Շաբաթ, 20.04.2024, 05:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 18 » Երևանը պայթում է աններդաշնակությունից (տեսանյութ)
13:21
Երևանը պայթում է աններդաշնակությունից (տեսանյութ)
Համլետ Խաչատրյան
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ (98-99թթ.) Համլետ Խաչատրյանը

- Պարոն Խաչատրյան, օրերս պարզ դարձավ, որ Հյուսիսային պողոտայի երեք հասցեի բարձրահարկ էլիտար շենքերից մեկի հատակային մասը արդեն երկրորդ անգամ վնասվում է: Ճարտարապետներից շատերը նշում են, որ պատահական չեն այս փլուզումները, որովհետև տեղում 5-6 հարկից ավել չպետք է լինեն: Ըստ Ձեզ, արդյո՞ք սա է պատճառը, և եթե այսպես շարունակվի, ի՞նչ ճակատագիր կունենա Հյուսիսային պողոտան, երբ դեռ բնակիչներ չունի, բայց արդեն սկսել է քանդվել:

- Բնակիչներ ունենալ-չունենալը և ճեղքվածքների առկայությունը տարբեր հարցեր են, սրանք նստվածքային ճաքեր են, որոնք առհասարակ կապ չունեն շենքի կառուցվածքի հետ: Սա ավելորդ աղմուկ եմ համարում, այն ավելի շուտ շինարարի կողմից թույլ տրված անորակ աշխատանքի արդյունք է: Հյուսիսային պողոտան և առհասարակ այսօր մեզանում իրականացվող շինարարությունը չասնեք 100 տոկոսով որակյալ է (միգուցե սեյսմիկ նորմերով, նախագծով համապատասխանում են), կարող է մետաղի, բետոնի որակի խնդիր լինել, բայց հիմնականում համատարած շենքերն արդեն սալերի վրա են դրվում, մինչդեռ նախկինում մեր բոլոր բարձրահարկները դրվում էին ժապավենաձև հիմքերի վրա: Սալերի վրա կառուցված շենքն արդեն սեյսմակայունության շատ ամուր հիմք է ապահովում: Բայց չի բացառվում` թերություններ լինեն միայն անբարեխղճության պատճառով:

- Իսկ այն, որ տեղում չէր թույլատրվում հինգ-վեց հարկից ավել բարձրահարկ շենքեր կառուցել:


- Ո՞վ ասաց` չի թույլատրվում, այդպիսի նորմ գոյություն չունի, որովհետև անգամ ջրի վրա բարձրահարկ շենք են կառուցում, այսինքն` անհնար տեխնիկական չլուծվող հարց չկա, հարցն այն է` նպատակահարմա՞ր է նման շենք կառուցել, թե՞ ոչ: Այսինքն` մեր երկրում եթե թանկ շինարարություն իրականացնենք, այդ շենքը կվաճառվի՞, թե՞ ոչ: Մենք մի պրոֆեսոր ունեիք` Արտաշես Մամիջանյան, հարցնում էին` կարելի՞ է այսպես նախագծել, ասում էր` իհարկե կարելի է, հարցնում էին` ճիշտ հակառակը կարելի՞ է, ասում էր` կարելի է, ամբողջ հարցը` նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ:

- Ստացվում է` նպատակահարմա՞ր էր, որ տեղում նման շենք բարձրացրին:


- Դե որ արեցին, ուրեմն նպատակահարմար էր, որովհետև կենտրոնը կենտրոն է, որտեղ ամեն սմ-ը գումար արժե, և իհարկե պետք է բարձրահարկ կառուցվի: Վերջերս ինձ հարցրին` ի՞նչ կարծիքի եմ քաղաքի բակերից մեկում 16-հարկանի շենքի կառուցմանը. ասացի` դեմ չեմ, եթե հիմա 16-հարկանի չկառուցվի, վաղը 32-հարկանի կկառուցվի, որովհետև եթե հիշում եք` հինգհարկանի Երևանը դարձավ ինըհարկանի, հետո տասներկու, հետո տասնվեց, հիմա 18, հիմա կինոյի տան շենքն արդեն 20-22-հարկանի է, տեխնիկան առաջ է գնում:

- Արդյո՞ք սա մեզ նպատակահարմար է: Բիզնեսով զբաղվողին, նպատակահարմար է, իսկ հասարակությանն արդյո՞ք նպատակահարմար է:


- Գիտեք, Հայաստանը սակավահող է` ի տարբերություն Ռուսաստանի, և եթե դրա կառուցելու անհրաժեշտությունը կա, պետք է այդ պահանջները բավարարվեն: Ուղղակի պետք է լավ և ճիշտ կառուցել, չկառուցել արևի, կանաչի, էկոլոգիայի հաշվին: Այսօր ժամանակից մեթոդներով կարելի է այնպես անել, որ այն չլինի ի վնաս բնակչի:

- Մեր քաղաքաշինությունը որքանո՞վ է հաշվի առնում այդ նորմերը: Գրեթե ամեն քայլափոխի դրանք անտեսվում են:

- Նախ պետք է հաշվի առնել, որ քաղաքաշինություն ասվածը շատ է մեզ համար: Կար ժամանակ, երբ ասում էին քաղաքի հատակագծի վրա աշխատողներ, բայց քաղաքը ինքնին շատ խորը և տարողունակ հասկացողություն է` սկսած գետնի տակի քաղաքաշինությունից մինչև երկնաքերները, այսինքն` այդ ամբողջ արհեստական միջավայրը, որը ստեղծում են ճարտարապետները, և որի մեջ ապրում է մարդը: Բնությունից հետո այս արհեստական միջավայրը մարդն է ստեղծում, և քաղաքաշինությունն այդ ամբողջ հարցերը պետք է ընդգրկի, իսկ մեր ճարտարապետները զբաղվում են դրա հինգ տոկոսով, ոչ ավել, այսինքն` ինչ- որ մի շենք, հատակագիծ, կիսատ-պռատ ճակատ, և սա համարում են քաղաքաշինություն:

- Բացի այդ, նշում են` ճարտարապետության դաշտի մոնոպոլիզացված լինելն է խանգարում դրան:


- Մոնոպոլիզացիան ոչ միայն ճարտարապետության, այլ նաև բոլոր բնագավառներում էլ առկա է, դրա համար էլ մենք ճահճացած վիճակում ենք: Թեև բոլորը որպես օրինակ նշում են Փարիզը, Լոնդոնը, բայց հեռու մի գնացեք և տեսեք` ինչ շենքեր և ճանապարհներ են կառուցվում Բաքվում և ինչ շենքեր` Երևանում, Թիֆլիսում ինչպես է հինը պահպանվում և այլն:

- Պարոն Խաչատրյան, սա ավելի շատ ո՞ւմ մեղքն է` ճարտարապետների՞, թե՞ պատկան մարմինների:


- Ճարտարապետությունն առհասարակ թագավորական, պետական գործունեություն է: Ասել` ճարտարապետներն են արել, որ քաղաքը դարձել է 18-20-հարկանի, ճիշտ չէ, սա հասարակարգ է: Ճարտարապետն ընդամենն այս ամենին մի քիչ միս և արյուն տվողն է` մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քիչ գրագետ, մի քիչ կիսագրագետ, բայց հիմնական միս և արյուն տվողն այն գումարները և այն հարաբերություններն են (տվյալ դեպքում` մոնոպոլիզացված, կլանային): Եթե նայենք միջնադարյան ճարտարապետությանը, ապա ակնհայտ է, որ դրանք ճարտարապետները չեն արել, այլ թագավորները, ովքեր պարիսպներ են կառուցել տվել, ներսում իրենք են ապրել, դրսում` ժողովուրդը, իսկ ներսն այնքան է խտացել, որ կարծես պայթեցրել է քաղաքը: Բիզնեսը (թեև մեզանում այն հեռու է բիզնես կոչվելուց) ինքնին կենսունակ հատկություն ունի, ինչպես ծառը, բնության ցանկացած պրոցես, եթե մեկ-երկու օր չջրես, կչորանա, ինչպես մեր շենքերը կանգնած են և չորացած, որովհետև բիզնեսի համար կենսունակ արյունը չկա` փող-ապրանք-փող: Եթե արտերկրում մեկ շենք կառուցվեր և չբնակեցվեր, այդ մարդը միանգամից կսնանկանար և ասպարեզից դուրս կգար, բայց մեզ մոտ նույն մարդն էլի մնում է, կառուցում... սա զավթված համակարգ է:

- Հասարակության ճնշումը վերջին տարիներին մեծացել է: Ճարտարապետական խնդիրների շուրջ նախաձեռնություններ են ստեղծվում թե՛ կառավարության շենքի գմբեթի կառուցման հետ կապված, թե մայրաքաղաքում կառուցվող եկեղեցիների: Արդյո՞ք հասարակությունը չի կարող լինել այն խթանը, որը վերջ կտա այսպիսի ապօրինություններին:

- Ամեն դեպքում երկրի, քաղաքի տերը հասարակությունն է: Պետք է բիզնեսը կայանա, արվի ժողովրդի համար, ժողովուրդը որպես ներդրող հանդես գա, հավերժության անիվը պտտեցնի, այնինչ մեզ մոտ այն կանգ է առել: Հիմա ամեն մեկն իր համար է:

- Ըստ Ձեզ, Երևանը վերջնականապե՞ս է ավերվել, թե՞ կան բեկորներ:


- Այո՛: Վերջնականապես...

- Այս ամենին ի՞նչ լուծում եք պատկերացնում, ինչ-որ մի կետի դադա՞ր պետք է տալ:

- Այս պահին չեմ պատկերացնում, բայց ամեն ինչի հիմքը կրթությունն է: Միայն ճարտարապետներով հարցը չի լուծվի: Եվ եթե հիմա Թամանյանը լիներ, նրան էլ չէին նկատի: Դրա համար հասարակությունը պետք է կրթվի:

- Դե վարչապետը հայոց աշխարհներից է խոսում, բայց հայոց աշխարհ այդպես էլ չի ստեղծվում:


- Հայոց աշխարհը, հակառակը, քանդվում է:

- Կառավարության շենքի գմբեթի կառուցման շուրջ Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է:

- Իմ կարծիքն այստեղ կոմպոզիցոն չէ, ավելի շատ սա վարչապետին վերաբերող հարց է: Այսօր մեր հասարակության կեսից ավելին ծառայողներ են, որոնք վնաս են տալիս մեր պետությանը, առաջընթացին: Մի փոքր հանրապետության համար այսքան նախարարություններ, այսքան նախարարության շենքեր այս թշվառության մեջ բերում են, այսքան հուշարձան բարձիթողի և անմխիթար... վարչապետի փոխարեն (արդարադատության շենքը վաճառում են), շենքի վաճառքից 12 միլիոն կհատկացնեի շուրջ 400 հուշարձանի վերանորոգման համար: Մեզանում առհասարակ հուշարձաններ քանդելու գիտակցությունը պետք է վերացնել: Հանցագործի մեջ իր անցյալը վերացնելու մենեջերն է նստած: Ի դեպ, Թամանյանն էլ քիչ չէ քանդել: Այդտեղից է սկսվել ամեն ինչ:

- Իսկ գմբեթ կառուցելու նպատակը ո՞րն էր:

- Որ այդտեղ իբր նախարարություն լինի, փոխանակ կրճատելուն:

- Ո՞ր նախարարությունը կուզենայիք չլիներ:


- Բոլորը, թող մնային ներքին գործերի, կրթության, էկոլոգիայի և էկոնոմիկայի նախարարությունները:

- Ուզում եք ասել` քանդելաշինությունը սկսվեց Թամանյանի՞ց:


- Այո՛, այդպիսի ճակատագրի արժանացան այն ժամանակ հրապարակի շենքերը, սակայն Թամանյանը հանճարեղ մարդ էր, ճիշտ օգտագործեց, հիմա հանճարներ կան, բայց փողն արդեն մեկ մարդու ձեռքը չէ: Նյու Յորքը մեկ մարդ կարծես կառուցած լինի, որովհետև արժեքի օրենքը ցանկացած շենքի մեջ կա, այդ բիզնեսը կա, նայում ես և մտածում` այդպիսի հարմոնիա ինչպես կարելի է ստեղծել, այնինչ մեր Երևանը դիսհարմոնիայից է պայթում:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26861.html





Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 976 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0