Ուրբաթ, 19.04.2024, 13:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Հայրենիք
16:23
Հայրենիք
Ալեքսանդր Թամանյան
Երբ խոսքը վերաբերում է հայ ժողովուրդին, այնքան մտածումներ, խոհեր, ապրումներ կան եւ ասելիքներ կան, որ առանց խճճվելու չեմ կարողանում միանգամից կենտրոնանալ ասելիքիս վրա: Եվ սակայն մի տեղից պետք է սկսել:

Մտածում եմ, որ հայերը շնորհքով մարդիկ են, արժանիՙ հարգանքի եւ լավ վերաբերմունքի: Անթերի չեն, կրնան սխալական ըլլալ: Ո՞վ սխալական չէ: Անսխալականը Աստվածն է միայն, ասում են: Եվ այստեղ հիշում եմ մեր սքանչելի հայուն խոսքը անգլերենով: Ասում էՙ Հայ, ուր ալ որ ըլլաս, պոռա Հայաստան: Մենք, ասում է, պակաս լավ չենք անգլոսաքսոններից եւ ուրիշներից, երբեմն ալՙ ավելի լավ ենք նրանցից...

Առայժմ մի կողմ թողնենք հայ ժողովուրդի հնության հարցը: Գիտեմ, որ նախ եւ առաջ հայերը դպրոցասեր ազգ են, շատ ընդունակ ուսման մեջ: Դեռ հայերս չենք ունեցել մեծ մարդ, մեծ մտածող, որու մտքերը կարողանային անցնել Հայաստանի սահմաններից հեռուները (ինչպես, ասենքՙ Սոկրատես, կամ Քրիստոս), կամ չենք ունեցել ուրիշ տեսակ մեծ մարդ, որը ազդեցություն գործած ըլլար ամբողջ մարդկության վրա: Օրինակՙ Էդիսոնը, որ ստեղծած է էլեկտրալամպը: Այնշտայնը, որի անունը ավելի է ծանոթ, ասում էՙ փոխանակ ինձ փառաբանելու, փառաբանեցեք Սիֆոնին, որ Անգլիան (մարդկությունը) փրկեց գարշահոտությունից...

Անշուշտ որ գիտության զարգացումը մարդկությունը պարտական է հանճարեղ գիտնականներուն, որոնց նպատակը եղած է անշուշտ օգնել մարդկության, բայց դժբախտաբար հաճախ գիտնականները հոնք սարքելու տեղ աչք են հանում: Գիտնականները գիտեին անշուշտ, որ իրենց ընտրած ուղին տանում էր ուղիղ դժոխքՙ Հիրոշիմա: Ասում են, մարդը տարբերվում է անասուններից իր որոշում առնելու կարողությամբ, բայց ի՞նչ որոշում է առնում մարդը: Մարդս կարող է մի բան որոշել, հաշվել, չափել, ձեւել տասը անգամ եւ ի կատար ածել իր որոշումը, ատեն մը ուրախանալ իր ստեղծածովը, եւ հետո պարզվի, որ իր ստեղծածը միայն օգտակար չէ, այլ նաեւ սխալ: Բնությունը մարդուն ստեղծել է խելքով, բայց կարծես ավելի շատ մարդուն ձեռ առնելու համար: Եթե Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով, ավելի ճիշտ կըլլա ասել, որ ստեղծել է իր ծաղրանկարը: Ավելի շփոթված եւ խճճված, քան թե մարդը, չկա: Բայց մարդը ի՞նչ անի: Բնությունը այդպես է ստեղծել մարդուն:

***

Հայերս գոյություն ունինք հազարավոր տարիներ մեր բնօրրանին մեջ: Եղել ենք նստակյաց եւ քաղաքակիրթ ժողովուրդ եւ մեր գոյությունը պահպանել ենք առանց ուրիշին ստեղծածը կողոպտելու, այլ մեր ճակատի քրտինքով: Եղել ենք հողագործ, մանավանդ, եւ տիրապետել ենք արհեստներուՙ ստեղծելով գործիքներ, որ պետք էր մարդուս տարբեր գործերու համար եւ մարդուս կյանքը հեշտացնելու համար: Ունեցել ենք նաեւ առեւտուր մեր հարեւան եւ նույնիսկ մեր երկրից հեռու բնակավայրերի հետ: Երկար դարեր մեր հարեւանները եղել են քաղաքակիրթ, նստակյաց ժողովուրդներ, որոնց հետ հարեւանությունը օգտակար է եղել փոխադարձաբար: Նրանք, մանավանդ, եղել են պարսիկներըՙ արեւելքից, արեւմուտքիցՙ հելլենները, հարավիցՙ փառապանծ Միջագետքի ժողովուրդները, մինչեւ Եգիպտոս: Դժբախտաբար չենք աճել եւ բազմացել, իբրեւ ժողովուրդ, փոքր ենք եղել եւ մնացել (այսօր էլ մնում ենք փոքր): Անկասկած այդ վիճակին համար մենք պետք է ունեցած ըլլանք եւ այսօր ալ ունենք մեր պատասխանատվության բաժինը: Անշուշտ ավելի վատ մեզի համար: Որովհետեւ փոքր ըլլալը միայն վնաս է փոքրին... Որոշ ուշացումով, համեմատած մեր շուրջի երկիրներուն, եղել ենք ավելի հետամնաց, եւ ուրիշներից ուշ ենք ստեղծել մեր այբուբենը եւ գրականությունը: Բայց վերջապես, շնորհիվ Մեսրոպ Մաշտոց վարդապետի, երբ ունեցանք մեր այբուբենը, Հայաստանում անմիջապես դպրոցներ բացվեցին, ընդունակ երախաները դարձան գրաճանաչ, եւ մի քանի տասնամյակներու ընթացքին հայերը ստեղծեցին թարգմանական եւ ինքնուրույն գրականություն, որ կոչվեցավ Ոսկեդար, որը ըստ պրոֆեսոր Հրաչյա Աճառյանի իր նմանը չունեցավ հետագային: Բայց կարեւորըՙ ստեղծվել էին հայերեն լեզվի տառերը, որոնք պիտի հանդիսանային իսկական զրահըՙ մեր հոգին պաշտպանող, մեր մայրական բարբառի տարածքը ոտնձգություն անողներու դեմ...

Ո՜վ մեծասքանչ դու լեզու

Ո՜վ դու բարբառ մայրական,

Քաղցրահնչուն տառերուդ,

Նման արդեօք այլ տեղ կա՞ն...

