Երեքշաբթի, 19.03.2024, 14:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » «Ի՞ինչ է կյանքը. մարդ պիտի հիմար լինի` այդ հարցին պատասխանելու համար»
12:24
«Ի՞ինչ է կյանքը. մարդ պիտի հիմար լինի` այդ հարցին պատասխանելու համար»
Վահագն Ստամբոլցյան
Վահագն Ստամբոլցյանի հիշատակին

Կան մարդիկ, ում հետ զրուցելիս կարող ես քեզ թույլ տալ լինել ոչ այնքան խելացի: Բայց եւ ոչ այնքան հիմար, որ չկարեւորես նրանց ասած յուրաքանչյուր միտքը: Նրանց կարող ես տալ ամենաանհեթեթ թվացող հարցերն անգամ` վստահ, որ պատասխանները, միեւնույն է, կլինեն իմաստուն ու հետաքրքիր: Որովհետեւ նրանց արժեքային նշաձողն այնքան բարձր է, որ կյանքին նայում են Բախի, Հենդելի, Կոմիտասի երաժշտության բարձունքից: Նման բարձրությունից մանր ու անկարեւոր բաները չեն երեւում: Հենց նման բարձրությունից էր կյանքին նայում երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը: ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոնսերվատորիայի երգեհոնային ամբիոնի հիմնադիր...

Նրա անունը գիտեի դեռեւս դպրոցական տարիներից: Մեր դպրոցում, որն առաջ Կրուպսկայայի անունն էր կրում, հատկապես իրենց ինտելեկտով ու ինքնատիպությամբ փայլում էին երկու քույր` Սրբուհին ու Սեդան: Եվ ուսուցիչներն ունեին հիմնավորում, թե ինչու են աղջիկներն այդքան կիրթ ու խելացի` Վահագն Ստամբոլցյանի դուստրերն են:

Երբ երաժշտական դպրոցում ծանոթանում էինք Բախի, Հենդելի երաժշտությանը, երաժշտության ուսուցիչները աշակերտներին խորհուրդ էին տալիս` այս կոմպոզիտորներին ճիշտ ընկալելու համար լսել նրանց գործերը հատկապես Վահագն Ստամբոլցյանի՛ կատարմամբ:

Երբ մեկ տարի առաջ հանդիպեցի մաեստրոյին, այնքան տարօրինակ էր թվում` նրա խոսքը պտտվում էր բացառապես երաժշտության ու հատկապես Բախի երաժշտության շուրջ: Երբ պետք էր համեմատել ինչ-որ բան, համեմատության եզրը Բախն էր:

Հարցրեցի. «Մաեստրո՛, ի՞նչ էիք անելու, եթե Բախից մոտ երկու հարյուր տարի անց Մենդելսոնը չհայտնաբերեր կոմպոզիտորին, նրա երաժշտությունը: Եվ, առհասարակ, ի՞նչ կլիներ, եթե Բախի երաժշտությունը մնար աշխարհին անհայտ»: Պատասխանեց. «Եթե Բախը չլիներ, ես երաժիշտ չէի լինի: Իսկ եթե անգամ երաժիշտ լինեի, երգեհոնահար չէի լինի: Զարմանալի է. Աստված միանգամից երկու մեծ երաժիշտ է նվիրել մարդկությանը` Հենդել եւ Բախ: Նրանք են, որ ինձ համար արդարացնում են «երաժշտություն» հասկացությունը: Փոքր հասակում, երբ արդեն Բախով էի տարված, ինձ թվում էր` իմ մեջ գերմանացու արյուն կա: Չեք պատկերացնի` որքան հարազատ է ինձ գերմանական երաժշտությունը: Հետո եկա այն եզրակացության, որ երեւի Բախի մեջ կա հայկական արյուն: Քրիստոնեությունը` Բախի մեկնաբանությամբ, շա՜տ-շատ մաքուր է: Բախն ամենամեծ քրիստոնյաներից էր»: «Ի՞նչ է նշանակում` լինել քրիստոնյա»,- հարցրեցի: «Խոշոր իմաստով` այդ հարցին պատասխանել դժվարանում եմ: Եվ հետո, երեւի ես վատ քրիստոնյա եմ, որովհետեւ քրիստոնեության պատմությունը լավ չգիտեմ: Ես Աստծուն հավատում եմ, զգում եմ Արարիչ Աստծուն: Անգամ հավատում եմ, որ Քրիստոսը եղել է եւ հարություն է առել»: Երկար մտածեցի «անգամ» բառի շուրջ:

«Մարդիկ իրենց կյանքի որոշակի փուլում, ի մի բերելով անցած ուղին, որոշակի եզրակացությունների են հանգում: Դիցուք` «ամեն ինչ ունայն է» եւ այլն: Հետաքրքիր է Ձեր փիլիսոփայությունը` ի՞նչ է կյանքը Ձեզ համար»,- հարցրեցի: «Ոչ ոք այդ հարցին չի կարողացել պատասխանել,- ասաց Մաեստրոն: -Այս հարցի առաջ անզոր են անգամ մեծ փիլիսոփաները` Պլատոնը, Սոկրատեսը: Մարդ պիտի հիմար լինի, որ կարողանա պատասխանել այդ հարցին»:

«Դուք թողնում եք խաղաղ, ներդաշնակ մարդու տպավորություն: Իսկ ներքին խաղաղությունն արդյունք է, գոնե ինձ այդպես է թվում, շատ բարձր գիտակցության»,- ասացի: «Ես հավատում եմ այնպիսի բաների, որոնք թույլ են տալիս ինձ խաղաղ ապրել: Բախի երաժշտությունը փոքրուց ինձ շատ հարազատ է եղել: Շոպեն, Սկրյաբին, Ռախմանինով. նրանց երաժշտությունն ինձ թուլացնում էր: Պատկերացրե՛ք, չէի կարողանում լսել: Բայց Բախը եւ՛ ուժ էր տալիս, եւ՛ խաղաղություն... Շոպեն, Շուման. նրանց երաժշտությունը կանացի է, թույլ, լալկան: Ես ինքս նվագել եմ: Իսկ Բախն ուրիշ է...»,- ասաց նա:

«Մաեստրո՛, այնպիսի տպավորություն է, որ եթե աշխարհում Բախից, Հենդելից բացի այլ կոմպոզիտոր չլիներ, այնքան էլ չէիք տրտմի»,- հարցրեցի նրան: Վահագն Ստամբոլցյանը պատասխանեց. «Ամենախոր երաժշտությունը հոգեւոր երաժշտությունն է: Գիտե՞ք, երբ մարդիկ լեթարգիական քուն են մտնում, հետո աչքերը բացում են, մեծ մասն ասում է, որ Այնտեղի երաժշտությունը նման է Բախի, Հենդելի երաժշտությանը: Այդ երաժշտությունից, թվում է, Տիեզերքում մի նոր համաստեղություն է ստեղծվում: Այդ երաժշտությունն արդեն կար, երբ ստեղծվում էր աշխարհը: Կոմիտասն այնքան մոտ է Բախին: Որքան մարդ հանճարեղ է լինում, այնքան իր միտքը պարզ է արտահայտում: Լինի փիլիսոփա, թե` երաժիշտ: Տեսեք, Հենդելն էլ, Բախն էլ իրենց հատկապես դաշնամուրային գործերում այնքան քիչ միջոցներ են գործածել: Նույնն էլ` Կոմիտասի մոտ»:

Հայ մտավորականներից շատերը, վախեցած իրականությունից եւ հաշտված նույն այդ իրականության հետ, իշխանությունների դեմ խոսելը նպատակահարմար չեն գտնում: Մարտի մեկից հետո քչերն էին արտասանում «քաղբանտարկյալ» բառը: Վահագն Ստամբոլցյանը մի քանի անգամ ստորագրել է իշխանություններին ուղղված այն նամակների տակ, ուր խնդիր կար ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Ինչպես շատերը, կարող էր զբաղվել մի՛միայն իր մասնագիտությամբ, ցույց տալ, թե Բախի երաժշտությունից հետո այնքան էլ հաճելի չէ լսել այն ֆալշը, որ կա իրականության մեջ: Սակայն որպես իրական մտավորական` Մաեստրոն իրեն պատասխանատու էր զգում այն ամենի համար, ինչ կատարվում էր իր շուրջը:

Մենք կորցրեցինք մեր լավագույն մտավորականներից մեկին` երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանին: Լրատվամիջոցներում հայտնված լուրը, թե նրա հոգեհանգստի արարողությանը որեւէ պաշտոնյա չի մասնակցել, խոսում է մեր պետության անլրջության մասին: Վահագն Ստամբոլցյանն իրո՛ք եզակի մտավորական էր, ում պետք է փայփայեին կենդանության օրոք, ում կորուստը պիտի սգային հիմա: Սակայն չեղավ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Իզուր ...

Հ.Գ. Լսեք Վահագն Ստամբոլցյանի կատարմամբ Կոմիտասի «Խորհուրդ խորինը» եւ գուցե համոզվեք, որ այդ երաժշտությունը եղել է Տիեզերքի ստեղծումից առաջ:


Աղբյուր`http://168.am/am/articles/28588

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 890 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0