Ուրբաթ, 19.04.2024, 17:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Հայագիտությունը ծանր կորուստ կրեց. վախճանվեց Պարույր Մուրադյանը
14:36
Հայագիտությունը ծանր կորուստ կրեց. վախճանվեց Պարույր Մուրադյանը
Պարույր Մուրադյան
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 79-րդ տարում վախճանվեց ականավոր հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մամբրեի Մուրադյանը:

Պ. Մուրադյանը ծնվել է 1933 թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո /հայ. Փապար/ գյուղում: 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան /պարսկական/ բաժինը: 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով: 1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում: 1970 թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1976 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, որտեղ հիմնադրել և գլխավորել է Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը: 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով: 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր: 1991/92 ուսումնական տարում Կովկասագիտության դասընթաց է վարել Գերմանիայում (Տրիրի համալսարան): 2002-2003 թթ. դասավանդել է Հ. Աճառյանի անվան համալսարանում: Պ. Մուրադյանը, երկար տարիներ դասավանդելով Երևանի պետական համալսարանում, աճեցրել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ:

Նշանակալի է պրոֆ. Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում:

Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն» հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը:

Մնայուն և գիտական մեծարժեք հետազոտություններ են «Armeno-Georgica» մատենաշարով հրապարակված Պ. Մուրադյանի մենագրությունները՝ Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Վրաստանի հայերեն արձանագրությունները (2 հատոր), Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները:

Պ. Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն՝ ավելի քան 300 տպագիր աշխատություն:

Նրա ուսումնասիրություներին հատուկ է գիտական հիմնավորվածությունը, առաջադրվող եզրակացությունների թարմությունն ու համարձակությունը, գիտական նորույթը: Պրոֆ. Պ. Մուրադյանի գիտական գործունեությանը բնութագրական է գիտական հետևողականությունը և ուսումնասիրության խնդիրների լայն շրջանակի ընդգրկումը: Նա ծավալել է գիտակազմակերպչական ակտիվ գործունեություն, մեծ վաստակ ունի ինչպես հայագիտական նոր ուսումնասիրությունների ծրագրավորման, նոր կադրերի ստեղծման, այնպես էլ անվանի հայագետ գիտնականների վաստակի գնահատման ու նորովի ներկայացման, հայագիտական նոր հրապարակումների ու շարքերի ստեղծման ու խմբագրման ասպարեզներում:

Պ. Մուրադյանը կազմել ու խմբագրել է «Կովկաս և Բյուզանդիա», Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրություններ, կազմել և հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Լ. Խաչիկյան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Երվանդ Տեր-Մինասյան, Մկրտիչ Ներսիսյան և այլք):

Պրոֆ. Պ. Մուրադյանը եղել է գիտական, գիտամեթոդական ու խմբագրական մի շարք խորհուրդների անդամ: Գիտական զեկուցումներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում, Հայաստանում կազմակերպել է «Քրիստոնյա Արևելք» միջազգային գիտաժողովը և հրատարակել նրա նյութերը:

Պ. Մուրադյանը բազմիցս արձագանքել է նաև պատմության կեղծարարություններին և պարբերական մամուլի ու գիտական հանդեսների էջերում բազմիցս հանդես է եկել սուր գրախոսություններով:

Պատմական գիտությունների դոկտոր, Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի դափնեկիր պրոֆ. Պարույր Մամբրեի Մուրադյանը պատմա-բանասիրական լայն ընդգրկում ունեցող գիտնական էր, որը խոր հետք է թողել Հայաստանում Կովկասագիտության ձևավորման ու զարգացման բնագավառում:

Նա դեռևս շատ անելիքներ և մեծ ծրագրեր ուներ իրականացնելու:

Պարույր Մուրադյանի՝ անխոնջ գգիտնականի և բարի մարդու հիշատակը թանկ ու անմոռաց է հայագետների, բազմաթիվ գործընկերների, աշակերտների, ինչպես նաև Հայաստանի ողջ մտավորականության համար:
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 18:00-ին:

Հուղարկավորությունը՝ հուլիսի 23-ին, ժամը 14:00-ին:

Հասցեն՝ Երևան, Գյուլիքեխվյան փողոց, շենք 3, բնակարան 34 /3-րդ մուտք, 5-րդ հարկ:


ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27437.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 745 | Ավելացրեց: admin | Տեգեր: Պարույր Մուրադյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0