(Ներողամիտ եղեք զեղումներուս...)

Անշուշտ, մինչեւ 20-րդ դարը, երբ հայությունը զոհ գնաց պատմության ամենամեծ ոճիրինՙ Թուրքիո իթթիհատական պետության կողմե, քաղաքակիրթ կոչված դավաճան պետություններու օրհնությամբ: Կարծեք հայ ազգի վերջը եկել էր, մնում էր մեկ միլիոն հայերուն էլ մաքրելՙ նախկին ցարական կայսրության ծայրամասում ծվարած: Եվ ահավասիկ բոլշեւիկները, միանալով իթթիհատական Քեմալին, հարձակվեցին մանուկ հայկական Առաջին Հանրապետության վրաՙ Միացյալ, Ազատ, Անկախ Հայաստանիՙ 1918 մայիս 28-ին ստեղծված: Նորից հազարավոր հայեր կոտորվեցին եւ ցիրուցան եղան: Գրեթե ոչնչացրին հայ ազգը:

Հակառակ օտարի բռնության տակ գտնվելունՙ հայերը միշտ էլ շարունակել են ստեղծել եւ կառուցել, եւ աշխատել են վերականգնելու իրենց անկախ պետականությունը: Որովհետեւ, ի հեճուկս մեր հայ ազգի ֆիզիկական ոչնչացման, հայ հոգին չի այլասերվել, մնացել է անխաթար: Այդ հոգին է, որ վերցրել է օտար զավթիչին դեմ դիմադրության պայքարի դրոշը եւ կռիվ է տվել: Այս հոդվածիս հիմնական նպատակն է խոսել այդ դիմադրական շարժման մի ղեկավարի մասին, որուն պայքարի ձեւը իր նմանը չունի բռնապետության դեմ մղվող ազատագրական պայքարներու պատմության մեջ:

Բռնապետը չի բավարարվում իր ճորտին ֆիզիկականը օգտագործելով իրեն համար, չարաչար աշխատցնելով, նաեւ ուզում է նրան իբրեւ տեսակ ոչնչացնել, նրան ամբողջությամբ յուրացնել, նրան իրեն պես դարձնել, նրա գեներն ալ յուրացնել: Ճորտը պիտի որ չխոսի իր մայրենի լեզվով, նա պիտի չհիշի իր պատմությունը, պետք է մոռանա իր նախնիներու մասին, նա իր կրոնը եւ աստծուն պետք է որ մոռանա: Այո, հիշեցի այս պահուս հրաշալի Այթմատովի մանկուրտը: Ճորտը, անշուշտ, ֆիզիկապես տկար է եւ ի վիճակի չէ ֆիզիկապես դիմադրելու, դատապարտված է պարտության եւ ոչնչացումի, բայց մարդը նաեւ ունի հոգի եւ, ինչպես ասում են, չի ուզում հոգին կորցնել, հոգին ծախել: Կա, եղել է չհանձնվելու որոշումը, այսինքն այնքան ժամանակ, որ կրնա կռվելՙ կռվելու որոշումը: Մեր պատմության մեջ ունենք գոնե մի անգամ այդ տեսակ որոշում առած հային հաղթանակի մասին հիշողություն: Հզոր Պարսկաստանի դեմ դարավոր կռվի ժամանակ հիշատակվում է Նվարսակի հաշտության դաշինքըՙ պարսից կողմե խնդրված Վահան Մամիկոնյանին, որ տարիներ շարունակ զենքը ձեռքին պայքարում էր, ահագին կորուստներից հետո շարունակում էր կռվել, երբ իր մոտ մնացել էին ընդամենը 40 հոգի, եւ շարունակում էր պարսկական բանակներուն չթողնել հանգիստ շունչ քաշել: Վերջը պարսիկները ընդունեցին իրենց պարտությունը եւ ընդունելով Վահան Մամիկոնյանի թելադրած պայմանները հաշտության դաշինք կնքեցին հայերուս հետ: Ահավասիկ մեր պատմության մեծագույն հերոսը, որը ոչ թե միայն քաջ էր, այլ նաեւ գիտեր կռվել: Ոչ թե մեր Արծրունի եւ Բագրատունի թուլամորթ իշխաններուն նման, որոնք լքելով իրենց երկիրը նախընտրեցին հեռանալ իրենց երկրից, հայրենիքից եւ օտարության մեջ, չամաչելով օտարի ողորմությանը ապավինել, իրենց մեղք գոյությունը քարշ տալ օտարի երկրում: Մի քիչ շեղվեցի նյութիցս:

Պայքարը թշնամիին դեմ ֆիզիկական չէ միայն, պայքարը մանավանդ հոգեւոր է: Զինվորականը չէ, որ կռվում է, այլ կռվում է հոգեւորականը, հոգեւոր կյանքը: Առանց հիշողության մարդ արդեն կմեռնի.

Եւ յիշատակս ալ թառամի,

Ո՜հ, այն ատեն ես կը մեռնիմ...

հուշում է 20-ամյա բանաստեղծ Պետրոս Դուրյանը մահվան անկողինում:

Հայը իր լեզուն պետք է պաշտպանի, եւ պաշտպանե իր երգը: Կոմիտաս վարդապետն է ասումՙ եթե հայ մարդը մոռնա իր երգը, կկորչի, պետք է ամեն գնով պաշտպանել իր երգը: Ինչո՞ւ վարդապետը գրեց իր աստվածային երգերը: Որ մենք մանկուց սորվինք այդ երգերը: «Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված...», «Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս...»: «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ինչո՞ւ համար գրեց Եղիշե Չարենցը: Որ եթե զինք սպանեն, իր երգը մնար: Ինքը զոհվեց, իր երգը արգելվեց, մի քանի սերունդ իր երգը թաքցվում էր: Բայց մի օր նորից դուրս ժայթքեց իր պահարանից, եւ Չարենցը հարություն առավ: Ամեն հայ մանուկին պետք է սորվեցնել Կոմիտասի «Կռունկը» եւ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

Երբ բանաստեղծը մեռնում է, երբ մանավանդ զինքը սպանում են, եւ մի ժամանակ անց ընթերցողը գիրքը բացում է, բանաստեղծը հարություն է առնում: Այնքան ատեն, որ բանաստեղծին գործը կա, նա ինչպե՞ս կարող է մահանալ: Քրիստոսը եւ բանաստեղծը Աստուծո զավակներն են: Նրանք հարություն չե՞ն առնում, չե՞ն համբառնում...

