Երեքշաբթի, 23.04.2024, 20:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Անիակա փայլի մշտաշող մի ճաճանցը
18:23
Անիակա փայլի մշտաշող մի ճաճանցը
Բոտոշան. Ռումինիայի ամենահին հայկական եկեղեցու (1350թ.) տեղի յաշի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Անին մոռացված էր, բայց անեցին չէր մոռացվում:

Պարծանք էր անեցի լինելը, որովհետեւ Անին մի բարձր կուլտուրական, ընտրյալ, ազնիվ եւ զարմանալի ընդունակ ժողովրդի անուն էր: Հայերի մեջ դեռ այդպիսի բարձր ազնվական տիտղոս ոչ մի նահանգ, ոչ մի քաղաք չէր ստեղծել: Անեցի լինելը մեծ պարծանք էր, թեեւ իրապես անեցի լինել նշանակում էր լինել հայրենիքից զուրկ թափառական, օտար երկնքի տակ դեգերող: Դառն ճակատագիրը քշում էր նրան ամեն տեղ, դրա պես գաղթական չէր եղել նույնիսկ հայերի նման մի ազգի մեջ:

Դարերի ընթացքում անեցի գաղթականը ամեն ինչ մոռացավ Եվրոպայի հողի վրաՙ եւ՛ իր լեզուն, եւ՛ իր ազգային ավանդությունները, բայց երբեք չմոռացավ եւ այժմ էլ չէ մոռացել մի բան, որ նա Անի քաղաքից է»:

ԼԵՈ

Լեոյի այս տողերն ես շարունակ հիշում Ռումինիայի տարածքով ցրված հայկական հիշատակների եւ տարբեր քաղաքների հայության այսօրվա փոքրիկ համայնքների հետ շփվելիս: Որքան էլ անսովոր թվա, Հայաստանից առավել Անին է նրանց համար ազգային-հոգեւոր ինքնության խորհրդանիշը:

Անին ու Անիի Մայր տաճարը ռումինահայ համայնքում սկսվում է Բուխարեստի հայոց Մայր եկեղեցուց եւ Դանուբ գետի ընթացքով շարունակվում մինչեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի սահմանները:

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին Սփյուռքի հայկական եկեղեցիների շարքում ոչ միայն ամենամեծերից ու գեղեցիկներից է, այլեւ առանձնակի մի խորհուրդ ունի, որում խտացած ցոլանում են ռումինահայության ազգային-եկեղեցական ողջ ըմբռնումները: Այս եկեղեցին կառուցած ռումինացի ճարտարապետը եկել է Հայաստան եւ տեսել Ս. Էջմիածինն ու Անին եւ եկեղեցին այնպես է նախագծել եւ իրականացրել նրա կառուցումը, որ այն դրսից լիովին նման է Ս. Էջմիածնի Մայր տաճարին, իսկ ներսիցՙ Անիի կաթողիկե Մայր եկեղեցուն:

Անիի ու Ս. Էջմիածնի այս համաձուլվածքն է, որ ավելի քան վեց հարյուր տարի հային հայ պահեց Դանուբի հեռավոր այս ափերին:

Ռումինահայ գաղութն, այսօր թվով անհամեմատ նվազած եւ մայրենի լեզուն ու նրա անիական խոսվածքը գրեթե կորցրած, շարունակում է պահել իր ազգային ինքնությունը:

Ռումինիայի հայոց թեմի բազմամյա առաջնորդ, մեկ տարի առաջ վախճանված բարեհիշատակ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի փոխարեն անցյալ տարվա աշնանը թեմակալ նոր առաջնորդ ընտրվեց Մայր աթոռի երիտասարդ, պատրաստված ու եռանդաշատ հոգեւորականներից Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանը, ով թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում պատվով է կատարել Հայոց հայրապետների կողմից իրեն վստահված թեմական-համայնքային սպասավորությունները:

Նպատակ ունենալով ո՛չ միայն հովվել իրեն վստահված թեմը, այլեւ մոռացության ճիրաններից հնարավորինս առավել չափով փրկել ռումինահայոց հոգեւոր մշակութային արժեքներն ու հիշատակներըՙ Հայր Տաթեւը ձեռնամուխ է եղել դրանց ցուցակագրմանը, նկարագրությանը եւ ուսումնասիրմանը: Այս աշխատանքների շրջագծում նրա հրավերով վեջերս առիթ ունեցա լինել Ռումինիայում եւ իր ու տեղի մյուս հոգեւորականների ուղեկցությամբ անցնելու այն ճանապարհով ու բնակավայրերով, որոնցով Անիի անկումից հետո Ղրիմով, Լեհաստանով եւ Ուկրաինայով Ռումինիա են մուտք գործել անեցիների սերունդները եւ ապա հաջորդող դարերում նրանց են միացել հայության նորանոր քարավաններՙ Մայր երկրում ստեղծված դժնդակ իրավիճակի պատճառով:

