Ուրբաթ, 29.03.2024, 15:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Ինչպես լիկվիդացնել սեփական մշակույթը կամ 20 խորհուրդ Իլհամ Ալիևին
16:19
Ինչպես լիկվիդացնել սեփական մշակույթը կամ 20 խորհուրդ Իլհամ Ալիևին
Վահան Արծրունի
1.   Փակեք հանրային գրադարանները

2.  Փակեք եղած գրախանութները (մեկ-երկուսը թողեք ձևի համար)

3.  Նվազեցրեք տպարանների քանակը, իսկ եղածներից հարկեր գանձեք այնքան, որ նրանց տպագրած գրքերը դառնան անմատչելի և անհասանելի հասարակ ժողովրդի համար:

4.   Փակեք կինոթատրոնները` նմուշի համար թողնելով մեկը, ենթադրենք` մայրաքաղաքում:

5.  Լիկվիդացրեք հեռուստաալիքները և ռադիոկայանները, որոնք անդրադառնում են արվեստին… կամ էլ հանձնեք այն ձեր երկրում պետական կրոնական` իսլամական կառույցի հայեցողությանն ու վերահսկմանը:

6.  Նմուշի համար հեռարձակեք բարեկամ երկրի` Թուրքիայի կամ Իրանի որևէ մշակութային հեռուստաալիք:

7.  ԶԼՄ-ներում լիկվիդացրեք մշակութային` գրական, երաժշտական, մանկական խմբագրությունները, կամ էլ, եթե թողնում եք դրանք, ղեկավար նշանակեք առավել տգետ և անբան անձանց, ովքեր նույնիսկ մակերեսային պատկերացումներ չունեն մշակույթի և մանկավարժության մասին:

8.  Ստորացրեք ձեր մտավորականությանն այնչափ, որ նրանք կամ լքեն երկիրը, կամ էլ, մնալու դեպքում, իրենց գոյությունը պահպանելու համար կաշառվեն կամ գնվեն մեծահարուստների և քաղաքական զանազան ուժերի կողմից:

9.  Նսեմացրեք ակադեմիական արվեստը. օրինակ` վերացրեք եղած կամերային նվագախմբերը` թողնելով մեկը նմուշի համար, բայց անպատճառ երկրից դուրս ուղղորդեք այդ նվագախմբի` արտասահմանում փայլուն կրթություն և ճանաչում ստացած դիրիժորին: Նույնը կատարեք ձեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ… Ակադեմիական արտիստներին ստորացնելու առումով առավել լավ արդյունքի հասնելու համար ստեղծեք մի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ` դրան տալով պետական կոլեկտիվի ստատուս և նշանակելով պետական աշխատավարձ:

10. Անտեսեք ժամանակակից կոմպոզիտորների գոյությունը` ընդամենը չտպագրելով և չկատարելով վերջիններիս ստեղծագործությունները:

11. Ստեղծեք առավել բարենպաստ պայմաններ ռեստորանային, քեֆ-ուրախության երաժշտությունը պրոպագանդելու և տարածելու համար:

12. Շնորհեք նմուշի համար մեկ-երկու կիսագրագետ փոփ և ռեստորանային "աստղերի” ձեր երկրի "վաստակավոր արտիստի” կոչում, իսկ իրենց ոգեշնչող երգահանին` ձեր երկրի բարձրագույն պարգևներից մեկը "ազգին հատուկ ծառայություններ մատուցելու” համար:

13.  Փակեք թատրոնները, իսկ մնացածներին տրամադրեք այնքան նվազ ֆինանսավորում, որ դերասանները ստիպված լինեն կողքից աշխատանք փնտրել, ինչով, վերջ ի վերջո, կորակազրկեն եղած մասնագիտական մակարդակը: Առավել ցայտուն արդյունքի համար ուղղորդեք արտիստներին դեպի "սերիալներ”. այդ ասպարեզում նրանց դեգրադացումն ավելի արագ տեղի կունենա:

14.  Խրախուսեք "զուգարանային հումորի” և բեմական տրանսվիստիզմի բոլոր դրսևորումները. գովազդեք այն` ներկայացնելով որպես ազգի կողմից առավել պահանջված երևույթ:

15. Նվազեցրեք պատկերասրահների քանակը` ուղղորդեք նկարիչներին դեպի փողոց, այնտեղ նրանք ինքնաբերաբար կամ կորակազրկվեն, կամ էլ, կյանքի թելադրանքով, ընդհանրապես կհրաժարվեն մասնագիտական չափանիշներից:

16. Բարձրացրեք մշակութային բուհերի ուսման վարձը` միաժամանակ նվազեցնելով ստեղծագործական մասնագիտական աշխատատեղերը, փակեք ստեղծագործական ստուդիաները և գեղանկարչական դպրոցները, երաժշտական կոլեկտիվները և պարային անսամբլները:

17.  Ոչ մի դեպքում մի ընդունեք օրենքներ մշակույթի մասին

18. Զրկեք բյուջեից մշակույթի նախարարությունը` խրախուսելով եղած միջոցների հափշտակումն ու յուրացումը այդ հաստատության աշխատակազմի կողմից:

19. Նշանակեք մշակույթի նախարար դեմագոգ որևէ մեկին` նախընտրելի է նախկին կոմսոմոլ կամ ԱՕԿՍ-ականներից, ով առավել հնարամտորեն կքողարկի ձեր երկրի մշակութային քաղաքականության բացակայությունն իր "լավատեսական” բազմաթիվ հարցազրույցներով և "գալոչկայի” համար արվող սակավաթիվ, բայց ծախսատար "մշակութային միջոցառումներով”:

20.  Մտցրեք փոփոխություններ "Լեզվի մասին” օրենքի մեջ ի օգուտ բարեկամ երկրի` Թուրքիայի կամ Իրանի: Եթե չհաջողվի միանգամից, սկսեք "բարեփոխումները” գոնե որևէ այլ օրենքում, որը կարգավորում է հանրային կրթության ոլորտը… մինչև որ ձեր երկրի` խիղճ ունեցող վերջին ազգային մտավորականը ֆիզիկապես հեռանա երկրից կամ էլ` կյանքից:


Ոչ այնքան հարգարժան Իլհամ Ալիև,

եթե որևէ մասնագիտական կամ գործնական խորհրդի կարիք ունենաք սեփական մշակույթը լիկվիդացնելու հարցում, կարող եք դիմել ձեր հարևան պետության երեք նախագահներից ցանկացած մեկին… համապատասխան վճարի դիմաց, իհարկե:

Սյունյակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:

Վահան Արծրունի


Աղբյուր`http://ejournal.am/news/culture/2011-08-16/207/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 785 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վահան Արծրունի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0