Ուրբաթ, 19.04.2024, 09:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 26 » Բացառիկ հարցազրույց ստամբուլահայ երգչուհու հետ. Սիբիլի «Նամակ»-ը հայ ընթերցողին
01:19
Բացառիկ հարցազրույց ստամբուլահայ երգչուհու հետ. Սիբիլի «Նամակ»-ը հայ ընթերցողին
Սիբիլ Փեքթորոսօղլուն
Հունիսի սկզբներին հայկական գրեթե բոլոր հեռուսատաալիքներում, լրատվական հայտնի կայքերում, համացանցային ֆորումներում ու սոցիալական կայքերում ակտիվորեն քննարկվում էր հայերեն տեսահոլովակի` առաջին անգամ Թուրքիայի հանրապետությունում եթեր բարձրանալու իրողությունը: Այս փաստը Թուրքիայում ևս մեծ քննարկումների առիթ տվեց. առաջատար տեղեկատվական կայքերը գրում էին, որ հայերեն երգը` «Նամակ»-ը, հնչում է Ստամբուլի կենտրոնական փողոցներում, խանութներում ու հասարակական վայրերում: Երգի կատարողը բարետես արտաքինով, հայի խոշոր աչքերով և բնատուր գեղեցիկ ձայնով օժտված պոլսահայ Սիբիլ Պեկթորոսօղլուն է: Վերջերս թուրքական Sabah թերթին հարցազրույց տալիս Սիբիլը նշել է, որ երազում է Անիի ավերակների մոտ երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը` «այդ հողերին պատկանող հայերենի չանհետանալու համար»: Սիբիլը ներկա գտնվեց Համահայկական խաղերի բացմանը` իր թովիչ ձայնով ասես կենդանություն հաղորդելով Անիի ավերակներին: Հայ երգչուհին սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին.

-Հետաքրքիր է` ինչպես արվեստագետը կներկայացնի իրեն:

-Իհարկե, սիրով: Ես պոլսեցի եմ, երգի ասպարեզում առաջին քայլերս կատարել եմ Սուրս Վարդանանց հայկական երգչախմբում: Կարելի է ասել` պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չեմ ստացել: Երաժշտական ճաշակս զարգացրել եմ ինքնակրթության միջոցով: Բացի երգչախմբում երգելուց, հատուկ հետաքրքրություն ունեի էստրադային երգերի նկատմամբ: 1999 թվականին բախտ ունեցա ծանոթանալու տաղանդավոր երգահան Մաջաք Թոշիքյանի (Ջենք Թաշքան) հետ: Նա եղբայրական հոգածություն ցուցաբերեց իմ նկատմամբ, շուտով դարձանք միմյանց հարազատ անձինք և սկսեցինք համագործակցել: Մանկության տարիներից ի վեր` միշտ երազել եմ իմ սեփական երաժշտական ալբոմն ունենալ: Ի վերջո, երազանքս իրականացվեց 2010 թվականի նոյեմբերի 10-ին, երբ թողարկվեց 12 երգերից կազմված «Սիբիլ» ալբոմը, որտեղ, բացի «Նամակ»-ից, ընդգրկված են նաև «Տեր ողորմյա» և «Կիլիկիա» երգերը: Այս ալբոմով կցանկանայի հայ երգն ու երաժշտությունը ծանոթ դարձնել բոլորին:

-Ի՞նչը նպաստեց հայերեն տեսահոլովակ ունենալու որոշման կայացմանը: Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ դիտեցիք Ձեր հայերեն տեսահոլովակը թուրքական հեռուստաալիքների եթերով, արդյո՞ք բարդությունների առաջ եք կանգնել երգի ստեղծման ճանապարհին:

-Շատ դրական գնահատականներ ու գովեստի խոսքեր ստացա հայ և թուրք ունկնդիրներից, ուստի մտածեցի` ինչու չունենալ հայերեն մի տեսահոլովակ: Սակայն, այս տեսահոլովակը հադիսանալու էր Թուրքիայում առաջին հայերեն տեսահոլովակը, այս պատճառով էլ որոշեցի շատ բծախնդիր մոտենալ հարցին` ցանկանալով, որ տեսահոլովակը նկարահանվի իրենց գործում գիտակ անձանց կողմից: Ես դիմեցի տեսահոլովակներ նկարահանող մեծ վարպետ Օզքան Աքսուլարին, նրան դուր եկավ երգը և ցանկություն հայտնեց իր նպաստն ունենալ այս աշխատանքում: Անշուշտ, շատ մեծ ուրախություն զգացի և մեծ հուզմունքով դիտեցի «Նամակ»-ը թուրքական եթերից: Առաջին անգամ այն ցուցադրվեց Kanal 24 հեռուստաալիքով, այնուհետև` TRT-ով, որտեղ հայտնեցին, որ «Այս երգը`«Նամակ»-ը, Թուրքիայում առաջին հայերեն տեսահոլովակն է, բառերը Հովհաննես Շիրազինն են, իսկ մեղեդին ստեղծել է Մաջաք Թոշիկյանը»: Պետք է ասեմ, որ առանձնապես որևէ դժվարության չեմ հանդիպել այս ճանապարհին:

-Մտադի՞ր եք հայերենով նոր տեսահոլովակներ ունենալ:

-Ինչու ոչ: Շատ կցանկանայի մի քանի նոր տեսահոլովակներ ևս ունենալ, սակայն, ինչպես գիտեք, նյութականի խնդիր է: Եթե լինեն անձինք, որոնք կաջակցեն ինձ, անպայման մի քանի տեսահոլովակ կունենամ հայերենով:

-Ի՞նչ եք կարծում` այժմյան Թուրքիան ինչպես է ընդունում հայ արվեստն ու հայ երգը: Արդյոք բավարար չափով է քարոզվում հայ մշակույթը թուրքաբնակ հայերի շրջանում:

-Բոլորին հայտնի մի բան ասեմ. երաժշտությունը համազգային է: Ասեմ, որ անձամբ բախտ ունեցա օտարազգիների կողմից լսել բարձր գնահատականներ և գովասանքի խոսքեր հայ արվեստի մասին: Անգամ եղան մարդիկ, որոնք խնդրեցին իրենց տալ հայերեն երգերի լատինատառ խոսքերը, որպեսզի իրենք էլ կարողանան հետևել կամ մասնակցել երգերի ստեղծմանը: Եղան նաև մարդիկ, որոնք ինձ ասացին` «Սիբիլ» ալբոմը լսելով` իրենք հայկական երաժշտությունն ու հայկական մեղեդիները շատ հավանեցին…

Անդրադառնալով Թուրքիայի հայության թեմային` նշեմ, որ պոլսահայ համայնքը շատ գործուն է և ակտիվ: Այստեղ հաճախ են տեղի ունենում մշակութային միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, պարային խմբերի ելույթներ և այլն: Այնպես որ Թուրքիայի հայությունը պարբերաբար հետևում է բոլոր նման իրադարձություններին, նաև մեծ հետաքրքրություն է ցուցաբերել «Սիբիլ» ալբոմի նկատմամբ:

-Ձեր մաղթանքները հայերին:

-Հայ ժողովուրդը, թեև սփռված է աշխարհի չորս կողմերում, պետք է լինի միասնական ու համերաշխ, պետք է միմյանց սիրենք…

Զրույցը վարեց Անի Մարգարյանը


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/394-exclusive-interview

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 946 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Սիբիլ Փեքթորոսօղլուն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Monika   (02.08.2012 13:38) [Նյութ]
If you're raeidng this, you're all set, pardner!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0