Վերջապես ուզում եմ գալ բուն ասելիքիս, եւ ահավասիկ հայոց դիմադրության շարժման ամենաքաջ ղեկավարներեն մեկը, որ ես հռչակում եմ հայ ազգի փառք ու պատիվը, հայ ազգի հերոսը, Ալեքսանդր Թամանյանը, որ իր պայքարին համար բանաստեղծություն չի գրել, երգ ալ չի նվիրել հայ ժողովուրդին, մանիֆեստներ չի գրել, միտինգներ չի կազմակերպել, տեռորիստական խումբեր չի ղեկավարել: Եվ ահավասիկ ճարտարապետը նախագծել եւ կառուցել է մի կառույցՙ Կառավարական տունը, որի նման հոգեւոր կառույց, բուն հայ հոգին իր մեջ խտացնող, հայոց ազատության երգը երգող, հայոց ազատության եւ անկախության երազը իր մեջ պահող... Եթե մարդը հոգի ունի, եթե ազգը հոգի ունի, ուրեմն այդ հոգին պետք էր տեսանելի եւ շոշափելի դարձնել, եւ ահավասիկ եկավ այն հայը, որ այդ հոգին պետք է տեսանելի դարձներ ոչ թե միայն իր հայրենակիցներուն, պետք է տեսանելի դարձներ օտարին, մանավանդ լենինյան բոլշեւիկ ռուսին: Բոլշեւիկ ճարտարապետները սովետական մի գլուխգործոց տվին մարդկության, եւ դա էլ Լենինի դամբարանն է: Թող դրանով էլ հպարտանան, ուրիշ բան չունեն:

Դրանից ավելի հուժկու պատասխան չէր կրնար ըլլալ բռնապետին, նրանից ավելի ուժեղ չէր կրնար ստեղծվել Հայաստանի հողին վրա, ուր եկել եւ տեղավորվել էր օտարը, թշնամին, եւ այն «դեբիլ» բոլշեւիկ ղեկավարը իր գաղափարաբանությամբ եւ իր մարդատյացությամբ ուզում էր ոչնչացնել ազգերը, իր քիթին տակ Թամանյանը կառուցում էր ամենանացիոնալիստական շենքը Հայոց մայրաքաղաքին մեջՙ Կառավարական տունը:

Եվ ահավասիկ, 20-րդ դարուն, երբ հայ ազգը հասել էր կորստյան եզրին, երբ երկու միլիոն հայեր արմատախիլ էին եղել իրենց բնօրրանից եւ ոչնչացվել, երբ երեւի մի միլիոն էլ հայ չէր մնացել իր բնօրրանում (Ռուսահայաստանում), երբ իր բնօրրանը նորից թշնամի պետության կալվածն էր դարձել, երբ երկրին մեջ տիրում էր մարդկության պատմության ամենահրեշավոր դաժան, սադիստական, մարդատյաց եւ մանավանդ ազգատյաց բոլշեւիկյան ռեժիմը, Հայաստան է ժամանում, Մոսկվայի իր հանգիստ բնակարանը եւ ապրուստը թողած, մի նշանավոր ճարտարապետ, իմանալով, որ իր երկիրը աղքատության եւ հիվանդություններու ճիրաններուն մեջ գոյության կենաց եւ մահու պայքար է մղում, հետամնաց նախկին ցարական կայսրության մի ծայրագավառ, ուր կա մի քաղաք, որը ընդամենը մի փողոց է, Աստաֆյան փողոց, որ հետագային կոչվելու է Աբովյանի անվան: Անշուշտ կրնաք հարց տալ, որՙ ճարտարապետը այդ հետամնաց եւ թշվառ երկրի մեջ ի՞նչ անելու կարող կրնար ըլլար: Այստեղ է հայկական հրաշքը եւ այստեղ է հայկական հերոսությունը, որովհետեւ հայը մահամերձ ամենաշատ կարիք ունի դիմադրելու զինքը ոչնչացնել որոշած թշնամիին:

Եվ ահավասիկ Ալեքսանդր Թամանյանը եկել էր օգնելու իր ազգինՙ դիմակայելու թշնամուն: Ինքը հավատացած էր, որ հայերը պետք է ունենային ժամանակակից, մանավանդ, հայկական քաղաք: Ճիշտ է, Սովետական Հայաստանը ճորտատիրական բոլշեւիկյան կայսրության մեկ ծայրամասն էր, բայց Թամանյանը մեկ տեսակ քաղաք գիտեր կառուցելՙ Անկախ Հայաստանի պետության մայրաքաղաքը: Նաեւ չէ՞ որ Թամանյանը միայն ճարտարապետ չէր, այլ նաեւ տեսանող էր, եւ ինքը, երեւի միայն ինքը, տեսնում էր, որ Հայաստանի անկախությունը շատ ալ հեռու չէ, շուտով գալու է: Ուրեմն շատ ժամանակ չունի ինքը: Մի վայրկյան անգամ կորցնելու ժամանակ չունի: Նաեւՙ եկել էր իր ստեղծագործության աստեղային ժամանակը: Նա իբրեւ հայ երազել էր դառնալ աշխարհի մեծագույն ճարտարապետներեն մեկը, քանի որ իր նախնիները ստեղծել էին Հռիփսիմենՙ մարդկության ստեղծած ամենակատարյալ եւ սքանչելի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Դարերու ընդմիջումեն հետո ինքը շատ լավ հասկացավ, որ ընդհատված հայ ճարտարապետության վերածնունդը պիտի սկսվի ոչ թե եկեղեցիներ կառուցելով, այլ անկախ, ազատագրված Հայաստանի նոր մայրաքաղաքի գլխավոր նոր հատակագծով եւ մանավանդ Անկախ Հայաստանի պետության նոր կառավարական տունով: Հռիփսիմեից հետո շարունակել եկեղեցի կառուցելՙ անհեթեթ բան էր: (Եթե հայերը քրիստոնյա են, արդեն կառուցված եւ կանգուն մնացած եկեղեցիները լրիվ կրնան բավարարել հավատացյալին պահանջը...):