Անհրաժեշտ է նշել, որ ռումինահայ գաղթավայրերի շարքում Բուխարեստը համեմատաբար նոր է եւ չի հիշվում անիական բնակավայրերի թվում: Ավելին, նա նաեւ չկա ռումինական, մոլդովական ու հայկական մատենագրությունում հայկական անվանվող յոթ քաղաքներիՙ Սուչավա, Յաշ, Բոտոշան, Ռոման, Գալաց, Հոտին եւ Վասլույ շարքում: Այս յոթ քաղաքներից բացի, էլի մի շարք քաղաքներ կան, որտեղ 17-19-րդ դարերում հայկական համայնքներ են եղել: Եվ մենք, շնորհիվ ռումինահայ թեմակալ առաջնորդի, բախտը ունեցանք լինելու այս յոթ քաղաքներից հինգումՙ Սուչավայում, Բոտոշանում, Յաշում, Գալացում, Ռոմանում, ինչպես նաեւ Ֆոքշան ու Բրեյլա քաղաքներում:

Ֆոքշան-Բուխարեստից ճանապարհը այս քաղաքներից առաջինը հասցնում է Ֆոքշան: Այս փոքր քաղաքը մինչեւ 18-րդ դարի վերջերը սահմանակից է եղել Մոլդովական իշխանությանը ու Ռումինական պետությանը: Քաղաքով անցնող Միլքով գետը Ֆոքշանը բաժանել է երկու մասի: Մեկ մասից մյուսն անցնելու համար հարկավոր է եղել անձնագիր, ինչպես նաեւ երեկոյան ժամերին դադարեցվել է գետի վրայի կամրջով մի կողմից մյուսը անցնելը: Այս պատճառով երեկոյան ժամերգության գնացող հայերը չեն կարողացել ժամերգությունից հետո անցնել կամրջով եւ հասնել իրենց տները, որի համար կա՛մ պետք է երեկոյան ժամերգության չգնային եւ կա՛մ էլ գնալուց հետո տանը չգիշերեին: Հնարավոր այս երկու տարբերակների փոխարեն տեղի հայերն ընտրել են երրորդ տարբերակըՙ գետի մյուս ափին կառուցել երկրորդ եկեղեցին, որպեսզի առանց անձնագրային կարգը խախտելու կարողանան մասնակցել երեկոյան ժամերգությանը:

1830թ. այստեղով անցած Մինաս Բժշկյանն իր Ուղեգրությունում գրում է, որ այդ ժամանակ քաղաքում 60 տուն հայ է ապրել, սակայն մի ժամանակ նրանք ավելի շատ են եղել:

Գետի երկու ափերին ժամանակին տարածվել է հայկական թաղը: Միլքով գետի այստեղով անցնող հունը հիմա չորացել է, մեծ մասը մնացել է ասֆալտի ու տարբեր շինությունների տակ, սակայն գետի երբեմնի հունի երկու կողմերում արեւի տակ փայլող երկու գմբեթներով ու խաչերով վեր են բարձրանում հայկական երկու եկեղեցիները, որոնցից առաջինըՙ Ս. Գեւորգը կառուցվել է 1710-1715թթ., իսկ երկրորդըՙ նվիրված Տիրամոր Վերափոխմանըՙ 1780-ական թվականներին:

Ռումինիայում եւս, ըստ ընդունված կարգի, հայկական յուրաքանչյուր եկեղեցի ունի կից հովվատուն եւ տեղի ծխական խորհրդի սենյակը:

Ֆոքշանի նվազած, բայց տակավին շարունակվող ծխական համայնքի խորհուրդը գտնվում է Տիրամոր Վերափոխմանը նվիրված եկեղեցու կողքինՙ ժամանակին գործած հայկական դպրոցի արական մասնաշենքում, իսկ դիմացն աղջիկների մասնաշենքն է: Ներս մտնելով, տեսնում ենք Ս. Էջմիածնի 1950-ական թվականների մի նկար, ինչպես նաեւ մեծադիր եւ խունացած նկարըՙ մի հոգեւորականի: Մոտիկից երբ ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ պատարագիչի հայրապետական շքեղ հանդերձավորման միջից իր խորունկ մարդկային ու հոգեւոր խորը վեհությամբ մեզ է ժպտում Վազգեն Առաջինը, փոխանցելով Ս. Էջմիածնի մշտավառ լույսը:

Նայելով ծխական խորհրդի մատյանին ու սենյակի դասական հնաոճ կահույքին, այն զգացողությունն ես ունենում, որ ազգային եկեղեցական կյանքն այստեղ սկսել է աստիճանաբար կանգ առնել 20-րդ դարասկզբին եւ քարացած շքեղ անցյալ դարձել 1950-ական թվականներից:

Եկեղեցու բակը մտնելով, արդեն փոխադրվում ես 18-19-րդ դարերը եւ տապանաքարերը քեզ են փոխանցում մի ժամանակ այստեղ եղած հայկական կյանքի արդեն լռած, բայց եւ չմարած արձագանքները:

ՌՈՄԱՆ - Ֆոքշանից ճանապարհը տանում է Ռոման քաղաքը, որի հայ համայնքի եւ եկեղեցու մասին դեռեւս 1551թ. ներքո Մինաս Թոխատեցին գրում էր.

