Ուրբաթ, 19.04.2024, 19:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մայիս » 21 » ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՎԵՐԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
19:56
ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՎԵՐԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՎԵՐԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բալետագետը եւ նրա մենագրությունը

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Նազենիկ Սարգսյանը տարիներ շարունակ զբաղվում է հայ բալետի եւ առհասարակ բեմական պարի պատմության եւ տեսության ուսումնասիրությամբ: Ստացել է խորեոգրաֆիկ կրթություն, զբաղվել ռեժիսորական եւ բալետմայստերական աշխատանքով, որոնց համադրմամբ հաջողապես միավորել է պարարվեստի գործնական իմացությունը տեսականի հետ: Սարգսյանը Հայաստանում միակ մասնագետն է, որ հայ պարարվեստի վերաբերյալ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Մոսկվայում: Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ բեմական պարի պատմությունը, հայ պարարվեստի երախտավոր Սրբուհի Լիսիցյանի կյանքի եւ գործի, հայ ականավոր բալետմայստերների ստեղծագործության վերլուծությունը, նաեւ ժամանակակից բալետի գործիչների գործունեությունը:

Նազենիկ Սարգսյանի «Աշոտ Ասատրյան. 20-րդ դարի վերջին երեսնամյակի խորեոգրաֆը» ռուսերեն աշխատությունով ոչ միայն բացահայտվում է խորհրդային բալետային թատրոնի նորարարներից մեկիՙ բալետմայստեր, բեմադրիչ, լիբրետիստ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Ասատրյանի (1937-1999) ստեղծագործական դիմանկարը, այլեւ շոշափվում են հայ բալետի պատմության եւ բալետային արվեստին վերաբերող մի շարք առանցքային խնդիրներ: Առաջաբանում հեղինակը նշել է, որ գիրքը կարող էր լինել մասսայական բրոշյուր արվեստագետի կյանքի եւ գործունեության մասին, սակայն նրա ստեղծագործության հանդեպ պրոֆեսիոնալ հետաքրքրությունն իրեն մղել է, որպեսզի թափանցի Ասատրյանի ստեղծագործական լաբորատորիայի մեջ, բացահայտի նրա արվեստի եւ աշխատանքի առանձնահատկությունները: Այդ նպատակով Նազենիկ Սարգսյանը ոչ միայն հավաքել է նյութեր բալետմայստերի արխիվից, այլեւ կապվել նրան ճանաչած բազմաթիվ անձանց հետ, ձայնագրել կամ գրառել նրանց հուշերը, որոնք հաճախ անփոփոխ արտացոլվել են մենագրության էջերում: Արդյունքում ստացվել է գիտական պատշաճ մակարդակով բալետագիտական մենագրությունՙ մեր իրականության մեջ հիրավի աննախադեպ:

Բալետմայստերի կայացումը

Մենագրության առաջին մասըՙ «Աշոտ Ասատրյանի ստեղծագործական կենսագրությունը», ներկայացնում է բալետմայստերի կյանքի հանգրվանները. վաղ տարիներըՙ ծննդավայր Թբիլիսիում, ուսումնառությունը` Լենինգրադում, ապա` աշխատանքը Սարատովում, Երեւանում եւ վերջապես Խարկովում: Հավլաբարցի արհեստավորի բազմանդամ ընտանիքում ծնված տղան, մանկուց մեծ սեր ունենալով դասական երաժշտության հանդեպ, 12 տարեկանից մուտք է գործել պարարվեստի աշխարհ: Որպես պարող որոշ ժամանակ հանդես է եկել Թբիլիսիի եւ Տաշքենտի օպերայի եւ բալետի թատրոններում, սակայն իր կոչումը գտնելով բալետների բեմադրության մեջՙ ընդունվել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի նորաբաց բալետմայստերական բաժինը: Այդ բաժնի հիմնադիր, ռուսական բալետի նշանավոր դեմք Ֆեոդոր Լոպուխովն իր արվեստանոցում պահել է չորս ամենից վառ անհատականությունների եւ հպարտությամբ է նշել, որ իր մոտ սովորում են հայեր (Աշոտ Ասատրյան, Նիկոլայ Մարգարյանց), վրացի (Գեորգի Ալեքսիձե) եւ հրեա (Եֆիմ Խմելնիցկի): Բալետմայստերական բաժնի այս առաջին շրջանավարտներին վիճակվել է հետագայում դառնալ խորհրդային բալետի ճանաչված բալետմայստերներ: Իր աշխատության մեջ Նազենիկ Սարգսյանը ցույց է տվել, թե ինչ աստիճանի է սերտել Ասատրյանը Լոպուխովի դասերը, ըստ որի, բալետմայստերական ստեղծագործության համար անհրաժեշտ են բարձր կուլտուրան, որին կարելի է հասնել առաջին հերթին ընթերցանությամբ, երաժշտական գիտելիքները` գրեթե տեսաբանի եւ կոմպոզիտորի մակարդակով եւ վերջապես, կերպարվեստի քաջիմացությունը: Ասատրյանը միանգամայն համապատասխանել է բալետմայստերի լոպուխովյան կատարելատիպին: Խորն են եղել նրա գիտելիքները համաշխարհային երաժշտական արվեստի, երաժշտագիտության, գրականության, պատմության, փիլիսոփայության, կերպարվեստի բնագավառներում: Հայտնի է, որ նա դիրիժորներին եւ կոմպոզիտորներին մշտապես զարմացրել է երաժշտական նյութի հմուտ իմացությամբ, պարտիտուրներ կարդալու եւ նվագելու կարողությամբ: Այս ամենին ավելացնենք խորապես ազգային մտածողությունը մի արվեստագետի, ում համոզմամբ. «Յուրաքանչյուր բալետմայստեր իր ստեղծագործության համար պետք է նախատիպ, նախակերպար ունենա: Ինձ համար դա Կոմիտասն է: Յուրաքանչյուրը կարող է ընթանալ ուրույն ճանապարհով, բայց իբրեւ ստեղծագործության հիմք ունենալով պարի ժողովրդական ոգին» :

Աշոտ Ասատրյանը 1968-1973 թթ. եղել է Սարատովի օպերայի թատրոնի բալետմայստերը, բեմադրել դասական գործերՙ «Մարդուկ-Ջարդուկը» (1968), «Դոն Կիխոտ» եւ «Թեմա վարիացիաներով»ՙ Մոցարտի Լա մաժոր սոնատի երաժշտությամբ (1970), ինչպես նաեւ, այսպես կոչված, արեւելյան բալետներՙ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին» (1968), «Բոլերոն» Մորիս Ռավելի երաժշտությամբ (1970), Լազարեւի «Անտոնիուս եւ Կլեոպատրան» (1971) եւ Խաչատրյանի «Գայանեն» (1972): Ինչպես նկատել է Նազենիկ Սարգսյանը, իր բեմադրություններով Ասատրյանը խորհրդային բալետում տիրող դրամբալետին հակադրել է բալետ-սիմֆոնիան եւ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի բալետային բեմերում ներկայացրել ինքնատիպ խորեոգրաֆիկ ստեղծագործություններ: «Ասատրյանը պատկանում է խորհրդային նորարար բալետմայստերների թվին, ովքեր անմիջականորեն ընդդիմացել են դրամբալետին ՙ նախընտրելով մեկ գործողությամբ բազմաակտ բալետները, վերջիններս մեկնաբանել որպես «սիմֆոնիաներ»ՙ ձգտելով խորեոգրաֆիայի լեզվով փիլիսոփայական հայեցակարգեր արտահայտել»: Ասատրյանը բալետներ է բեմադրել նաեւ Եկատերինբուրգում եւ Չելյաբինսկում (Խաչատրյանի «Գայանեն», 1982 եւ 1984), Թբիլիսիում («Անմահությունը», առաջին հայ բալետը, որ բեմադրվել է Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի թատրոնում, 1979) եւ Բաքվում (Մամեդովի «Ումայ» ադրբեջանական ազգային բալետը, 1981): Այնուհետեւ աշխատել է նաեւ Խարկովի օպերայի եւ բալետի թատրոնում, որպես գլխավոր բալետմայստեր, որտեղ բեմադրել է Իգոր Ստրավինսկու «Օրփեոսը» եւ «Հազարան բլբուլը» (նույնն էՙ «Հրեղեն հավքը»), «Քնած գեղեցկուհին», «Դոն Կիխոտը», Չայկովսկու երաժշտությամբ «Թեմա վարիացիաներով», Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերը», ուկրաինական պատմությունից վերցված Ալեքսանդր Կաներշտեյնի «Եվպրաքսիա» բալետը (առաջին բեմադրությունը` 1994-ին):