Իր համերկրացի Ալեքսանդր Մյասնիկյանը իրեն էր սպասում. մի օր էլ կարելի չէր հետաձգել գործըՙ ավերակ հայրենիքը կառուցել... Սարյանը ընտանիքով տեղափոխվել էր Երեւան: Թորամանյանը Անիում հավաքած չափագրություններով Երեւանում իրեն է սպասում գրկաբաց: Իր երիտասարդական ընկերները, արդեն ազդեցիկ պետական այրեր, ոգի ի բռին աշխատում էին վերականգնել կորած հայկական պետականությունը: Խեղճ հայ ժողովուրդ, խեղճ Մյասնիկյան, ինչպե՞ս իմանար, որ իր բոլշեւիկ ընկերները զինք օդանավից վայր էին շպրտելու, իսկ իր հաջորդինՙ երիտասարդ Խանջյանին, ստորաբար սպաննելու Բերիայի աշխատասենյակում: Խեղճ հայ ժողովուրդ: Ամեն ինչ իրար էր խառնվել... Իսկ Թամանյանը եկել էր օգնելու իր ժողովուրդին: Արցունքները կուլ տալովՙ գիշեր-ցերեկ աշխատում էր: Եվ ստեղծվեցան 20-րդ դարում հայկական նոր ճարտարապետության գլուխգործոցներըՙ Երեւան մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը եւ Կառավարական տունը:

Սկսում էր մեր պատմության երջանիկ տասնամյակը: Անգամ մըն ալ հայ ազգը կրցավ ոտի կանգնել: Սարյանը նկարեց իր կյանքի նկարըՙ «Հայաստան» նկարըՙ համաշխարհային նկարչության գլուխգործոցներից, կենսասիրության եւ ապրելու ուրախության նվիրված հիմն: Կյանքի հիմնը: Բարության եւ ստեղծագործության աստուծույն նվիրված պատարագ:

Եվ ահավասիկ Մահը քնից զարթել էր: Արդեն 37 թիվն էր: Մահը նոր զոհեր էր պահանջում...

Երեւի դարերով ապրելով ճորտության մեջ, հայերը սկսել էին մոռանալ իրենց հայրենիքը, չտեսնել իրենց հայրենիքը: Բայց կային նաեւ մարդիկ, որոնց ազգը ծնում էր, որ իրենց հայրենակիցներուն «աչքերը բանային», որպեսզի մարդիկ տեսնեն իրենց հայրենիքը եւ պաշտպանեն իրենց հայրենիքը: Թամանյանը եւ Սարյանը այդ մարդկանցից էին, որոնք եկել էին մահաքնի մեջ եղող իրենց ազգը արթնացնելու:

Կներեք, գիտեմ, որ ինծի համար ալ պարզ չէՙ ի՞նչ է մարդը, ո՞վ է մարդը, ուզածը ի՞նչ է վերջ ի վերջո: Մարդիկ կարո՞ղ են ապրել իրարու հետ սիրով, համերաշխությամբ: Երեւի շատ դժվար է: Երեւի անհնար է: Ապրելու մի ձեւ կաՙ ապրել սիրով, այսինքն որեւէ բան չանել ստիպված, ամեն ինչ անել սիրով, չանել որեւէ բան ստիպողականության տակ: Հնարավո՞ր բան է, որ ամեն մարդ կարենա իր կյանքը սիրելով ապրել, անել միայն իր սիրած բաները, որեւէ բան չանել ակամա: Չէ, հնարավոր չէ, կարծեմ... Որովհետեւ կան նաեւ մարդիկ, որոնք սիրում են իրենց ենթարկել, ստրկացնել, տիրապետել եւ բռնանալ, իշխել: Այնպես որ մարդս գնում է դեպի ոչնչացում: Մարդը պիտի ոչնչանա: Ինքն իրեն պիտի ոչնչացնի: Ինքը իրեն նմանները ոչնչացնելով:

20-րդ դարը հայ ազգին օրհասական դարը չէր միայն, այլ նաեւ մարդկության: 20-րդ դարում ստեղծվեցավ Սովետական Միություն ըսված մարդկության համար մահացու ապականված տարածությունը: Ստեղծվեցավ պետություն մը, ուր տիրողը վախն էր: Սովետական ռեժիմը ստեղծողները գտել էին մի չլսված-չտեսնված մարդկային հարաբերության միջոց: Կարծեմ, ամեն պետություն մտահոգված է երկրին մեջ տիրող մարդկանց համերաշխության վիճակից, եւ ահավասիկ, պատմության մեջ ստեղծվեցավ մի պետություն, որ գտավ «լավագույն սոսինձը» մարդկանց իրարու հետ միացնող: Ամբողջ հասարակությունը իրար զոդելու միջոցը: Դա էր սովետական ռեժիմին միակ հաջողությունը: Այլեւս մարդիկ իրար հետ կապված էին վախով, բոլորը իրարից վախում էին, բոլորը իրար մեջ տեսնում էին մատնիչներ, «ժողովրդի թշնամի», հայրենիքի դավաճան, հակառակորդ...

Մեր հերոսները չէին կարող չնկատել, որ ոչ թե իրենց ազգակիցներն էին մահվան վտանգի մեջ, այլ իրենք մանավանդ... Ալեքսանդր Թամանյանը նախագծում էր մի կառավարական տուն, որը մի բառով կարող ենք որակել հայկական... ամենահայկական, ազգային... Ինչպե՞ս պատահեց, որ Թամանյանի եւ Սարյանի գլուխը չկերան: Դա էլ մի հրաշք էր, դժբախտ ժողովուրդին ամենամեծ բախտավորությունը...

Թամանյանը Հայաստանում գործեց 13 տարի եւ ուժասպառ հանգեց: Բայց ինքը մնում է, ըստ իս, ամենամեծ հայ մշակույթի գործիչը: Մեծերու մեջ մեծագույնը: Հայրենասերներու մեջ ամենահայրենասերը եւ հայ ազգի ազատագրության համար մղվող պայքարի մեծագույն հայ առաջնորդը:

Եթե Թամանյանը Կառավարական տունը կառուցած չըլլար, այնտեղ պիտի ըլլար Հյուսիսային պողոտայի շարունակությունը: Դա է այսօրվա հային ուզածըՙ էլիտա՜ր շենքեր: Ինչի՞ համար են պահում Կառավարական տունը: Շուտով այդ շենքին վրա ալ մի քանի հարկ կբարձրացնեն եւ ամեն բան տեղը կընկնի...