Քաղաք մի կայր Ուռոմանի,

Ինքն փոքրիկ, բարով ի լի,

Շատ հայ ազգի կայր ի յայն տեղի,

Խիստ տոլվաթվորք եւ անուանի:

Հին եկեղեցու տեղում 1609թ. կառուցվում է նոր եկեղեցի, իսկ այժմյան եկեղեցին էլ իրենում ներառելով նախորդի ձեւերը, կառուցվել է 1864թ.: Եկեղեցուն կից վեր է բարձրանում հայկական դպրոցի եռահարկ շենքը, կառուցված 19-րդ դարի եվրոպական դասական ճարտարապետության ոճով: Քայլելով այս դպրոցի պատերի երկայնքով, այն զգացողությունն ես ունենում, թե քայլում ես երբեմնի Աստաֆյանՙ այժմյան Աբովյան փողոցով, ուր դեռեւս պահպանվել են հին Երեւանիՙ այս ոճով կառուցված շենքերից մի քանիսը: Պատրանքը սակայն, շուտով ցրվում է, քանի որ թե՛ այդ դպրոցում եւ թե՛ անգամ եկեղեցում արդեն մարել է հայերենը:

Ինչպես ռումինական մի շարք քաղաքներում, այնպես էլ Ռոմանում, տեղի հայկական համայնքի մարման պատճառով եկեղեցին նախորդ տասնամյակում որոշակի ժամանակով ի պահ է տրվել Ռումին Ուղղափառ եկեղեցուն:

Եկեղեցու մուտքին մեզ դիմավորում, Հայր Տաթեւին հարգալից հոգեւոր ողջույն է տալիս եւ եկեղեցի է առաջնորդում ռումին քահանան, ցույց տալով, թե ինչպես անխաթար է պահել եկեղեցին, ուր ռումինական ծիսակատարությունն ընթանում է հայոց գրերով սրբանկարների ներքո:

Ռումին քահանան նաեւ ցույց է տալիս, թե ինչպես է ինքը գավիթում հավաքել եւ ինչպես միջնադարում էին ասումՙ եկեղեցու որմերի մեջ ագուցել շրջակայքի հին հայկական տապանաքարերըՙ փրկելով դրանք այսօրվա քաղաքաշինության եւ ժամանակի մաշիչ ընթացքի ստույգ կորստից:

Դուրս գալով եկեղեցուց, հրաժեշտ ենք տալիս Ռոման քաղաքի հայկական անվանվող փողոցի հայկական ընկած միջնաբերդինՙ հայկական եկեղեցուն եւ դպրոցին, նրանց հայերեն հին արձանագրություններին ու զարդանախշերին: Եվ այդ պահին ազգային յուրօրինակ մի վերաիմաստավորմամբ են հնչում Հիսուսի նշանավոր խոսքերը. «Եթե մարդիկ լռեն, ապա քարերը կաղաղակեն»: Եվ վերջին տասնամյակներին մարդկային լռության միջից այստեղ քարերն են հայաբարբառ աղաղակում, երբ մեր աչքերը հանդիպում են նրանց հայկական արձանագրություններին:

ԲՈՏՈՇԱՆ - Այս քաղաքում է գտնվում Ռումինիայի տարածքի ամենահին հայկական եկեղեցին: Այն հիմնվել է 1350թ.: Եկեղեցու բակի մուտքին մեզ են դիմավորում տեղի ծխական համայնքի անդամները:

Այժմյան եկեղեցին իր կառուցվածքային առումով բազմաշերտ է եւ դարերի ընթացքում մի քանի անգամ նորոգվել է: Այժմ եւս ընթանում են նորոգության աշխատանքներ:

Որպես եկեղեցու հնության արտահայտություն ցույց է տրվում 15-րդ դարի այն տապանաքարը, որը հանվել է եկեղեցու սյան տակից: 19-րդ դարում եկեղեցին նորոգելիս բակի հայկական տապանաքարերը հանվել են եւ նրանցով սալահատակվել է եկեղեցու առջեւի տարածությունը: Նախորդ տասնամյակում սկսված նորոգության ժամանակ այդ տապանաքարերը դարձյալ հանվել են եւ հիմա էլ իրար վրա են շարված եկեղեցու բակում:

Եկեղեցին բարեբախտաբար այնպես են նորոգել, որ պահպանվել են նրա տարբեր ժամանակաշրջանների շերտերը, որը նկատելի է թե՛ ներսից եւ թե՛ դրսից: Եկեղեցու որմերի մոտ մեկ մետր բարձրությամբ ստորին մասը ներկայացնում է կառույցի առավել վաղ շրջանը: Մինչեւ ներս մտնելն ուշադրություն են գրավում մուտքի որմերի դրսի կողմից փորված խորշերը, որոնք տեղական ավանդությամբ բավականին հետաքրքիր ու յուրօրինակ բացատրություն ունեն: Մինչ նայելով այդ պահարանաձեւ կտրվածքով երկաստիճան խորշերին մտածում ես, որ այս քարերը, հնարավոր է, այստեղ են փոխադրվել բեմին կից ավանդատնից, քանի որ հայկական եկեղեցիների ավանդատները Ս. Պատարագի նախապատրաստության համար այսպիսի խորշեր ունեին, տեղի ծխական խորհրդի ատենապետուհին ոգեւորված եւ ձեռքերի շարժումներով առավել արտահայտիչ դարձնելով իր պատմությունը, ռումիներենով հետեւյալ բացատրությունն է տալիս, համաձայն որի, եկեղեցի մտնողներն այդ խորշերում հանել եւ դրել են իրենց կրկնակոշիկները: Ակամայից հիշում ես, թե ինչպես հայկական գյուղերում եւս տներում հավաքվելիս սենյակ մտնելիս պատշգամբում հանում եւ շարում էին կոշիկները:

