Ուրբաթ, 29.03.2024, 01:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » «Ազգային հերոսներ» ֆիլմաշարը նվիրված է անկախության 20-ամյակին
16:43
«Ազգային հերոսներ» ֆիլմաշարը նվիրված է անկախության 20-ամյակին
 «Ազգային հերոսներ» ֆիլմաշար
Պատասխանատուները վստահ են, որ ֆիլմաշարը լավ հնարավորություն է ճանաչելու ՀՀ Ազգային հերոսներին

Հայաստանի ազգային հերոսի կոչումը  պետական բարձրագույն պարգև է: Պետական կոչումը մեկնարկեց 1994 թ. ապրիլի 22-ից: Ազգային հերոսի կոչում շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ, համազգային նշանակություն ունեցող ծառայությունների համար:
Այս տարի Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը: Հենց այս առիթով էլ «Օրդֆիլմ» ընկերությունը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի ազգային հերոսներ» ֆիլմաշարը:

«Մարդիկ նույնիսկ ազգային հերոսների անունները դժվարությամբ են հիշում ու ասում, քչերը գիտեն այդ մարդկանց կենսագրությունները: Ֆիլմաշարի ստեղծման նպատակն էլ հենց այն է, որ ազգային հերոսները հասարակության լայն զանգվածների ուշադրության կենտրոնում լինեն,- ասում է ֆիլմաշարի պրոդյուսեր Ալեք Հովհաննիսյանը և առանձնակի հպարտությամբ նշում:- Թիմը, որ պատրաստում է ֆիլմաշարը, համալրված է հիմնականում երիտասարդներով: Մեզ համար, անկեղծ ասած, կարևոր է երիտասարդների կարծիքը, նոր` անկախության սերնդի երիտասարդներն ավելի լավ գաղափարներ, յուրահատուկ տեսողական զգացողություն ունեն»:

Ֆիլմաշարի խորհրդատուն պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության նախկին աշխատակից Վահան Մկրտչյանն է: Նա բազաթիվ գրքերի, աշխատությունների հեղինակ է: «Ամենից կարևորը պատմության անաչառությունն է: Քանի որ աշխատանքի բերումով շատ եմ շփվել ազատամարտիկների հետ, շատերին անձամբ եմ ճանաչում: Գիտեմ նրանց ընտանիքները: Եթե ճշգրտման կարիք է լինում, օգտվում եմ նաև ժամանակի մամուլի հրապարակումներից, չնայած տեղեկատվությունը սակավ է»,-փաստում է Վահան Մկրտչյանը: Նա հատկապես ցավով է նշում, որ ազգային հերոսների, հիմնականում` մարտի դաշտում զոհվածների մասին տեղեկատվությունը անչափ թերի է: «Ֆիլմաշարը, կարծում եմ, կնպաստի, որ խնդիրն ավելի ուշադրության կենտրոնում լինի, գուցե հետագայում ավելի խորությամբ լուսաբանվի: Ֆիլմաշարը լավ հնարավորություն է ճանաչելու մեր ազգային հերոսներին»,-վստահեցնում է Վահան Մկրտչյանը:
Ֆիլմաշարի գծային պրոդյուսեր Հայկ Մկրտչյանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում գործին: «Անում ենք հնարավորը, որ բացահայտվի ազգային հերոսի կերպարը»,-նշում է Հայկ Մկրտչյանը:
Այն հարցին էլ, թե ինչ դժվարությունների են հանդիպում, Հայկ Մկրտչյանը ժպիտով է պատասխանում. «Դժվար է ազգային հերոսի ընտանիքի անդամներից, մարտական ընկերներից, ծանոթ-բարեկամներից հարցազրույցներ վերցնելը: Հաճախ շատ ցավով են հիշում հարազատի կորուստը: Հասկանալի պատճառներով երբեմն կարծիքները սուբյեկտիվ տեսանկյունից են հնչում, հնարավորինս փորձում ենք օբյեկտիվ պատկեր ստանալ: Օրինակ, երբ պատրաստում էինք Մովսես Գորգիսյանի մասին ֆիլմաշարը, նրա անունը կրող դպրոցի տնօրենը չզսպեց արցունքները: Ինձ համար անակնկալ էր Յուրա Պողոսյանի մայրը, որ ազգությամբ գերմանուհի է, բայց նույնքան էլ հայրենասեր հայ, որ տղային ճանապարհել էր պատերազմ: Չեմ կարող չնշել Ջիվան Աբրահամյանի մորը, որ տղաների հետ հավասար զենք է սարքել ու պատերազմել»:

Ֆիլմաշարի աշխատանքները համակարգում է Աննա Գրիգորյանը, նա արած-չարածի մասին խոսելու քիչ ժամանակ ունի, պատրաստվում են առաջին եթերին: «Ամեն ինչ համարյա որոշում ենք միասին: Խոսում, քննարկում, համաձայնեցնում ենք: Հաճախ մեր ավագ սերնդին ենք հարցնում:Դժվարությունների հանդիպեցինք Յուրա Պողոսյանի մասին ֆիլմը պատրաստելիս, քանի որ ամբողջ նկարահանումները իրականացրեցինք ԼՂՀ-ում` նրա մասին գրեթե ոչինչ չիմանալով»,-ասում է Աննա Գրիգորյանը:

Դժվար է նաև զոհված ազգային հերոսների արխիվային նյութերը հայթայթել: «Արխիվային նյութեր գտնելը շատ երկար աշխատանք է պահանջում: Մեկ շաբաթվա ընթացքում պատահել են դեպքեր, որ 20-30 վայրկյանանոց  կադրեր ենք գտել. իսկ ֆիլմը մոտ 30 րոպե է տևում: Հիմնականում արխիվային նյութերը տրամադրում է հենց Հանրային հեռուստաընկերությունը, երբեմն էլ` անհատ մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ արձանագրել են լսածն ու տեսածը»,- նշում է ֆիլմաշարի համակարգողը:

«Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանն էլ ավելացնում է. «Ի դեպ, ազգային հերոսներ Մովսես Գորգիսյանի, Յուրա Պողոսյանի ու Ջիվան Աբրահամյանի մասին պատրաստվող ֆիլմերը պետական հատուկ ծրագրով են իրականացվում. նրանց հոբելյանական տարին է»:

Հայկ Օրդյանը և ֆիլմաշարի ստեղծագործական թիմը սպասում են առաջին եթերին ու հասարակության արձագանքներին: Առաջին ֆիլմը նվիրված է ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին: Ցուցադրության օրն ու ժամը` կիրակի` հուլիսի 17-ին, ժամը12.35 -ին:
 
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/135049/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 1022 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ազգային հերոսներ» ֆիլմաշար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0