Հայաստանյան շրջանը

Նկատենք սակայն, որ Աշոտ Ասատրյանը մեզ համար կլիներ սոսկ խորհրդային բալետի հերթական մի հայազգի գործիչը, եթե չլիներ նրա գործունեության հայաստանյան շրջանը: Հենց իր պատմական հայրենիքում էր, որ, չնայած բազմապիսի դժվարություններին, ամբողջացավ Ասատրյան արվեստագետի դիմանկարը: Մինչեւ Հայաստանում հաստատվելը` նա արդեն կապ ուներ հայ արվեստի հետ, մասնավորապես պաշտում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Արժեքավոր է մենագրության մեջ տեղ գտած Սարատովի օպերայի եւ բալետի թատրոնի մենակատար Վալերի Նեստերովի վկայությունը «Գայանեի» ասատրյանական բեմադրության մասին. «Իր գունագեղությամբ եւ հանդիսանքայնությամբ () դա հրաշալի ներկայացում էր: Հայ ազգային սյուժեն, Ա. Խաչատրյանի երաժշտությունը, հայկական ազգագրության աշխարհը եւ նրա հերոսականությունըՙ այս բոլորը հարազատ էին Ասատրյանին: Դասական պարը եւ ազգային պլաստիկան նա օրգանապես միավորել էր պարային տեսարաններում, ներկայացումը հագեցրել (նկարիչ Նալբանդյանի հետ) վառ դրամատիկական դրվագներով, ազգային պարերով (Ուզունդարա, Լեռնային պար, Շալախո, Սրերով պար եւ այլն), քնարական դուետներով եւ կոլորիտային զանգվածային անսամբլներով» :

1973-1990 թթ. Աշոտ Ասատրյանն աշխատել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Նրա ստեղծագործության այս շրջանին նվիրված գլխում Նազենիկ Սարգսյանը մի քանի էջ նվիրել է երեւանյան բալետի պատմությանը, որ սկիզբ է առել 1933 թվականից: Հեղինակը մասնագիտական գնահատական է տվել հայկական բալետի անցած ուղուն, ազգային երկացանկի զարգացմանը, 1960-ականներին սկիզբ առած հայ բալետի ոսկեդարին, թվարկել կարեւոր անունները եւ արժեւորել նրանց ներդրումը (ուշագրավ է հատկապես Իլյա Արբատովի ստեղծագործության գնահատականը հայկական կանացի բեմապարի հարցում): «Ինչո՞վ էր բնութագրական այդ ոսկեդարը,- հարցնում է բալետագետը եւ պատասխանում: - Առաջին հերթինՙ երկացանկի հարստությամբ եւ բազմազանությամբ: Երկրորդ, բալետային կազմի բավական մեծաքանակ լինելով, որ հնարավորություն էր տալիս իրականացնել բարդ բեմադրություններ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից, այդ թվում` հայկական բալետների»: Այդ ոսկեդարի կայացմանն, անշուշտ, իր յուրօրինակ բեմադրություններով նպաստել է նաեւ Աշոտ Ասատրյանը Երեւանումՙ այստեղ բեմադրելով Սերգեյ Բալասանյանի «Լեյլի եւ Մեջնունը» (1973), Կոնստանտին Օրբելյանի «Անմահությունը» (1975), Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիան» (1977), Ռավելի «Դափնիսը եւ Քլոեն» (1980), Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» (1982), «Թեմա վարիացիաներով»` Չայկովսկու երաժշտությամբ (1983) եւ այլն: Նրա բեմադրությունների գլխավոր դերակատարուհին եղել է իր կյանքի եւ ստեղծագործության մուսանՙ հայ բալետի պրիմա, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը, որը, բնականաբար, տիրական ներկայություն ունի գրքում: Եվ ուրախալի է իմանալ, որ ծնողների ճանապարհով է գնացել նաեւ նրանց միակ որդինՙ Արա Ասատրյանը, որ ներկայումս որպես բալետմայստեր կատարելագործվում է Սանկտ-Պետերբուրգում:

Աշոտ Ասատրյան մարդը

«Ասատրյանի կյանքում գլխավորը եղել է Տերպսիխորային անդադար ծառայելը: Նա օրը սկսում էր առավոտյան ժամը 6-ինՙ երաժշտություն լսելով, ապա գնում էր թատրոն, փորձում, մտածում բեմադրության մասին, ստեղծում բալետներ, գրում էր բալետի սցենարներ, հագուստների ուրվանկարներ անում, աշխատում կոմպոզիտորի, նվագավարի հետ».... Սույն մենագրության մեջ, հիմնական շարադրանքի մեջ կամ առանձին, տեղ են գտել պարարվեստի գործիչներ Վիլեն Գալստյանի, Նիկոլայ Մարգարյանցի, Վիկտոր Դավիդովի, Գենադի Ալբերտի, Վալերի Նեստերովի, Հովհաննես Դիվանյանի, Ռուդոլֆ Խառատյանի, Բելա Հովնանյանի, Սրբուհի Բաբայանի, Ելենա Պավլիդիի, Իգոր Ստեցյուր-Մովայի, Օլգա Վասիլյանսկայայի, Արմեն Գրիգորյանի, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի, դիրիժորներ Յուրի եւ Հայկ Դավթյանների, գեղանկարիչներ Ավետիս Բարսեղյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, բալետագետ Ալեքսանդր Չեպալովի, բեմադրիչ Վահե Շահվերդյանի հուշերը եւ հարցազրույցները, որոնցով ամբողջանում է Աշոտ Ասատրյան արվեստագետի եւ մարդու կերպարը, կերպարն իսկական, բարձր ինտելեկտի տեր արվեստագետի: Շատերն են նշել, որ «Ասատրյանի մոտ ամեն ինչ ծնվում է երաժշտությունից», որ նա այն քչաթիվ բալետմայստերներից է, որ կարողացել է գրքի պես ընթերցել երաժշտական պարտիտուրը, խորապես հասկանալ կերպարվեստ: Նրա` արվեստագետի նկարագրից բերենք մեկ օրինակ. դիրիժոր Յուրի Դավթյանը հիշել է, որ Ասատրյանը 15-20 րոպե ազատ ժամանակ ունենալով, սկսում էր էկզերսիս կատարել. հատկապես հիանալի, բարձր ոստյուններ է կատարել: Մի անգամ կոնցերտմայստերն ուշացել է, եւ Դավթյանը տեսել է, թե ինչպես է Ասատրյանը վարժություններ կատարում: «Աշոտ, ինչո՞ւ ես դա անում»: «Ինչպե՞ս թե, Յուրի Հայկովիչ: Եթե ես ինքս պարել չկարողանամ, ինչպե՞ս կարող եմ հետո համոզիչ կերպով ցույց տալ դրանք պարողներին»...

