Ուրբաթ, 26.04.2024, 21:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » ՀՀ նախագահն այցելեց Մ. Սարյանի տուն-թանգարան (տեսանյութեր)
13:31
ՀՀ նախագահն այցելեց Մ. Սարյանի տուն-թանգարան (տեսանյութեր)
Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Նա ծանոթացավ Սարյանի ստեղծագործությունների տարբեր շրջանները ներառող հավաքածուին, թանգարանի երեք հարկերում կազմակերպված մշտական ցուցադրությանը: Հանրապետության ղեկավարը դիտեց հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են Մ. Սարյանի տուն-թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանից, Սարյանի ընտանիքի հավաքածուից 44 ստեղծագործություններ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» ցուցահանդեսը գալիս է շարունակելու երկու տարի առաջ «Լուսիկը Սարյանի մուսան» խորագրով ցուցահանդեսին: Այն ամբողջապես նվիրված էր Սարյանի տիկնոջը' Լուսիկ Սարյանին: Այս ցուցադրության մեջ ընդգրկվել են Սարյանի տարբեր տարիների կանացի դիմանկարները:

««Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» բացառիկ հետաքրքիր թեմա է, որովհետեւ Սարյանի վերաբերմունքը դեպի կինը եղել է յուրահատուկ: Երեւի թե դժվար է գտնել գեղանկարչության ասպարեզում մի այլ նկարիչ, ով այդպիսի մեծ հարգանքով է վերաբերել կնոջը»,-ասաց Ռ. Սարյանը: Նրա խոսքով' Սարյանը նախ եւ առաջ նկարել է իրեն շատ մտերիմ կանանց, բարեկամուհիներին: Ունի մոր, հարսի, թոռների, զարմիկների դիմանկարները: Դրանից բացի, Սարյանը թողել է հրաշալի պատկերաշարք, որում հայտնի կանայք են, նրանք, ովքեր իրենց գործունեությամբ տարբեր ոլորտներում' գիտության, մշակույթի, թողել են նշանակալից հետք եւ որպես անհատականություն' մեծ արժեք են իրենցից ներկայացնում:

«Սարյանին դժվար է համեմատել հայ կերպարվեստի մեր մյուս վարպետների, նկարիչների հետ, համաշխարհային առումով նա հոգեբանական դիմանկարի մեծ վարպետ է: Այն ժառանգությունը, որ նա թողել է այս ժանրում բացառիկ է: Նրա մոտ կնոջ հանդեպ սերը, հարգանքը սկսել է հենց մորից: Նա տեսնում է իր մոր օրնիբուն աշխատանքը, նրա' որպես օջախի պահապանի, որպես երջանկություն կերտողի: Նա իր մորը պատկերել է որպես սրբապատկեր»,-ասաց Ռ. Սարյանը:

Սարյանը ստեղծել է մշակույթի պատմության մեջ իրենց անջնջելի հետքը թողած դերասանուհիների' Արուս Ոսկանյանի, Հասմիկի, Տատյանա Սամոյլովայի, բանաստեղծուհիներ' Աննա Ախմատովայի, Սիլվա Կապուտիկյանի, Մարիա Պետրովիխի, երգչուհիներ' Զարա Դոլուխանովայի, Տաթեւիկ Սազանդարյանի դիմանկարները: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված են 20-րդ դարի հայտնի լուսանկարչուհի Իդա Քարի, լեզվաբան Ջուլիետա Ղարիբյանի, դերասանուհի Անդրեեւայի, բուսաբան Նորա Գաբրիելյանի, Սարյանի զարմուհու' Սեդա Բոյաջյանի, Պողոս Մակինցյանի դստեր' Անահիտի դիմանկարները:

Սարյանի ստեղծագործությունները դիտելուց հետո նախագահ Ս. Սարգսյանն առանձին հանդիպեց թանգարանի տնօրենի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Նախագահին ներկայացվեցին նաեւ թանգարանի որոշ խնդիրներ:

Ռ. Սարյանը նշեց, որ չնայած թանգարանը վերանորոգվել է «Լինսի» հիմնադրամի ծրագրով' 2001-2002 թվականներին, սակայն մնացել են բազմաթիվ հարցեր թանգարանի շենքի հետ կապված:

«Ծրագրում ենք լայնացնել թանգարանի տարածքը, մեր գերագույն երազանքն է 4-րդ հարկ ունենալը, որովհետեւ մեր դահլիճները բավական փոքր են: Եթե մենք առաձին ցուցադրության համար ունենանք մեծ դահլիճ, կկարողանանք ամեն մեր թեմատիկ ցուցահանդեսը կազմակերպելիս' չապամոնտաժել հիմնական ցուցադրությունը»,-ասաց Ռ. Սարյանը: Նրա խոսքով' Սարյանի ցուցադրության խթանումը նպաստում է նրա արվեստի հանրահռչակմանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խոսվել է այն բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր առկա են թանգարանում:

«Քննարկվող հարցերը շինարարությանն էին վերաբերում, ինչպես նաեւ թանգարանի հիմնադրման 45-ամյակը պատշաճ մակարդակով նշելուն: ՀՀ նախագահը տվեց ինձ հստակ հանձնարարականներ աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց Հ. Պողոսյանը:

Նրա խոսքով' կհրավիրվի ճարտարապետ, ով  մի շարք հարցերի հետ կապված ճարտարապետական լուծումներ առաջադրի: Ըստ նրա' նախանշվում է, որ աշխատանքները սկսվեն հենց այս տարի: Նախարարը նշեց, որ մանրակրկիտ զրույց տեղի ունեցավ, եւ յուրաքանչյուր խնդրի մասին խոսվեց հանգամանալից:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659600/







Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 907 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարտիրոս Սարյան, Սերժ Սարգսյան, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0