Չորեքշաբթի, 24.04.2024, 16:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Անապատի թանգարանը
17:45
Անապատի թանգարանը
Ի. Վ. Սավիցկի
Տարիներ շարունակ աշխարհը շատ քիչ գիտեր Ուզբեկստանի մասին, բոլորովին չգիտեր նրա մաս կազմող ինքնավար Կարակալպակստան Հանրապետության մասին, մինչդեռ վերջին տարիներին այն հայտնվել է զբոսաշրջիկների եւ հատկապես արվեստի հավաքորդների ուշադրության կենտրոնում: Պատճառը մայրաքաղաք Նուկուսում գործող Կարակալպակստանի Հանրապետության Ի. Վ. Սավիցկիի արվեստի պետական թանգարանն է, որի ստեղծման պատմությունը, եզակի ու հարստագույն հավաքածուն բազմիցս դարձել են մերօրյա լրատվամիջոցների եւ փաստագրական կինոյի նյութ:

Նուկուսի թանգարանի մասին մենք տեղեկացանք ամերիկյան փաստագրական մի կինոնկարիցՙ «Արգելված արվեստի անապատը» (ռեժիսորներՙ Ամանդա Փոփ, Չավդար Գեորգիեւ), ինքնին ուշագրավ, ակնահաճո եւ խորհել տվող մի բազմապլան վավերագրություն, որը մեզ մղեց ավելի մոտիկից հետաքրքրվել միջինասիական ավազուտներում առկա գեղարվեստի այդ օազիսով:

Հետաքրքրության ալիքը Նուկուսի թանգարանի վերաբերյալ սկիզբ է առել 1998 թվականին «Նյու Յորք թայմսում» հայտնված Սթիվեն Քինզերի հոդվածից, որով եւ արեւմտյան աշխարհը հայտնաբերել է գեղարվեստի պատմության անհայտ մնացած մի ողջ գանձարան: Այն առաջիններից մեկն այցելել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը, իսկ մի անգամ Նյու Յորքից ժամանած հատուկ չարթերային չվերթը Նուկուս է բերել 85 նկարիչների եւ արվեստաբանների: 2003 թվականին ցուցադրությունը նախկին համեստ շենքից տեղափոխվել է նոր եռահարկ շինություն, որի բացմանը ներկա է եղել երկրի նախագահ Քարիմովը: Թանգարանում հավաքված են կարակալպակյան ժողովրդական-կիրառական արվեստի նմուշներ եւ խորհրդային ոչ պաշտոնական գեղանկարչության, այսպես կոչված խորհրդային ավանգարդի 40 հազարից ավելի ստեղծագործություններ, որոնք տասնամյակներ շարունակ հավաքել եւ ՊԱԿ-ի աչալուրջ հսկողությունից պահել է ռուս գեղանկարիչ, վերականգնող նկարիչ, ազգագրագետ, Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ, Կարակալպակստանի ժողովրդական նկարիչ, Նուկուսի արվեստի թանգարանի հիմնադիր եւ առաջին տնօրեն Իգոր Սավիցկին (1915-1984):

