Ուրբաթ, 26.04.2024, 00:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » "Հայաստանն այլեւս Հայաստան է, ամուր է, չի կարող ձուլվել"
16:27
"Հայաստանն այլեւս Հայաստան է, ամուր է, չի կարող ձուլվել"
Ժիրայր Փափազյան
Report.am-ի զրուցակիցը ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանն է: Ծնվել է Եգիպտոսում: Ուսանել է Խորհրդային Հայաստանում: Բնակվել է ԱՄՆ-ում: Ներկայում ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում` Փարիզում:

- Պարո'ն Փափազյան, պատմե'ք խնդրեմ ֆրանսահայ համայնքի մասին, մշակութային կյանքի, արդյոք ֆրանսահայ համայնքն օգնո՞ւմ է տեղի հայ մտավորականներին:

- Համայնքից հույս չկա, ընդամենը 1 տոկոսով են օգնում մտավորականներին: Ես միշտ կարծում էի, որ մենք` հայերս, Փարիզում կամ Լոնդոնում ապրելով` մի քիչ կմշակվենք եւ կզարգանանք մշակույթի նկատմամբ, բայց տեսնում եմ, որ մնում ենք մեր ավանդույթներ մեջ, որը, ի դեպ,"հայապահպանում" ենք անվանում: Գիտեք,  Փարիզի որեւէ թատրոնի դահլիճում 4 հայ հազիվ կգտնես:

- Ֆրանսահայ շատ մտավորականներ, հատկապես բեմադրիչներ, գալիս եւ Հայաստանում հայտարարում են, որ իրենք, իրենց ներկայացրած արվեստը մեծ գնահատականների է արժանանում Ֆրանսիայում, իրենց գործերը հաջողություններ են արձանագրում…

- Եկեք ջութակի կոնցերտը չհամեմատենք ռոք համերգի հետ: Ձեր ասած բեմադրիչները բուլվարային ժանրի արվեստագետներ են: Ֆրանսահայերը նրանց ներկայացումներին հաճախում են, որ առօրյա կենցաղային զվարճալիքների ականատեսը լինեն: Բայց, օրինակ, "Կարինե" օպերետը ոչ մի ֆրանսահայի չի հետաքրքրում: Չեմ ասում, թե մեկը մյուսից լավն է, սխալ չհասկանաք, ամեն ինչ իր տեղն ունի, բայց ինձ համար վատն  այն է, որ Սփյուռքում մշակույթ չկա, չի մնացել: Աղավաղվել ենք, կորել ենք, օտարացել ենք:

- Բարերարներին, մեկենասներին չի՞ հետաքրքրում մեր ազգային մշակույթը:

- Միայն Ցեղասպանությունը: Այդ թեմայով տարեկան 4 անգամ կոնֆերանս է կազմակերպվում եւ վերջ: Ուրիշ ոչնչի համար փող չկա: Կամ էլ, եթե հայկական մշակութային միությունները շատ են ցանկանում, ապա անվճար, հասարակական հիմունքներով պետք է անեն որեւէ միջոցառում: Իսկ անվճար` նշանակում է սիրողական, եթե ոչ անորակ, ապա հաստատ միջակ գործ, որով չես կարող միջազգային հանրությանը ներկայանալ: Որեւէ նորմալ դերասանի համար օրական մինչեւ 300 եվրո պետք է վճարես` պետական հարկեր, աշխատավարձ: Դե, հաշվեք, թե մեկ ներկայացման մեջ քանի դերասան է զբաղվում: Ֆրանսահայ հարուստներն աղքատացել են, բարեգործական միությունները մերժում են` ասելով. "Ես Հայաստանում եկեղեցի եմ կառուցում կամ ես Ղարաբաղում ջրագիծ եմ անցկացնում":

- Դժգո՞հ եք, որ Հայաստանին են օգնում: Այլ հարց է` այդ օգնությունը տեղ հասնո՞ւմ է, նպատակին ծառայո՞ւմ է:

- Դժգոհ չեմ, ճիշտ են անում, լավ են անում, բայց ավելի ճի՞շտ չէ` 1 տոկոս կամ 5 տոկոս կողք դնեն` Սփյուռքի մշակույթի համար, մնացածն ուղարկեն Հայաստան: Այսպիսի համեմատություն կանեմ. եթե մարդը երկրորդ երեխան է ունենում, առաջինին պետք է քաղցա՞ծ պահի: Ոչ, պետք է երկուսին էլ սնել: Այն օրից, երբ եղավ երկրաշարժը, ապա Ղարաբաղյան պատերազմը, սկսվեցին Սփյուռքի դպրոցների, ակումբների, թերթերի փակումը: Փողերն ավարտվեցին: Աստված մի արասցե, եթե վաղը մի բան լինի Հայաստանում, մենք կունենա՞նք նույն` երկրորդ ճակատ ունենալու բախտավորությունը: Կասկածում եմ: Այսօր մենք ոսկե ձու ածող հավն ենք սպանում` Սփյուռքը: Չգիտեմ` ինչ եղավ ուղեղների մեջ, որ այսպիսին դարձան, երեւի ամերիկյան կապիտալիստական սկզբունքները յուրացրեցին` լավ է եւ պետք է զարգացնել միայն այն, ինչն այս պահին շահ է բերում:

- Գալիս-գնում եք Հայաստան: Ի՞նչ կասեք հայաստանյան մշակույթի մասին: Զարգացում, աճ նկատվո՞ւմ է:

- Մի քանի գործեր, որ տեսա, ինձ դրդեցին մտածել, թե լավն են, բայց ուսումնասիրելով` հասկացա, որ 70-ականների ոճից եւ մտածողությունից առաջ չեն անցնում: Երիտասարդները սկսել են շարժվել, լավ կլինի: Ցավոք, թատրոնում դեռ չեմ տեսնում աճ, զարգացում, նորարարություններ: Հնարավոր է` սխալվում եմ, գուցե ամեն ինչ էլ կա, պարզապես ես չեմ տեսել:

- Հայաստանյան մշակույթի զարգացման ի՞նչ տարբերակներ կառաջարկեք:

- Միջազգային կապեր ստեղծելը եւ դրանց հենվելը լավ տարբերակ է: Կարեւոր է մարդկանց հետ շփումը, վարպետության դասերի մասնակցելը, կարեւոր է նաեւ լեզուներ իմանալը: Պետք չէ մնալ եւ զարգանալ միայն մեր երկրում, որտեղ, շեշտեմ, կա վիթխարի մշակույթ: Ինտերնետը, արբանյակային հեռուստաալիքներն այսօր այնպիսի դռներ են բացում արվեստագետի, արվեստասերի առջեւ, որ առաջվա պես անհրաժեշտություն չկա աշխարհով մեկ ճամփորդելու: Ստացվում է` զարգանալու համար ցանկություն է հարկավոր: Եվ նշեմ, որ չպետք է վախենալ կոսմոպոլիտ լինելուց, Հայաստանն այլեւս Հայաստան է, ամուր է, չի կարող ձուլվել:

- Ձեզ ի՞նչ է տալիս հայ դերասան լինելը կամ ի՞նչ է խլում Ձեզանից:

- Ի՞նչ է տալիս` չգիտեմ… Սփյուռքում հայ դերասան լինելն իմ հայերենն է խլում ինձանից` ֆրանսերենով, անգլերենով եմ դերերս կերտում…

- Կարողանո՞ւմ եք պահպանել հայկական դիմագիծը: Կամ փորձո՞ւմ եք դա անել:

- Չեմ փորձում, կարիք չկա, մեկ է, մեջս հայը կա, եւ նրանք զգում են: Նաեւ այդ պատճառով է, որ հավանում են, սիրում են, ուզում են աշխատել ինձ հետ: Բեմադրիչ Իրինա Բրուքը մի առիթով ասաց, որ հայի տեմպերամենտը սազում է Շեքսպիրի գործերին: Նա շեշտը դնում էր ոչ թե զուտ հայի տեմպերամենտի վրա, այլ որ դա ուրիշ տեմպերամենտ է:

- Այսօր ամենից շատ Ձեզ ի՞նչ է պակասում:

- Փող, շատ փող: Որ իմ որակյալ ծրագրերը կարողանամ իրագործել` հայկական մշակույթն ի ցույց դնելով աշխարհին: Շատ փող լինի, կարող եմ Պլասիդո Դոմինգոյին էլ գործի դնել:

- Ծնվել եք Եգիպտոսում, բնակվել եք ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Իսկ հնարավո՞ր է  բնակության գաք Հայաստան:

- Բնակավայրերիցս Սովետական Միությունը չնշեցիք: Ես ապրել եմ նաեւ մի երկրում, որն այլեւս չկա: Պարադների եմ մասնակցել, լոզունգներ գոռացել. "Կեցցե ՍՍՀՄ"-ը: Ի՞նչ ասեմ: Ես էլ Սփյուռքի հայերի պես հորդորեմ` մեռնեմ, ինձ հայրենիքում կթաղեք…

- Իսկ մինչ մեռնե՞լը:

- Ինձ համար անհրաժեշտ բան է կոսմոպոլիտ շրջանակի մեջ ապրելը, այդպիսի տեղ է Փարիզը: Երեւի նաեւ այդպիսին են Նյու Յորքը եւ Լոնդոնը: Իմ ժամանակ կոսմոպոլիտ երկիր էր Եգիպտոսը, որը հիմա դարձել է արաբական երկիր: Ես չեմ կարող Երեւանում ապրել` նեղ հայկական միջավայրում:

- Այստեղ Դուք ազգային փոքրամասնություն չեք լինի…

- Թերեւս: Բայց կզգացվի, չէ՞, որ հայաստանցի չեմ:

- Ամուրի եք. հնարավո՞ր է` հայ կին ընտրեք:

- Լավ կլինի` հայուհի լինի: Չեմ կարող պատկերացնել, օրինակ, տուն մտնեմ եւ ֆրանսուհի կնոջս ասեմ. "Բայց մենք ինչ ապուշ ազգ ենք": Նա ինձ չի հասկանա: Այ, եթե նա հայուհի լինի, արագ կարձագանքի. "Այո', ճիշտ ես ասում":

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Աղբյուր`http://www.report.am/news/culture/jora-papazyan-rejisor-harcazruyc.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 871 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Ժիրայր Փափազյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0