Ուրբաթ, 26.04.2024, 18:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Երաժշտական բառարանների օգնությամբ գիտականորեն կարելի է ճշտել մեղեդիների ազգային ինքնությունը. երաժշտագետ
17:20
Երաժշտական բառարանների օգնությամբ գիտականորեն կարելի է ճշտել մեղեդիների ազգային ինքնությունը. երաժշտագետ
«Լեզուն այն հիմնական բաղադրիչներից է, որ դիտարկվում է մասնագետների կողմից մեղեդու ուսումնասիրության ժամանակ»,- երաժշտական նմուշների նկատմամբ օտարի ոտնձգությունների մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը՝ մեջբերելով Կոմիտաս վարդապետի խոսքերը. «Ամեն ժողովրդի երաժշտություն իր լեզվի հնչյուններեն կծլի ու կծավալի»։

«Բոլոր ազգերն ունեն իրենց հատուկ ինտոնացիոն համակարգերը, այստեղ էլ կան կոնկրետ գիտական չափանիշներ, որոնցով քննվում է այս կամ այն ազգի երաժշտությունը,- ասաց երաժշտագետը։- Դրանցից են ձայնակարգային՝ լադային, ռիթմական, մեղեդիական դարձվածքներին առնչվող, մեղեդիական զարդարանքներին վերաբերող տարբեր չափորոշիչներ, որոնց հետևում է երաժշտագետը՝ իրականացնելով նյութի՝ երաժշտական ստեղծագործության վերլուծությունը։ Սա էլ ճշգրիտ գիտություն է»։

Ըստ Լիլիթ Մարտիրոսյանի՝ որոշակի տարածաշրջանից վերցվում են x քանակի մեղեդիներ և դրանք ենթարկում երաժշտագիտական վերլուծության. դրա արդյունքում պարզ է լինում, թե ինչպիսի մեղեդիական մոտիվներ են հատուկ այդ շրջանի երաժշտությանը, և վերլուծությունների արդյունքները ներառվում են երաժշտական բառարանների մեջ՝ ըստ այդ վերլուծությունների կազմվում են երաժշտական տիպական դարձվածքների բառարաններ։ «Այդ բառարանները մասնագետ երաժշտագետների ուսումնասիրության արդյունքում կազմված դարձվածքների ցանկերն են, որոնք գիտականորեն ճշգրիտ են, այսինքն համապատասխանում են միջազգային գիտական չափանիշներին,- նշեց նա՝ մասնավորեցնելով։- Դրանք երաժշտական մեղեդիական դարձվածների ցանկեր են։ Թե կա երկու ժողովրդի համար վիճելի դարձվածք, այդ ժամանակ դիմում ենք երաժշտական բառարանների օգնությանը՝ ճշտելով ժամանակագրությունը, անկացնում տեքստային բաղադրիչի կրկնակի քննություն, դարձվածքը դիտարկում երաժշտական նյութի ամբողջ համատեքստում և այլն»։

Պատասխանելով այն հարցին, թե երաժշտագետներն ո´ւմ են տալիս հեղինակային իրավունքը, երբ մշակույթների մերձեցմամբ միևնույն դարձվածները հանդիպում են տարբեր ժողովուրդների մոտ՝ Մարտիրոսյանը նշեց. «Լեզվի ինտոնացիոն առանձնահատկություններից բխում է երաժշտական ձայնակարգը՝ լադային համակարգը, երաժշտական դարձվածքներն ունեն ուսումնասիրման մի շարք չափանիշներ, որոնց համակցմամբ առավելապես հնարավոր է գիտականորեն հիմնավորել վիճելի դարձվածքների ազգային պատկանելությունը։ Իրականում կան դեպքեր, երբ դժվար է քննել խնդիրը. այս դեպքում հաշվի է առնվում տեքստային բաղադրիչը, երգի տարբերակները, քանի որ ամեն լեզվի երաժշտություն իր լեզվի ելևէջներից է ծագում և ծավալում»։

Որպես օրինակ, երաժշտագետը նշեց Սայաթ Նովային, ով «իր ժամանակին տիրապետել է աշուղից պահանջվող բոլոր չափանիշներին» և իր մեղեդիները հյուսել՝ ըստ երգի լեզվի՝ պահպանելով վրաց, թուրք և հայ լեզուների ինտոնիացիոն առանձնահատկությունները։ «Այնպես որ նրա ամբողջ ստեղծագործությունը, կրելով իր անհատական ոճի կնիքը, յուրաքանչյուր առանձին դեպքում դրսևորում է նաև տվյալ լեզվական համակարգին բնորոշ մեղեդիական նկարագիր»։

Մշակութային մերձեցումների մասին, ըստ երաժշտագետի, ընդգրկուն ուսումնասիրություն է կատարել Կոմիտաս վարդապետը և նշել. «Ամբողջ արևմտյան ազգերը զարգացան՝ սնունդ առնելով հին հունական քաղաքակրթության բեկորներից լատինականի միջոցով, բայց և այնպես յուրաքանչյուր արևելյան ազգ ունի ուրույն երաժշտություն, որ ոչ հույն է և ոչ լատին»։

«Այնպես որ պետք չէ կանգնել և գիտական երևույթների մասին քաղաքական հայտարարություններ անել։ Կամ գոնե պետք է անել դրանք գիտական հիմքով»,- նշեց Լիլիթ Մարտիրոսյանը։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/21/music/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 796 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0