Հինգշաբթի, 25.04.2024, 20:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Էրեբունի. նոր հարցադրումներ և նոր ուսումնասիրություններ
19:39
Էրեբունի. նոր հարցադրումներ և նոր ուսումնասիրություններ
Էրեբունի հնավայր
2008թ.-ից հնագիտական հետազոտությունները Էրեբունի հնավայրում վերսկսվել են` եռակողմ համագործակցության շրջանակում: Գիտատեխնիկական համագործակցության հայկական կողմը ներկայացնում էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը,  ֆրանսիականը` Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունները, իսկ ամերիկյանը` ԱՄՆ Բերկլիի համալսարանը`  ի դեմս ճանաչված հնագետ Դեվիդ Ստրոնախի:

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հրավիրված մամուլի ասուլինը ամփոփել է Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող հայ-ֆրանսիական պեղումների քառամյա ծրագիրը:

Պեղումները, որ ֆինանսավորում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը և իրականացվում է ֆրանսիացի և հայ հնագետների միացյալ արշավախմբի կողմից, նպատակ ունեն նոր ուսումնասիրությունների և բացահայտված գտածոների հիման վրա պատասխանել հնագետների կողմից մինչ օրս դեռևս առաջադրվող հարցականներին:

Ասուլիսին հանդես գալով ներածական խոսքով՝ «Էրեբունի» արգելոց-թագարանի տնօրեն Գագիկ  Գյուրջյանը նշել է, որ թեև 1951 թվականից մեկնարկած կանոնավոր պեղումներն ավարտվել են 1975-ին, սակայն հնավայրի ուսումնասիրությունը դեռևս ավարտուն չէ:

Ուսումնասիրությունների հենց սկզբից հնավայրը դիտարկվել է որպես ուրարտական քաղաք, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին: 1960-ականներին իրականացված վերականգնողական աշխատանքները նպատակ են ունեցել հանրության համար վերստեղծել հենց այս ժամանակաշրջանը: Սակայն Աքեմենյան ժամանակաշրջանով թվագրվող 30-սյունանի դահլիճի, մ. թ. ա. 5-րդ դարով թվագրվող Միլլեթյան դրամների  և այլ տարրերի լույս աշխարհ գալը փաստում են, որ այս ամրոցում կյանքը շարունակվել է մ. թ. ա. 8-րդ դարից հետո ևս: Այս վարկածի հավանականությունն են փաստում 1998թ. հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի կողմից արված ուսումնասիրությունները և հնագիտական հորատումները (զոնդաժներ):

Ասուլիսին ներկա ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը նշել է, որ այն դեպքում, երբ ամերիկյան թիմը գլխավորապես կենտրոնացված էր իրակացնելու հորատումներ ապադանայի (սյունաշար դահլիճի) շուրջը` վերջինիս կառուցվածքը պարզաբանելու նպատակով, ֆրանսիական հնագիտական առաքելությունը գլխավորապես ուսումնասիրություններ է իրականացրել ամրոցի հարավային մասում, մասնավորապես` Խալդի աստծո տաճարի անմիջական մերձակայքի այն հատվածներում, որոնք հարաբերականորեն զերծ են մնացել 50-70-ականների խորհրդային պեղումներից:

Այսօրինակ ընտրության նպատակը հնավայրի բնակեցվածության հերթագայությունների ճշգրտումն էր և նոր  տվյալների հիման վրա  Էրեբունի քաղաքատեղիի  շերտագրական պատկերի ամբողջացումը:

Նա նաև շեշտել է, որ պեղումների ընթացքը կանխորոշված էր հենց 2008-ին ֆրանսիացիների կողմից Խալդի տաճարի հարավ-արևմտյան մասում արված 1-ին զոնդաժից հետո, երբ պարզ դարձավ, որ աշխատանքները պետք է ընդլայնել դեպի արևմուտք` մինչև ամրոցի պարսպապատը:

Ս. Դեշամպը պեղումների արդյունքները գնահատում է գոհացուցիչ, քանի որ դրանք   թույլ են տալիս ճշգրտումներ ինչպես հնավայրի ժամանակագրության, այնպես էլ Խալդի տաճարից հյուսիս տեղակայված սյունազարդ դահլիճի ճարտարապետության   վերաբերյալ:

ֆրանսիական կողմը զուգահեռ պատվիրել է նաև հնավայրի նոր տեղահանույթը` GPS համակարգով` ինչը թույլ կտա Էրեբունու վերաբերյալ տվյալների բազան  ներածել Աշխարհագրական տեղեկատվական համակարգ:

Ստեֆան Դեշամպը նաև տեղեկացրել է, որ «Էրեբունի» արգելոց-թանգարանի և Ֆրանսիական հնագիտական առաքելության միջև գոյություն կնքված պայմանագրի համաձայն պեղումների քառամյա գործաշրջանի նյութերի թվանշայնացված արխիվը կհանձնվի և ի պահ կտրվի արգելոց-թանգարանին: Այն հիմնականում հասցեագրված է գիտական հանրությանը:

Կարևորելով տվյալների բազայի ամբողջացումը, ինչպես փոխանցում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, Գ. Գյուրջյանը նշել է, որ այդ արխիվը ելակետ է հանդիսանալու Էրեբունիի նոր մեկնաբանման և վերականգնումների համար:

Հիշեցնենք, որ Էրեբունիում ընթացող հայ-ֆրանսիական համագործակցությունը  արդյունավետ և հեռանկարային էր գնահատել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռոնոն, ով հնավայր էր այցելել այս տարվա հունիսի 25-ին ` Ֆրանսիայի արտգործնախարարության 2 ներկայացուցիչների հետ:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2595/

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 754 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0