Հինգշաբթի, 25.04.2024, 00:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Դեսպանը բացահայտում է Էրեբունին և ափսոսում
15:40
Դեսպանը բացահայտում է Էրեբունին և ափսոսում
«Անրի Ռոնո»
Այսօր Էրեբունի հնավայր է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռոնոն` դեսպանության մշակութային կցորդ Ժան Պոլ Մարտենի, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչներ Օլիվիե Մավիսոյի և Անտուան Անֆրեի հետ: Այցելությունն ընդհանուր առմամբ ուներ ճանաչողական նշանակություն, սակայն նաև նպատակ ուներ ծանոթանալ 2008-2011թթ. հայ-ֆրանսիական համագործակցության քառամյա ծրագրի շրջանակում պեղումների վերջին շրջափուլն իրականացնող ֆրանսիական հնագիտական առաքելության աշխատանքի արդյունքներին:

2011թ. հունիսի 4-ից ֆրանսիացիները Էրեբունի միջնաբերդում քառամյա ծրագրի վերջին գործաշրջանն են իրականացնում` Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպի գլխավորությամբ: Արշավախմբի կազմում են նաև հնագետներ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար) և Վինչենզո Մուտարելլլին (Մերձծովյան Սեն դեպարտամենտ):

2008 թ.-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից իրականացվող գիտական և տեխնիկական համագործակցությունը ֆրանսիացի մասնագետների հետ ուղղված է հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հայտնաբերված ու դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությանը, հնավայրի հանրահռչակմանը և այլն:

Այս համագործակցության առանցքում դրված են նաև հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելը:

Հնավայրում շրջայցից հետո Ֆրանսիայի դեսպան Ա.Ռոնոն, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ «Ֆրանսիան հպարտ է` մասնակցելու նմանօրինակ գիտահետազոտական ձեռնարկների` հանուն հնագույն քաղաքակրթությունների բացահայտման և անաչառ մեկնաբանման»:

Նա նաև վստահեցրեց, որ թեև այս հուլիսին քառամյա ծրագիրը ավարտվում է, բայց կունենա շարունակություն. «Մենք խրախուսում ենք կրթամշակութային համագործակցության ցանկացած նախաձեռնություն և դրականորեն ենք տրամադրված դրանք շարունակելու ուղղությամբ»:

Արին բերդ բլրի գագաթից դիտելով Երևանի համայնապատկերը` դեսպանը ափսոսանք հայտնեց, որ մայրաքաղաքում չի պահպանվել և շուրջ 3-հազարամյա ամրոցի բարձրունքից տեսանելի չէ հին Երևանի և ոչ մի կտոր: Նա շեշտեց, որ այս համատեքստում առավել քան կարևոր է դառնում Էրեբունին` Երևանի բնօրրանն պահպանելը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան տեղեկացմամբ` ֆրանսիացի հյուրերը բարձր գնահատեցին նաև թանգարանի մշտական ցուցադրությունը և հատկապես տպավորիչ համարեցին ցուցադրության մեկնաբանությունը կրթական տեսանկյունից:

Երևանի հարավ-արևելյան արվարձանում վեր բարձրացող Արին-բերդ բլրին և դրա շուրջն է հիմնադրվել ուրատական Էրեբունի քաղաքը: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված 1-ին սեպագիրը առաջացրեց մասնագիտական հետաքրքրություն` հնավայրի նկատմամբ, որի պարբերական գիտական ուսումնասիրությունները մեկնարկեցին 1952-ից:

Պեղումներով հայտնաբերված սեպագիր արձանագրություններից 2-ը պատմում է մ.թ.ա. 782թ. Արգիշտի Ա-ի կողմից Էրեբունի քաղաքի հիմնադրվելու մասին և հաստատում, որ Երևանը մեկն է եվրոպական հնագույն մայրաքաղաքներից ու 29 տարով մեծ «հավերժական քաղաք» Հռոմից:

Թեև 1950-ականներին մեկնարկած և գրեթե 3 տասնամյակ շարունակվող պեղումները լույս աշխարհ բերեցին Էրեբունի քաղաքի հատակագծում եռանկյունաձև միջնաբերդը` Խալդի աստծո մոնումենտալ տաճարով, Արգիշտի Ա-ի պալատական կառույցով, Սուսի տաճարով և տնտեսական նշանակության շենքերով, այնուհանդերձ Էրեբունին դեռևս բացահայտման ու հետազոտությունների կարիք ունի:

Պեղումներով հայտնաբերված հարուստ հնագիտական նյութը` Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, մասնավորապես ամրաշինական, պաշտամունաքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլնի վերաբերյալ, կարիք ունի մանրամասն վերլուծության` մասնավորապես հնավայրի թվագրության հետ կապված ճշգրտումների տեսանկյունից:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2441/

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 775 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0