Ինչպես ասացի, Թամանյանը Հայաստանում գործեց 13 տարի, կարծեմ մահացավ երբ 57 տարեկան էր ընդամենը: Ամենաանտանելին այն է, որ վերջին հարյուր-հարյուր հիսուն տարիներու ընթացքին քանի՞ հայ մտավորական ունեցանք, որոնք ապրեցան մինչեւ ծերություն եւ կարողացան իրականացնել իրենց ստեղծագործական մտահղացումները եւ ծրագրերը... Դուրյան, Մեծարենցՙ 20-21 տարեկան, Չարենց, Բակունցՙ 40 տարեկան, Մինասՙ 47 տարեկան, Կալենցՙ 57 տարեկան... բոլորը լիքը հանճարով... Կրնա՞նք հաշվել այն ահավոր կորուստը, որ ունեցել է հայու հոգին: Հիվանդություն, բանտ, աքսոր, սպանություն, անհանգիստ կյանք... Ոչ ալ հանգիստ մահ: Գալով Թամանյանինՙ նա մեր բոլոր ստեղծագործողներուն ամենադժբախտը եղավ: Ոչ թե միայն աշխատանքին մեջ ուժասպառ եղավ, այլ ամենասարսափելինՙ իր ստեղծագործությունը պղծվեցավ:

Ամենաբծախնդիր եւ կատարյալ ստեղծագործող, որուն կառույցներեն ոչ մեկը իրականացավ այնպես, ինչպես ինքը պիտի ուզեր տեսնել: Կիսատ-պռատ: Ճարտարապետ չեմ, ոչ ալ մասնագետ, բայց գիտեմ, որ մեր այսօրվան անկախության հրապարակը ոչ մի կապ ունի իր նախագծած հրապարակին հետ: Հետեւաբար, իրենից հետո ձեւափոխված հրապարակը շրջափակող կառույցներն ալ խորթ են իր մտածողության, մանավանդ Մարկ Գրիգորյանի Պետական պատկերասրահի շենքը կարող ենք կոչել ռեւանշիստական (ֆաշիստական): Ողորմելին ոչ թե միայն պղծել է Թամանյանի Երեւանի գլխավոր հատակագիծը, այլ իր հրապարակին վրա դրավ ամենազզվելի կառույցներեն մեկըՙ պատկերասրահի շենքը: Պարզ էր, որ երազել էր Թամանյանի Կառավարական տունը դուրս հրել հրապարակից... այլանդակումով Հյուսիսային պողոտայի, որ ըստ Թամանյանի Կառավարական տունը, հրապարակը եւ Օպերայի շենքը պետք էր որ իրարու կապվեին, եւ մենք ունենալու էինք մեր Պարթենոնը հազար տարվա համար... Ո՞ւր է Օղակաձեւ այգին, որ պիտի ըլլար երեւանցիներու ուրախության պարտեզը... Ողորմելի ազգ, ինչո՞ւ ես ծնում Թամանյաններ, եթե ծնելու ես Թամանյանի դահիճներին:

Թամանյանը, բարեբախտաբար, ունեցավ հետեւորդներ, որոնք կառուցեցին իրենց վարպետին հանդեպ մեծագույն հարգանքով: Երեւանում ցրված են այդ ոգով կառույցները, լավագույն օրինակըՙ մեր Կենտրոնական շուկան (ճարտ.ՙ Աղաբաբյան), որ իսկական արժեք մըն է անկասկած եւ պատիվ բերող մեծ վարպետի հիշատակին: Կկարծեմ, որ դժբախտաբար հաջորդ սերունդի ճարտարապետները չգնահատեցին Թամանյանի գործը շարունակողներ կոչվելու իրենց վերապահված պատիվը: Եվ նախընտրեցին եվրոպական կամ ամերիկյան ճարտարապետական «ժուռնալներուն» մեջ գտնել իրենց ներշնչման աղբյուրը: Մինչդեռ Թամանյանի գտած աղբյուրի ջուրը այսօր ալ շարունակում է հոսքը: Եվ ահավասիկ այսօր մենք ունենք Հյուսիսային պողոտան իր հարակից փողոցներով եւ կառույցներով, եւ տակավին վերջը չի երեւում Թամանյանի գործը պղծելուն:

Մեկ բան դժվար է հասկանալ, որՙ ինչպե՞ս ազգի մեջ այսքան իրարամերժ երեւույթներ կրնան հայտնվել, մեկըՙ կառուցելու եւ ստեղծագործելու հանճարով, մյուսն ալՙ ստեղծվածը ապականելու եւ ոչնչացնելու մոլուցքով: Շատ դժվար է բացատրություն մը գտնել, երեւի պիտի մտածեմ, որ հայ ազգը կարծեք պատանի մնացած է, լրիվ չի կայացած: Մի պահ արվեստը մի կողմ թողնենք: Ճիշտի եւ սխալի հարցը, հանցավորի եւ անմեղի հարցը, «հանցագործ» պատժելու հարցը... Եթե հանցագործները, որոնք անհատին եւ հասարակությանը վնաս են պատճառում, չեն պատժվելու, հապա հանցագործությունը ինչպե՞ս պիտի չշարունակվի...

Երեւի թե Երկիր մոլորակի վրա չկա մի տեղ, ուր մարդիկ կապրին առանց հանցագործության, առանց օրենքը խախտելու... Հայն ալ երեւի մտածում է, որՙ ի՞նչ տարբերություն շատի ու քիչի, մեծ ու փոքր հանցանքի մեջ: Հանցանքս ո՞րն է, հապա ընկերությունը, ծանոթությունը, ախպերությունը ո՞ր օրվա համար են:

Այս մտածմունքներե վերջ շարունակելը անիմաստ է: Բայց ես իբրեւ հայ մարդ ունեմ գանգատներ իմ ժողովուրդես: Վերջը, մարդս ուզում է մեկու մը առաջ սիրտը բանալ... Ո՞ւմ... Ախր ես կյանքիս գրեթե կեսը ապրել եմ օտարության մեջ, ինչպես ուրիշ շատ հայեր: Օտար երկրներում էլՙ Եգիպտոս, Ֆրանսիա, կային հանցագործներ, օրենքը խախտողներ, բայց նրանք մեզի համար օտարներ էին: Միշտ օտարն էր հանցագործը, հայերը հանցագործներ չէին: Չեմ հիշում, Եգիպտոսում կամ Ֆրանսիայի մեջ իմացած ըլլալ բանտում նստած հայու մասին: Հայրենիքում դա պատկերացնել անհնար էր: Երբ հասանք սովետական երկիր, շատ շուտով մեզի ծանոթացրին «հարգարժան» մարդկանց, որոնք բանտ նստած էին եղել, մեկ խոսքովՙ խուժան: Ասում էին հարգանքովՙ նստած մարդ է: Իսկ Սովետական Միությունում քանի միլիոն մարդ (ասում ենՙ 60 միլիոն) նստած եւ մահացած էին իբրեւ ժողովուրդի (իմաՙ սովետական կարգերու) թշնամի: Փառք Աստուծո, մի սուրբ փրկվեց մարդասպան ռեժիմի ճանկերիցՙ Սերգեյ Փարաջանովը, որը եթե բանտ չնստեր եւ ստեղծագործեր, անշուշտ ավելի երկար պիտի ապրեր...

