Ուրբաթ, 26.04.2024, 14:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Հանդիսավոր երեկո` նվիրված Վիլեն Գալստյանի 70-ամյակին
18:05
Հանդիսավոր երեկո` նվիրված Վիլեն Գալստյանի 70-ամյակին
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 23-ին տեղի ունեցավ անվանի բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների ոսկե մեդալակիր, բեմադրիչ Վիլեն Գալստյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո: Չնայած նրան, որ հոբելյանական երեկոները մեզանում տարածված են, այս մեկը հենց սկզբից տարբերվեց իր դասական պարի հագեցած ծրագրով ու հետաքրքիր մոտեցմամբ: Ի զարմանս հանդիսատեսի' երեկոյի ո՛չ ընթացքում, ո՛չ ավարտին չհնչեցին հոբելյարի հասցեին ուղղված շնորհավորանքներ ու մաղթանքներ, փոխարենը ներկաները հրաշալի առիթ ունեցան դիտելու Վիլեն Գալստյանի բեմադրությամբ տեսարաններ հանրահայտ բալետներից, ինչպես նաեւ նրա ստեղծագործական բեղմնավոր ուղու մասին պատմող փոքրիկ տեսանյութեր եւ ֆոտոշարքեր: Երեկոյի ընթացքում իր կատարողական արվեստով եւ պարային վարպետությամբ փայլեց Վիլեն Գալստյանի որդին' Դավիթ Գալստյանը, վերջինս համերգային ծրագրում պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ հանդես եկավ որպես մենակատար' «Դոն Քիշոթ» եւ այլ բալետներում: Հոբելյանական համերգի ընթացքում մենակատարների հետ ելույթ ունեցան օպերային թատրոնի բալետային խումբը' Պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտության ներքո: Նվագախմբի դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Վիլեն Գալստյանին շնորհավորելու էր եկել նաեւ դուստրը' բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհի լավագույն թատրոնների մեներգչուհի Ջուլետ Գալստյանը, ում անկրկնելի ձայնն ու դերասանական վարպետությունն անտարբեր չթողեցին հայ հանդիսատեսին:

Հոբելյարին իր կատարումը նվիրեց նաեւ Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ, տենոր Գեղամ Գրիգորյանը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու տեսարաններ նաեւ «Սպարտակ», «Տրիստան եւ Իզոլդա», ինչպես նաեւ համերգային ծրագրի վերջում «Գայանե» բալետներից: Երեկոյի ժամանակ թեեւ բարեմաղթանքներ չհնչեցին, սակայն Վիլեն Գալստյանին շնորհավորական նամակներ եւ ուղերձներ էին հղել' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայ եւ օտարազգի անվանի արվեստագետներ աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում' Յուրի Գրիգարովիչը, Վլադիմիր Վասիլյեվը եւ այլք:

Վիլեն Գալստյանի կոչումների շարքը կարելի է երկար թվել, սակայն պետք է նշել, որ նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այս տարվա մայիսին իր 70-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Համերգային ծրագրի ընթացքում Վիլեն Գալստյանին Պարարվեստի գործիչների միության կողմից շնորվեց «Վանուշ Խանամիրյան» շքանշանը' ստեղծագործական բուռն գործունեության եւ պարարվեստում ունեցած իր մեծ ավանդի համար: Պետք է նշել նաեւ, որ բացի Պարարվեստի ուսումնարանում դասավանդելուց, Վիլեն Գալստյանը տասը տարի է, ինչ գլխավորում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Բալետի ռեժիսորություն» բաժինը:

Հոբելյանական երեկոյի ավարտին աշխարահռչակ համերգասրահներում իր պարը ներկայացրած բալետմայստերի հայտնվելը բեմում իսկական խանդավառություն առաջացրեց դահլիճում. նրա տաղանդավոր աշակերտներին ու նրան հանդիսատեսը ծափահարում էր հոտնկայս:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659437/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 909 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վիլեն Գալստյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0