Մասնագիտական խոսքը

Գրքի երկրորդ մասումՙ «Աշոտ Ասատրյանի ստեղծագործությունը», մանրակրկիտ մասնագիտական քննության են ենթարկված Ասատրյանի բեմադրությունները: Ցավոք, աշխարհի ոչ մի թատրոնի երկացանկում չեն պահպանվել նրա բեմադրություններից, եւ Սարգսյանը վերլուծությունները կատարել է հիմնականում պահպանված տեսագրությունների հիման վրա: Հեղինակի կարծիքովՙ Ասատրյանի բարդ, ոչ ամենքին մատչելի, սակայն բոլոր առումներով ամբողջական բեմադրություններին հատուկ են հայեցակարգայնությունը, լայն անալոգիաները եւ համախմբումները: Կազմելով նրա բեմադրությունների հատուկ աղյուսակներ եւ սխեմաներՙ հեղինակը փաստերի համադրմամբ կատարել է ընդհանրացումներՙ կապված Ասատրյանի ստեղծագործական սկզբունքների, ոճի, նախասիրությունների, բեմադրություններում առկա օրինաչափությունների, երաժշտության գործառույթի, լիբրետոների ու բալետային ստեղծագործությունների առանձնահատկությունների եւ այլ իրողությունների վերաբերյալ: Հեղինակը նշել է, որ «Ասատրյանը համարձակորեն իր բալետների մեջ ներմուծել է արեւմտյան խորեոգրաֆիայի նվաճումները, ինչը հաճախ նրա ստեղծագործության հանդեպ դժգոհություն էր առաջացնում եւ չէր ընդունվում»: Բալետագիտական տեսանկյունից հատկապես արժեքավոր է «Մարդուկ-Ջարդուկը» բեմադրության մանրակրկիտ վերլուծությունը, որտեղ ուշագրավ զուգահեռներ են կատարվել Չայկովսկու ստեղծագործության եւ բալետային արվեստի թերեւս ամենահայտնի ստեղծագործությանՙ Ադանի «Ժիզելի» հետ: Կարեւոր է նաեւ Ասատրյանի բեմադրություններում առկա խորհրդանշանների բացահայտումն ու վերլուծությունը, որոնք Սարգսյանը խմբավորել է ըստ տարբեր կատեգորիաների:

Գրքի հավելվածներում տեղ են գտել նաեւ Ասատրյանի հեղինակած լիբրետոները, երկու հոդվածը («Բանալին Կոմիտասի մեթոդն է» եւ մի գրություն Գոհար Գասպարյանի երգեցողության մասին), Լենինգրադի կոնսերվատորիայի տարիներին Ասատրյանի կարդացած գրքերի տպավորիչ ցանկը (հիմնականումՙ նախախորհրդային փիլիսոփայական եւ այլ գիտական գրականություն): Հատորը եզրափակվում է ծանոթագրություններով եւ Ասատրյանի մասին եղած գրականության ցանկով: Գիրքը մեծապես շահեկան է հարուստ լուսանկարներով: Իսկ առհասարակ, հատորի տպագրական բարձր որակը, կազմի ճաշակով ձեւավորումը նույնպես ակնահաճո են, թող տարօրինակ չհնչիՙ անգամ գիրքը ձեռքն առնելը ֆիզիկապես հաճելի է. սրա համար դրվատիքի խոսք հղենք հրատարակչինՙ «Ամրոց գրուպին» եւ նրա տնօրեն Վլադիմիր Խաչատրյանին :

Հայ բալետի պատմությունը տակավին չի ենթարկվել բանասիրական-վերլուծական գիտական հետազոտության: Լիահույս ենք, որ ունենալով Նազենիկ Սարգսյանի պես մի մասնագետ, այդ բացն առաջիկայում եւս մեծապես լրացված կլինի...

Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011052102
Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 1218 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0