Ուրբաթ, 19.04.2024, 15:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Ավելի գրագետ «լեզվաշխարհ»
16:21
Ավելի գրագետ «լեզվաշխարհ»
Լեզվի պետական տեսչության «Լեզվաշխարհ» ժողովածու
Լույս է տեսել ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության «Լեզվաշխարհ» ժողովածուի երկրորդ պրակը, որում լեզվական բազմաթիվ խնդիրների թվում անդրադարձ կա նաեւ տպագիր մամուլին: Անկասկած, ողջունելի նախաձեռնություն է` պարբերաբար անդրադառնալ ժամանակակից հայ մամուլի լեզվին, մատնանշել լեզվական սխալներ, թերիներ, գռեհկաբանություններ, անհարկի օտարաբանություններ: Ժողովածուի նշված պրակում տեղ է գտել այդօրինակ առաջին անդրադարձը` կազմված օրաթերթերից մեկի («Երկիր») հունվար ամսվա հրապարակումների լեզվական մշտադիտարկման արդյունքում: Նախապես ասենք, որ մատնանշված մի քանի սխալների եւ դրանց շտկման անհրաժեշտության առումով միանգամայն համամիտ ենք նյութի հեղինակի հետ, բայց նաեւ հարկադրված ենք ասել, որ մշտադիտարկում իրականացնող պետական տեսչությունից ակնկալում էինք տեսչական «ամփոփագրի» (այդպես է ներկայացված «Սխալների ուղղում» վերնագրի ներքո տպագրված նյութը) առավել անթերիություն:

«Լեզվաշխարհի» հիշյալ նյութը (ինչպես նաեւ ամբողջ ժողովածուն), ցավոք, զերծ չէ լեզվական թերություններից, օտարաբանություններից, զանազան սխալներից: Օրաթերթի լեզվական մշտադիտարկման արդյունքները ներկայացնող հեղինակը (Լարիսա Պետրոսյան) վերոնշյալ նյութում ընթերցողին է ներկայացնում, օրինակ, «ինտեգրվել» բառի հայերեն համարժեքը` «անդամագրվել»: Զարմանալի ներկայացում է, որովհետեւ պարզվում է, որ, դիցուք, որեւէ կուսակցության անդամագրվող մարդիկ փաստորեն «ինտեգրվում են» այդ կուսակցությանը: Ժողովածուի նույն պրակում տպագրված մեկ այլ նյութում («Հարցնում է մեկը, պատասխանում ենք բոլորին»), ներկայացնելով մի քանի օտարաբանություններ, նույն հեղինակը տալիս է դրանց հայերեն համարժեքները` մասնավորապես «մեկենաս» օտարաբանությունը թարգմանելով «հովանավոր», ինչը նույնն է, թե փորձեր թարգմանել «դանայան տակառ» կամ «դամոկլյան սուր» արտահայտությունները: Հարգելի տեսչականին ինչու՞ է պետք եղել այնքան մաքրամոլ լինել, որ թարգմանի անթարգմանելին` անձնանունի հիման վրա ծագած բառը: Ինչու՞ թարգմանել «էպիգոն» բառը (կույր հետեւորդ), «դերմատին»-ը (մաշկալաթ. ներկայացված է սխալ գրությամբ` «դերմանտին», էջ 47), որոնք հունարեն բառեր են, հետեւաբար, հազարավոր այլ հունարեն բառերի հանգույն, մեր լեզվի համար վաղուց ընդունելի: Բայց օտար բառերը հայերենացնելու մեր ջատագովներն այնքան էլ հետեւողական չեն իրենց ջանադրության մեջ: Անհետեւողականությունը չէ՞ պատճառը, որ արդեն համընդհանուր գործածություն ունեցող «համացանց» բառը, օրինակ, ժողովածուում Լեզվի տեսչության աշխատակցի կողմից ներկայանում է «ինտերնետ» (էջ 22), «հրատապ» բառը` «ակտուալ» (էջ 17), «ժամանակակիցը»` «մոդայիկ» (էջ 40), «աշխատասենյակը»` «կաբինետ» (էջ 41) ձեւերով: Ստացվում է, որ Լեզվի պետական տեսչությունն ինքը դեռ չի մշակել հիմնավորված լեզվական քաղաքականություն, չի ձեւավորել որոշարկված մոտեցում մասնավորապես օտարաբանությունների խնդրին, որպեսզի կարողանա հանրության հետ հաղորդակցվել հնարավորինս անաղարտ հայերենով: Տեսչության «մշտադիտարկող աչքն» անշուշտ արձանագրեց նախորդ նախադասության «ստացվում է» ռուսաբանությունը, բայց մինչեւ կփորձի տողերս գրողին մեղադրել լեզվական թերիմացության մեջ, ասենք, որ ռուսաբանությունը վերցված է նույն «Լեզվաշխարհից» (էջ 18), ընդ որում` գործածողը տեսչության` հարցազրույց վարող մեկ այլ աշխատակից է: Տեսնու՞մ եք` որքա՛ն դյուրին է մեղադրել հարահոսի եղանակով աշխատող օրաթերթերին լեզվական սայթաքումների համար, այն դեպքում, երբ ամիսներով տպագրության պատրաստվող եւ ամենեւին ոչ մեծածավալ ծողովածուն նույնպես կարող է զերծ չլինել ակնհայտ թերություններից: Ասելս բնավ այն չէ, թե օրաթերթերի ընթացիկ սխալները ներելի եւ բոլոր դեպքերում հանդուրժելի են: Ո՛չ: Ասելս այն է, որ ուրիշին դաս տալուց առաջ պետք է լավ սերտել սեփական դասը, դիցուք` «ձեզ» բառի մեծատառով կամ փոքրատառով գրության դասը, որպեսզի «ձեզ»-ի փոխարեն չգրեք «Ձեզ», «ավելի» բառի փոխարեն չգրեք «ավել» (էջ 80), չսկսեք դասախոսություն կարդալ` հիմնավորելու համար, թե «Արտֆուդյան սինդրոմը» ինչու՛ պիտի գրել փոքրատառով (էջ 81): Մասնավորապես վերջին «սխալի» առումով հարգելի տեսչականը խորամուխ չի եղել նյութի մեջ, հակառակ դեպքում կիմանար, որ «Արտֆուդյան սինդրոմ» արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի, որ «Արտֆուդյան» բառը ծաղրանմանություն է «Արտֆուդ» ընկերության անվան, եւ, պահպանելու համար հենց արտաքին-երեւութական առնչությունն այդ ընկերությանը, գործածվել է ածանցված բառի մեծատառ գրությունը: Բայց ի՛նչն է տարօրինակը. մեծատառի գրության դասեր տվող տեսչականներն իրենք են բազմիցս շփոթում մեծատառն ու փոքրատառը եւ շփոթում են, ոչ ավելի, ոչ պակաս, իրենց ձեռքով իրենց իսկ հաստատության անվանումը ներկայացնելիս` Լեզվի/լեզվի պետական տեսչություն, եւ այս շփոթը ծայր է առնում առաջին էջից ու շարունակվում մինչեւ վերջինը (հմմտ. էջ 3 եւ 5, 60-61, եւն, եւն): Նախապես նշենք. հնարավոր մեկնաբանությունը, թե «Լեզվի պետական տեսչություն» անվանումը առանձին` առանց «ՀՀ ԿԳՆ» բաղադրիչների գործածվելիս սկսվում է մեծատառով, իսկ վերջիններիս հետ` փոքրատառով, նշված էջերի դեպքում տեղին չէ: Ակնհայտ է` առկա է շփոթ, ինչը խիստ զարմանալի է, եթե նկատի ունենանք, թե ովքե՛ր են շփոթողները:

Լ. Պետրոսյանը սխալ է համարում օրաթերթում տպագրված տեղեկատվության «....սուրճի պաշարները անցյալ շաբաթ կրճատվել են մինչեւ 1,64 միլիոն պարկ» նախադասությունը. ըստ հեղինակի` պետք է լիներ` սուրճի պաշարները «կրճատվել են 1,64 միլիոն պարկով» (էջ 81): Ինչո՞ւ, չէ՞ որ խոսքը ոչ թե այդքանով կրճատվելու, այլ կրճատվելով մինչեւ այդքանը հասնելու մասին է:

Թերթի` «սնկերն համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին» իսկապես անհաջող նախադասության փոխարեն Լ. Պետրոսյանն առաջարկում է «սնկի արտադրության ծավալը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին» ձեւակերպումը` վայրկյան իսկ չտարակուսելով, թե ի՛նչ կապ կարող են ունենալ ծավալն ու չափորոշիչը:

Լ. Պետրոսյանը սխալ է համարում «... եւ գտնվում են ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն դրության մեջ» նախադասությունն ու առաջարկում է «ճիշտ» տարբերակը` «... եւ գտնվում են ո՛չ պատերազմական դրության, ո՛չ խաղաղության մեջ»: Տեսչականը զարմանալիորեն անտեսում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» արտահայտության դարձվածային արժեքը եւ իր «ճշտով»` դարձվածքը փոխարինում է սովորական բառակապակցությամբ:

Ավարտենք եւ ընդգծենք նորից. այս անդրադարձը նպատակ չունի ստվեր գցելու Լեզվի պետական տեսչության ողջունելի նախաձեռնության վրա: Բնա՛վ:

Ընդամենն ուզում ենք ունենալ ավելի գրագետ «Լեզվաշխարհ»:


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011073005


Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1308 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Լեզվաշխարհ» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0