Հինգշաբթի, 25.04.2024, 16:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Եթե ճակատագիրը բարեհաճ գտնվեր նրա փխրուն ու խոցելի հոգու հանդեպ
13:58
Եթե ճակատագիրը բարեհաճ գտնվեր նրա փխրուն ու խոցելի հոգու հանդեպ
Մհեր Մկրտչյան
Երբ Մհեր Մկրտչյանի 80-րդ տարեդարձի օրը` հունիսի 4-ին, «Культура»-ով հեռարձակվեց «Մենության պատմություն» ոչ հոբելյանական նոր հեռուստաֆիլմը, Ֆրունզիկի ընտանեկան դրամայի թանձր մռայլապատումից սաստիկ տրտմեցին միլիոնավոր հեռուստադիտողներ։ Տարաբախտ կնոջը` Դոնարային, ճանաչողները ոչ մի կերպ չհամակերպվեցին նրան պատուհասած ընկճախտի դերակատարության միտումնավոր խորացված շեշտադրության հետ։ Երբ 70-րդ տարեդարձի օրը` հուլիսի 15-ին, իրեն շուրջ քառորդ դար ապաստանած վերջին հանգրվանում, զավակների կորստյան ցավին անտեղյակ, մահկանացուն կնքեց ԴՈՆԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ (ՓԻԼՈՍՅԱՆԸ), երբեմնի հանդիսատեսի հավաքական հիշողության ծալքերում վերստին հառնեց սիրված արտիստուհու կերպարը։ Լուռումունջ հուղարկավորությանը հախուռն ընդվզմամբ` ակնթարթորեն փլուզվեց արարման բանուկ ասպարեզից տասնամյակներով օտարված լինելու կուռ տրամաբանությամբ վեր խոյացված մոռացումի պատնեշը։ ՈՒրեմն, անկախ ներանձնական բազմաբարդ հանգամանքներից, երջանիկ դերասանուհի է Դոնարա Մկրտչյանը։ Իրականում հազվադեպ են երջանիկ թատերաընտանիքները, և կարիք չկա խցկվելու հիվանդ հոգիների մորմոքուն խորքերը։ Չվրդովենք գեթ նրանց հետմահու անդորրը։ Ձերբազատվենք անձնականի մանրուքները փորփրելու մոլուցքից ու մտապահենք ստեղծագործական նկարագրերի մնայուն դրսևորումները։

ՆՐԱ ՄԱՍԻՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԳՐՎԵՑԻՆ

Անցյալ դարի 70-ականների անհամեմատ բախտավոր զանգվածային հեռուստալսարանը մտապահել է Դոնարա Մկրտչյանի ամենշաբաթյա հայտնությունը էկրանին։ Արտաշես Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» ընտանեկան մանրապատումների և հեռուստաթատրոնի մի շարք ներկայացումների («Հրաժեշտ հունիսին», «Թե ինչպես շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» և այլն) փոքրիկ դերակատարումներով, վաղամեռիկ Արծրուն Մանուկյանի հետ խոսքի նրբերանգային հմուտ ելևէջներով վարած երգիծական կատակների զվարթ ու իմաստուն շարքերով։ Տպավորվել են նաև էպիզոդիկ դերակատարումները կարճամետրաժ և գեղարվեստական մոտ տասնյակ ֆիլմերում («Շրթներկ N 4», «Կովկասի գերուհին», «Տղամարդիկ», «Խաթաբալա», «Մհերի արկածները» և այլն)։

Նրա մասին մենագրություններ չգրվեցին, չփառավորեցին անունը շքեղ ալբոմների հրատարակությամբ, բայց ժամանակի մամուլում բազմաթիվ են Սունդուկյանի անվան թատրոնում շուրջ 20 տարի (1963-1982 թթ.) խաղացած մեծ ու փոքր դերերին տրված ջերմ գնահատականները։

Մայր բեմում հատուկենտանում էին ցայտուն արտիստական անհատականությունները, բայց ընդհանուր վերելք էր ապրում թատերարվեստը։ Տաղանդաշատ բեմադրիչ-մանկավարժների (Ա. Գուլակյան, Վ. Վարդանյան, Վ. Աճեմյան, Հ. Ղափլանյան) կրթած նոր սերունդը հաջողությամբ համալրում էր թատերախումբը` դերից դեր գործնականում հղկվող կերպավորման ունակություններով պատշաճ համախաղն ապահովելով տարաժանր ներկայացումների բարձրարվեստ կայացման։ Ստեղծագործական բարեբեր այս մթնոլորտում աննկատ չէր մնում դիտարժան որևէ ներկայացում, շնորհալի որևէ դերակատարում։ Արմեն Գուլակյանի ու Վարդան Աճեմյանի թատերադարբնոցում մասնագիտացած Դոնարա Մկրտչյանն առաջին իսկ բեմելով` «խոհուն, նրբանկատ ու միաժամանակ քամահրոտ» Ջուլյանելայով (Էդ. դե Ֆիլիպո, «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», ռեժիսոր` Ա. Շատրին) ուշադրության արժանացավ։ «Հետաքրքիր դերակատարումներից է, անշուշտ, Դոնարա Մկրտչյանի Սուսիկը,- գրեց Սաբիր Ռիզաևը Արաքսմանյանի «60 տարի և 3 ժամ» պիեսի ղափլանյանական բեմադրության ներկայացման մասին։- Դերասանուհին զգում է հերոսուհու բնավորությունը, իրենից ոչ մի բան չի պարտադրում նրան, ...հաջողվում են կտրուկ անցումները մի վիճակից մյուսին, մի մտքից մյուսին։ Լավագույն իր տեսարանը Արամի (Խորեն Աբրահամյան) հետ խոհանոցում զրուցելու տեսարանն է` անկեղծ քրքիջ ու միանգամից տխրություն, մանկան լաց ու մտքերի խմորում»։ Նրա Աբիգայլը («Սալեմի վհուկներ»), Համեստը («Հանրապետության նախագահը»), Ադելան («Բեռնարդա Ալբայի տունը»), Էսմերալդան («Աշխարհն, այո՛, շուռ է եկել»), Անույշը («Պաղտասար աղբար») սիրելի դարձրին թատերասերներին ոչ որպես Ֆրունզի կին, այլ դերասանուհի։ Ինչ էլ խաղաց, արդարացրեց իր հետ կապված հույսերը։ Ավագ գործընկերները սերնդակիցների մեջ ամենաշնորհալին էին համարում Դոնարային։ Թե՛ արտաքին, թե՛ ներքին գեղեցկությամբ օժտված երիտասարդ դերասանուհին, ով երբեմն հանդես էր գալիս նաև հարազատ Լենինականի (այժմ` Գյումրի) թատրոնում, տիտղոսների պակաս, հաստատ, չէր ունենա, եթե ճակատագիրը բարեհաճ գտնվեր նրա փխրուն ու խոցելի հոգու հանդեպ։ Այդուհանդերձ, որպես դերասանուհի, նախանձելի բախտավոր էր. տասնամյակներով թատերախմբերում հաստատված շատերի մասին չեն էլ հիշում։ Գուցե համաժողովրդական ճանաչումը հենց սա է, որ կա։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ


Աղբյուր`http://www.idefacto.am/page.php?section=7

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 959 | Ավելացրեց: admin | Տեգեր: Դոնարա Մկրտչյան, Մհեր Մկրտչյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0