Երեքշաբթի, 16.04.2024, 16:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Գուցե 10 տարի հետո ասեմ. «Ռաֆո, էս ի՞նչ ես դարձել» (տեսանյութ)
01:48
Գուցե 10 տարի հետո ասեմ. «Ռաֆո, էս ի՞նչ ես դարձել» (տեսանյութ)
Ռաֆիկ Երանոսյան
«Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի կամերային թատրոնի և «32 ատամ» ակումբի դերասան Ռաֆիկ Երանոսյանի հետ:

- Հումորի ոլորտը մեզանում ոչ թե զարգացում ապրեց, այլ՝ հակառակը: Հումորի նշաձողն իջեցվեց, այսինքն՝ հիմա հումորը որքան գռեհիկ լինի, այնքան մարդիկ դա հեշտ կյուրացնեն:

- Դա գալիս է ոչ թե հումորից կամ հումորը մատուցելուց, այլ նրանից, որ մարդիկ սկսեցին նորմալ հումորը չհասկանալ: Ես, լինելով հումորի բնագավառում աշխատող մարդ, անում եմ ինտելեկտուալ հումոր, բայց մարդիկ դա չեն հասկանում: Ոչ թե դու ես մեղավոր դրանում, այլ սերունդը: Մարդը չի սիրում մտածել, որովհետև շատ բան ունի մտածելու: Դա իմ կարծիքն է: Հումորն ինչքան գռեհիկ է լինում, ինչքան հումորի մեջ սեքս ես մտցնում՝ լավ իմաստով, դա ավելի ծիծաղելի ու հաճելի է դառնում բոլորի համար: Բայց երբ մի քիչ ինտելեկտուալ հումոր ես անում, սենց դեմքով նայում են վրադ (ցույց է տալիս ապշած դեմք): Մտածում ես՝ բա ի՞նչ անեմ, մարդը փող է տվել, որ գա, ուրախանա: Կես ժամ ինչ-որ ինտելեկտուալ բան ես անում, ինքը չի ծիծաղում, մեկ էլ սեքսի մասին բան ես անում, ու մեկ էլ փորը բռնում-ընկնում է գետնին: Փող է տվել, ուզում է ուրախանա, ու դու պետք է ուրախացնես ու ծիծաղեցնես նրան: Ես ինձ լավ եմ զգում գոնե նրա համար, որ կարողացա նրա դեմքի միմիկան փոխել: Ճիշտ է, մի տեղ էլ վատ եմ զգում՝ ինչո՞ւ պետք է նման բաներից ուրախանա: Իմ կարծիքով՝ այսօր հայերի մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, ավելի թեթև բան են ուզում: Գնալով՝ ճառագայթումից, սննդից, թե էս պեչենիներից կամ աղջիկների կարճ հագնելուց, մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվում է (կատակում է դերասանը), դու էլ չգիտես՝ ինչ են ուզում: Մարդը փոխվել է: Օրինակ՝ ես 10 տարի առաջ չգիտեի, որ այսօր կարող է անեմ մի այնպիսի բան, որը շատ հաճախ ինձ էլ հաճելի չէ, որովհետև հաճախ ամաչում եմ ասել, որ դերասան եմ, անգամ գուցե 10 տարի հետո ասեմ. «Ռաֆո, էս ի՞նչ ես դարձել»:

- Հասարակությո՞ւնն է փոխվել:

- Մարդկանց մտածելակերպը փոխվեց: Մտածում են՝ եթե ամերիկացին կամ ֆրանսիացին ինչ-որ բան անում է, ինչո՞ւ մենք էլ չանենք: Բայց արդյո՞ք մենք դա ենք ուզում, դա՞ էր մեր ուզածը: Եթե այսօր մարդկանց 70 տոկոսն ուզի ինտելեկտուալ հումոր, ես պատրաստ եմ անել այդ ինտելեկտուալ հումորը: Բայց ես նույն «32 ատամ» ակումբում անում եմ նույն այդ հումորը, բայց դրա մասին չեն խոսում: Բայց մի «Աբադոկ Սմբո» եմ անում ու ամբողջ քաղաքը խոսում է դրա մասին: Ես չեմ մեղավոր դրանում, իսկ միայն անում եմ այդ «Աբադոկ Սմբոն», որովհետև հանդիսատեսն է դա ուզում տեսնել:

- Մարդիկ սովորել են այդ հումորին:

- Եղավ այդ հումորը, որ սովորեցին: Մարդիկ զգացին, որ սա ավելի հեշտ է, ու սովորեցին դրան: Դա հեշտ է մարսվում ու սկսեցին ուտել: Իմ ընկերներն են Հայկոն ու Մկոն, ես իրենց հետ աշխատում եմ ու տեսնում՝ ինչպես են աշխատում: Նրանք պրոֆեսիոնալ են վերաբերում իրենց աշխատանքին: Ամեն դետալ, տառ, բառ հաշվի են առնում, բայց շատ հաճախ ասում են. «Ի՞նչ են անում որ: Տես՝ Գևոն ի՞նչ է անում»: Սա էլ մի հումորի ձև է, սրան էլ է պետք սովորել: Ճիշտ է, սա հումոր է, բայց բաներ են ասում, որ եթե լսես, կփոխվես, գուցե կդառնաս ուրիշ մարդ:

- Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ չկա սցենարական դպրոց:

- Չունենք: Ճիշտ է, որ սցենարիստի պահանջ կա այսօր մեզանում: Լինելով այս ոլորտի մարդ՝ ինքս չեմ կարողանում սցենար գրել: Ես կատարող եմ, ես գրող չեմ: Եթե սկսեմ գրել, դա չեմ կարողանա կատարել: Տալիս են ինձ, ես դա մատուցում եմ իմ ձևով, Պողոսը՝ իր: Կարելի է ասել, որ սցենարիստները մի քանիսն են, մի գիծ են գտել, դրանով գնում են, մենք էլ այդ գիծն ուտում ենք: Ես շատ դեպքերում չեմ ասում՝ ինչ-որ բան չեմ ուզում անել, անում եմ, բայց կան բաներ, որ անում եմ, որ ապրեմ: Եթե անեմ այն, ինչ ես եմ ուզում, ինչի մասին երազում էի, կարող է՝ օրինակ՝ կինս բաժանվի ինձնից, երեխաներս ինձ ասեն՝ բա դու էլ ե՞ս պապա (կատակում եմ): Ուրեմն, ես էլ պետք է չուզենալով անեմ մի բան, որ ես էլ կարողանամ այս երկրում ինչ-որ բան հետ գցել:

- Ըստ Ձեզ՝ հումորը մեզանում զարգացման հնարավորություններ ունի՞:

- Այլևս չունի: Հումորը հայտնվել է շրջանակի մեջ ու չի կարողանում դուրս գալ: Ես նոր հումոր չեմ տեսել վերջին շրջանում: Նույն բանը անում են տարբեր մարդիկ, տարբեր խմբեր, տարբեր ալիքներ: Ամեն ինչ նույն է: Նայում-տեսնում են՝ մի ալիք մի բան է անում, մտածում են՝ ինչի՞ չանենք դա: Չէ, այ դու ուրիշ բան արա:

- Դերասանի համար գումար աշխատելու միակ միջոցն այսօր սերիալներում նկարահանվե՞լն է դարձել:

-Բա ուրիշ ի՞նչ անի: Ես դեմ չեմ սերիալին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում սկսեցին սերիալներ նկարահանել: Վա՞տն է, թե՞ լավը, հարցի մյուս կողմն է, բայց ես ուրախ եմ, որ այսօր կա այդ սերիալը, որովհետև դերասանը սկսեց միս ուտել վերջին մի տարվա ընթացքում, սկսեց գոնե պատռած կոշիկ չհագնել, տարբերվել սովորական մարդուց: Գոնե սրա համար ես ուրախ եմ:

10 տարի առաջ ի՞նչ էր մեր դերասանների վիճակը: Ջինսերով, թրաշով, նիհար մարդ տեսնում էինք, ասում էինք՝ դերասան է: Հայաստանում օբյեկտներն ավելի են շատանում, քան թատրոնները: Փառք Աստծո, մարդիկ նայում են սերիալներ, գնում են ակումբներ, տեսնում են այդ դերասանին, սիրում են, ապա այդ նույն դերասանի համար գնում 1000 դրամ տալիս, տոմս են առնում ու գնում են բեմում տեսնելու այդ դերասանին:

- Ըստ Ձեզ՝ դերասանին ճանաչում են սերիալի՞ց, հետո նոր բեմի՞ց:

-Կան մարդիկ, որ չգիտեն՝ աշխատում եմ Կամերային թատրոնում: Այնտեղ ես ուրիշ Ռաֆո եմ, ուրիշ դերասան եմ: Կամերայինում ես անում եմ այն, ինչ երազում էի անել: Մարդիկ գալիս նայում են ու ասում. «Ռաֆո, դուրս արի էլի էդ տելեից»: Դե, դուրս գամ, բոբի՞կ ման գամ ձմեռը: Ես էլ սովոր չեմ, որ պապայի փողերով առաջ գնամ:

- Հեռուստաեթերում կան երկու հումորային ակումբներ՝ «Վիտամինն» ու «32 ատամը»: Դրանք ժանրային առումով տարբերվո՞ւմ են միմյանցից:

- Տարբերությունն այն է, որ այնտեղ ուրիշ մարդիկ են, այստեղ՝ ուրիշ: Նա ունի իր բանակը, սա՝ իր: Թող լինեն: Արդեն շահագրգռվում ես, որ այնպիսի մի բան անես, որ քեզ դիտեն: Ես անում եմ մի բան, եթե վատ էլ եմ անում, անկեղծ եմ անում: Դերասանություն չեմ անում: Իմ ընկերներն էլ Կարենն էլ, Վահագն էլ, բայց ես անցած տարի չէի էլ մտածի, որ «32 ատամում» կխաղամ, որովհետև չեմ սիրում ու չեմ էլ սիրել «32 ատամը»:

- Եթե թատրոնում կարողանայիք վաստակել այնքան, որքան հեռուստատեսությունում…

- Ես չէի գնա հեռուստատեսություն: Ես բազմիցս եմ դա ասել: Թող ինձ մեր երկիրը տա այնքան, որքան աշխատում եմ… Միլիոններ չեմ աշխատում, աշխատում եմ այնքան, որ կարողանում եմ մեքենաս բենզին լցնել, սոված չքնել, մեկ-մեկ էլ ինձ տալ հաճույքների: Թող պետությունն ինձ այդքան վարձատրի, խոսք եմ տալիս, որ դուրս կգամ հեռուստատեսությունից:

- Հիմա շատերը հեռանում են երկրից: Այստեղ չե՞ն կարողանում ինքնահաստատվել, որ գնում են:

- Ուրեմն նրանք ավելիին են ձգտում: Գուցե ես վաղը ընտանիք ունենամ, գումարը չհերիքի, մտածեմ՝ գնամ հարսանիք վարեմ, որ իմ երեխային կարողանամ պահեմ: Դերասաններին մեր երկրում վատ են վերաբերվում: Հաճախ են ասում՝ առաջ մեր դերասանները, առաջ, առաջ…

Ես խոնարհվում եմ նրանց առջև, բայց գուցե առաջ լիներ «Վիտամին» կամ «32 ատամ» ակումբները, գնային նկարահանվեին: Առաջ թատրոն կար մենակ, գնում էր ձայն էր կարդում, այդպես էր ապրում: Դերասանը հիմա թատրոնով չի կարող ապրել: Աղքատավարձ է: Փողի մասին ամոթ էլ է խոսելը: Մարդիկ այդքան թեյավճար են թողնում քաբաբ ուտելուց հետո: Մենք չենք հարգում դերասանին: Ես դերասան եմ, հումորիստ էլ չեմ: Հաճախ մարդիկ ինձ ասում են՝ չես կարող լուրջ դերեր խաղալ: Ո՞վ է ասում: Ուղղակի մարդիկ ինձ լուրջ չեն վերաբերվում, ուզում են, որ դուրս գամ բեմ ու «Աբադոկ Սմբո» խաղամ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30702.html





Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Ռաֆիկ Երանոսյան | Ռեյտինգ: 5.0/1
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0