Ի՞նչ ասես պետության մը, որի գրեթե ամբողջ բնակչությունը էլեկտրական հաշվիչներուն կեր էր տալիս եւ խարդախում տվյալները: Է~, այնքան տարածված էր, որ ումի՞ց զզվեիր: Մանավանդ որ, մեկ է, հանցագործը չէր պատժվում... Բայց իմ խոսքս ուրիշ տեսակ հանցագործության մը մասին է, որ ընդհանրապես հանցանք չի նկատվում, բայց վնասարարություն մըն է, ես այդպես եմ հասկանում, մեր մշակույթին հանդեպ: Օրինակ, դժգոհա՞ծ կամ ընդվզա՞ծ էինք, երբ առաջին անգամ նկատեցինք, որ անկախ Հայաստանի` Ալեքսանդր Թամանյանի կառուցած տուֆակերտ եւ հայկական քաղաքի խանութներու վրա խանութպանները կախում են անգլերեն ցուցանակներ: Ձեր տունը շինվի, մի՞թե Երկիր մոլորակի բնակիչները այնքան լավ իմանում էին Հայաստանի տեղը եւ անհամբեր սպասում էին, որ սահմանները բացվեն եւ իրենք խուժեն Հայաստանի խանութները գնումներ անելու... Ամբողջ Երեւանի խանութները սպասում են օտար հաճախորդներուն, կարծես Երեւանը նախկին անգլիական գաղութի մը քաղաքը ըլլա: Չեմ գիտեր, այս իրողությունը հայերը նկատո՞ւմ են իբրեւ իրենց մշակույթին ուղղված ագրեսիա: Չի երեւում: Մի ուրիշ օրինակ էլ մեր գերեզմաններուն այսօրվա վիճակը: Գերեզմանն ալ հայկական քաղաք է, մեր մահացած հարազատների քաղաքը: Բայց չէ՞ որ դարերու ընթացքին հայերը ունեցել են իրենց հասկացողությամբ, իրենց ճաշակով գերեզմաններ, տապանաքարեր, երբեմն նույն իսկ խաչքարեր: Դա դարերու ընթացքին ձեւավորված ճաշակի, հայ մարդու հոգու արտահայտությունն էր: Հայկական գերեզմանատունն իր մեջ չուներ որեւէ չարագուշակ բան: Գյուղին կպած, բնակավայրին կպած: Բնակիչներու մի մասի բնակարանները հողին վրա էին, մյուս մասըՙ հողին տակ: Եվ ահավասիկ քանի տարի ի վեր Հայաստանի գերեզմանները բոլորովին կորցրել են իրենց ազգային դիմագիծը: Ո՞ր այլանդակը, ով գիտե, մի օր էլ գերեզմանի վրա մի քար դրեց փայլեցրած, մուգ գույնի, եւ վրան դաջեց մի լուսանկար: Ոչ մի կասկած չկա, որ հեղինակը օտար էր: Եվ ահավասիկ հայ քարագործների գլխին սկսան տեղալ պատվերները... Եվ ահավասիկ օտարամուտ այդ ձեւը, այդ անծանոթ մանրէն համաճարակի պես վարակեց ամբողջ Հայաստանի գերեզմանները: Կարծես թարախոտ պալարներ ըլլան այդ գերեզմանաքարերը: Կարո՞ղ ես դժգոհություն հայտնել, ո՞ւմ, թե՞ ուզում ես դանակով կողդ ծակեն: Հապա գերեզմանատուներու ճանապարհներու վաճառքը... գերեզմանատներում ճանապարհներ չեն մնացել: Այս գործով զբաղվողնե՞րն էլ անծանոթ են: Հապա գերեզմաններում ծախվող հողակտորները... Էս ի՞նչ առք ու վաճառք է, էս ի՞նչ շուկայական հարաբերություն է:

Անշուշտ տուրիստները, մանավանդ հայ, իրենց զարմանքն են հայտնում, ինչպես ասում են, ի տես ռեստորաններու եւ կաֆեներու բազմության (լիքը) եւ ավտոներու առատության (թանկարժեք): Մարդիկ տեսնում են Հայաստանի հայ ժողովուրդի վիճակը եւ ուրախանում են: Ի՞նչ անենք, որ չեն իմանում, թե քանի գյուղ կա, ուր խմելու եւ լվացվելու ջուրը դույլերով են կրում հայ կանայք կողքի գետից: Ավելի լավ չէ՞, որ այդքանն ալ չիմանան մեր պանդուխտ հայրենակիցները, ի՞նչ է, իրենց ուտելիք մի պատառ հացը հարամե՞նք...

Մի քանի խոսք ալ, քանի սկսել եմ, հայերեն խոսքի եւ երգի մասին: Հայտնվել են արական եւ իգական «սեքսի» հաղորդավարներ, եւ պարզ տեսնում ենք, որ իր սեքսականությունը մի տեղ ուզում է արժեւորել: Բայց նորաթուխ հայ շոու-բիզնեսի աստղերի երգածը ի՞նչ է: Մեկ էլ մի տղամարդ է հայտնվում բեմում, սկսում է երգել: Եվ միկրոֆոնը ձեռքին սկսում է միկրոֆոնին մեջ փսփսալ, մրմնջել, շշնջալՙ երգում է: Մեկ էլ հայտնվում է իգական սեռը, հանկարծ ճչոցներ, գոռում-գոչյուն, կնոջական հիստերիաՙ երգում է... Ուզում է ցույց տալ, որ ապրումներու մեջ է... Մանավանդ, ի՞նչ են երգումՙ չես գիտեր: Միայն թե գիտես, որ այդ երգը չես կարող սորվիլ, եւ այստեղ ես հիշում եմ Սայաթ-Նովան: Չե՞ս ասի` ցավդ տանեմ, Սայաթ-Նովա: Փառք Աստուծո, որ ինքն այսօր էլ կա: Հաճելի երգիչներ կան, որոնք նվաճել են ունկնդիրին սիրտը, մանավանդ կանանց: Բայց իսկապես համակրելի երգիչներ կան:

