Հինգշաբթի, 09.05.2024, 02:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Չգիտի` գնա՞լ, թե՞ չգնալ Իսրայել
21:30
Չգիտի` գնա՞լ, թե՞ չգնալ Իսրայել
Լեւոն Թոքմաջյան
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած արձաններից երկուսի` «Նոյի» եւ «Տիգրան Մեծի» ճակատագրերը դեռեւս անհայտ են: Քանդակներն, ինչպես հայտնի է, գտնվում էին նախագահական նստավայրի բակում, սակայն այս տարվա մայիսի առաջին օրերին ապամոնտաժվել էին:

Մեր հարցմանն ի պատասխան` նախագահականից այն ժամանակ վստահեցրել էին, որ իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, եւ որ մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն նստավայրին հարող մեկ այլ հատվածում: Իսկ արդեն երեկ, երբ փորձում էինք պարզել, թե ի վերջո ինչպես վարվեցին «Նոյի» եւ «Տիգրան Մեծի» հետ, Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղղված մեր հարցմանը պատասխան այդպես էլ չստացանք: Քանդակների մասին տեղեկություն չուներ նաեւ ինքը` քանդակագործը: Նշենք, որ դրանք ապամոնտաժելու մասին եւս Թոքմաջյանն իմացել էր արդեն կայացած փաստից հետո միայն: Երեկ մեզ հետ զրույցում նա ասում էր` իրեն լուրեր են հասել, թե «Տիգրան Մեծը» գտնվում է  Նոր Նորքի այգիներից մեկում: Քանդակագործը գնացել, փնտրել էր այն ու չէր գտել:

«Ես, ճիշտն ասած, ուրախացա, երբ ինձ ասացին` Նոր Նորքում է: Մտածեցի` վերջապես մարդիկ կմոտենան, կշրջեն, կողքը կնկարվեն, կյանք կստանա արձանը, ոչ թե որպես դեկորացիա կմա: Բայց ինձ թվում է, որ հենց նախագահականի այգում էլ դնելու են»,- նկատեց ՀՀ ժողովրդական նկարիչը: Հայտնեց նաեւ, որ այսօր մեկնում է Ֆրանսիա` քանդակագործների համաշխարհային մրցույթի մասնակցելու: «Աշխարհի մասշտաբով 5 քանդակագործ են ընտրվել, որից մեկը ես եմ: Եւ ընդամենը 10 օրում պետք է մարմարից մի շատ սիմվոլիկ, գեղեցիկ քանդակ անեմ, թողնեմ ու վերադառնամ»,- մանրամասնեց նա: Քանի որ  վերջին օրերին մի խումբ մտավորականներ մտահոգություն էին հայտնել մեր երկրից շարունակվող արտագաղթի մասին, այդ խնդրի շուրջ զրուցեցինք նաեւ արվեստագետ Լեւոն Թոքմաջյանի հետ:

- Պարոն Թոքմաջյան, մի խումբ մտավորականներ օրերս դիմելով ՀՀ վարչապետին ու Ազգային ժողովի նախագահին` ահազանգել են մեծ թափ ստացած արտագաղթի մասին եւ կոչ արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել` այն կանխելու համար: Դուք կմիանա՞ք այդ կոչին:

- Կմիանամ, իհարկե: Արտագաղթը բոլոր դեպքերում լուրջ խնդիր է: Իմ քանդակագործ տղան էլ` Վահե Թոքմաջյանը, արդեն 6 տարի ընտանիքով Կանադայում է: Ինչո՞ւ պետք է այնտեղ լիներ, ինչո՞ւ պետք է իր հայրենի հողում չլիներ, ինչո՞ւ այստեղ չստեղծագործեր: Ճիշտ է` արդեն քաղաքացիություն ունի, բայց ամեն դեպքում օտարի հողում է: Ուրիշի ընտանիքում է, այսպես ասած: Բայց ինչո՞ւ: Մենք մեր երկրում պիտի մեզ լավ զգանք, անկաշկանդ զգանք, ապահով զգանք: Սա է իմ պահանջը: Արվեստագետ է, նա չի կարող վերցնել` շենքի վրա պատ շարել: Գնացել է, որ իր ազատությունը, իր աշխատանքը պահպանի: Բայց այնտեղ էլ է նեղվում: Եւ դա ինձ համար շատ ցավալի է: Ես չէի ուզենա, որ որեւէ մեկը այստեղից հեռանար: Բայց ես չեմ կարող նաեւ պահել ոչ մեկին, բոլորն էլ իրենց կյանքը դասավորում են` ըստ իրենց հայեցողության: Թե չէ ստեղծագործողի համար ազատությունը դեռ մի կողմ թողնենք, աշխատանք է պետք: Իր արվեստանոցում նստած ինչքա՞ն ստեղծագործի, ո՞ւմ համար: Ընտանիք է պահում, այսինքն` վաստակ է պետք: Սա է խնդիրը: Իսկ այստեղ վաստակը չկա: Մասնավոր պատվիրատուներ են, մասնավորի անճաշակ քմահաճույքն է: Դրա համար մեզ մոտ արվեստը չի զարգանում:

- Նշեցիք, որ ձեր որդին գնաց, որպեսզի նաեւ իր ազատությունը պահպանի: Ի՞նչ ազատություն նկատի ունեք:

- Ազատություն, որ նա կարողանա ստեղծագործել իր երեւակայությամբ, որ ոչ մեկը չգա, ցենզուրա անի, թե քանդակի ոտը ծուռ է, քթի ծերը ծուռ է կամ աչքն այսպես է:

- Իսկ, ձեր կարծիքով, հատկապես ի՞նչն է մարդուն ստիպում հեռանալ հայրենիքից, թողնել իր տունն ու գնալ:


- Ի՞նչը: Դուք չգիտե՞ք` ինչը: Աշխատանք է պետք: Ընտանիքները չեն կարողանում պահել: Օրենքը բոլորի համար պետք է լինի, ինչպես, օրինակ Կանադայում է, այլ ոչ թե մի մասի. ոչ նրա, ով փող ունի, ով պաշտոն ունի: Ես ուզում եմ, որ այդպես լինի, բայց շատ դանդաղ է այդ ընթացքը գնում, կամ չգիտեմ` գնո՞ւմ է, թե՞ չէ: Այ, տեսեք, հետաքրքիր բան. երեկոները նայեք Հյուսիսային պողոտայի վրա կառուցված շենքերին: Բոլոր պատուհաններին հանգած են լույսերը: Մեր տարածքում էլ` Արաբկիրի շրջանում, նույն վիճակն է, գնացեք, նայեք, այդքան էլիտար շենքեր են սարքել, բոլորի լույսերը հանգած են: Ո՞ւմ համար են կառուցվում, բնակիչ չկա: Կամ այնքան թանկ է, որ հայաստանցին չի կարող գնել, պիտի դրսից մարդ գա, նա էլ, երեւում է, չի գալիս: Չգիտեմ: Ծանր, սարսափելի բան է:

- Ելքն, ըստ ձեզ, ո՞րն է, որպեսզի այս արտագաղթը դադարեցվի վերջապես:

- Ի՞նչ ասեմ, ես դժվարանում եմ, արվեստագետ եմ եւ ես չեմ կարող ասել` ելքը որն է: Ելքը այն է, որ օրինավորություն լինի, աշխատատեղեր բացվեն, երկրի զարգացման հեռանկար տեսնենք: Այ հիմա ինձ առաջարկում են Իսրայելում աշխատել: Ծովափնյա մի քաղաք է, որի քաղաքապետն իմ աշխատանքները նայել է, մեծ ցանկություն ունի ինձ հրավիրելու: Ես մտածում եմ` գնա՞մ, թե՞   չգնամ: Առայժմ 3 ամսով պայմանագիր է առաջարկում, հետո, եթե ինձ դուր եկավ, պետք է շարունակեմ մնալ այնտեղ, մարմարի քանդակներ անել: Հիմա ես մտածում եմ` գնամ հրեաների համար քաղաք ստեղծե՞մ, կուլտուրա ստեղծե՞մ: Հասկանո՞ւմ եք, ես այդ տարակուսանքի մեջ եմ, ես էլ չեմ կարողանում որոշել` ինչպես ավելի ճիշտ կլինի:

Աննա Զախարյան


Աղբյուր`http://www.armtimes.com/26385

Կատեգորիա: Քանդակագործություն | Դիտումներ: 1043 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Quincy   (29.07.2013 16:46) [Նյութ]
Wonderful exnlpaation of facts available here.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0