Ուրբաթ, 19.04.2024, 09:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » Գրական - Արամ Պաչեանի Մասին
13:02
Գրական - Արամ Պաչեանի Մասին
Արամ Պաչյան
Հաւանաբար մեզանից շատերին ծանօթ չլինի Արամ Պաչեանը: Երիտասարդ արձակագիր է: 28 տարեկան: Ծնուել է 1983 թուականին, Վանաձորում: Ուսանել է Երեւանի Պետական համալսարանի

իրաւագիտութեան բաժնում: Երկու տարի ծառայել է Հայաստանի զինուած ուժերում, այնուհետեւ մէկ տարի աշխատել է իրաւապահ մարմիններում: Մէկ տարի անց, դուրս է եկել աշխատանքից՝ որոշելով զբաղուել միայն գրականութեամբ: Իր պաշտօնական կայքէջում (http://www.arampachyan.com) տեղադրուած են շուրջ 25 արձակ ստեղծագործութիւններ, ինչպէս նաեւ հայ եւ միջազգային գրականութեան մասին հայաստանեան մամուլին տուած հարցազրոյցներ, որոնք լուրջ հիմք են ծառայում համոզելու ընթերցողին, որ նոր ասելիքներով ու ասելիքների նոր շնչով ու ձեւաւորմամբ գրական ասպարէզ է իջնում 28ամեայ երիտասարդ, յանձնառու արձակագիր: Ապրում եւ ստեղծագործում է Երեւանում:

Իսկ ինչի՞ մասին է նա գրում, ի՞նչ է նրա ասելիքը: «Թեման (նիւթը), կարծես առանձին մի պրոցես (գործընթաց) լինի, որ միշտ կայ ենթագիտակցութեանս մէջ ու հասունանում է օր օրի. ես կ’ասէի՝ անընդհատ: Ինձ համար թեման այն ապրումն է, որը ճանաչում եմ եւ անկախ իմ կամքից՝ շատ ժամանակ ասելիքս բխում է հէնց այդ ապրումի պատկերացումներից, ուզում եմ հասկանալ ու վերլուծել ապրումի ու երեւակայութեան մէջտեղում յայտնուած մարդուն: Մտածում եմ, որ թեմաներն են ընտրում գրողներին, եւ ոչ թէ գրողները թեմաներին: Եթէ գրողները, ասենք, ընտրում են տուեալ թեման, դա էլ պատահական չէ, ուրեմն՝ ինչ-որ մի ներքին ձայն ուղղորդում է նրանց», նշել է Արամ Պաչեանը իր հարցազրոյցներից մէկում: Փաստօրէն, Պաչեանի նիւթը երրորդ հազարամեակի մարդն է,- կ’ուզէք՝ հայ մարդը,- այս մոլորակի վրայ իր իսկ ստեղծած բազմապիսի ու բազմաշերտ հարցերով բարդութիւններով, որոնց նկատմամբ կորցրել է նոյնիսկ ամաչելու զգացողութիւնը:

Արամ Պաչեան

«Մենք սկսել ենք ամաչել ամաչելուց: Գրուել են ու էլի գրւում են գրքեր, հանրագիտարաններ, վէպեր ու պատմուածքներ, որոնց գլխաւոր թեման ամօթն է: Ամօթը դեռ ամաչել չէ ու հակառակը: Լինում է, որ անամօթը ամաչում է, իսկ ամաչողը՝ անամօթանում: Սրանք երաշժտական տարբեր գործիքներ են՝ ծնուած նոյն հայրենիքում, պատրաստուած, ասենք, տարբեր ծառատեսակներից, բայց համարեայ նոյն եղանակով. այստեղ ամենագլխաւորը կատարողն է, նրա տաղանդի չափը»,- կարդում ենք Պաչեանի  «Ամաչելու եւ կօշիկների մասին» գրուածքում:

Ուշագրաւ է նրա «Տորոնտօ» պատմուածքը, որն սկսում է մեր ժամանակների ամենախոցելի երեւոյթներից մէկի ահաւոր պատկերով. «Երբ հայրս ծեծում էր մօրս, ես միշտ գնում էի Տորոնտօ, որտեղ մետաղեայ ցանցով հնամաշ մահճակալ կար՝ դրուած մեղուների փեթակների վրայ, նրա գլխավերեւում՝ համարեայ երկնքին հասնող գրադարան՝ անհաշիւ գրքերով»: Կռահեցիք, անշուշտ, այդ ահաւոր պահը՝ «Երբ հայրս ծեծում էր մօրս»…: Հաւանաբար, դրա հոգեբանական մռայլ շարունակութիւնն է  «Թափանցիկ շշեր» պատմուածքը, որը եւս սկսում է հետեւեալ տողերով.

