Ուրբաթ, 26.04.2024, 21:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Գրիգոր Լուսավորչի կերպարն արվեստում
16:39
Գրիգոր Լուսավորչի կերպարն արվեստում
Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորչի կերպարը բավականին խորհրդավոր եւ ինքնին հակասական է: Նրա շուրջը բազմաթիվ ավանդություններ են հյուսվել, մասնավորապեսՙ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» էջերում տեղ գտած Խոր վիրապում փակված լինելու մասին առասպելը: Հասարակության լայն շրջաններում Լուսավորչին ճանաչում են` որպես Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակած հայոց առաջին հայրապետ: Ավերածությունների եւ հեթանոսական մշակութային արժեքների ոչնչացման գործում մի շարք ուսումնասիրողներ հակված են հիմնական պատճառ համարելու Լուսավորչի սխալ քաղաքականությունը: Նման տրամադրվածությամբ կան որոշ աշխատություններ, որոնց շարքում կարելի է հիշել Լեւոն Սողոմոնյանի` Լոս Անջելեսում հրատարակված «Գրիգոր Լուսավորի՞չ, թե՞ Խավարիչ» գիրքը: Այնուհանդերձ, Գրիգոր Լուսավորչի կերպարը չափազանց ուշագրավ է` որպես գիտական հետազոտության լուրջ նյութ:

Լուսավորչի առաջին պատկերները հանդիպում են պատկերամարտի ճգնաժամի ավարտից հետո. երբ ձեռնարկվեց Կ.Պոլսի Ս. Սոֆիայի նկարազարդումը խճանկարներով, նրա երկու գմբեթների ներքին մասում պատկերվեցին եկեղեցու մի շարք հայրերի դիմանկարներ: Գրիգոր Լուսավորչի դիմանկարը եղել է հարավային գմբեթի վրա. վերջինիս տակ եղած հին հունարեն մակագրությունը «ԳՐԻԳՈՐԻՍ ՀԱՅ» է, որը վերականգնված այսպես է. «ԳՐԻԳՈՐԻՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ»: Այս դիմանկարի ոճը շատ նման է Գրիգոր Նազիանզացու քարոզների ձեռագրում արված եպիսկոպոսների դիմանկարներին:

Շնորհիվ Սիմեոն Մատենագրի Հայսմավուրքի ժողովրդականության, որտեղ սեղմ վերապատմված է Ագաթանգեղոսի գիրքը, մեծ ճանաչում գտավ Ս.Գրիգորի վարքը: Նա պատկերվել է 11-րդ դարի Սալոնիկի Պանագիա քաղկեդոնական եկեղեցում` իր երեք անվանակիցների հետ` Տիրամոր եւ երկու հրեշտակներից ներքեւ: Լուսավորչին տեսնում ենք Փոկիսի Ս.Ղուկաս տաճարում (11-րդ դար), Կ.Պոլսի մի մատուռում (14-րդ դար), Բուլղարիայի Զեմենի վանքում (14-րդ դար), Ռումինիայի բազմաթիվ եկեղեցիներում եւ այլուր:

Գրիգորի դիմանկարները զարդարել են Վարք-Սրբոցներն ու Հայսմավուրքները, որոնցից հնագույնը Վասիլ Երկրորդի Հայսմավուրքն է. այստեղ Լուսավորիչը պատկերված է ճոխ, սյունազարդ անդաստակի առջեւ, մի ձեռքով բռնել է Ավետարանը, մյուսով օրհնում է: Գրիգորի պատկերը տեսնում ենք Օքսֆորդի գրադարանի, Վիեննայի, Բրիտանական թանգարանի Հայսմավուրքներում, ինչպես նաեւ Բրիտանական թանգարանի 1066թ. Գիրք Սաղմոսացում:

13-րդ դարում (1215թ.) Լուսավորչին հանդիպում ենք Անիի` Տիգրան Հոնենցի կառուցած Ս.Գրիգոր եկեղեցու որմնանկարներում, որտեղ արտացոլված է նրա ողջ վարքաբանությունը :

Լուսավորչի պաշտամունքը վաղուց եղել է նաեւ Ռուսաստանում: Մոսկվայի Կարմիր հրապարակի կենտրոնում Վասիլի Երանելու տաճարի համալիրում ավելի քան հինգ դար կանգնած է Հայոց Գրիգորի եկեղեցին ( ): Այն կառուցվել է Իվան Ահեղի (1530-1584) հրովարտակով` ի երախտագիտություն Կազանի թաթարական խանության դեմ պատերազմում հայ թնդանոթաձիգների անձնազոհության: Եկեղեցում առկա է Լուսավորչի` ողջ հասակով մեծ սրբապատկերը, որի շուրջ կան նրա կյանքի տասնվեց դրվագ ներկայացնող տեսարաններ: Լուսավորչի սրբապատկերներ կան Կրեմլի Ավետման եւ Սպասկու տաճարներում, ինչպես նաեւ Պսկովի, Ռոստովի, Կոլոմնայի եւ այլ քաղաքների եկեղեցիներում: Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարում են Լուսավորչի որմնանկարները:

Հայ եկեղեցին Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը: Նրան անվանում են «Հայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսավորիչ Հայոց»ՙ Թադեոս եւ Բարթողիմեոս առաքյալներից հետո, իսկ հայոց հավատքը կոչվում է «Լուսավորչի լույս հավատք»:

Նրա մասին հորինվել են բազմաթիվ երգեր, շարականներ, ներբողներ, տաղեր. օրինակ` Լուսավորչին հայտնի ներբող է ձոնել ընդհանրական եկեղեցու մեծ հայրերից Հովհան Ոսկեբերանը:

Հարկ է նշել, որ Լուսավորչին նվիրված տաղ-ներբողներում, որոնց հեղինակները միջնադարյան հայ տաղերգուներն են, նա հանդես է գալիս որպես Պտղաբեր կենաց ծառ կամ Հավատո աղբյուր, հաճախ էլ` որպես Բարեխոս մեղսավոր մարդկության համար Աստծո առջեւ կամ Քրիստոսի առաջ: Ինչպես գիտենք, Բարեխոսի գործառույթ ուներ Հովհաննես Մկրտիչը, որը միջնադարյան քրիստոնեական արվեստում (որմնանկար, մանրանկար, քանդակ) եղել է Դեհիսուսի կամ Բարեխոսության տեսարանի կենտրոնական ֆիգուրներից մեկը: Փաստորեն, այս պարագայում Լուսավորչի եւ Հովհաննես Մկրտչի կերպարային խորհրդաբանությունը կրկին նույնանում է:

Գրիգոր Լուսավորչին ներբողներ են նվիրել միջնադարյան մեր տաղերգուները: Դրանցից առավել հայտնի են Հովհանես Պլուզ Երզնկացու «Այսօր զուարճացած», Պաղտասար Դպրի «Առ Ս. Գրիգոր Լուսաւորիչ», «Արմատ ճշմարիտ» տաղերը, որտեղ նրան են վերագրվում ոչ միայն հոգեւոր գերագույն հովվի, այլեւ նույնիսկ պանդուխտներին հայրենիք վերադարձնողի, հայրենի հավատին բերողի գործառույթներ:

Սյսպիսով, Լուսավորչի պատկերագրությունը մեծ տարածում էր գտել բյուզանդական, հունական եւ, ընդհանուր առմամբ, համաքրիստոնեական արվեստում: Ինչ վերաբերում է հայ արվեստին, ապա կարող ենք ասել, որ, ըստ էության, Լուսավորչին պատկերող վաղագույն նմուշներից մեկը Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու բարձրաքանդակն է (915-921թթ.):

Ավելի ուշ շրջանին վերաբերող Ճաշոցներում ու Հայսմավուրքներում Լուսավորչի պատկերատիպը որոշակիորեն կանոնիկ տեսք է ստանում: Հայսմավուրքներում նա մյուս սրբերի հետ միասին հայտնվում է լուսանցքներում` հայրապետական հանդերձներով ու Ավետարանով, հաճախ` օրհնող դիրքով: Գոյություն ունեն նաեւ առանձին վարքաբանությունների նկարազարդումներ, որտեղ Լուսավորչին տեսնում ենք բազմաֆիգուր հորինվածքներում` Տրդատի, հայոց արքունիքի անդամների, ինչպես նաեւ հունական ու լատինական եկեղեցու սրբերի հետ: Որոշ դեպքերում Գրիգորը ներկայանում է Էջմիածնի Մայր տաճարի ֆոնին, երբեմն էլ նրա դիմահայաց, խոշոր ֆիգուրն ուղեկցվում է շրջանակում զետեղված, իր կյանքից դրվագներ պատկերող տեսարաններով: Բազմաթիվ են Լուսավորչի պատկերները հայկական եկեղեցական հանդերձների` մասնավորապես խույրերի կամ փակեղների, արտախուրակների, շուրջառների կամ նափորտների վրա, Լուսավորչին կարող ենք տեսնել նաեւ հայկական եկեղեցական վարագույրների վրա ներկայացվող Հայաստանի քրիստոնեացման եւ Էջմիածնի հիմնադրման պատմության առանձին դրվագներում: Հայոց առաջին հայրապետը հաճախ է պատկերվել սրբապատկերներում եւ սրվակների վրա` Տրդատին, Խոսրովիդուխտին եւ արքունի մյուս անդամներին մկրտելիս :

Կարեւոր է այն հանգամանքը, որ Լուսավորիչը, հասկանալի պատճառներով ընկալվելով որպես Հովհաննես Մկրտիչ հայերի համար, եկեղեցական պարագաների, զանազան մասնատուփերի (Խոտակերաց Ս. Նշան) վրա եւ գործվածքներում ինքն է պատկերվել Տիրամոր եւ մանկան կողքին` հաճախ փոխարինելով Մկրտչին կամ էլ նրա հետ միասին` Ս.Մարիամի կամ Քրիստոսի երկու կողմերում:

Գրիգոր Լուսավորչի կերպարը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հայ գեղանկարիչների համար նաեւ 18-20-րդ դարերում: Հիշատակման են արժանի Վարդգես Սուրենյանցի ստեղծած «Գրիգոր Լուսավորիչ» կտավը, որը դեռեւս միջնադարյան արվեստի դրոշմն է կրում, Հովհաննես Այվազովսկու կերտած «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» աշխատանքը եւ այլն: Լուսավորչին ներկայացնող աշխատանք է ունեցել Եղիշե Թադեւոսյանը. կտավն ընծայվել է Ղազարոս Աղայանին:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011073009

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1841 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գրիգոր Լուսավորիչ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0