Եկեղեցու մուտքի առաջին աստիճանը եւս խորհրդանշական ձեւով մի բավականին հին քար է, որի վրա են խարսխված հետագայի նորոգությունները:

Նախորդ տասնամյակից սկսված նորոգության աշխատանքները թեեւ դեռ չեն ավարտվել, սակայն եկեղեցին միանգամից ուշադրություն է գրավում իր հնությամբ եւ ներսի որմնանկարներով ու բեմապատի քանդակներով, որոնց կենտրոնում Տիրամայրն է, իսկ աջ եւ ձախ կողմերումՙ երկուական խմբերով վեցական առաքյալներն իրենց ընդունված կանոնական պատկերագրությամբ, որը զարմանալիորեն այնքան համահունչ է Մայր Տաճարի բեմապատի որմնանկարներին, որից կարելի է ենթադրել, որ կամ նրանցից մեկի հեղինակն է ազդվել մյուսից եւ կամ էլ որ նրանք ունեցել են պատկերագրական մի ընդհանուր սկզբնաղբյուր:

18-րդ դարում կատարված նորոգության ժամանակ ողջ բեմի հատակը պատել են տապանաքարերով: Եկեղեցու երկու ավանդատներից մեկում դրված են նորոգության պատճառով բեմից հանված բեմանկարները, իսկ մյուսՙ առավել մեծ ավանդատուն-սրահը, որը նաեւ մատուռ է իր խորշերով, տեղային մի թանգարան է, որի որմնապատերի ապակյա դարակների փեղկերում խնամքով ու ճաշակով շարված են եկեղեցու ծիսաարարողական առարկաները, որոնք արդեն դարձել են եկեղեցական արվեստի նմուշներ:

Եկեղեցու ներսի որմնանկարները եւ ցուցադրվող առարկաները ակամայից հիշեցնում են Մինաս Թոխատեցուՙ դեռեւս 1551թ. վերաբերվող տողերը այս եկեղեցու ներքին հարդարանքի ու եկեղեցական սպասքի գեղեցկության ու շքեղության մասին.

Պոտոշան քաղքին եկեղեցին,

Ոսկւով պատկերք գրած միջին,

Շատ մալ խարճած վերայ նորին,

Յիշատակ էր Քրիստոստուրին:

Տիրամորը նվիրված այս եկեղեցին եւս գտնվում է քաղաքի երբեմնի հայկական թաղամասում, եւ կրում է Հայկական թաղամաս անվանումը եւ այս թաղամասի ծայրին հայերը 1795թ. կառուցել են քաղաքի երկրորդՙ Ս. Երրորդության եկեղեցին: Այն եւս ունի զանգակատուն-աշտարակ, որի ոլորագալար աստիճաններով վեր ենք ելնում մինչեւ առաջին դիտակետի պատուհանը: Վերին դիտակետինըՙ տանիքինը, սակայն, չենք կարողանում բարձրանալ, քանի որ աշտարակի վերին մասի վնասված հատվածից թռչունները ներս էին բերել եւ աստիճաններին կիտել մեծ թվով չորացած ճյուղեր ու թփեր, անանցանելի դարձնելով ճանապարհը:

Ս. Երրորդությունը թեեւ անհամեմատ ավելի մեծ եկեղեցի է, սակայն նա ավելի է վնասվել: Տարիներ առաջ փլվել է գմբեթը, նորոգության սկսված աշխատանքները միջոցների սպառման պատճառով ընդհատվել են նախորդ տարիներին եւ ներսում ճոճվում են ժամանակին խփված տախտակամածները: Դրանց միջով զգուշորեն անցնելով եւ հաղթահարելով փլուզումներին ենթարկվելու վախըՙ նայում ենք սրբանկարներն ու որմնանկարները, որոնք ընդհանուր քրիստոնեական դրվագների կողքին ունեն նաեւ մի քանի էջեր մեր ազգային-եկեղեցական պատմությունից:

Ս. Երրորդությունը թեեւ ավելի ուշ է կառուցվել, սակայն անամեմատ ավելի վատ վիճակում է գտնվում, որովհետեւ այն կառուցել են քաղաքի հայության նվազ ունեւոր խավի համար, երբ համայնքն առավել բազմամարդ է դարձել 18-րդ դարի երկրորդ կեսին:

Մինաս Բժշկյանը 1830թ. անցնելով այս քաղաքով, գրել է. «Բոտոշանը վաճառականների անվանի քաղաք է, որը 18 ժամով հեռու է Յաշից եւ գտնվում է Սուչավայի դիմաց: Այստեղ 400 տուն հայ կա եւ ունի երկու եկեղեցիՙ Սուրբ Աստվածածնի եւ Սուրբ Երրորդության անվամբ: Առաջինը կառուցվել է 480 տարի առաջ, իսկ երկրորդը նորաշեն է, որի մոտ երեւում են հին շինության ավերակները: Կան նաեւ անոթներ եւ գրչագիր մատյաններՙ բերված Անիից»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ անգամ եւս շեշտվում է կապը Անիի ու անիական մշակույթի հետ:

Բժշկյանի հիշատակած այս 400 տուն հայերից այժմ մնացել է մի փոքրիկ համայնք, հիշյալ երկու եկեղեցիները եւ հայկական գերեզմանոցը, որն ունի առավել ուշՙ 1884թ. կառուցված մի մատուռ: Հայկական ավանդական տապանաքարերի կողքին այստեղ կան սեւ եւ սպիտակ մարմարից կառուցված դամբարաններ իրենց մահարձաններով, որոնց պատվանդաններին գերմաներեն կամ ռումիներեն նշված է, որ դրանք պատրաստվել են Վիեննայում: Քար առ քար այնտեղից սայլերի վրա դրված բերվել են եւ ամբողջացվել այստեղ:

Բոտոշանի ծխական խորհուրդը գտնվում է հայկական եկեղեցու մոտ, Հայկական թաղամասի սկզբում կառուցված այժմյան բնակելի մի ռումինական շենքի երկրորդ հարկի բնակարանում: Առաջին հարկի եւ երկրորդ հարկի մյուս բնակարանների դռների ռումինական ազգանուններից հետո իրապես անակնկալի ես գալիսՙ այդ բնակարանի դռան վրա կարդալով, որ այստեղ է գտնվում Բոտոշանի ծխական խորհուրդը:

Մտնում ենք ներս եւ մեկեն հայտնվում շրջապատված ազգային-եկեղեցական հիշատակներով: Սենյակի կենտրոնում մի պահարան է, որի բոլոր դարակներում դրված են Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին Մայր Աթոռից Վազգեն Առաջինի, Գարեգին Առաջինի եւ հիմա էլՙ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքած շնորհավորական պատգամ-մաղթանքների բացիկներըՙ կենդանի մի հաղորդություն ստեղծելով Ս. Էջմիածնի հետ: Պատերին գրեթե ազատ տեղ չկա եւ իրար են հաջորդում Ս. Էջմիածնի Մայր Տաճարը, Արարատը, Զորավար Անդրանիկը, Հայոց Այբուբենը, Երեւանը, Անին, 19-րդ դարավերջի հայ քաղաքային միջավայրում ստեղծված մի շարք պատկերների վերատպությունները, Բուխարեստի հայոց Մայր եկեղեցու լուսանկարը եւ այսպես շարունակ: Ասես Հայաստանն ու հայ մշակույթը իրենց կենտրոններով ու դարերով եկել եւ արտացոլվել են այս պատերին:

Բոտոշանից ճանապարհը տանում է Յաշ:

ՀԱՅՈՑ ԵՐԲԵՄՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏԸ - Յաշ ենք ուղեւորվում առանձնակի հուզմունքով, որովհետեւ այդտեղ է գտնվում ոչ միայն Ռումինիայիՙ իր հնությամբ երկրորդ հայկական եկեղեցինՙ կառուցված 14-րդ դարի վերջին, այլեւ այն պատճառով, որ 1565 թվականից սկսած, երկիցս այստեղ է գտնվել Ռումինիայի ու Մոլդովիայի հայ համայքների առաջնորդանիստ կենտրոնը, ինչպես նաեւՙ Ռումին ուղղափառ եկեղեցու պատրիարքանիստ կենտրոնը:

1608թ. Յաշով անցած Սիմեոն Լեհացին գրում է. «Յաշում կար երկու հարյուր տուն հայՙ եկվոր եւ բնիկ, եւ փառավոր քարե եկեղեցի, իմաստուն քահանաներ եւ պերճ մեծատուններ»: Նրանից ավելի քան երկու հարյուր տարի անցՙ 1830թ. դարձյալ Յաշով անցած Մինաս Բժշկյանը հայերի թիվը հիսուն տնով պակաս է գրել. «Յաշը Պուղտանի կամ Մոլդովայի մայրաքաղաքն է: Հայերն այստեղ կառուցեցին մի քանի եկեղեցի եւ ունեին առանձին մի եպիսկոպոս, այժմ սակայն, այստեղ գտնվում են հազիվ 150 տուն հայեր եւ ունեն երկու քարաշեն եկեղեցիՙ Լուսավորչի եւ Աստվածածնի անվամբ»:

Լուսավորչի անվան եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարի սկզբին, այրվել է Մինաս Բժշկյանի այցելության շրջանում ու հետագայում այլեւս չի վերականգնվել:

Բոտոշանի եկեղեցու նման պատմա-ճարտարապետական մի քանի շերտ ունեցող Ս. Աստվածածին եկեղեցին եւս նորոգվել է ռումինական իշխանությունների կողմից, եւ նորոգվել է բավականին խնամքով ու մասնագիտական հմտությամբ:

Եկեղեցու հիմքերն ամրացնելիս որպեսզի հիմնային շարվածքը չմնա ամրացված շաղախի մեջ, ստորին այս շերտը խնամքով կտրել հանել եւ դրել են եկեղեցու դիմաց, որը ցույց է տալիս թե՛ նրա հնությունը եւ թե՛ ինչպիսին է եղել սկզբնական հորինվածքը: Ներսից եւս երեւում է, թե ինչպիսին է եղել սկզբնական, 14-րդ դարավերջին կառուցված եկեղեցին, որի հին շարվածքի քարերը գտնվում են խորանի շուրջը եւ նրանց երկայնքով անցնող եզրագիծը ցույց է տալիս եկեղեցու սկզբնական վիճակի գծագրումը:

Եկեղեցու հնության վկայությունն են նրա տապանաքարերը, որոնք այժմ շարված են եկեղեցու բակի պարսպի երկայնքով: Յաշը քանի որ առաջնորդանիստ է եղել, մի շարք տապանաքարեր ունեն առաջնորդական ու եպիսկոպոսական գավազաններ:

Յաշի եկեղեցին եւս ունի իր ծխական խորհրդի կենտրոնը, որը թե՛ բավականին բարեկարգ վիճակում է եւ թե՛ աշխուժորեն գործում է շնորհիվ ծխական խորհրդի ատենապետի, ով ժամանակին այստեղ է փոխադրվել Լիբանանից, բժիշկ-վերաբույժ է եւ մեծ հարգանք է վայելում թե՛ տեղի հայերի եւ թե՛ Յաշի ռումինացիների միջավայրում:

Հայկական եկեղեցուց քիչ այն կողմ միանգամից ուշադրություն է գրավում 13-14-րդ դարերի հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիներին բնորոշ մի եկեղեցի, որի համար, համաձայն հին ավանդության, ասվում է, որ այն սկզբնապես հայկական է եղել, սակայն, քանի որ առավել լավ դիրք է ունեցել եւ գտնվել արքունական ճանապարհին, այն վերցվել է հայերից եւ փոխարենը տրամադրվել է այժմյան եկեղեցու տարածքը, ուր եւ 1395թ. նոր եկեղեցին է կառուցվել:

Յաշը ունի իր հայկական գերեզմանոցը, որի դարպասին ռումիներեն գրված է. «Հայկական գերեզմանոց»: Այստեղից ետ ենք դառնում Յաշ քաղաքի այսրօվա ռումինական կենտրոնի ներկա կյանքին, որը սակայն, ներդաշնակորեն միաշաղախված է անցյալի ավանդներին թե՛ քաղաքաշինությամբ եւ թե՛ կենցաղի տարբեր արտահայտություններով:

Յաշն իր մեծությամբ Ռումինիայի երկրորդ քաղաքն է: Այս քաղաքն ինձ հեռակա հոգեհարազատ էր նաեւ այն պատճառով, որ այս քաղաքում է անցել եւ այստեղ գործել հայրիկիսՙ Գեւորգ Դեվրիկյանի «Վիրավոր կռունկ» պատմավեպի գլխավոր հերոս Արթինը 1760-ական թվականներին: Վեպում նա պղնձագործ է, ով նաեւ կժեր է պատրաստում եւ մանրամասն նկարագրվում է թիթեղի դրվագման արվեստը:

Յաշի ճանապարհին մտովի այս գրական վերհուշերի մեջ էի, երբ քաղաք մտնելիս ժողովրդական արհեստների տոնավաճառի ողջ երկայնքով շարված տեսա այն կժերը, որոնք այնպես մանրամասն ու գեղեցիկ են նկարագրված հայրիկիս վեպում:

Քաղաքից դուրս գալուց առաջ մտանք Յաշ-Սուչավայի պատմական միտրոպոլիտության գրախանութը, որը փայլում էր ուղղափառ եկեղեցիների հոգեւոր-մշակութային ողջ շքեղությամբ: Նույնը վերաբերվում էր նաեւ գրքերին, որոնք ըստ էության, հասցեագրված էին տարբեր տարիքի եւ մասնագիտությունների ընթերցողներինՙ Ս. Ծննդյանը նվիրված եւ Բեթղեհեմի այրը պատկերող գունազարդ գրքույկներից մինչեւ Աստվածաշնչի հանրամատչելի մեկնությունները եւ ընդհանրական ու ռումինական եկեղեցիների հայրերի գործերը:

