Չորեքշաբթի, 24.04.2024, 19:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2010 » Հունվար » 13 » «Երկրաշարժ».Հաջողված բեմադրություն
14:09
«Երկրաշարժ».Հաջողված բեմադրություն

   Սպիտակյան երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Երևանի օպերային թատրոնում բեմադրվեց Ավետ  Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան (ռեժիսոր` Լ.Իվանյան, դիրիժոր` Ռ.Ասատրյան): Ճիշտ է, օպերայի  բեմադրությունը իրարանցում չառաջացրեց մայրաքաղաքի մշակութային կյանքում, սակայն Ավետ  Տերտերյանի այս գործն արդեն 2-րդ  տարին  հաջողությամբ  ներկայացվում  է  մեր  օպերային  թատրոնի  բեմում: Ամենից  առաջ  դա  պայմանավորված  է  ռեժիսորական  լուծումների  թարմությամբ:

   Տերտերյանի`Հենրիխ ֆոն Կլեյստի «Երկրաշարժը  Չիլիում»  ստեղծագործության  հիման  վրա  գրված  օպերան  շատ արդիական է մեր իրականության համար` հաշվի առնելով որոշակի ռեժիսորական շեշտադրումներ և  բեմադրության խորհրդանշական լեզուն ամբողջությամբ: Օպերայի սյուժեն կառուցված է կոնֆլիկտի վրա` բնության  ուժերի  և  մարդկային  բարոյական  չափանիշերի  միջև:

   Միմյանց  հետ  ոչ  եկեղեցու  օրենքներով  կապված սիրահար զույգի նկատմամբ մահապատիժ կիրառելու  ժամանակ տեղի է ունենում  երկրաշարժ, որն, ասես, հավասարեցնում, նույն հարթության վրա է դնում  մեղսագործներին և անմեղներին: Դա երկու աշխարհների բախում է, գլոբալ իմաստով` երկու սկզբի: Դեկորացիաներն  այդ  գաղափարը  դարձնում  են  ընկալելի  հանդիսատեսի  համար: Հետին  պլանում  մեծ  էկրանի վրա  պատկերվող  կադրերը  թեմաներ  են  արծարծում  Աստվածաշնչից` հիշեցնելով  մեզ  հավերժական  և  անփոփոխ  արժեքների  մասին:  Դա  սիրահարների  սիմվոլն   է: Կրոնական  ֆանատիկոսների  կերպարները  շատ  ճշգրիտ  ռեժիսորական  քայլով  ներկայացված  են  արխայիկ  ծիսական  պարերի  տեսքով: Մեկ  ակնթարթում  տեղի  է  ունենում  երկրաշարժը` յուրատեսակ  անցում, բեկում  և, որպես  հետևանք, արժեքների  վերագնահատում:

  Գալիս  է  երանության  և  երջանկության  ժամանակը, որը  օպերայի  երաժշտական դրամատուրգիայում  ներկայացված  է  շատ  փոքրիկ կտորով: Դրանում  ճշգրիտ  կերպով  ամփոփվում  է  որոշակի  գաղափարական  ուղղվածություն:  Այդ  անսահման  երջանկության  պահն  ասում  է  այն  մասին, որ  մարդն  անձնազոհ  սիրո  ուժով  ընդունակ  է  դարձնելու  աշխարհն  ավելի  լավը, ավելի  մաքուր  և  ավելի  բարի:

  Ներկայացման  մեջ  ուշագրավ  է  եկեղեցու  կերպարը, բայց` այլասերված  եկեղեցու, որը  դավաճանել  է  իրեն, իր  գաղափարներին, եկեղեցու, որը  հակադրված  է  սիրահարների  անբիծ  սիրուն: Եկեղեցու  կերպարը  ներկայացված  է  գոթական  երկու  գագաթների  տեսքով, որոնք հիշեցնում  են  բիբլիական  Արարատը` միայն  թե` Թուրքիայի  կողմից: Սա  ոչ  այլ  ինչ  է, քան`  պարզորոշ  ակնարկ  մեր  իրականությանը: Սակայն , այդ  երանությունը  երկար  չի  տևում: Ամբոխից  ինչ-որ  մեկը  հիշեցնում  է  մինչև  երկրաշարժը  ծավալվող  իրադարձության` մահապատժի  մասին: Սիրահարների  համար  սկսվում  է  տանջանքների  մի  նոր  էտապ: Աղջիկը, որ  իր  մեջ ամփոփում  է  ժամանակի  բոլոր  առաջադեմ  անձանց, որոնք  չեն  հասկացվել, արտաքսվել  են  հասարակությունից, ենթարկվում  է  սարսափելի  ծաղրի  և  խոշտանգումների, այլ  խոսքով` տանջալից  մահվան: Զոհաբերության թեման  այստեղ  ներկայացված  է  կարմիր, ավելի  ճիշտ` արյունոտ  թաշկինակներով, որոնք  դուրս  են  մղում  դեպի  բեմեզր  3  սպիտակ  թաշկինակ` սուրբ  երրորդության  խորհրդանիշը …

  «Երկրաշարժը»  օպերայի  բեմադրությունը  նշանակալի  քայլ  է  դեպի  առաջ` հաշվի  առնելով  այն, որ  մեր  օպերային  թատրոնի  խաղացանկի  վիճակը, մեղմ  ասած, բավականին  անմխիթար  է: Այս  ներկայացումն  առանձնանում է մյուսներից նախ և  առաջ  բեմադրիչ  ռեժիսորի` Լևոն  Իվանյանի  ռեժիսորական  յուրահատուկ  և  նոր  լուծումների  շնորհիվ, ինչպես  նաև  երգիչների  քիչ  թե  շատ  գրագետ  ընտրությամբ: Մասնավորապես  պետք  է  նշել  Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի  մեներգչուհի, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանին և տենոր Արմեն Զաքյանին, որոնք մարմնավորեցին գլխավոր հերոսներին: Երգչուհու կերպարն  առանձնացավ  խորաթափանցությամբ: Անհրաժեշտ  է  առանձնացնել  նաև  դիրիժորին` Ռուբեն  Ասատրյանին, թեկուզև  այն  բանի  համար, որ  հանձն  է առել ղեկավարելու  այս  օպերայի  բավականին  բարդ  պարտիտուրան, որն  իրենից  ներկայացնում  է  ալեատորիկա:

  Կանաչ  ճանապարհ  մաղթելով  Ավետ  Տերտերյանի  «Երկրաշարժ»  օպերային` հույս  ունեմ, որ  առաջիկայում  ականատեսը  կլինենք  նման  հաջողված  այլ  ներկայացումների, որոնք  իրենց  արժանի  տեղը  կգրավեն  մեր  թատրոնի  խաղացանկում` հարստացնելով  այն:


© arTor

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 2376 | Ավելացրեց: admin | Տեգեր: երաժշտություն, Օպերա | Ռեյտինգ: 3.0/2
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0