Ուրբաթ, 26.04.2024, 10:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 21 » Ակունքի հարցազրույցը պատմաբան և հրապարակախոս Գյուլչիչեք Գյունել Թեքինի հետ
13:49
Ակունքի հարցազրույցը պատմաբան և հրապարակախոս Գյուլչիչեք Գյունել Թեքինի հետ
Գյուլչիչեք Գյունել Թեքին
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ Մնձուրի բնության և մշակույթի փառատոնին մասնակցելու համար Դերսիմ այցելած հայկական պատվիրակության անդամները Դերսիմի Օվաջըք քաղաքում հանդիպեցին ճանաչված հրապարակախոս և պատմաբան Գյուլչիչեք Գյունեյ Թեքինին: Քուրդ կին ուսումնասիրողներից Գյուլչիչեք Գյունել Թեքինը մուսուլմանացած հայ կանանց ապրած ողբերգության (Kara Kefen-«Սև պատան») և Հայոց ցեղասպանության (İttihat Terakki’den Günümüze Yek Tarz-ı Siyaset: Türkleştirme-«Միություն և առաջադիմություն կուսակցությունից մինչ օրս քաղաքականության միակ ոճը` թուրքացում») պես Թուրքիայում տաբու եղած թեմաներով աշխատությունների հեղինակ է: Գյուլչիչեք Գյունել Թեքինը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանին հանձնեց Հայոց ցեղասպանության զոհերից մնացած մասունքներ (ատամներ և կոճակներ) և հարցազրույց տվեց «Ակունք»-ի թղթակից Մելինե Անումյանին: Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

-«Սև պատանը» Ձեր առաջի՞ն գիրքն է:

Պատասխան-Ո’չ, «Սև պատանը» երրորդ գիրքս է: Նախորդ գրքերս վերաբերում են լեզվին, մշակույթին, ինքնությանը և (թուրքական) պետության կողմից Անատոլիայի թուրքացմանը. Առաջին գրքիս վերնագիրն է` «Մեր լեզուն մեր գոյությունն է, մեր լեզուն մեր ինքնությունն է»: Սույն գրքում քննվում է լեզվի նշանակությունը. ինչու՞ է կարևոր մայրենի լեզվով կրթությունը, և ինչպիսի՞ լեզվական կրթություն է մատուցվում Թուրքիայում: Երկրորդ գիրքս էլ «Միություն և առաջադիմություն կուսակցությունից մինչ օրս քաղաքականության միակ ոճը` թուրքացում»-ն է: Այս գրքում էլ ներկայացվում է Անատոլիայի իսլամացման և այնուհետև` թուրքացման քաղաքականությունը:

-Ինչպե՞ս ծագեց «Սև պատան» գիրքը գրելու գաղափարը:

Պատասխան-Մեր գյուղի տատմոր (նախկինում գյուղերում մանկաբարձեր չկային, և գյուղի հատկապես ուսյալ կանայք տատմերություն էին անում) անունը Զերո էր: Մայրս 8 երեխա է ունեցել: 7 երեխայի ծննդաբերության ժամանակ մորս օգնած և նորածիններին առաջինը գրկած մեր տատմորը Սիթթյո Զերո էինք անվանում: «Սիթ»-ը արաբերենում նշանակում է մեծ մայրիկ, տատիկ: Դրա համար Սիթթյո Զերոն միաժամանակ մեր մեծ մայրն էր, մեզ համար շատ թանկագին մի անձ, որին մայրս շատ էր արժևորում: Բոլոր-բոլոր գյուղացիների, մեր գյուղի բոլոր բնակիչների կողմից արժևորված մի անձնավորություն էր նա, շատ մարդկային, շատ մարդամոտ մի կին: Ասում էին, որ նա հայ է: Սակայն քանի որ այն ժամանակ փոքր էի, չգիտեի` ինչու է նա հայ, այսինքն` ինչ է նշանակում հայ: Ես ու զարմուհիս գրեթե տարեկիցներ ենք, քանի որ մեր հայրը երեք կին ուներ, և այդ զարմուհիս ամենամեծ եղբորս դուստրն է: Հայկական ծագում ուներ նաև զարմուհուս սկեսուրը, որի անունը Փիրե Խաթուն էր: Այն ժամանակ առանձնապես մտքովս չէր անցնում, թե ինչու է նա հայ, երբ շուրջը բոլորը մուսուլմաններ են: Մեծանալուց և ուսուցիչ դառնալուց հետո քաղաքական գիտակցությունս որոշ չափով զարգացավ: Որոշ առումով զարգացավ նաև հայերի վերաբերյալ գիտակցումս: Հետո հարս գնացի Իզմիր: Ամուսինս օդեմիշցի է (Օդեմիշը Իզմիրի գավառներից է-Ակունքի խմբ.): Ազգությամբ թուրքմեն է: Օդեմիշում ունենք դերսիմցի մի ընկերուհի, որի անունը Շիրին Թան է: Պարզվում է` նրա մայրն էլ է հայ և շատ տառապանքներ է քաշել: Երբ Դերսիմի հայերը կոտորվել են, ջարդի է ենթարկվել նաև Շիրին Թանի ողջ ընտանիքը, որի անդամներին գցել են Մնձուրի ձորը: Շատ ցավալի է հատկապես Շիրին Թանի մոր պատմությունը: Շիրին Թանի մայրը շատ է տառապել: Այդ պատմությունն ինձ վրա շատ ազդեց: Ինձ ծանոթ այդ կանանց պատմությունների մասին լսելով` ծագեց «Սև պատան» գիրքը գրելու գաղափարը:

-Ինչպիսի՞ արձագանքներ է ստացել «Սև պատան» գիրքը:

Պատասխան-Խիստ դրական արձագանքներ է ստացել: Երկրորդ հրատարակությունն էլ է արդեն սպառվել: Պատրաստվում ենք երրորդ անգամ հրատարակել այն: Մինչ օրս գեթ մի հոգի անգամ բացասաբար չի արձագանքել: Ոչ մեկից բացասական արձագանք չեմ ստացել: Ընդհակառակը, լինի թուրք, թե քուրդ՝ ով կարդում է, բոլորն էլ շատ դրական են արտահայտվում: Գիրքը ընթեցողները շատ են ազդվում, որովհետև շատերն իրոք տեղյակ չեն այդ պատմությունների մասին: Պետք է նման պատմությունները բացահայտել: Մենք պետք է գեթ մի քիչ առերեսվենք հարյուրամյա կոտորածի այդ պատմության հետ: Որոշ չափով հենց դա է եղել իմ նպատակը: Արգելում եք մեկի և լեզուն, և կրոնը, և ինքնությունը, և անունը ու մեկ այլ անուն դնում նրան: Այսինքն` 1915-ին փրկված, առևանգված, բռնի փախցված և ամուսնացած կանայք լուրջ ողբերգություն և տրավմա են ապրել: Որոշ առումով փորձել եմ նրանց ողբերգությունը բացահայտել: Բացի այդ, այս գիրքը գրել եմ, քանի որ երբ ես ծնվել եմ, ինձ առաջինը գրկած, առաջինն իր ձեռքերում պահած կինը հայ է եղել: Որոշ չափով էլ այդ տեսանկյունից էի իմ պարտքը համարում: Որոշ չափով էլ այդ գիրքը գրել եմ թե’ ուսուցիչ լինելուս պատճառով և թե’ մարդկային զգացմունքներից ելնելով: Որոշ առումով էլ այդ գիրքը գրեցի, քանի որ մենք` քրդերս, նույնպես ենթարկվել ենք նման կոտորածի, ուծացման և թուրքացման քաղաքականության: Այդ ամենը մեկտեղվեց, և նման մի գիրք ծնվեց:

-Դուք այսօր մեզ հանձնեցիք Ցեղասպանության զոհերի մասունքներ: Որտեղի՞ց եք դրանք գտել:

Պատասխան-Ներկայում հայերի մասին բանավոր հիշողություններ եմ հավաքում: Նոր գրքիս թեման հենց դա է: Ողջ Թուրքիայով մեկ շրջելով` ժողովում եմ հատկապես քրդերի շուրթերից դուրս ելած պատմությունները: Հենց այդ պատմությունները հավաքելիս ինձ ասացին, որ այդ գյուղը (Բաթմանի Քոզլուք գավառում գտնվող Մելեֆան գյուղը) հայկական է, և որ այնտեղ մի հայկական գերեզմանոց կա: Ասացին, թե հայկական կոտորածի (Հայոց ցեղասպանություն-Ակունքի խմբ.) ժամանակ էլ  հայերին տարել ու սպանել են այդ գերեզմանոցում: Մենք գնացինք այդ վայրը: Տեսանք գանգերն ու ոսկորները: Հենց հողի վրա տեսանք մի հայի գանգը, ատամները, իսկ դրանց կողքին` կոճակները և հագուստները: Այսինքն` դա թաղված բան չէր: Ես կարծում եմ, որ նա, ամենայն հավանականությամբ, 1915-ի կոտորածի ժամանակ սպանված և հագուստներով այնտեղ թողնված մի հայ է եղել: Հավաքեցինք նաև ոսկորներ և այլ բազմաթիվ իրեր:

-Շատ շնորհակալություն հայտնելով` հաջողություններ ենք մաղթում Ձեր նոր աշխատանքներում:

Պատասխան-Ես էլ եմ շնորհակալ:

30.08.2011

Օվաջըք-Դերսիմ


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11750

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 1060 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գյուլչիչեք Գյունել Թեքին, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0