Շաբաթ, 20.04.2024, 16:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » «Աստվածային սեր»` Գառնի գյուղում
13:23
«Աստվածային սեր»` Գառնի գյուղում
Գառնի
Ավանդապատումն ասում է, որ երբ Վահագնը Աստղիկին ազատում է չար աստված Յահվահի գերությունից, Աստղիկը, ոգեշնչվելով իր ազատությամբ, շրջում է ողջ երկրում ու վարդի թերթիկներով ջուր է ցողում բոլորի վրա` աստվածային սեր տարածելով:

«Գարնանամուտի տերընդեզի խարույկը մեզ ջերմացնում է, էներգիա է հաղորդում, իսկ ամռան արևի հուրը շատ է, ջուր ցողելն է հաճելի,- պատմում է քուրմ Գեղամը:- Հնում Վարդավառի տոնը մեծ հնարավորություններ էր բացում երիտասարդ աղջիկների համար, ովքեր այդ օրը կարողանում էին դուրս գալ իրենց տնից ու ծանոթանալ երիտասարդ տղաների հետ: Մեկը մյուսին ջրելու հաճախականությունն էլ ցույց էր տալիս, թե ով ում նկատմամբ անտարբեր չէ»: Հեթանոսական հավատքի կրող Գուսան Հայկազունու համար էլ, օրինակ, Վարդավառի տոնին մասնակցելը  «աստվածների զորությունն ու մեծությունը զգալը, ջրից առողջանալն է»:

Ըստ տաճարի հարակից շուկայի վաճառողուհի Գոհարի` վերջին տարիներին Վարդավառի տոնին ջրից էներգիա, դրական լիցքեր ու լիություն ստանալու, արևից զովանալու հետ մեկտեղ գառնեցիները կարող են նաև լուրջ ծեծկռտուքների մեջ ընկնել, «թե դու ոնց համարձակվեցիր ինձ ջրես»: «Հիմա կամաց-կամաց էդ փոխվում ա, մարդիկ հասկանում են, որ էդ սեր ա, լիություն ա, ու Վարդավառին պետք ա չըլնի նենց մարդ, որ չջրվի»,- ասում է Գոհարը:

Այս տարվա հուլիսի 31-ին գառնեցիներն ու տարբեր տեղերից ժամանած զբոսաշրջիկներն իրենք էլ են «աստվածային սեր» տարածում Գառնու տաճարի շրջակայքում:

16-ամյա Արարատն իր ընկերոջ հետ ոտքով Եղեգնաձորից ուխտի է եկել: Երեք գիշեր ու ցերեկ է անցկացրել, մինչև որ հասել է Գառնու տաճար` մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը` ի հարգանք Աստղիկ աստվածուհու: Գիշերները վրանում են գիշերել, մեծ դժվարություններ են տեսել. «Վրանը ճղվեց, խմելու ջուր էլ չկար»,- պատմում է Արարատը: Բայց նպատակ կար` դժվարություններով ու զրկանքներով հուլիսի 31-ին հասնել Գառնի:

Թեև Արարատը դպրոցական է, արդեն որոշել է, որ  եկող տարվա մարտի 21-ին պետք է օծվի որպես հեթանոս: Մարտի 21-ն էլ պատահաբար չի ընտրել. ռազմի աստված Վահագնի տոնն է:

Նատալյան ու Կարենն էլ արդեն քանի օր է` սրտատրոփ սպասում են Գառնիի տաճարում իրենց իսկ պսակադրությանը:  Իրենց ամուսնությունն օրինական գրանցում ունի և արդեն նորածին երեխա ունեն, սակայն որոշել են իրենց պսակադրության արարողությունը կազմակերպել սիրո տոնին, հենց Գառնիում: Ըստ քուրմ Գեղամի` տարեկան կտրվածքով Գառնու Մայր տաճարում մեկ-երկու պսակադրություն է կատարվում: Նատալյան ու Կարենը տաճար եկել են իրենց մտերիմ ընկերների հետ: Թեև նրանցից ոչ բոլորն են հեթանոս, բոլորին էլ դուր է եկել Կարենի և Նատալյայի` Գառնիում հեթանոսական պսակադրություն անելու որոշումը: Պսակադրությանը նրանք հարսանեկան զգեստներով չեն եկել, սակայն հագուստի մեջ սպիտակ գույնը գերակշռում է, որ մաքրության ու ազնվության խորհուրդ ունի: «Իհարկե, լավ կլիներ, որ տարազներով գայինք, սակայն այսօր իսկական տարազ գտնելը մեծ խնդիր է»,- պատմում է Կարենը: Պսակադրության ժամանակ քրմերը ներկայացրին պսակի խորհուրդը, նրա սուրբ լինելու հանգամանքը, քանի որ այն կատարվում է «Հայր Արայի, Մայր Անահիտի, Ամենազոր Վահագնի և մյուս աստվածների օրհնությամբ»: Կարենն ու Նատալյան հեթանոսական ծիսագրքի համաձայն` նաև երդում տվեցին Հայր Արային ու Մայր Անահիտին: Պսակադրության ավարտին քրմերը նորապսակներին հայտարարեցին ամուսիններ. «Եվ պատվիրում եմ ձեզ, գեղուհի հարսիկ, քո ամուսնու մեջ Վահագնին տես և սիրիր նրան, քաջածին փեսա, քո կնոջ մեջ Աստղիկին տես և սիրիր նրան: Եվ թող Արայի հայրական օրհնանքը միշտ ձեր վրա լինի, և Մայր Անահիտը հովանավորի ձեր սերնդատվությունը»:

Շիրազի Քոլամն էլ իր կնոջ ու երեխաների հետ է Իրանից եկել Գառնի ու պատահաբար իմացել, որ այդ օրը Վարդավառի տոնն է: Ասում է` շատ է դուր գալիս տոնն ու Գառնիի տաճարը: Անգամ դեմ չի եղել ու չի բարկացել, երբ իր կնոջ վրա էլ են ջուր լցրել: Շիրազի Քոլամի դուստրն ու կինն էլ ցանկություն հայտնեցին, որ «լավ կլիներ Իրանում էլ լիներ նման միջոցառում, քանի որ այնտեղ էլ Հայաստանի նման շոգ է ու արևոտ»:

Հռիփսիկ տատն էլ 76 տարեկան է: Գառնու ձոր տանող ճանապարհին է նրա տունը, սակայն չգիտեր էլ, որ Վարդավառ է: Տաճարից հասնող բարձր ձայները զարմացրել էին նրան, չէր հասկացել, որ Վարդավառի տոնն է:  Հիշում է, որ երբ փոքր աղջիկ է եղել, նույն Գառնի գյուղում, նույն Վարդավառի օրը ավելից «չուչելներ» է պատրաստել, ընկերուհիների հետ շրջել է հարևանների տներն ու տարբեր երգեր է երգել: Հարևաններն էլ դույլերով ջուր են լցրել իրենց վրա ու խաշած հավկիթ ու այլ ուտելիքներ նվիրել: Հիմա Հռիփսիկ տատը Վարդավառ չի խաղում. «Այ բալամ, ժամանակ չկա, հիմա ինքներս մեզ բուժելով ենք զբաղված. հանդը խոտաբույս ենք աճացնում, որ ցավներս յոլա տանենք, թե չէ բժշկի մոտ մեշոկով փող են ուզում»:

Արմենն էլ, մարդկանց ջրելուց հոգնած, տաճարի ծաղիկներն էր ջրում. «Ասֆալտները ջուր արեցին, էս խեղճ ծաղիկներին Վարդավառ անող չկա»:


Աղբյուր`http://ankakh.com/2011/08/137349/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 835 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդավառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0