Այստեղ ես հիշեցի, քանի որ անգլերեն երգող հայ երգիչներու մասին է խոսքը, նախկին նշանավոր ֆուտբոլիստ երգիչը, որը, գիտենք, համաշխարհային համբավի է տիրացել եւ իրավամբ ես մեծ հաճույքով եմ զինքը մտիկ անում: Մի անգամ իր «իմպրեսարիոն» գաղափար կունենա, որ համերգներ կազմակերպեն մի նշանավոր ամերիկացի երգիչի հետ համատեղ (անունը չեմ հիշում), համերգՙ երկու համաշխարհային համբավի երգիչներու կատարմամբ: Երբ ամերիկացի երգիչին կարծիքը ուզում են իմանալ, ամերիկացի երգիչը ասում է, որ ինքը այդ անունով անգլերեն երգող երգիչի ծանոթ չէ, մի խոսքովՙ Իգլեսիասը երգել չի իմանում.... Եվ դրանից հետո Իգլեսիասը տասը տարի տքնաջան պարապում է, որպեսզի «սովորի» անգլերեն երգել... Անշուշտ հայ երգիչները կրնան երթալ Միացյալ Նահանգներ, անգլերեն երգել Հայաստանեն փախած հայ հասարակության համար:

Արդեն լսողությունս տկարացած է եւ ստիպված հաճախ հարցնում եմ, ասում եմ կնոջսՙ Մարի, ի՞նչ լեզվով են երգումՙ հայերե՞ն, թե՞ անգլերեն... Անշուշտ, երբեմն հայերեն է դուրս գալիս, երբեմն ալ անգլերեն...

Մի քիչ ալ շարունակեմ, ալ չեմ մտածում, որ` Հակոբը հոդվածս ընդունելո՞ւ է, թե՞ ոչ: Շատ երկարեց: Ճարս ինչ է: Մի հիվանդության մասին էլ կուզեմ գրել, որ կոչում եմ հայկական հիվանդություն, բնածին հայկական հիվանդություն եւ ուրեմն անբուժելի: Անմիջապես անցնեմ բուն նյութիս: Ճիշտ չեմ հիշում, դուք հիշո՞ւմ եք (այսինքն կարելի է ճշտել), ե՞րբ Երեւանում Օպերայի սանդուխներու հարթակին վրա երեւացին հռետորներ եւ միտինգավորների խմբեր, սկիզբը ոչ հոծ, բայց շուտով ունկնդիրներու թիվը սկսեց աճել եւ աճել: Շատ հետաքրքրական էր: Ոչ թե խոսքերը, այլ թե ինչպես սովետական Երեւանում կայանում էին այդպիսի հավաքներ: Վերջը ես ալ սկսեցի մասնակցել այդ հավաքույթներուն, եւ այստեղ, ուրեմն, հայտնաբերեցի բացառիկ հայագետ եւ հռետոր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որուն խոսքին հետեւիլը ինծի համար իրական հաճույք էր, նաեւ իր ձայնը, ֆիզիկական կերպարը, բացառիկ հմայիչ եւ ազդեցիկ անձնավորություն, որուն ազդեցությունից, չեմ կարծում, որ կարողացած ըլլան ազատվիլ իրեն համակրողները կամ զինքը ատողները, որովհետեւ գիտեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին շատ ատողներ հայտնվեցին եւ մինչ օրս էլ կան, որոնք Լեւոնին ատում էին, երբ Լեւոնը տակավին Հալեպում չէր ծնված անգամ... Սերը զոռով չըլլար: Այս հարցին մեջ պետք է տիրի լրիվ ազատություն: Մեկին կրնաս սիրել կամ չսիրել, մեկու մը կրնաս սիրել եւ հետո ալ չսիրել, կամ սկիզբեն ատել, հետո սիրել:

Ինչ որ է, վերադառնում եմ պատմությանս: Այդ հավաքները պատճառ դարձան, որ այդ ժամանակվա ամենահզոր մարդը, որն ամեն վայրկյան ուշի ուշով հետեւում էր Երեւանում կատարվածներուն, մի օր էլ լուր ուղարկեց Երեւան, որ կուզենար հյուրընկալել երկու ամենանշանավոր հայ գրողներ Զորի Բալայանին եւ Սիլվա Կապուտիկյանին: Վերջեն իմացանք, որ Գորբաչովը, այդ ժամանակվա աշխարհին ամենահզոր մարդը, ասել էր մեր պատվիրակներուն, որ ինքը համաձայն չէ Երեւանում կատարվածներուն, կողմնակից չէ հայ ցուցարարներուն, գնացեք մտածեք: Վերջը, չերկարեմ, իր հյուրերը ճամփու դնելուց առաջ հարցրել էր, թե նրանք տեղյա՞կ են, որ Ադրբեջանի սահմաններուն մեջ 350.000 հայ պատանդներ են ապրում: Հասկացողինՙ ողջույն, ասում են ֆրանսիացիները: Պարզ երեւաց, որ երեւանցիները որքան լավ էին հասկացել Գորբաչովին խոսքը: Անշուշտ, այսօր ալ շատ հայեր կանՙ հավատում են, որ Գորբաչովն էր կազմակերպել Ղարաբաղի հարցը: Դա պարզ չէ, բայց մի քանի օր հետո հայ-ռուսականՙ Սիլվա-Զորի-Գորբաչով հանդիպումեն, թուրքերը ռուսական բանակի ներկայությամբ Սումգայիթում, Կիրովաբադում եւ ավելի ուշ Բաքվում կազմակերպեցին թրքավարի հայկական կոտորածներ: Վերջը, մանրամասներ այս պահուն չեմ հիշում, սկսվեց հայերու եւ ադրբեջանցիներու մեջ ազգամիջյան պատերազմ, որ ավարտվեց հայկական բանակի ջախջախիչ հաղթանակով եւ մանավանդ Շուշի առասպելական քաղաքի նվաճումովՙ հայոց պատմության զինվորական հաղթանակների դափնեպսակը: Այստեղ արդեն ռուսները անելու գործ ունեին, կանչեցին հայերուն եւ ադրբեջանցիներուն եւ կնքվեց զինադադար: Մենք հաղթել էինք, բայց ադրբեջանցիները բնավ էլ անտեղացի չէին, կարծես պատերազմ չէր եղել եւ չէին պարտվել: Հայերը, որ հաղթել էին, սկսեցին ավելի շատ խոսել դիվանագիտական գետնի վրա էլ հաղթանակ տանելու եւ ամրապնդելու ռազմի դաշտում իրենց տարած հաղթանակը: Հայերը իրենց իրավունք էին վերապահել ոչ թե միայն ինքնավար մարզը, այլ պետք էր նաեւ, եւ դա իրենց իրավունքն էր, նախահայրերու բռնագրավված հողերն ալ ազատագրել, եւ ազատագրեցի՛ն: Հիմա խոսվում էր «դե ֆակտոն» «դե յուրեի» վերածելու մասին: Բայց էլի, կարծեք, թուրքերը անտեղացի չէին: Սուտ խուլ էին ձեւացնում, բայց մի բան պիտի արվեր: Ժամանակը իզուր անցնում էր հաղթողին համար: Կարծեք, օտար պետություններն ալ, որոնք անգղներու պես լեշի վրա պտույտ տալ գիտեն, նրանք էլ կենդանության նշաններ ցույց չէին տալիս:

Եվ այդ ժամանակ հայկական կառավարությունը հայտարարեց, որ եթե այդպես է, ինքը ազգամիջյան կոնֆլիկտը վերածելու է միջազգային կոնֆլիկտի, եւ այդպես ալ արեցին: Ես այս բաները գրում եմ հիմնվելով հիշողություններու վրա: Վերջը, հիշում եմ, որ առաջին նախագահը հոդված գրեցՙ «Պատերազմ, թե՞ խաղաղություն», այնտեղ շատ հստակ եւ տեղը տեղին ներկայացնելով միջազգային դարձած կոնֆլիկտին վիճակը եւ իր հետեւությունները, կանխագուշակությունները եւ եզրակացությունները, առաջարկությունները ներկայացուց հանրության դատին: Իր հոդվածը գրեթե արձագանք չունեցավ հայ մտավորականությանը մոտ: Ինչպես արեւմտահայերն են ասումՙ «պապանձումն Զաքարիայի», եւ նաեւ պարզվում էր կամաց-կամաց, որ Լեւոնին հանդեպ հետաքրքրությունը նվազել էր: Ավելի լավ առիթ չէր կրնար ըլլալ պետական հեղաշրջումի համար: Կյանքը իր զարգացումը ունի: Նաեւ չմոռնանք, որ երկրորդ նախագահական ընտրությունները կասկածի տեղիք էին տվել, եւ իրավացի: Սկսում էր մի նոր էջ հայոց մեր օրերու պատմության: Այս ամբողջ ըսածներուս նպատակը այն է, որ ուզում եմ հայրենակիցներուս ուշադրությունը հրավիրել այն փաստին վրա, որ հայերու հին հիվանդությունը (անբուժելի) գլուխ բարձրացրեցՙ օտար ուժերը, պետությունները հրավիրել խառնվելու մեր ներքին գործերուն, մանավանդ խցկվել մեր եւ մեր հակառակորդին միջեւ: Մանավանդ բնավ չուզենալով հիշել, որ մեր եւ մեր թշնամիին արանքը մտնելովՙ օտարները ոչ մի անգամ չեն օգնել մեզի: Ի նպաստ մեզի որեւէ գործ չեն արել: Իսկ հակառակըՙ միշտ: Մոսկվան չէ՞ր, որ երբ ճշտվում էին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները, պատմականորեն, զուտ հայկական բնակչության շրջանը տվին ադրբեջանցիներուն, իսկ Նախիջեւանը, որ սահման անգամ չուներ Ադրբեջանի հետ եւ գոնե կիսով բնակեցված էր հայերով, էլի նվիրեցին իրենց սիրելի թուրքերուն: Քրիստոնյա Ռուսաստան, քրիստոնյա Հայաստան: Վրաս գրե: Հայերը ի՞նչ կարող էին անել, հայերը թույլ էին: Ինչպե՞ս կարելի է մոռնալ 19-րդ դարի երկրորդ կեսը, երբ ստեղծվել էր «հայկական հարց» ըսված միջազգային զավեշտը: Գիշատիչ ռուսները, անգլիացիները, ֆրանսիացիները հայկական ըսված խաղաթուղթն էին խաղում սուլթան Համիդին հետ եւ «հիվանդ մարդու» մարմնից պատառներ թռցնում: Իսկ մեր ողորմելի հայերը հույսեր էին կապում օտարներու հետ եւ Համիդի երկրում գործակցում Համիդի թշնամիների հետ: Վերջը եկան երիտթուրքերը եւ ամեն հարց իր տեղը ընկավ: Թուրքերը շատ հանգիստ, ծրագրված, մի քանի ամսում դարավոր մի ժողովուրդ իր բնօրրանեն արմատախիլ արեցին եւ ոչնչացուցին, Թուրքիան մաքրեցին հայերից: Մեծ դաշնակից էին ասում, փոքր դաշնակից. երեւի ձեռ էին առնում հիմարներիս:

Ըսելիքս այն է, որ այսօր, 21-րդ դարուն, կա Ղարաբաղի հարց, ստեղծված հայերու կողմե, կա այդ հարցին միջազգայնացումը, կա ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, համանախագահներՙ ձրիակերներու խումբ, հա գնում-գալիս են: Նորից օտարները, արդեն 20 տարի է, խառնվում են մեր գործերուն, եւ մեզի սպասում է նորից պատիժ: ԵԱՀԿ-ի Մինսկի խումբ, համանախագահներ, գնալ-գալ, ձրիակեր բոզի ծնունդներ, եւ մենք կրնանք շատ հավանաբար կորցնել Ղարաբաղը եւ Ղարաբաղի հայությունը: Հայկական հիվանդությունը վերջը իր գործը տեսնելո՞ւ է կամ ոչ:

Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ ալ զբաղվում եմ քաղաքականությամբ: Մի հատ ման եկեք, տեսնենք ո՞ւր են այն հայրենասերները, որոնք ելույթներ էին ունենում 20 տարի առաջ Օպերայի հարթակում: Այո, անշուշտ, մեր ժառանգական հիվանդությունը մեկ-մեկ գլուխ պիտի բարձրացնե՞, թե՞ ոչ:

Ամեն ոչխար իր ոտից պիտի կախվի, ասում է Նոր կտակարանը:


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011062501

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 11460 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 4.2/5
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0