Այս մեծ խանութում առանձին մի սրահով ներկայացված էին Յաշին ու Սուչավային նվիրված ալբոմներ, պատմական ուսումնասիրություններ եւ զբոսաշրջության ուղեցույցներ: Ռումիներեն ու եվրոպական տարբեր լեզուներով հրատարակված ավելի քան մեկ տասնյակ գրքերի ցանկում սակայն, որքան էլ տարօրինակ էր, որեւէ հիշատակություն չկար Սուչավայի ու Յաշի հայկական հիշատակների մասին, որոնք նաեւ միաժամանակ այս քաղաքների հնագույն կոթողներից են:

ԳԱԼԱՑ - Մեր երթուղու հաջորդ երկու քաղաքներն էին Գալացն ու Բրեյլան, որոնցից առաջինը մեկն է ռումինա-մոլդովական հիշյալ յոթ քաղաքներից: Բուխարեստից առավոտյան ճանապարհ ընկնելով եւ կտրելով ավելի քան երկու հարյուր կիլոմետր, այս երկու քաղաքների հոգեւոր հովիվ Տեր Գրիգորի հետ ժամը տասի մոտ հասնում ենք Գալաց: Եկեղեցու մուտքի մոտ Տեր Հայրը ողջունելով եւ օրհնելով տեղի ծխական համայնքի անդամներին, մտնում է եկեղեցու ավանդատունը, զգեստավորվում եւ մատուցում կիրակնօրյա Ս. Պատարագը:

Հայ գաղթաշխարհի հեռավոր այս անկյունում երկար տարիներ է, ինչ հայոց լեզուն հնչում է միայն Հայոց Պատարագի ժամանակ:

Պատմական ավանդույթի եւ ներկայի հարաբերակցությամբ Ս. Պատարագի ծիսական հատվածները եւ խորհրդական բանաձեւումները կատարվում են գրաբարով, իսկ սուրբգրային եւ մի շարք այլ ընթերցվածներՙ ռումիներեն: Քարոզը եւս խոսվում է ռումիներեն:

Գրաբար «Հայր Մեր»-ով սկսված եւ իրարահաջորդ ռումիներենով ու գրաբարով մատուցված այս պատարագի ընթացքում ակամա հիշեցի 1860-ական թվականներից սկզբնավորված եւ իբրեւ թե եկեղեցու բարեկարգմանը նպատակամիտված այն կեղծ հարցադրումը, թե ժողովրդին ընկալելի լինելու համար Ս. Պատարագը պետք է մատուցել աշխարհաբար: Դեռ այն ժամանակ ի պատասխան այն հարցն առաջ քաշվեց, թե ո՞ր աշխարհաբարըՙ արեւելահա՞յ, արեւմտահա՞յ, եւ կամ էլ հայերենը կորցրած գաղութներում ինչպե՞ս վարվել:

Այս հարցադրումն առավել քան արդիական է եւ մեր օրերում, երբ այսպիսի գաղութներում գրեթե չի հնչում հայերենը, հայության համար միակ ընդհանուրը մնում է Ս. Պատարագի ու տարբեր եկեղեցական արարողությունների ժամանակ հնչող գրաբարը:

Եկեղեցում հավաքվել էին մոտավորապես քառասուն հոգի: Այն մարդիկ, ովքեր դժվարությամբ էին «Բարեւ ձեզ» ասում, պատարագիչ քահանայի հետ կրկնում են «Հայր մեր»-ի խոսքերը: Ահա այսպես մեկ կամ երկու շաբաթը մեկ նրանց շրթունքներին եւ ունկերին վերակենդանանում եւ թրթռում է հայոց լեզուն: Ինչպես որ իրենց գաղութի փառքերն են անցյալով օծուն, այնպես էլ նրանց շուրթերին այսօր մեր անցյալի ոսկեղենիկն է: Բարեբախտաբար սակայն, նրանք ապրում են այսօրվա ազգային մտահոգություններով, հետաքրքրվում Հայաստանի իրավիճակով:

Գալացի այժյան եկեղեցին թեեւ կառուցվել է 1858 թվականին, սակայն նրա մասին առաջին հիշատակությունը գտնում ենք կաթոլիկ միսիոներ Պիդուի 1669թ. մի հիշատակությունում:

2008թ. Ռումինահայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ, այժմ արդեն բարեհիշատակ Տ. Տիրայր արքեպս. Մարտիկյանի գլխավորությամբ հանդիսավորապես նշվել է այս եկեղեցու հիմնադրման 150-րդ տարեդարձը: Հոբելյանի առթիվ նորոգվել ու բարեկարգվել է եկեղեցին: Այստեղ եւս գավիթում, մուտքի աջ եւ ձախ կողմերում զետեղված ցուցափեղկերում ցուցադրվում են եկեղեցու սպասքը եւ հին փառակազմ հրատարակությունները: Նայում ես այս ամենին, 2008թ. հոբելյանը ներկայացնող լուսանկարներին եւ ցանկանում ես հավատալ, որ այն վերջին հոբելյանը չի լինի այս քաղաքի հայության կյանքում:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Գալացն արդեն 19-րդ դարի առաջին կեսին այնքան էլ հայաշատ չի եղել: 1830թ. այստեղով անցած Մինաս Բժշկյանը գրում է. «Գալացը բարելից քաղաք է եւ Մոլդովիայի անվանի նավահանգիստՙ կառուցված Դունայի եզերքին: Այստեղ բազում են նավերի ու վաճառականների երթեւեկությունները: Այստեղ կան 30 տուն հայեր եւ ունեն Ս. Աստվածածին եկեղեցին»:

