Շաբաթ, 27.04.2024, 09:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » «Գիշեն է իջնում Երզնկայի վրա»
16:16
«Գիշեն է իջնում Երզնկայի վրա»
Ադրիանա Սեւան Նիկոլզ
Հունիսի 7-12-ը Մանհաթենի «Լարք պլեյ» Զարգացման կենտրոնում ներկայացվել է հայկական-դոմինիկյան-բասկյան արմատներով նորաթուխ դրամատուրգիՙ Ադրիանա Սեւան Նիկոլզի «Գիշերն է իջնում Երզնկայի վրա» պիեսը: «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի աշխատակիցներից Արամ Արքունի փոխանցմամբ, դա «Մերձավոր Արեւելյան Ամերիկա: Ազգային նոր բեմադրությունների նախաձեռնության» շրջանակներում ստեղծված առաջին պիեսն է, որ մեծ բեմ է բարձրանում: Ծրագիրը ստեղծվել է 2008-ինՙ նպատակ ունենալով խրախուսել մերձավոր-արեւելյան ծագում ունեցող ամերիկացի դրամատուրգներին, նրանց տրամադրելով 10 հազար դոլարի կոմիսիոն վարձատրություն:

«Գիշերն է իջնում Երզնկայի վրա» պիեսը ոչ միայն միջէթնիկական է, այլեւ միաժամանակ միջսերնդական, երեք եւ երբեմն նաեւ չորս սերունդներ հայտնվում են բեմի վրա:

Արտավազդ Խաչիկի Օղիդանյանը Երզնկայում թուրքական հետապնդումներից փախչելով, 1915-ի ցեղասպանությունից առաջ մի կերպ հասնում է Ամերիկա եւ աշխատասիրության շնորհիվ կարողանում է հետզհետե բարելավել իր վիճակը նոր երկրում: Ամուսնանում է Շապին Գարահիսարից ճողոպրած Ալիս Հաճյանի հետ եւ հայր է դառնում մի դստերՙ Աղիկի: Ալիսը մղձավանջային իրավիճակում է, չի կարողանում մոռանալ 8-ամյա քրոջ բռնաբարումն ու սպանությունը եւ ընտանիքի մյուս անդամների կոտորածը թուրք զինվորների կողմից: Ամուսնուՙ Արտավազդի ջանքերն անօգուտ են նրան փրկելու այդ հոգեբանական «ծանր բեռից»: Ի վերջո, հայտնվում է հոգեբուժարանում, իսկ դուստրըՙ Աղիկը մոտ 6 տարի ստիպված է լինում ապրելու այլ ընտանիքների հետ կամ որբանոցներում: Ավելի ուշ հրաժարվում է իր հայկական ինքնությունից եւ «վերամարմնավորվում» որպես ամերիկացի Ավաՙ ֆրանսիական արմատներով: Հակառակ հոր կամքին, դառնում է պարուհի եւ որոշում ամուսնանալ Դոմինիկյան Հանրապետությունում հալածանքներից փախուստ տված եւ Մ. Նահանգներում ապաստան գտած Բիենվենիդայիՙ կամ ամերիկյան տարբերակով Բեննի Ռեյի հետ: Անունը փոխած Բեննին, սակայն, չի հրաժարվում իր անցյալից եւ ազգային պատկանելությունից: Բնավորության նրա այդ գիծը նպաստում է, որ Ավան վերամիավորվի հոր հետ: Սակայն ամեն ինչ չէ, որ կարգավորվում է, որովհետեւ Բեննին հավատարիմ չէ կնոջըՙ Ավային. նորածին դստեր հետ նրան մենակ թողնելով, հեռանում է տնից:

Այստեղ է, որ Ավայի խնդրանքին ընդառաջելով, հայրը, որ մինչ այդ աղջկան ոչինչ չէր պատմել իր եւ կնոջ անցյալի մասին, բացահայտում է արհավիրքների բոհով անցած իրենց կյանքի ողջ ճշմարտությունը: Անցյալի հիշողություններն օգնում են, որ ընտանիքի անդամներն առավել մերձենան եւ գոտեպնդվեն:

Ներկայացման մեջ ներգրավված դերասաններն օտարներ են, որոնք, ըստ Արամ Աքունի, երբեմն որոշ դժվարություններ են ունենում հատկապես հայկական անունները ճիշտ արտասանելիս (օրինակՙ Ագավնի-Աղավնիի փոխարեն): Միայն երիտասարդ Աղիկի (եւ երեք այլ կերպարների) դերը կատարողը հայ է: Տասնմեկամյա Մարի Բիչիմենյանը «Անդրանիկ» պարի համույթի անդամներից է: Ի դեպ, մյուս դերասանները նույնպես կատարում են մի քանի դերեր:

Պիեսի հեղինակ Նիկոլզը «Միրոր սփեքթեյթըրի» թղթակցին բացատրել է, որ «Գիշերն իջնում է Երզնկայի վրա» ստեղծագործությունն իր ինքնության որոնման պատմությունն է: Ինքը հայկական դոմինիկյան եւ բասկյան արմատներ ունի, սակայն պապիՙ Արտավազդի մահից հետո, երբ ինքը դեռ 8 տարեկան էր, կորցրել է կապը հայկական արմատների հետ: Մեծացել է Նյու Յորքում, երբեմն (Ս. Զատիկի առթիվ) հաճախել է Ս. Վարդան հայկական եկեղեցին, բայց հիմնականում շրջապատված է եղել դոմինիկյան համայնքի անդամներով: Մայրը սիրել է պարել, իսկ հայրըՙ երգել: Այնպես որ, կապը արվեստների հետ փոխանցվել է ծնողներից:

Պարելիս վնասվածք ստանալուց եւ 9/11-ի ահաբեկչական հայտնի իրադարձություններից հետո հետեւելով մի ընկերոջ խորհրդին, գրել է իր առաջինՙ «Պատրաստվելով թռիչքի» պիեսը, որն ինքն առանձին ներկայացրել է բեմի վրա որպես մոնոներկայացումՙ արժանանալով քննադատների գնահատանքի խոսքերին: Պիեսը յոթ անգամ է բեմանակացվել եւ նույնիսկ մրցանակներ վաստակել, ինչն էլ կանաչ դուռ է բացել նրա առաջՙ զբաղվելու դրամատուրգիայով:

2004-ին տեղափոխվել է Լոս Անջելես եւ Գլենդեյլում ապրելովՙ ձեռք բերել բազմաթիվ հայ բարեկամներ, որոնց թվում նաեւ եղել են բեմական արվեստի մասնագետներՙ 2007-ին հրավիրվել է մասնակցելու Հայ կանանց միջազգային ասոցիացիայի կոնֆերանսին, որտեղ էլ բազմաթիվ անգամներ դրանից առաջ հնչած հարցերին, թե ե՞րբ է Հայոց ցեղասպանության մասին պիես գրելու, հանպատրաստից պատասխանել է, թե «մի օր անպայման իր պապիՙ Արտավազդ Օղիդանյանի հիշատակը հավերժացնելու է»:

Հաջորդ տարի դիմել է եւ արժանացել «Մերձավոր Արեւելքի երկրներից ամերիկացի աչքի ընկնող դրամատուրգների» մրցանակին, որը սահմանել էր «Լարք պլեյ» Զարգացման կենտրոնն իր գործընկերներիՙ «Գոլդըն թրեդ պրոդաքշընզի» (Սան Ֆրանցիսկո) եւ «Ալիք Ռոուդ. թեատր պրոջեկտի» (Չիկագո) հետ համատեղ:

«Լարքի» գեղարվեստական ղեկավարիՙ Ջոն Քլինթոն Էյզների փոխանցմամբ, Մերձավոր Արեւելքը խաչմերուկ է ամենատարբեր մշակույթների, որոնք ապրել են կողք-կողքի երկար դարեր եւ նման ծրագրերը կնպաստեն, որ ամերիկացիներն ավելի լավ հասկանան նրանց»: Իսկ ինչո՞ւ «Երզնկյան» ընտրվեց հարցին, նա պատասխանել է, «որովհետեւ նրանում փոփոխությունների ենթարկվելու, վերապրելու, անընդհատ պայքարելու, հարմարվելու գործընթացները լավագույնս են ներկայացված»:

Մրցանակին արժանանալուց հետո Նիկոլզը լուրջ ուսումնասիրություններ է կատարել, նաեւ մրցանակի գումարի մի մասն օգտագործել է, որպեսզի Հայաստան այցելի 2009-ին: Այնտեղ նա տպավորվել է «ցանկության ծառերով», որոնց վրա մարդիկ ժապավեններ են ամրացնում եւ որոշակի ցանկություն մտապահում: Նա նաեւ «Օրրան» կենտրոնում աշխատանային սեմինար է անցկացրել եւ շատ հուզվել, երբ մասնակից փոքրիկ աղջիկներից մեկը դիմելով նրան, հարցրել է. «Ե՞րբ եք նորից գալու»:

Հայաստանից հետո նա Արմեն Արոնյանի խմբի հետ այցելել է նաեւ պատմական Հայաստան, տեսել Կամախի կամուրջը, որի կիրճում երզնկաբնակ հայերի մեծամասնությունը զոհվել էր 1915-ի Եղեռնի օրերին: «Շապին Գարահիսարի շուրջը գտնվող տարածքն այնքան բիբլիական է եւ խորհրդավոր, որ քար ես կտրում, խոսքեր չես գտնում արտահայտվելու: Բնությունն այնտեղ այնքան զորավոր ազդեցություն է գործում, որ քեզանից պահանջում է համակ ուշադրություն: Հպարտ եմ այդ փորձությունը զգալու, ըմբոշխնելու եւ գիտակցելու, որ այդ վայրերից են եկել իմ ընտանիքի մի մասի անդամները», ասել է Նիկոլզն այդ առթիվ:

Լոս Անջելեսում նա սկսել է սովորել հայերեն: Հետո զգացել, որ ընտանիքի մյուս անդամների թույլտությունը պետք է վերցնի ցեղասպանության թեմայի շուրջը պիես գրելու եւ այն բեմականացնելու համար: «Իմ նպատակը մի ընտանիքի պատմությունը գրելն է, որի տարբեր ազգությունների պատկանող անդամների ոդիսականն առավել գրավիչ ու համամարդկային կդարձներ պիեսը», խոստովանում է Ադրիանան: Անցյալի վերաբերյալ նրա գիտելիքները հետզհետե ավելանում են: Որպես հետեւանքՙ զարգանում է նաեւ պիեսը, որի առաջին ընթերցանությունը տեղի է ունեցել 2009-ինՙ Չիկագոյում, ապա Սան Ֆրանցիսկոյումՙ 2010-ի նոյեմբերին: Դերասանները փոխվել են տարբեր քաղաքների «ներկայացումների» ժամանակ, բացի գլխավոր դերիՙ Ալիսի պարագայում: Նրա դերը վստահված է Ջուլիեթ Թաներին: Վերջնական տարբերակով պիեսը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա աշնանը:


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011073002


Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 856 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Գիշերն է իջնում Երզնկայի վրա», Ադրիանա Սեւան Նիկոլզ, պիես | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0