«Ինչո՞ւ են մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
Խմում են, որ թթու վարունգ ուտեն:
Խմում են, որ մեռածներին ու Աստծուն յիշեն:
Խմում են, որ խմեն:
Խմում են, որ մարդ սպանեն:
Խմում են, որ սիրեն:
Խմում են, որ ծեծեն:
Խմում են, որ մոռանան:
Խմում են, որ ապրեն:
Հայրիկը խմում է, որովհետեւ չի կարողանում չխմել:

Մայրս գդալով ապուրի մէջ ճզմում է դեղահաբը: Դաստակի շարժումը ճկուն է, արագ: Հիմա հայրիկը շվշուացնելով զուգարանից դուրս կը գայ ու սովածութիւնից դողդողացող ձեռքերով կը համտեսի հաւով ապուրը, որի մէջ լուծուել է իմ ու մայրիկի գաղտնիքը: Հացը բկիս է կանգնել»:

Ընթերցողներից ոմանք միգուցէ յիշեն Ֆրանսուա Տրուֆոյի «Fahrenheit 451» շարժանկարը (1966), ուր պատկերւում էր գրքեր ատող, այրող ու ոչնչացնող ջոկատի դէմ գիրքը անսահմանօրէն սիրող մի խումբ արանց ու կանանց գաղտնի պայքարը, որն աւարտւում էր գրքերի պահպանման ու յաւերժացման դիւթական յաղթանակով: Զուգադիպօրէն, նոյնանման նիւթ է շօշափւում նաեւ Արամ Պաչեանի «Գրքերի կողմից» գրուածքում, որն սկսում է Ֆրանց Կաֆկայի «Դղեակը» վէպի մասին հեղինակի պապի հիացմունքի իւրովի արտայայտութեամբ («Տես, է, ինչ գիրք է գրել շան տղէն»), եւ ապա ակնարկելով գրքասիրութեան նկատմամբ հասարակութեան անտարբեր ու անարգական վերաբերմունքին, («օր օրի փակուող գրախանութներ, կոծկած պատուհաններով գիւղական գրադարաններ, որոնք վերածուել են կարտոֆիլի ու աթարի պահեստների. պատերից գրքի հոտի փոխարէն թանձր թրքահոտ է փչում՝ վատ ապագայ բրոնխների (թոքատապ) աշխատանքի համար»), հեղինակը դառնացած գրում է.-

«Մարդկութիւնը կոյր երեխայի տեսքով կանգնած է աշխարհի բոլոր գրադարաններում առկայ  քսան միլիարդ կտոր գրքերի դիմաց. նրան ապագայի յիշողութիւններ են պէտք. երեխան պարզել է ձեռքերը. ուզում է մատներով շոշոփել բառերը: Լաւ կը լինէր՝ օրէնք ընդունուէր՝ օրուայ երեք ժամը տրամադրել գիրք կարդալուն, բայց սրանով կ՛ոտնահարուեն մարդկանց հիմնարար ազատութիւնները, եւ նրանք կ՛ապստանբեն, սակայն հարկաւոր է գոնէ վարչական պատիժ սահմանել այն անձանց համար, ովքեր անխնայ ոչնչացնում են գրքերը, այրում են վառարաններում, օգտագործում են զուգարաններում, էջերը փռում են ուտելիքի տակ, համերգ դիտելիս նստում են կազմին: Գրքերը կը ճանապարհեն մարդկանց գերեզմանատուն: Նրանք կը պահպանեն մեր յիշողութիւնները եւ կը լինեն ապրած զգացողութիւնների «trumpet»ները. «չէ որ մենք ապրել եւ զգացել ենք»՝ կը հաստատեն նրանք եւ յետոյ գրադարակներում համբերատար կը սպասեն նոր աչքերի: Դու գրքերի կողմից ես, ուզում ես պաշտպան կանգնել նրանց: Գրքերի խեղճութիւնը մտահոգում է քեզ»:

Ինչպի՞ս գրող է Արամ Պաչեանը:

Աշխարհին ու մարդկանց կաղապարուած լուծումներ ու բանաձեւեր չի առաջարկում նրա գրականութիւնը, եւ ոչ էլ՝ բարձրացրած հարցերին պատասխանների ուղղութիւններ ու կողմնորոշումներ: Լուծումներն ու պատասխանները կարելի է գտնել նրա բարձրացրած հարցերի խորքում, ներկայացուած երեւոյթների ընդերքում: Իսկ հաշուի առնելով այն իրողութիւնը, որ գրողը, արուեստագէտը, իր շրջապատի, իր միջավայրի հարազատ արտայայտութիւնն է եւ նրա ստեղծագործութիւններում արտացոլւում են այդ միջավայրի բարի ու չար, գեղանի ու անգեղ, ուրախ ու տխուր, յուսադիր ու յուսազուրկ երեւոյթները, ընթերցողին է մնում եզրակացնել, որ Արամ Պաչեանի գրականութիւնը յոռետեսական շերտաւորում չունի, որ նրա մօտ խորապէս զգալի է շրջապատի ազդեցութիւնը, ինչը երբեմն ներկայացւում է մռայլութեան ստուերներով ու անփայլ պատկերներով: Ահա թէ ինչու, նրա գրականութեան մէջ աշխարհի ամենաանցաւ մահը համարւում է տխրութիւնը: Այնուամենայնիւ, ինչպէս նշում է «Ռոբինզոն» պատմուածքում, Արամ Պաչեանը յուսալոյս հեռանկարով է նայում ապագային:

«Ծանր սրտով հեռացայ կղզուց, տէր իմ, յետոյ եղայ բազմաթիւ այլ կղզիներում, որոնք չէին տարբերւում միմիանցից, ամէն տեղ մարդիկ էին, ովքեր պատերազմում էին տխրութեան դէմ, իսկ ամենասարսափելին մինչեւ տիեզերք հասնող աղմուկն էր, որի ներքոյ սովորել էին հանգիստ ննջել: Մի տեղ չկայ աշխարհում, որ նաւակ պատրաստեմ ու գամ քո հետեւից, գիտեմ՝ տարիներով անհամբեր սպասում ես, հաւատով, որ մի օր թակելու եմ պատուհանդ: Ես դեռ յոյսս չեմ կորցրել: Հարցերը մտահոգիչ են. ես ամէն օր աղօթում եմ քո խաղաղութեան համար: Տէր իմ, յուսով եմ՝ հանդիպման ժամը մօտ է, դու պատրաստ պահիր անհրաժեշտ սնդուկները: Գրկում եմ քեզ»:

Նշենք, որ նրա գրական երիտասարդ վաստակը 2009ին գնահատուել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակով, նոյն տարին արժանացել է «Նարցիս» գրական-գեղարուեստական մշակութային հանդէսի եւ Հայաստանի Գրողների Միութեան «Գրեթեր»չ երիտասարդական պարբերականի մրցանակներին: 2008ին եւս «Գրեթերթ»ը մրցանակով էր գնահատել Պաչեանի արձակ ստեղծագործութիւնները:

Հայրենի գրականութեան երիտասարդացման հարազատ արտայայտութիւնն է Արամ Պաչեանը, որի իմացական աշխարհը ակնյայտօրէն ձեւաւորուել է Հայաստանի անկախացումից յետոյ: Այլ խօսքով, վերջին երկտասնամեակի գրական հունձքի ներկայացուցիչներից է 28ամեայ Արամ Պաչեանը, որի գրական վաստակն ու արգասիքը դեռ առջեւում են:

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ


Աղբյուր`http://www.idefacto.am/page.php?section=7

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1337 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արամ Պաչյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0