Տեղական ավանդությամբ ասվում է, որ Գալացի եկեղեցին ունեցել է վանատուն վանական բազմաթիվ կացարաններով: Քանի որ այստեղի վանական կյանքի մասին հայ մատենագրությունում ոչինչ չկարողացանք գտնել, ուստի կարելի է ենթադրել, որ եկեղեցուն կից եղել է հայկական իջեւանատուն Դանուբով երթեւեկող հայ վաճառականների համար նավահանգստային այս քաղաքում եւ իջեւանատունը երբ դադարել է գործելուց, շփոթվել է վանատան հետ:

Նավահանգիստների մասին մեր պատկերացումները սովորաբար կապվում են ծովերի հետ եւ անսովոր էր տեսնել այսպիսի մի լայնահուն գետ այսօրվա իրապես հսկայական նավահանգստով, որի բեռնաբարձիչ կռունկները գետի երկայնքով շարված էին մոտ մեկ կիլոմետր:

Յուրահատուկ էր նաեւ ցամաքի ծովային մթնոլորտը կողմնացույցի ու նավապետի ղեկի նշաններով հյուրանոցներով, ռեստորաներով ու սրճարաններով: Դեպ Բուխարեստ տանող լայնահուն մայրուղում այս ամենը ստեղծում էին ծովագնացության մի անկրկնելի մթնոլորտ:

Այս նույն ճանապարհով Գալացից գնում ենք Բրեյլա:

Այդ օրըՙ հունիսի 26-ին Ռումինիայում դրոշի տոնն էր եւ մայրուղու վրա գտնվող ռումինական փոքրիկ բնակավայրերն անցանք օրվա հանդիսությունների ուղեկցությամբ:

Յուրաքանչյուր բնակավայրում տեղական իշխանության ներկայացուցչության մոտ զինվորական հանդիսավոր տողան-շքերթ էր կատարվում, փողային նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավորապես տարվում էր Ռումինիայի պետական դրոշը: Դիտելով հավաքված մարդկանցՙ տեսնում ես, թե մեկեն ինչպես է փոխվել ու վեհացել նրանց դեմքերի առօրյա ու հոգսաշատ արտահայտությունը, ու առավել խորն ես գիտակցում, որ նույն այս տոնը ոչ թե պետք է հեգնել, այլ արմատավորել նաեւ մեր երկրում, որ եթե մերժելի իրողություններ կան, ապա դրանց մեղավորը պետական խորհրդանիշները չեն, ուստի Հայաստանում եւս պետք է լիարժեք ձեւով կատարել այս տոնը:

ԲՐԵՅԼԱ - Նման հանդիսավոր երաժշտության ներքո մտնում ենք այս քաղաքը եւ թեքվում դեպի հայկական փողոց, ուր հանդարտ խաղաղության մեջ գտնվում է 1871թ. կառուցված հայկական եկեղեցին: Այստեղ եւս եկեղեցու բակում մեզ դիմավորում են տեղի հայերը: Տեր Գրիգորն այստեղ եւս օրհնում եւ ողջունում է նրանց, ապա մտնում ենք եկեղեցի, որը գտնվում է մաքուր եւ խնամված վիճակում:

Ներկան երբ դառնում է անցյալ, վերածվում է թանգարանի, ուստի այստեղ եւս եկեղեցու առարկաները եւ հրատարակությունները որպես անցյալի հիշատակ պահվում են աջ եւ ձախ կողմերում գտնվող ցուցափեղկերում:

Այստեղ է գտնվում նաեւ այս եկեղեցու եւ ընդհանրապեսՙ եկեղեցու խորհրդական մանրակերտով ճաճանչավոր գեղեցիկ մի խաչ, որն Ավագ Ուրբաթին հանում են եկեղեցուց եւ խաչի թափորով պտտեցնում եկեղեցու շուրջը: Հայոց եկեղեցու ծիսական մի արարողություն, որն այստեղ դարձել է ազգային ավանդներին ու Մայր եկեղեցուն կապող կարեւոր մի օղակ: Նման օղակներն են, որ թե՛ Ռումինիայում եւ թե՛ Սփյուռքի մարող մի շարք այլ գաղութներում տեղի հայությանը տարեկան մի քանի անգամ կապում են Հայրենիքին ու հայության գաղափարին:

Ռումինիայում այդ կապի անիական շնչով օծուն գլխավոր օղակն է Սուչավան:

(Շարունակելի)

Նկար 1. Ռոման-Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը Ռումին ուղղափառ եկեղեցու քահանայի հետ 16-րդ դարի հայկական եկեղեցու խորանի առջեւ:

Նկար 2. Բոտոշան. Ռումինիայի ամենահին հայկական եկեղեցու (1350թ.) տեղի յաշի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նկար 3. Յաշի Ս. Աստվածածին եկեղեցին

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011071605

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1079 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0