Հինգշաբթի, 18.04.2024, 19:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Իմ տեսած ծաղկե պարտեզը
20:43
Իմ տեսած ծաղկե պարտեզը
Դավիթ Բալասանյան
Զրույց կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի հետ

- Ինչպե՞ս է ստեղծվում կամ սկիզբ առնում երաժշտությունը՝ ինձ թվում է, դա կապված է գենետիկ հիշողության, փորձի վերածվող անձնական ապրումի, նաեւ պատմական փորձի տրոհումների հետ, ինչպես, օրինակ, Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան: Ինչպե՞ս է երեւակայությանդ մեջ պատկերվում երաժշտությունը, կարելի՞ է ասել, որ այն տեսանելի է պատկերի, զգացողության տեսքով. թրթիռը հնարավոր է պատկերացնել:

- Ընդհանրապես երաժշտության մասին աբսուրդային, սիմվոլիկ կատեգորիաներով խոսելը վտանգավոր է: Դրանք, անշուշտ, քեզ գայթակղում են, բայց իրական չեն ու միեւնույն ժամանակ իրական, որ արդեն արվեստի գործ է, ինչպես Ֆելինիի հարազատ քաղաքի հետ կապված բոլոր պատումներն ու մանկական ապրումները, որոնք ապրում են միայն իր ֆիլմերում ու նոր իրականություն ստեղծում մեր երեւակայության մեջ` կապ չունենալով իրական Ռիմինի քաղաքի հետ:

Մեծ գրողներից շատերը շատ են ջարդել իրենց փետուրները` փորձելով գրել երաժշտության մասին, օրինակ Ստենդալը, որ օգտվել է իր ժամանակի երաժշտական քննադատ Լուիջի Գալանտիի տեղծագործություններից` Բեթհովենի մասին իր գիրքը գրելիս, բայց հիմնականում իր գիրքը գրված է սուբյեկտիվ տպավորությունների հիման վրա: «Ինչպե՞ս է ստեղծվում կամ սկիզբ առնում երաժշտությունը». այս հարցը տալով հարյուր կոմպոզիտորի՝ դու կստանաս հարյուր իրարից տարբեր պատասխաններ: Ես կարող եմ ասել, որ  երաժշտությունը խոսում է, երբեմն նա ինչ-որ բան է ասում, բայց թե ինչ՝ ես չգիտեմ ու եթե անկեղծ լինեմ՝ չեմ էլ ուզում իմանալ:

«Գենետիկ հիշողություն, անձնական ապրում». սա մենք չենք կարող հերքել, միեւնույն ժամանակ՝ երաժշտությունն ինչքան էլ ծնվի կյանքից, արվեստից ու պատմական իրադարձություններից, այն ինքնաբավ է, ըստ իս՝ այն երբեմն ասում է ավելին, քան մենք գիտենք, քան մենք կանք, բայց համոզված լինել, թե ճակատագիրը միշտ այդպես է թակում դուռը, ինչպես Բեթհովենի 5 սիմֆոնիայում՝ առնվազն կլիներ աղանդավորություն: Կոմպոզիտորները ծրագրային անուններ էին դնում իրենց ստեղծագործություններին, ու եթե դու այդ հարցը տայիր Դեբյուսիին, թե ինչպես է սկիզբ առնում երաժշտությունը, շատ հնարավոր է, որ իր պատասխանն էլ իր երաժշտության պես իմպրեսիոնիստական լիներ, եւ այդպես յուրաքանչյուր գրող, կոմպոզիտոր իր օրիգինալ իրականությունն է ստեղծում, երբեմն այն կապ չունի ստեղծագործության վերնագրի հետ, երբեմն ունի, բայց մենք չենք զգում դա, ներիր, որ օրինակն ինձ վրա եմ բերում, ունեմ մի ստեղծագործություն, որը գրելիս, կամա թե ակամա` ծաղկե պարտեզ եմ պատկերացրել, այն էլ խավարում, եւ ավարտելով՝ անվանել եմ «Ծաղկե պարտեզը խավարում»:

Ունկնդրի դատին հանձնելով՝ զարմացա, երբ շատերը չտեսան իմ տեսած ծաղկե պարտեզը խավարում: Ինչեւէ, ես չփոխեցի վերնագիրը, եթե նրանք տեսան ուրիշ ծաղկե պարտեզ` կրկին հրաշք է, անբացատրելի հրաշք:

- Դասական երաժշտություն լսելու համար պարտադի՞ր է նախնական երաժշտական կրթություն, երբ ինդիվիդը ասենք 40 տարեկանում նոր սկսում է լսել Մոցարտ, Շյոնբերգ, ունա՞կ է հասկանալու, գնահատելու, թեկուզ տարվելու նրանց ստեղծագործություններով: Խոսքս նաեւ լսողությանն է վերաբերում` պե±տք է նպատակային զարգացնել այն:

- Խոսքս ավելի կենդանի դարձնելու համար ես մի քանի օրինակ կբերեմ: Ծանոթ եմ 40-ն անց մի տղամարդու, ում համար Բեթհովենը կուռք է` ալֆա եւ օմեգա: Չլինելով երաժիշտ՝ նա կարծես թե անգիր գիտի Բեթհովենի բոլոր ստեղծագործությունները, ու եթե որեւէ մեկն ինչ-որ հատվածից միացնես, նա առանց վարանելու կասի, թե Բեթհովենի որ կվարտետի որ մասն է: Սա մեկի համար շատ նորմալ, բնական երեւույթ կարող է լինել, մյուսի համար՝ հոգեկան խախտում:

Իմ խորին ակնածանքից զատ, միայն տխրում եմ այն բանի համար, որ այդ մարդն ամեն ինչը նայում է Բեթհովենի երաժշտության պրիզմայով` թերագնահատելով մյուս ոչ պակաս մեծագույն կոմպոզիտորներին ու խղճալով մեզ բոլորիս, որ մենք դա չենք հասկանում, ինչպես ինքն է հասկանում: Մոցարտի երաժշտությունը գոնե վերեւի շերտը համենայնդեպս այդքան մեծ ընդդիմություն չի առաջացնի սկսնակի մոտ, ինչը չի բացառվում Շյոնբերգի դեպքում, որովհետեւ շատ տաղանդավոր երաժիշտներ կան, ովքեր չեն ընդունում էքսպրեսիոնիզմը երաժշտության մեջ եւ կասկածամտությամբ են վերաբերվում 20-րդ դարի  ժամանակակից արվեստին: Ժամանակին չընդունողներից մեկը ընկերս էր:

Լսելով ավանգարդ երաժշտություն` նա չէր կարողանում էքստազ ապրել, լիովին կլանվել, որովհետեւ կար որոշակի հոգեբանական, էսթետիկ խոչընդոտ, բայց, տեսնելով իր կոլեգաների ակնածանքն այդ երաժշտության հանդեպ, սկսեց օր ու գիշեր լսել, եւ տեղի ունեցավ հրաշք: Դա այն չէ, երբ ասում են, որ ամեն ինչին էլ կարելի է սովորել,  նա պարզապես վարակվեց այդ նոր աշխարհով: Մեդիտացիայի պես մի բան է, երբ երաժշտությունը դադարում է լինել հաճույքի աղբյուր, ժամանց ու դառնում է մեկ այլ իրականություն, մի ամբողջ տիեզերք՝ նոր միջոցներով, ուրիշ լեզվով:

- Մի օր մեր զրույցի ընթացքում մի միտք հնչեցրիր, որ չեմ մոռանում: Խոսքը Բախի երաժշտության մասին էր. «Բախի միջոցով ես մոտենում եմ Աստծուն», Բախի երաժշտությունը բացարձակի հետ առնչվելու բացառիկ հնարավորություն է: Գիտես իմ վերաբերմունքը Բախի հանդեպ, ով, ի դեպ, իմ կարծիքով, մեծագույն միստիկ է: Իսկ հնարավո՞ր է առանց Աստծո երաժշտություն արարել. գիտենք, որ հավատքն ու երաժշտությունը համատեղելի են, իսկ աթեիզմն ու երաժշտությո՞ւնը… հնարավո՞ր է «անաստված գլուխգործոց» ասվածը:

- Հարցդ պոետիկ է, մտածելու տեղիք է տալիս: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում թե օրթոդոքսալ հավատացյալներին եւ թե աթեիստներին: Խոսել Կտակարանի կամ Ղուրանի անունից ու դատափետել ճիշտ ուղուց շեղվածներին` սխալ է: Իմ կրոնական ու ոչ կրոնական նախասիրությունների մասին չէի ցանկանա խոսել, սա չափազանց տարողունակ ու բարդ թեմա է, շատ անձնական: Բախի երաժշտությունն ինձ մոտեցնում է Բախի Աստծուն, բնականաբար, ես չեմ կարող նույնքան պայծառանալ ու զգալ Բախի պես, այդ հոգեւոր փորձն ինձ համար նույնքան խորը ապրում է եւ շատ թանկ:

Գիտես, երբ ասացի, որ Աստծուն մոտենում եմ Բախի երաժշտության միջոցով, ուզում էի կտակարանային կոնկրետութունից մի փոքր հեռանալ եւ մոտենալ այդ գաղափարին` Բախի աբստրակտ երաժշտության միջոցով, այն իրոք աբստրակտ է՝ բառիս ամենալայն իմաստով: Գիտես, Արամ, կարծիք կա, թե ամեն մի հոգեւորական, լինի լավ կամ վատ, միեւնույն է՝ Աստծո կողմից է ընտրված: Ես համաձայն չեմ, անգամ կա մի արտահայտություն՝ եթե ուզում ես դառնալ աթեիստ, շփվիր հոգեւորականի հետ, իմ ընտրած «հոգեւորականը» շատախոս հոգեւորականը չէ, ով ամեն քայլափոխի փորձում է ուղղորդել, դատափետել: Իմ ընտրած հոգեւորականը հոգեւոր հայրն է` իր օրինակով, ապրելաձեւով, իր ասկետիկ կյանքով, ում առջեւ ես միշտ խոնարհվում եմ` լինի Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, թե բուդդայական՝ իմ սեփական համոզմունքներից զատ, հասկանո՞ւմ ես:

Ուզում եմ ավարտել Սեմեն Ֆրանկի խոսքերով` «Չարագործները, հանցագործները աշխարհում չեն արել այդքան չարություն, չեն թափել այդքան մարդկային արյուն, որքան մարդիկ, ովքեր ցանկանում էին աշխարհի փրկիչները լինել»:

- Տեխնիկապես կատարելության ես հասնում, տեխնիկայի կատարելությունը գուցե տաղանդի կատարելությունն է, տաղանդը` ֆանտաստիկ տեխնիկա է, որ արարումն ինքնահոսության է ուղղորդում. տեխնիկան դառնո՞ւմ է բովանդակություն:

- Ստրավինսկին ասում էր` ոգեշնչումը շարժիչ ուժ է, որ առկա է մարդկային յուրաքանչյուր գործունեության մեջ, բայց այդ ուժը զարգանում է միայն  այն ժամանակ, երբ գործ է դրվում ջանքը. ջանքն աշխատանք է, եւ աշխատանքն իր ետեւից բերում է ոգեշնչում: Կամ Մոդիլիանին. «Ոգեշնչումը քամու նուրբ թրթիռ է` հղի փոթորիկով: Մենք զգում ենք նրան մեր շուրջ եւ մեր մեջ: Նա կարող է վերածվել փոթորիկի, եւ պետք է լինել մի լավ նավաստի, որպեսզի կառավարես նրան»: Ես սրան եմ հավատում:

- Առնոլդ Շյոնբերգ. «Իմ ուսուցիչներն են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Վագները, Բրամսը», ովքե՞ր են քո ուսուցիչները եւ ինչո՞ւ: Ընդհանրապես, ովքե՞ր են «Ուսուցիչները», նրանք ընտրո՞ւմ են, թե՞ ընտրվում, ինչպե՞ս հաղթել ուսուցիչներին: Ես մտածում եմ՝ եթե հաղթում ես ուսուցիչներին, դառնում ես ուսուցիչ, իսկ ուսուցիչը ոչ թե ուսուցանողն է, այլ հավերժ ուսանողը:

-    Իմ ուսուցիչներն են այդ հինգը՝ գումարած Շյոնբերգը: Ժամանակակից մարդն իր մեջ կրում է համաշխարհային պատմությումը, եւ պարզ է, որ հիմա մեր ուսուցիչների թիվն ավելին է, քան մեր նախնիներինը: Եթե կոնկրետացնեմ, ապա անշուշտ ես իմ հոգեւոր հայրն եմ համարում Ուսուցչիս` կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանին, ում դասարանում ուսանել եմ կոնսերվատորիայի տարիներին ու նաեւ ասպիրանտուրայում:

Կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը, ով եղել է իմ առաջին ուսուցիչը, ում ես չափազանց շնորհակալ եմ առաջին քայլերիս համար, ճիշտ արմատներիս համար: Ինչ վերաբերում է ուսուցիչներին՝ ըստ Շյոնբերգի սանդղակի, ապա ես այդ հարցերում երբեմն անկանխատեսելի եմ: Երբեմն ես վառում եմ իմ կուռքերին. դա սրբապղծություն չէ: Հետո վերադառնում եմ նրանց, ինձ համար նոր խորությամբ բացահայտում. էնպես որ սա առողջ, ճկուն, ստեղծագործական վիճակ է: Կարող եմ թվարկել իմ մյուս ուսուցիչներին` Լիգետի, Բարթոկ, Շնիդկե, Մանսուրյան, Ստրավինսկի, Զոհրաբյան, Վեբերն, Դեբյուսի, Յանաչեկ, Ռավել, եւ այսպես շարունակ, վերջացրած մեր օրերի լայն մասսաներին քիչ ծանոթ, բայց ոչ պակաս մեծագույն կոմպոզիտորների անուններով:

Ինձ թվում է՝ ամենասկզբում նրանք են մեզ ընտրում, ինչպես առաջին ուսուցիչս, որ երաժշտական լսողությամբ երեխաներ էր տարբեր դպրոցներից հավաքում` երգչախմբում երգելու համար, եւ ես այդ երեխաներից մեկն  էի, ու իմ՝ երաժշտությամբ զբաղվելը պատահականություն էր գուցե, չգիտեմ: Ու էդպես մի օր հանպատրաստից սկսեցի նվագակցել իմպրովիզացիա: Եղել են ուսուցիչներ, որոնց շնորհիվ ու միջնորդությամբ ճիշտ ուսուցիչ եմ գտել: Կար մի հրաշալի սոլֆեջոյի ուսուցիչ` Անժելա Մուսիկյան, ում սոլֆեջոյի միաձայն թելադրությունների շնորհիվ վերջապես սովորեցի նոտագրել սեփական պարզ ստեղծագործություններս: Բոլորին անչափ շնորհակալ եմ:

Եվ գալիս է պահը, երբ արդեն դու ես ընտրում ուսուցիչներիդ, եւ այդ պարագայում ամենալավ ուսուցիչը միեւնույն է՝ կյանքն է, սեփական փորձը, սխալներն ու հաղթահարումները, քո կյանքի կանայք…

- «Քո կյանքի կանայք»-ը լավն էր, սա ամենաշատը սիրեցի, կանանց մասին հետո առիթ կլինի զրուցելու, կանայք շեղում են ամեն ինչ…
Երաժշտական ո՞ր ստեղծագործությամբ ես պատկերացնում մահը, մահվան մասին անվերջանալի մտածմունքը, գուցե սա՞ է ստեղծելու միակ մղումը:

-    Այո, մահը շատերին է դրդում, ավելի ճիշտ՝ հավերժության մեջ մնալու ծարավը: Ընդհանրապես մարդը միայնակ կգժվեր երեւի: Նա անընդհատ ուզում է, որ ինչ-որ մեկն իր կյանքին մասնակից լինի, երբեմն ստեղծագործողները վախենում են մահից, որովհետեւ զգում են, որ դեռ շատ բան ունեն ասելու, երբեմն ուղղակի չեն ուզում հարազատներին ցավ պատճառել, բայց հոգեպես անվախ են: Ես սամուրայ չեմ ու չեմ կարող մահվան հմայքն իրենց պես ընկալել: Ես ուրիշ մշակույթի պտուղ եմ, բայցեւ փորձում եմ չլինել որոշակի կաղապարների մեջ: Հարցիդ պատասխանը չունեմ:

Իմ պատասխանն իմ գործն է: Գուցե այս կյանքում ամեն բան անիմաստ է, նույնիսկ մեր այս զրույցը, հնարավոր է մեզնից հետո ոչինչ էլ չմնա, բայց համոզված եմ, երբ ժամը գա, եթե ես չշեղվեմ ուղուց, ես ինքս ինձ կասեմ.  «Դու զբաղվել ես նրանով, ինչը հաճույք է պատճառել քեզ, իմաստ ունի դա թե ոչ՝ նշանակություն չունի: Դու հնարավորինս եղել ես անկեղծ»:

- Ներշնչման ներառումը. ժամանակ, կենցաղ, ճարտարապետություն, սոցիալ-քաղաքական իրավիճակ, կատակլիզմներ: Ներշնչումն իրականում կարո՞ղ է ներառել եւ արտացոլել արտաքին երեւույթը, թե՞ ներշնչումն առեղծված է, չափազանց ինտիմ զգացողություն, անքննելի, անվերծանելի:

-    Կախված է ինդիվիդից: Չեմ կարծում, թե բոլոր ստեղծագործողները մի սյուժեով են ստեղծագործում: Մեկի համար դրդող ուժ կլինեն ճարտարապետությունն ու սոցիալ-քաղաքական իրավիճակը, մյուսի չակրաներն այնքան բացված կլինեն, որ մեդիումի պես կխոսի տիեզերական կատեգորիաներով: Արտաքին երեւույթը, ներշնչումը պայմանական բաներ են: Արտաքին երեւույթին մենք ենք անուն տալիս: Այո, ներշնչումն իրոք առեղծված է:

- Մնալ Հայաստանում ու ստեղծագործել: Հեռանալ քո երկրից ու ստեղծագործել…

-    Վախն է պետք հաղթահարել ու անել այն, ինչ շատ ես ուզում: Ուզում ես գնալ՝ գնա, եթե գնալդ ֆունկցիա ունի, այլ ոչ թե ուղղակի փախուստ է առանց նպատակի: Ուզում ես մնալ՝ մնա, միայն ուրիշին մի մեղադրիր, քո անհաջողությունները մի բարդիր ուրիշի վրա, եղիր տղամարդ՝ պինդ բռունցքով: Ստրավինսկին ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեց, երբ նրա բալետները բեմադրեցին Փարիզում, նրա կյանքն ամբողջովին փոխվեց: Նա ճիշտ ժամանակին նստեց այդ գնացքն ու չուշացավ, ինչպես շատերն ուշացան. արդյունքում մենք նրան գիտենք եւ երջանիկ ենք:

Ամեն մարդ ունի իր գնացքը, ինպես անգլերենի քերականության մեջ կան ժամանակներ, երբ նախադասությունը կարդալով հասկանում ես, որ դա տեղի է ունեցել եւ արդեն փոփոխման ենթակա չէ: Կարելի է, իհարկե, այս ամենը հերքել, մտնել ավելի խոր հոգեւոր ոլորտներ, էզոթերիկ ուսմունքների մեջ փորձել գտնել պատասխաններ. ամեն բան հնարավոր է, միայն թող ցանկություն լինի:

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/07/caxke-partez/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1156 | Ավելացրեց: admin | Տեգեր: Դավիթ Բալասանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0