաղթել են Պոլիս, մտել են մայր եկեղեցու Գաղթականության հանձնախմբի հովանավորության տակ: Նրանք յոթ եղբայր են, աշխատել են, մեջքները շտկել:

Էֆրիմ Բաղն այսօր իր հարստության մեկ մասը ազգային գործերին է նվիրաբերում: Շատ հայրենասեր տղա է, եթե ոչ ամեն տարի, ապա վերջերս հաճախակի, գոնե տոնական օրերին` Վարդավառին, որը Մարաթուկ եկեղեցի այցելության օրն է, այցելում է իր ծննդվայր: Ինչպես լսեցի, այս տարի Էֆրիմը նախընտրել է գնալ ոչ թե այն ճանապարհով, որով սովորաբար գնում են (մեքենայով գնում են մինչև Մարաթուկ եկեղեցու մոտ գտնվող Փուրշենք կոչված գյուղը, հետո կարճ ճանապարհով տեղ հասնում, սասունցիներն ասում են՝ 45 րոպե, սակայն մենք 2 ժամում կանցնենք. ներեցեք համեմատության համար, սասունցիները այծերի պես հեշտ են մագլցում ժայռերը), այլ ուրիշ ճանապարհ է ընտրել. Քոզլուք կոչված վայրից քայլելով է բարձրացել: Այն հարցին, թե ինչու ոտքով բարձրացար, պատասխանեց, որ ուխտ է արել, պետք է քայլելով գնալ, որ եկեղեցին ցանկացածդ կատարի:

Մարաթուկի ուխտի օրը Վարդավառի օրն է, երբ մենք ձեզ հետ միասին Դերսիմում տոնում էինք Վարդավառը, նրանք էլ Մարաթուկում էին տոնում, սակայն նրանց Վարդավառը փոքր-ինչ տարբեր է. մեղրամոմից մոմեր են պատրաստում և վառում Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հետաքրքրական է, որ իջնելիս վառվող մոմերի համար այնտեղ պահակ են կարգում, որպեսզի այդ մոմերը տեղացիները չգողանան: Հաջորդ օրը Մարաթուկի մյուս բարձրունքին` Շեխբազիտի վրա տեղացիներն էլ տոնակատարություն ունեն և փոխանակ իրենք մոմ պատրաստեն, վառում են հայերի մոմերը:

Էֆրիմը սասունցիների մեջ բավականին մեծ ազդեցություն և հեղինակություն ունի, շատերի համար գործ է հայթայթել, հոգացել է շատերի երեխաների դպրոցի ուսման ծախսերը: Դրա համար էլ իր համայնքը` սասունցիները, սիրում է Էֆրիմին: Երբ Եփրեմն ասել է, որ Սասունի ֆուտբոլի թիմից, մի քանի շախմատ խաղացողներից, մի քանի այլ մարզիկներից, նրանց ծնողներից ու համակիրներից խումբ է կազմելու և տանելու Հայաստան, բոլորը սիրահոժար եկել և մասնակցել են: Հետո տեսել է, որ մեկ ինքնաթիռը բավական չէ, պատվիրել է երկրորդը և երկու ինքնաթիռով սասունցիներին բերել է Երևան: Տեղավորվել են երկու հյուրանոցում: Նրանց մեջ պրոֆեսիոնալ կազմակերպիչներ չկան, այս գործերը հանձնարարել է իր բարեկամներին. այստեղ էլ ծանոթներ ունի: Այնպես է կազմակերպել, որ մինչև այսօր կանոնակարգված ծրագրով են շարժվում: Եթե չեմ սխալվում, երկու մրցույթում հաղթել են:

Բեսսե Քաբաք- Կարծեմ իրենց խմբում ֆուտբոլի մրցումներում առաջին տեղում են, մեկ ոչ ոքի և երկու հաղթանակ ունեն:

Սարգիս Սերոբյան- Եթե Երևանը չհաշվենք, սասունցիների խումբն ամենաբազմանդամ խմբերից մեկն է:

Հայկազուն Ալվրցյան- Լսել եմ՝ պատվիրակությունը 350 հոգուց է բաղկացած:

Բեսսե Քաբաք- Սխալ կլինի բոլորին Սասունցի անվանել: Խնամիական կապեր էլ կան, օրինակ` սասունցու փեսան կարող է նաև յոզղաթցի լինել: Ազգականներով ու բարեկամներով են եկել: 300-ից ավելի մարդ է եկել:

Հայկազուն Ալվրցյան- Իսկ Պոլսի ողջ պատվիրակությունը քանի՞ հոգուց է բաղկացած:

Բեսսե Քաբաք- Մոտավորապես 200-250 պոլսեցի պետք է որ եկած լինի, սակայն պետք է նշել, որ նրանք նաև սասունցի են: Մեզանից առաջ և հետո եկածներ էլ կան, հետևաբար կարելի է ասել, որ 300-ից ավելի մարդ կա սասունցիների խմբում:

Հայկազուն Ալվրցյան- Սասունցիների խումբը կարծեմ առաջին անգա՞մ է մասնակցում Համահայկական խաղերին:

Սարգիս Սերոբյան-Ա յո’, սասունցիները առաջին անգամ են մասնակցում խաղերին: Հարկ է նշել, որ նոր է հիմնվել նաև սասունցիների միությունը:

Հայկազուն Ալվրցյան- «Ակունքի» ընթերցողներին մի փոքր կպատմե՞ք այդ միության մասին:

Սարգիս Սերոբյան- Այս միությունից առաջ սասունցիներն արդեն իսկ միություն ունեին:

Բեսսե Քաբաք- Ամենից առաջ եղել է քրդերի հիմնած սասունցիների միությունը: Մեր մի մասը կրոնափոխ է եղել, պարտավորված մենք՝ նրանց, նրանք էլ՝ մեր միջոցառումներին են գալիս, այդպիսով կապ է ստեղծվում: Առաջին անգամ հերենթցիներն են ստեղծել միություն (Հիրինդե գյուղ, նոր անունը՝ Աջար): Այս գյուղի գյուղապետը` Իսրո Դեմիրջին, մի քանի տարի առաջ մահացավ. հարյուր տարեկանն անց էր: Սրանից տաս տարի առաջ եկել էր Պոլիս. «Ակօս»-ում նրանից հարցազրույց էինք վերցրել: Այս մարդն իսլամացած էր, այնտեղ էր ապրում, բոլորն էլ գիտեին, որ Իսրո դային հայ է: Իր հայ լինելը չէր թաքցնում, բայց անձնագրում կրոնի բաժնում իսլամ էր գրում:

Հայկազուն Ալվրցյան- Ինչպե՞ս է կոչվում այս նորաստեղծ միությունը:

Բեսսե Քաբաք- Սասմուտ, այսինքն՝ սասունցիներ և մուտքիցիներ:

Հայկազուն Ալվրցյան- Բեսսե, Դուք այդ միության անդա՞մ եք:

Բեսսե Քաբաք- Ո’չ, անդամ չեմ, որովհետև միայն անունդ գրելով չէ, կամ պետք է աշխատես, կամ ոչ: Իսկ աշխատելու համար չեմ կարծում, որ պետք է միության անդամ լինես: Ես դա նախընտրեցի:

Համահայկական խաղերը շատ կարոր են այս միության համար: Միության անդամներն ասացին, որ իրենց երիտասարդներն անպայման պետք է տեսնեն Հայաստանը, իսկ սա շատ լավ առիթ է: Սրանից 10 տարի առաջ մի շարք բաներ ուրիշ էին… Երիտասարդը պետք է գա, տեսնի: Հայաստան այցերը շատ կարևոր են երիտասարդների ինքնության պահպանման համար: Համահայկական խաղերն այս առումով շատ կարևոր են: Տղաները թող գան և տեսնեն Հայաստանը: Բոլորը թող գան և տեսնեն, սա շատ կարևոր է: Նաև պետք է մեծերին բերենք: Մեր պատվիրակության մեջ 70-նն անց մարդ կա: Նա առաջին անգամ է եկել Հայաստան: Ում տեսնում՝ ասում է. «Ես բաղեշցի եմ, Մուտքի գյուղից եմ, Հայաստան առաջին անգամ եմ եկել»: Ամեն անգամ սա ասելիս լալիս է:

Հայկազուն Ալվրցյան- Սասունցիների պատվիրակության մեջ կա՞ մեկը, ով բնակվում է Սասունում:

Բեսսե Քաբաք- Մշտապես Սասունում բնակվող չկա: Բոլորս էլ Սասուն ենք ծնվել, բայց մշտապես այնտեղ չենք բնակվում, տարվա ընթացքում գնում-գալիս ենք: Սասունում բնակվող մի քանի ընտանիք է մնացել:

Սարգիս Սերոբյան- Երիտասարդներից ես ճանաչում եմ ոմանց, ովքեր ամառները 2-3 ամսով գնում և մնում են Սասունում:

Հայկազուն Ալվրցյան- Բեսսե, Դուք, առաջին անգամ լինելով Հայաստանում, ինչպիսի՞ տպավորություններ ունեք Հայաստանից, Համահայկական խաղերից:

Բեսսե Քաբաք- Մի կողմ թողենք խաղերը, կարևորը հետևյալն է. երբ եկա այստեղ, նույնիսկ ինքս ինձ չասացի` «օ~, այս ուր եմ եկել»: Կարծես, թե ավելի առաջ էլ էի այստեղ եկել: Երբ գնացինք Գեղարդ, ասացինք, որ այստեղը նման է Սասունին: Ոչ թե ասում էինք որքա~ն հիանալի է, այլ`«նայի կարծես թե Սասունը լինի»: Չգիտեմ՝ ուրիշ քաղաքներից, երկրից եկածներն ինձ նման կմտածեն, կզգան, թե ոչ: Կարծես ես նախկինում եկել եմ, տեսել ու ապրել եմ այստեղ: Ահա այն, ինչ զգացել եմ: Եթե ես Սասուն գնալուց առաջ Հայաստան գայի, կասեի, որ Սասունը Հայաստանին է նման, սակայն քանի որ սասունցի եմ ու Սասունը Հայստանից առաջ եմ տեսել, դրա համար էլ ասում եմ, որ Հայաստանը նման է Սասունին:

Մի բան էլ ասեմ, երբ ազգականներս իմացան, որ Հայաստան առաջին անգամ եմ գալիս, ասացին. «Ինչպե~ս եղեր է, աղջի’կ, դուն ադքան ազգասեր ըլլալով՝ ինչպե՞ս չես գացեր Հայաստան»: Երբ ես գնում եմ Սասուն, կարոտս առնում եմ, դրա համար էլ շատ կարոտած չէի, որովհետև կարոտս իմ ծննդավայրից` Սասունից էի առել: Մայր Հայաստան գալով՝ մնացած կարոտս առա:

Սարգիս Սերոբյան- Դրա համար էլ շատ պահանջկոտ չեն, շքեղ հարկաբաժիններ չեն ուզում, նույնիսկ հողե տանիքով տներում կմնան:

Բեսսե Քաբաք- Երբ մենք Մարաթուկ ենք գնում, վրանների մեջ ենք մնում: Կարևորն այն է, որ մենք Մարաթուկում ենք, մնացած ամեն ինչը երկրորդական է:


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11778

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 848 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բեսսե Քաբաք, Սարգիս Սերոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Nvard Hovakimyan   (22.11.2013 18:53) [Նյութ]
ANCHAP URAKHALI E NMAN HAYRENASER HAYRENAKICNER UNENAL@

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0