Ուրբաթ, 29.03.2024, 00:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » "Իրականությունը երազանքներից է սկիզբ առնում"
13:27
"Իրականությունը երազանքներից է սկիզբ առնում"
Նորա Արմանի
Report.am-ի զրուցակիցը սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին է: Ծնվել է Եգիպտոսում, ուսանել է Անգլիայում: Բնակվել է Ֆրանսիայում, ներկայում ապրում է ԱՄՆ-ում: Դերասանուհին Հայաստան է այցելել որպես հյուր` մասնակցելու "Ոսկե ծիրան" կինոփառատոնին:

- Նախ Ձեր ազգանվան հարցը լուծենք. ինչո՞ւ Արմանի:

- Ազգանունս Էքսերճիան է, բայց քանի որ արտաբերելը դժվար էր, որոշեցի փոխել: Երջանկահիշատակ մայրիկիս անվան` Արմինե, փոփոխված ձեւն է: Արմանին, ըստ իս,  հարմար ազգանուն է նաեւ այն պատճառով, որ պարսկերեն, թուրքերեն, արաբերեն հայ է նշանակում:

- Հեռվից հեռու հետեւու՞մ եք հայաստանյան մշակութային իրադարձություններին եւ ինչպե՞ս կգնահատեք մեր մշակութային կյանքը:

- Հետեւում եմ: Ամեն ինչ նորմալ է, եթե համեմատենք 1990-ականների սկզբի հետ: Թատերական եւ կինոփառատոները մեծ հնարավորություն են ստեղծում դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների համար, համագործակցության եզրեր գծում: Առհասարակ որեւէ փառատոն, այդ թվում` Տոլմայի փառատոնը, ողջունելի է, եւ մեզ` հայերիս, Հայաստանը ծանոթացնելու հիանալի միջոց է:

 - Ըստ Ձեզ` ի՞նչ է պակասում հայ ռեժիսորներին` լավ, միջազգային չափանիշներով ֆիլմեր նկարահանելու, թատերական ներկայացումներ բեմադրելու համար:

- Ֆինանսական միջոցներ: Հայաստանում կան լավ մասնագետներ, բայց ֆինանսական հնարավորությունների դեպքում մենք կարող ենք նաեւ դրսից մասնագետներ բերել, նրանց հետ պայմանագիր կնքել, նրանց վարձել եւ լավ աշխատանք ստեղծել, լավ արդյունքի հասնել: Հաստատ կգան: Ո՞վ չի ցանկանա գալ եւ աշխատել այսքան գեղեցիկ, հետաքրքրիր երկրում:

- Հայազգի դերասանուհի լինելն արտերկրում Ձեզ ի՞նչ է տալիս:

- Երբեմն խոչընդոտում է, երբեմն` օգնում: Օրինակ, երբ գնում եմ ամերիկյան մի ինչ-որ ֆիլմարտադրող ընկերություն, եւ նրանք իմանում են, որ ԱՄՆ-ում չեմ ծնվել, խոսքի շեշտադրություն ունեմ, պատահում է` մերժում են: Լինում է նաեւ հակառակը` անմիջապես ընդունում են, քանի որ նրանց հենց այդպիսի դերասանուհի էր հարկավոր:

- Դուք զբաղված եք եւ' թատրոնում, եւ' կինոյում: Ո՞րն է ավելի Ձերը:

- Թատրոնը հոգեհարազատ է եւ մի մեծ առավելություն ունի` բեմից հանդիսատեսի հետ շփումը: Սակայն արդեն հակված եմ նաեւ մտածելու, որ կինոն է իմը, քանի որ մերօրյա թատերական ներկայացումնեը դարձել են "լյուքս":

- Գիտե՞ք, շատերն ասում են` հայ դերասանի համար ավելի հեշտ է աշխատել, գործել, հասարակական գործունեությամբ զբաղվել Հայաստանում, քան աշխարհի որեւէ երկրում:

- Այո', հեշտ է: ԱՄՆ-ում չես կարող զանգ տալ նախագահ Օբամային եւ ասել. "Նախագա'հ ջան, ուզում եմ Ձեզ հանդիպել": Հայաստանի նախագահին էլ չես կարող զանգ տալ եւ հանդիպելու ցանկություն հայտնել, բայց կարող ես մեկին գտնել, ով կասի. "Ուզո՞ւմ ես նախագահին հանդիպել,  ես կկազմակերպեմ": Այ, օրինակ այսօր "Ուրբաթ" ակումբում կայացած ասուլիսի ժամանակ որոշեցի Երեւանի քաղաքապետին հանդիպել:

- Եթե հանդիպեք, ի՞նչ եք ասելու Երեւանի  քաղաքապետին:

