Շաբաթ, 20.04.2024, 01:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Ամերիկացի Բիլն ու հայուհի Անին Գոռ Կիրակոսյանի նոր՝ երկլեզու ֆիլմում (տեսանյութ)
15:48
Ամերիկացի Բիլն ու հայուհի Անին Գոռ Կիրակոսյանի նոր՝ երկլեզու ֆիլմում (տեսանյութ)
Անժելա Սարաֆյան, Ջեյմի Քեննեդի
Մի քանի օր է, ինչ ավարտվել են հայ-ամերիկյան՝ «Կորել եւ գտնվել է Հայաստանում», համատեղ ֆիլմի նկարահանումները, որոնք իրականացնում է Լոս Անջելեսում հիմնադրված «Red Tie» անկախ կինոստուդիան: Սա կինոստուդիայի արտադրության առաջին երկլեզու լիամետրաժ ֆիլմն է: Նկարահանումները սկսվել են մարտի վերջերին ԱՄՆ-ում եւ տեւել են 6 օր, իսկ հունիսի 6-ից հուլիսի 15-ը շարունակվել են Հայաստանի գյուղերում: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայտնի է իր «Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում» ֆիլմով, պրոդյուսերներն են ամերիկահայ Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջիանը, գլխավոր դերերը կատարում են հոլիվուդյան դերասան Ջեյմի Քենեդին եւ ամերիկահայ դերասնուհի Անժելա Սարաֆյանը:

Այս ռոմանտիկ կատակերգությունը ամերիկացի տղայի` ԱՄՆ սենատորներից մեկի որդու մասին է, ում լքել է ընկերուհին: Նա ընկերների հետ մեկնում է Թուրքիա՝ հանգստանալու: Օդապարիկով թռչելիս դրա պարանը պոկվում է ջրային մոտորանավակից, եւ հերոսը հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Ջեյմիի մարմնավորած հերոսը՝ Բիլը, ուշքի գալով, մտածում է, թե Թուրքիայում է եւ սկսում է թուրքերեն բառեր ասել: Երկու հայ գյուղացիները, որոնց դերերում Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանն են, նրան թուրք լրտեսի տեղ են դնում: Գլխավոր հերոսուհին՝ Անին, փրկում է տղային, այնուհետեւ տղան է փրկում նրան: Իրար հետ բացարձակապես կապ չունեցող այս երկու մարդիկ սիրահարվում են եւ գեղեցիկ հայուհին դառնում է անսպասելի հյուրի արկածների եւ դժվարությունների ընկերը:

Նկարահանումների ավարտից մի քանի օր առաջ «Նոյյան Տապան-Փաստ»-ի թղթակիցը հանդիպեց ֆիլմի հիմնական անձնակազմի անդամների հետ՝ քննարկելու ֆիլմի ստեղծման պատմությունն ու առանձնահատկությունները:

Գոռ Կիրակոսյանը, նշեց, որ իր համար շատ հետաքրքիր էր, որ ֆիլմի նկարահանման համար ընտրված տարածքները ծանոթ չէին նույնիսկ հայաստանցի դերասաններին: «Շատ ուրախ եմ, որ ոչ միայն ամերիկյան, վրացական դերասանների խմբերը, այլեւ այստեղի հայերը տեսան, թե որքան հետաքրքիր վայրեր կան Հայաստանում»,- հավելեց ռեժիսորը: Թեեւ նա հայտնեց, որ նկարահանումները կատարվել են Երեւանի մերձակա գյուղերում, բայց չցանկացավ բացահայտել, թե կոնկրետ որ: Նրա խոսքերով, ֆիլմը դիտողների համար գյուղը որպես «վատ ու կեղտոտ» տեղ չի երեւալու, այլ մի հեքիաթային վայր, որտեղ իրականում չափազանց բարի մարդիկ են ապրում՝ պատրաստ ամեն հարցով օգնելու դրա կարիքն ունեցողին:

Ֆիլմի ռեժիսորը, ով նաեւ հեղինակել է սցենարը Քրիստ Մանարյանի եւ Նարեկ Ղափլանյանի հետ, նշեց, որ ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ մեկը, ում դու սկզբնապես որպես թշնամի ես ընդունում, կարող է եւ քո հերոսը դառնալ:

Մեկնաբանելով, թե ինչու է ընտրել հենց այդ դերասանական կազմը՝ Գ.Կիրակոսյանը նշեց, որ սցենար գրելիս երբեք չի մտածում, թե որ դերասանն է կատարելու տվյալ դերը, այլ կենտրոնանում է լավ կերպար ստեղծելու վրա: «Կերպարները ստեղծելուց հետո, Վալերիի հետ, ով 30 տարի Հոլիվուդում քասթինգ տնօրեն է աշխատել, ընտրեցինք այն դերասաններին, ովքեր ճշգրտորեն կկարողանան մարմնավորել ստեղծված կերպարներին»,- ավելացրեց նա:

Գործի մեջ հաջողելու գաղտնիքը, ըստ երիտասարդ ռեժիսորի, մեծապես կախված է պրոֆեսիոնալիզմից: Օրինակ, մինչ նկարահանումների սկիզբը տեխնիկական անձնակազմը մի քանի անգամ եղել է այդ տարածքում, քննարկել բոլոր մանրուքները եւ նկարահանման արդեն եկել է լիովին պատրաստված: «Քանի որ հիմնական գործ անող մարդկանց դրսից եմ բերել, նկարահանումներում գործում է հոլիվուդյան սիստեմը, այսինքն՝ յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները, ամեն մարդ անում է իր գործը՝ նպաստելով ընդհանուր գործի արագ առաջ գնալուն եւ հաջողությանը»:

Այս հարցին անդրադարձավ նաեւ հանդիպմանը ներկա դերասան Հրանտ Թոխատյանը. «Խումբը բավականին հավաքված է: Գալով նկարահանման հրապարակ՝ դերասանը արդեն գիտի՝ ինչ է անելու, որ կտորն է նկարվելու, ոչ թե ժամերով սպասում ես մինչեւ, ասենք, լույսերը դնեն, տեղանքը պատրաստեն: Դերասանի համար ստեղծված են բոլոր պայմանները, որի արդյունքում էկրանին թարմ աչքեր են երեւում: Մեր նկարահանման հրապարակում աշխատում են տարբեր ազգության մարդիկ՝ հայ, ամերիկացի, վրացի, իտալացի, հրեա: Մարդիկ խոսում են 4 լեզուներով, բայց դրա հետ մեկտեղ կա ամենակարեւորը, միավորիչը՝ կինոյի լեզուն, որով բոլորս իրար հասկանում ենք»,- նշեց դերասանը՝ հավելելով. «Ժամանակին, երբ կար «հայ ֆիլմ» հասկացությունը, կային եւ պրոֆեսիոնալներ: Այսօր նրանք շատ քիչ են: Եվ սա ամենակարեւոր հարցն է: Ես բարի նախանձով էի նայում, թե ինչպես էին մեր նկարահանման հրապարակում աշխատում վրացիները: Ճիշտ է, մենք էլ մասնագետներ ունենք, բայց նրանք հավաքված չեն, ինչպես որ ուլունքները: Առանձին-առանձին այնքան էլ արժեք չեն ներկայացնում, բայց երբ հավաքվում են, մեկ գեղեցիկ շղթա են կազմում: Այ, մեզ պետք է այդ շղթան կառուցել»: Դերասանի խոսքերով, նույն վիճակն է նաեւ այսօրվա մեր հեռուստատեսությունում՝ չկան իսկական պրոֆեսիոնալներ: Եվ եթե կինոյում կամաց-կամաց առաջընթաց նկատվում է, ապա հեռուստատեսությունում այդ էլ չկա:

Հ.Թոխատյանը հոլիվուդյան դերասանների հետ աշխատանքը շատ է կարեւորում, քանի որ, լինելով տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, նրանք տարբեր կերպ են ամեն ինչ պատկերացնում եւ իրարից սովորելու շատ բան ունեն: «Մեր դերասանները հավատ չունեն իրենք իրենց նկատմամաբ, մտածում են՝ ես ուր, Հոլիվուդն ուր: Բայց մեր դերասնների կրթությունը ոչնչով չի զիջում հոլիվուդյաններին: Նույն բեմահարթակի վրա խաղում էին եւ մեր դերասնները, եւ այնտեղից հրավիրված լավ դերասանը: Ես չէի ասի, թե մեկն ավելի լավն է, քան մյուսը»,- հավատացնում է Հ.Թոխատյանը:

Հայազգի դերասանը գտնում է, որ այս ֆիլմը մեծ հնարավորություններ է տալիս հայաստանցի դերասններին՝ ավելի բարձր աստիճանի վրա բարձրանալու, աշխարհում երեւալու համար, ցույց տալու, որ մենք էլ տաղանդավոր դերասաններ ունենք: Բացի այդ, եթե ֆիլմը հաջողություն ունենա, շատերը կհասկական, որ ֆիլմարտադրությունը նույնպես բիզնես է եւ գումարներ կներդնեն այս գործում, ինչն էլ կնպաստի կինոարտադրության որակի բարձրացմանը:

Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին նշեց, որ կարող էին նկարահանումները մեկ այլ տեղ կատարել, ինչը գուցե ավելի հեշտ կլիներ, բայց, ըստ նրա, «Հայաստանը մեր հայրենիքն է, եւ մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ մեր երկիրը եւ առաջ տանել մեր հայ դերասաններին»: «Պետք է անպայման զարգացնել մեր մշակույթը, այն ներկայացնել աշխարհին եւ մշակույթով ասել, թե մենք ով ենք, ինչ ենք անում եւ ինչ ենք ուզում ասել: Սա մեզ մոտ միշտ պակաս է»,- վստահեցրեց ամերիկահայ պրոդյուսերը: Նրա խոսքերով, ֆիլմի ամբողջ ֆինանսավորումը Հայաստանից է եկել՝ 3 մարդկանցից, ովքեր հավատացել են այս նախագծի ապագային եւ ներդրում են արել: Բայց պրոդյուսերը, ընդառաջ գնալով ֆինանսավորողների ցանկությունը, չհայտնեց նրանց անունները՝ գաղտնի պահելով նաեւ ներդրման չափը:

Դերասանուհի Անժելա Սարաֆյանի խոսքերով, նա ընդամենը 4 տարեկան էր, երբ ընտանիքի հետ մեկնեց ԱՄՆ. «Այս ֆիլմը շատ յուրահատուկ է ինձ համար, որովհետեւ վերադարձա հայրենիք... Երեւան գալիս չէի պատկերացնում՝ ինչ է կատարվելու ինձ հետ: Իմ մեջ ե՛ւ տխրություն կար, ե՛ւ կարոտ, ե՛ւ սեր... Բայց այստեղ ամենը կարծես լուսավորվեց»,- պատմում է Անժելան՝ նշելով, որ շատ բացահայտումներ է արել հայրենիքում՝ ինչպես բնությունը, այնպես էլ մարդիկ հիանալի են ու բացառիկ: Նրան հատկապես հիացրել են գյուղի բնակիչները, որոնց մեջ զարմանալի քանակությամբ սեր ու պատրաստակամություն է տեսել, ինչը շատ է հեշտացրել նրանց հետ աշխատանքը:

Դերասանուհին նշում է, որ լավ դաշնամուր է նվագել, բալետով է զբաղվել, բայց դրանք արտահայտվելու համար բավարար հնարավորություններ չեն տվել նրան: «Ես սկսեցի դերասանությամբ զբաղվել եւ հասկացա, որ դա այն է, ինչ ուզում եմ: Ես սկսեցի մարդկանց իմ կերպարների միջոցով ճանաչել: Զգում եմ, որ մեծանում եմ այդ տեսանկյունից»,- հավատացնում է նա:

Ջեյմի Քենեդին, ով հանրությանը հայտնի է «Սարսափ-1», «Սարսափ-2», «Դիմակ» ֆիլմերից, խոստովանոց, որ ինքն ընդհակառակը կյանքում բացի դերասնությամբ զբաղվելուց, ուրիշ ոչինչ չի արել: Փոքրուց շատ «խենթություններ» է արել, եւ ծնողները միշտ ասել են, որ իրենց տղան զվարճացնող պիտի լինի: «Միշտ այնպիսի ֆիլմերում եմ նկարահանվել, որոնք կոմեդիաներ են եղել, ծիծաղացնելու համար, բայց հիմա՝ 40-ն անցնելուց հետո, ես զգում եմ, որ աճել եմ եւ ուզում եմ այնպիսի պրոյեկտներ, որոնք ասելիք կունենան: Կարծում եմ, որ այս ֆիլմը այդ պրոյեկտն է, երբ 2 տարբեր կուլտուրաներ միացվել են իրար՝ ինչ-որ բան ասելու համար: Ես շատ ուրախ կլինեմ, որ այս ֆիլմը հայերին ցույց տա ամերիկացիներին, եւ ամերիկացիներին ցույց տա հայերին»,- նշում է նա:

Ջեյմին իր նկարահանած կովերի կադրերն էր ցույց տալիս եւ ոգեւորված պատմում էր, որ Միացյալ Նահանգներում ավտոմեքենաներից բացի ուրիշ ոչինչի չի հանդիպում փողոցներում, մինչդեռ Հայաստանում մարդիկ նույնիսկ ուժեղ արեւի տակ ժամերով կովերին են ուղեկցում: «Ես շատ ոգեւորված էի, որ մարդիկ իրենք են իրենց տները կառուցում, իրենց ուտելիքն են պատրաստում: Մի օր էլ ինձ համար 3 սերունդների ներկայացուցիչներով՝ տատիկը, աղջիկը եւ թոռնիկը, հայկական ավանդական ուտելիք՝ տոլմա պատրաստեցին: Ես շատ զգացված էի: Ուրախ եմ, որ այստեղ մարդիկ իրար հետ են սեղան նստում: Ամերիկացիները անընդհատ վազքի մեջ են, իսկ հայերը միասին լինելը, իրար հետ ժամանակ անցկացնելն են վայելում»,- ոգեւորությունը չէր թաքցնում հոլիվուդյան դերասանը: Նրա խոսքերով, Ամերիկայի բոլոր հնարավոր տարածքներում նկարահանումներ արդեն եղել են, իսկ Հայաստանը չբացահայտված տարածքներ ունի, որոնք շատ հարմար են ու գեղեցիկ նաեւ այդ տեսանկյունից:

«Շատ տեղերում եմ նկարահանվել, բայց սա լրիվ ուրիշ էր: Ես հակացել եմ, թե ով եմ: Շատերն այստեղ անգլերեն չեն խոսում, եւ հաճախ եմ մենակ լինում, հնեռուստացույց նայելիս բան չեմ հասկանում եւ խորասուզվում եմ մտքերիս մեջ»,- անկեղծացավ Ջեյմին:

Ֆիլմի ղեկավար անձնակազմը խոստացավ անել ամեն ինչ, որ այն պատրաստ լինի մինչեւ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ: Ֆիլմի տեւողությունը լինելու է մոտ 1 ժամ 45 րոպե: Պրոդյուսերները խոստացան նաեւ, որ ֆիլմը կներկայացվի կինոփառատոնների, հատկապես ջանքեր կգործադրվեն այն Կաննի կինոփառատոն հասցնելու համար:

Անի Ռափյան


Աղբյուր`http://nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2011&month=07&day=29&shownews=1049354&LangID=4#1049354





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 966 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Lost and found in Armenia», Ջեյմի Քեննեդի, Կորսված ու գտնված՝ Հայաստանում, Անժելա Սարաֆյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0