Այսօր Իգոր Սավիցկին դարձել է լեգենդար մի անուն, մշակութային հերոս, նրան անվանել են «ռուսական արվեստի Շինդլեր», «միջինասիական Տրետյակով»: Կիեւում, իրավաբանի ընտանիքում ծնված, լեհ-հրեական արմատներով այս նկարիչը մասնագիտական կրթությունն ստացել է Մոսկվայում, 1938-1941 թթ. ուսանել է նկարիչների որակի բարձրացման ինստիտուտում Լեւ Կրամարենկոյի արվեստանոցում, որի հետ էտյուդներ կատարելու նպատակով ուղեւորություններ է կատարել Ղրիմ եւ Կովկաս: 1941-ին ընդունվել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ, որն ավարտել է պատերազմից հետոՙ 1946-ին: Հիվանդության պատճառով նա բանակ չի զորակոչվել, եւ ինստիտուտի կազմում էվակուացվել է Սամարղանդ: Այստեղ նա առաջին անգամ ծանոթացել է Ուզբեկստանի մշակույթին, եւ այս երկիրը նրա համար դարձել է այն, ինչ Պոլինեզիան Գոգենի եւ Հավայան կղզիներըՙ Արման Մանուկյանի համար: «Երբեք չէի կարծում, որ ձեր ավազներն այսքան նուրբ եւ գեղեցիկ են», ասել է նա: Թողնելով մոսկովյան բնակարանը, նյութական եւ կենցաղային հարմարությունները եւ մայրաքաղաքային կարիերայի հեռանկարներըՙ 1950-ին Սավիցկին մշտապես հաստատվել է Աստծուց մոռացված այդ անկյունումՙ անապատային Կարակալպակիայի մայրաքաղաք Նուկուսում: Խորեզմի հնագիտական արշավախմբում աշխատելուն զուգահեռՙ նա սկսել է շրջել աուլից աուլ, գնել կամ փոխանակել այդ անծանոթ մնացած անապատաբնակ ժողովրդիՙ կարակալպակների ժողովրդական-կիրառական արվեստի նմուշներ, հավաքել հնագիտական առարկաներ: Տեղացիների աչքին Սավիցկին մի ցնդած ռուս էր, որը հետաքրքրություն էր գտնում հին տարազների ու կահ-կարասիի մեջ: Անշուշտ, շարունակել է զբաղվել նկարչությամբՙ ստեղծելով կարակալպակյան բնանկարների շարքերՙ ոսկեգույն ավազուտներով եւ մանուշակագույն ամրոցներով: Ժողովրդական արվեստից բացի Սավիցկին 1960-ականներից սկսել է Մոսկվայից, Լենինգրադից եւ այլ քաղաքներից հավաքել նաեւ ռուսական ավանգարդ արվեստի նմուշներ, հիմնականումՙ ստալինյան անհատի պաշտամունքի զոհ եւ օրենքից դուրս հայտարարված նկարիչների (Ալեքսանդր Վոլկով, Սիխայիլ Կուրզին, Եվգենի Լիսենկո, Ալեքսանդր Նիկոլաեւ, Վլադիմիր Կոմարովսկի, Ալեքսեյ Մորգունով) գործեր: Աստիճանաբար նա ձեռք է բերել նկարիչների այրիների եւ զավակների վստահությունը, ովքեր նրան ի պահ են տվել մեծարժեք կտավներ: Մի անգամ Սավիցկին փրկել է մի յուղաներկ աշխատանք, որը գործածվել է կաթացող առաստաղը կարկատելու համար: Այն ժամանակաշրջանում, երբ Խրուշչովի հրամանով բուլդոզերներով հողին էին հավասարեցնում արդի արվեստը, Սավիցկին քաջություն ունեցավ միավոր առ միավոր հավաքել վերջին տասնամյակների ռուս արվեստագետների մոռացված, ֆորմալիզմի պիտակ կրող, սոցռեալիզմին չառնչվող ստեղծագործությունները, որոնք ոչ մի կենտրոնական թանգարան չէր համարձակվի ցուցադրել: Արդեն բավականաչափ ցուցանմուշներ հավաքած լինելովՙ նա դիմել է տեղական իշխանություններինՙ Նուկուսում թանգարան հիմնելու խնդրանքով: Ինքնավար Կարակալպակստանի ղեկավարությունը, հասկանալով հանդերձ դրա հնարավոր հետեւանքները, տվել է իր համաձայնությունը: Եվ 1966 թվականին Կարակալպակստանի փոշոտ մայրաքաղաքում դռներն է բացել գեղարվեստի թանգարանըՙ այցելուներին զարմացնելով խորհրդային պատկերասրահներին անհարիր ստեղծագործությունների առատությամբ: Նուկուսն այնքան մեկուսացած էր աշխարհից, որ ՊԱԿ-ը երբեք չանհանգստացավ այնտեղ կուտակված ռուսական ոչ պաշտոնական գեղարվեստի նմուշների մեծ քանակից: Եվ իսկապես, Կարակալպակստանի ավազաբլուրներն ամենավերջին վայրն են, որտեղ կարելի է ակնկալել միջազգային մակարդակի մի թանգարան: Նուկուսի թանգարանում պահվում են բազմաթիվ գլուխգործոցներ, օրինակՙ Եվգենի Լիսենկոյի «Ֆաշիզմն առաջ է ընթանում» կտավը, որտեղ նացիստական Գերմանիայի սպառնալիքը ներկայացված է կապույտ ցլի հրեշավոր տեսքով: Ստալինյան կառավարությունը սոցիալիստական ռեալիզմին տուրք չտված Լիսենկոյին արգելափակել է հոգեբուժարանում, եւ Սավիցկին, ռիսկի ենթարկելով իրեն, փախցրել է կտավը Կարակալպակստան:

Նուկուսի թանգարանի ի հայտ գալը թվում էր առեղծվածային եւ պարադոքսային: Ինչո՞ւ էր պետք նման մի մշակութային կենտրոնի հիմնումն անապատային գոտում, մեկ միլիոնի չհասնող ազգության համար: Բացատրությունները տարբեր ենՙ Արեւելքի հանդեպ հեռահար ծրագրեր ունեցող խորհրդային իշխանության գաղտնի ծրագրերից մինչեւ բոլոր ազգերի մշակութային մակարդակը բարձրացնելու մշակութային քաղաքականության իրականացումը: Ամեն դեպքում Նուկուսի թանգարանը մեծ դեր է ունեցել Կարակալպակստանի զարգացման, նրա ստեղծագործ մտավորականության ձեւավորման վրա: Այստեղ նշենք հետեւյալ փաստը. թանգարանում կուտակված հարուստ նյութը մեծապես նպաստել է, որ ուզբեկական պարարվեստի հայազգի գործիչ Լիզա Խանում-Ելիզավետա Պետրոսյանը (նշանավոր արտիստուհի Թամարա Խանումի քույրը) զբաղվի կարակալպակների համար ազգային պարերի ստեղծմամբ: Դա դժվարին խնդիր է եղել, քանի որ եթե անապատաբնակ կարակալպակները նվագել են տարբեր ինքնատիպ գործիքներով, ապա սեփական պարարվեստ չեն ունեցել: Եվ Լիզա խանումը, ուսումնասիրելով Սավիցկիի հավաքած նմուշները, վերհանել է կարակալպակների ռիթմը եւ պլաստիկանՙ հիմնվելով նաեւ գործվածքեղենի հարուստ նախշերի վրա...

Իգոր Սավիցկիիՙ Նուկուսի ռուսական գերեզմանատանը գտնվող շիրիմին գրված է. «Գեղեցկության հանճարեղ փրկչին երախտապարտ սերունդներից»: Անկասկած է, որ առանց Սավիցկիի ջանքերիՙ կարակալպական ազգագրական եւ ռուսական արդի արվեստի մի նշանակալից մասը կարող էր կորսված լինել: Սակայն, դժբախտաբար, այսօր Նուկուսի թանգարանը կանգնած է այլ դժվարությունների առջեւ: Մի կողմ թողնենք այն փաստերը, որ թանգարանը զուրկ է անգամ նոր էլեկտրալամպեր գնելու հնարավորությունից, որ անգամ եռահարկ շենքում ցուցադրվում է ողջ հավաքածուի ընդամենը երեք տոկոսը եւ որ Ուզբեկստանի մշակույթի նախարարությունը մերժում է աշխարհի այլ վայրերում ցուցադրել այդ հավաքածուից նմուշներ (բացառությամբ 1990-ականներին Գերմանիայում եւ Ֆրանսիայում կազմակերպված ցուցահանդեսների): Ուզբեկստանում աճող իսլամիստների ծայրահեղական շարժումը հաշտ աչքով չի նայում այլ մշակույթներին եւ հատկապես ժամանակակից արվեստին: Մյուս կողմից, այժմ մեծ քաղաքներում տեղի ունեցող կերպարվեստի գործերի աճուրդներում Սավիցկիի գործերը գնահատվում են մինչեւ քառորդ միլիոն դոլար: «Սավիցկին ժողովել է այս հավաքածուն, եւ մեր պարտականությունն է այն պահպանել: Նա միշտ պնդում էր, որ Փարիզից մարդիկ կգան այն տեսնելու: Այդպես էլ եղավ: Կարակալպակստանը աղքատ երկիր է, նրա միակ հարստությունն այս թանգարանն է», ասում է տնօրենուհի Մարինիկա Բաբանազարովանՙ Կարակալպակստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարներից մեկի թոռնուհին, որն իր ողջ կյանքը նվիրել է այդ թանգարանին: Ի՞նչ կլինի, երբ այդ նվիրյալ կինը թոշակի գնա: Իշխանությունները կփայփայե՞ն արդյոք անապատի թանգարանը, թե՞ այնտեղ կուտակված գանձերը հողմացրիվ կլինեն աշխարհով մեկՙ ի նպաստ Ուզբեկստանի նոր հարուստների գրպանի...

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011071604

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 984 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ի. Վ. Սավիցկի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0