- Նախ` կշնորհավորեմ, որ քաղաքը գեղեցկացել է, ապա կհարցնեմ` ինչով կարող եմ օգտակար լինել: Հետո առաջարկ կանեմ` շինություններ անողների առջեւ պայման դնել, որ իրենց ծախսերից  որոշ տոկոս հատկացնեն մշակույթին, հակառակ դեպքում` թույլտվություն չստանան այդ շինությունները կառուցելու: Դեմ չեմ եկեղեցաշինությանը, բայց պետք է համոզել եկեղեցի կառուցող մեծահարուստներին, որ թատրոն էլ կառուցեն, ֆիլմ հովանավորեն: Իրենց անունն ավելի ուժեղ եւ ազդու կլինի, եթե նրանք ֆիլմ ֆինանսավորեն, այդ ֆիլմը շրջի աշխարհով մեկ, փառատոների մասնակցի, քան այսինչ գյուղում մի եկեղեցի կառուցեն:

- Ինչպե՞ս, ի՞նչ գաղափարով կարելի է համոզել կառուցապատողներին, որ, օրինակ, թատրոն էլ կառուցեն կամ որոշակի գումար հատկացնեն մշակույթին:

- Դժվար է ասել: Ամեն դեպքում` անհնար չէ:

- Ինձ մնում է դիտարկում անել` գեղեցիկ երազանք է:

- Իրականությունը երազանքներից է սկիզբ առնում: Հաստատ կիրականանա:

- Ապրել եք Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Իսկ Հայաստանում հաստատվելու, բնակվելու մտադրություն չունե՞ք:

- Որեւէ երկրում մտածված չեմ հաստատվում, կյանքս ինքն իրեն է դասավորվում: Նշեմ, որ արդեն 3-4 անգամ տեղահան եմ եղել եւ, այսպես ասած, հաստատվել: Չեմ դժգոհում, շատ երկրներում բնակվելը հարստություն է: Նախ աշխարհն ես ճանաչում, հետո էլ դրական շատ երեւույթներ ես քաղում: Անգամ Ամերիկան, որ սովորաբար չեն հավանում, ունի իր լավ կողմերը, հետաքրքրությունները: Անկեղծ ասած` հոգնել եմ հաստատվելուց, այսուհանդերձ չեմ բացառում, որ կարող եմ եւ Հայաստանում բնակվել:

- Հայաստանում հաստատվելու առիթը նո՞ւյնը պետք է լինի, ինչը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեպքում էր:

- (Ծիծաղում է.- Ս. Գ.) Ամուսնությո՞ւնը: Ո'չ, ամուսինս դեմ չի լինի Հայաստան գալ, ուստի հայաստանցի ամուսին գտնելու անհրաժեշտություն չի լինի: Նա իմ մանկության առաջին սերն է եղել, հայ է եւ Հայաստանում ազգականներ ունի: Գիտե՞ք, թեեւ ես ԱՄՆ-ում եմ բնակվում, բայց մշտապես ճամփորդում եմ երկրից երկիր: Ամուսնանալով եւ տեղափոխվելով ԱՄՆ` ես գիտեի, որ իմ ասպարեզը չեմ թողնելու, տանը չեմ նստելու եւ տոլմա փաթաթելու:

- Ձեր թույլ կողմը բացահայտեցիք:

- Այո, եփել շատ եմ սիրում, մանավանդ` տոլմա: Պատահական չէր, որ Տոլմայի փառատոնը հիշատակեցի: Ես մշտապես դիտում եմ  խոհանոցային հետուստահաղորդումներ, ապա պատրաստում տեսածս: Անգամ ուզում էի խոհանոցային հեռուստածրագիր ունենալ:

- Հայկակա՞ն ճաշատեսակներ կպատրաստեիք հաղորդման ընթացքում:

- Նաեւ հայկական: Սմբուկի, պղպեղի եւ լոլիկի խորովածն առաջինը կպատրաստեի:

- Կանացի զրույցի շրջանակում մի կանացի հարց էլ. ո՞րն է երիտասարդ եւ hմայիչ լինելու Ձեր առեղծվածը:

- Պոզիտիվ մտածելը:

- Ձեզ ի՞նչ է պակասում:

- Բեյբի: Ամուսինս իր նախորդ ամուսնությունից  բեյբի ունի, որ  16 տարեկան է: Համարում եմ, որ նա նաեւ իմ բեյբին է, թեեւ նրան չեմ փաթաթել, առավոտյան չեմ արթնացել եւ կաթ տվել: Պատրաստի բեյբի է:

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Աղբյուր`http://www.report.am/news/culture/nora-armani-harcazruyc.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 757 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նորա Արմանի, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0