Հինգշաբթի, 08.12.2022, 20:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Իտալացիների ստեղծած քանդակները կզարդարեն Շուշին
15:49
Իտալացիների ստեղծած քանդակները կզարդարեն Շուշին
Իտալացիների ստեղծած քանդակները կզարդարեն Շուշին
Հուլիսի 28-ին եզրափակվեց Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, որ Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում մեկնարկել էր հուլիսի 17-ին՝ որպես համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ քանդակագործների համար:

Իտալացի 15 քանդակագործներ սիմպոզիումի շրջանակներում շուշվա կրաքարից կերտեցին ազատ թեմայով քանդակներ, որոնք առաջիկա տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում: Սա, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքերով, կնպաստի քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավն ու կարգավիճակը վերականգնելուն:

Ստեղծված քանդակներում, որոնցում արվեստագետները փորձել են վերարտադրել ու մարմնավորել այցից ստացած իրենց տպավորությունները, գերիշխում են խաղաղության, ազատության և պայքարի թեմաները:

«Առաջին իսկ հայացքից կարելի է նկատել, որ այս քանդակներն իրենց ոճով ու ոգով շատ են տարբերվում հայ քանդակագործների աշխատանքներից ու վստահաբար գեղագիտական ու բարոյահոգեբանական նոր շունչ են հաղորդելու Շուշիի ճարտարապետական ողջ միջավայրին»,- նշեց Վիգեն Ավետիսը:

Լինելով առաջին այսօրինակ նախաձեռնությունը՝ սիմպոզիումը նաև վերածվեց հայ-իտալական հետագա համագործակցության հարթակի: Իտալիայի տարբեր համալսարաններից Շուշի ժամանած պրոֆեսորներ Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբբիոն, Ֆրանչեսկո Ռովիելլոն, Ռոբերտո Ջովանելլին, Լուչիանո Պրետին և Ֆրանչեսկո Գալլոն պատրաստակամություն են հայտնել են համագործակցել Շուշիի քաղաքապետարանի հետ՝ սեփական փորձն ու գիտելիքը ներդնելու Շուշիի ավերված շինությունները վերականգնելու և նոր շինություններ կառուցելու գործում:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ առաջիկայում Շուշիի քաղաքապետարանը պրոֆեսորներին կուղարկի առավել կարևոր շինարարական նախագծերի փաթեթներ՝ նրանց մասնագիտական խորհուրդն ու առաջարկությունները ստանալու համար:

Սիմպոզիումի շրջանակներում նաև կայացավ 8-15 տարեկան երեխաների կավե քանդակների մրցույթ, որի հաղթողը պարգևատրվեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության՝ Հակոբ Գյուրջյանի անվան հատուկ կրթաթոշակով:

Շուշիի քանդակագործների համար «գրաֆիտ» տեխնիկայի շուրջ պարապունքներ վարեց Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբբիոն:

17-րդ դարի իտալական գեղանկարչության մասին դասախոսությունների ծավալուն շարքով հանդես եկավ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին, իսկ նրա դուստրը՝ Ֆլորենցիայի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Կարոլինա Ջովաննելլին, սիմպոզիումի ողջ ընթացքում իտալերենի բաց դասընթացներ անցկացրեց բոլոր ցանկացողների համար:

«Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի տնօրեն Դավիթ Իսաջանյանի տեղեկացմամբ՝ սիմպոզիումի արդյունքները շուտով կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն կատալոգում՝ սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար, արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ, ով ՀՀ մշակույթի նախարարի հրավերով արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան:

Սիմպոզիումի ստեղծագործական ողջ ընթացքը վավերացրեց իտալական «Ստուդիո կալի» (Studio Quagli) ընկերության նկարահանող խումբը, որը հոկտեմբերին վերադառնալու է Հայաստան՝ Արցախի, Շուշիի, ՀՀ-ի և Արևմտյան Հայաստանի պատմության ու մշակութային ժառանգության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:

Արցախից ՀՀ հետդարձի ճանապարհին նկարահանող խումբը պատահաբար հանդիպեց բարոնուհի Քարոլայն Քոքսին, ում հետ նկարահանված հարցազրույցը նույնպես զետեղվելու է ֆիլմում: Կինոնկարն, ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» (Rai 1) հեռուստաընկերությամբ:

Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կայացավ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Շուշիի քաղաքապետարանի, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ակտիվ աջակցությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ:

Սիմպոզիումը կայացավ՝ չնայած Ադրբեջանի ստեղծած բազմաթիվ խոչնդոտներին և իտալացի մասնակիցներին ուղղած սպառնալի նամակներին, թե նրանք իրավունք չունեն այցելել «Ադրբեջանի Հանրապետության տարածք»՝ առանց իրենց պաշտոնական թույլտվության:

«Իտալիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան ինձ հղած նամակում նշվում է, որ Արցախ այցելելու դեպքում դատական գործ կհարուցվի իմ դեմ»,- ժպիտով շեշտեց սիմպոզիումը վավերացնող լուսանկարիչ Լապո Կալին:

Սիմպոզիումի հանդիսավոր փակմանը, ի թիվս մեծաքանակ այցելուների և Իտալիայից ժամանած հյուրերի, ներկա էին նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Ներկա չէր, սակայն, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը, ում բացակայությունն իր բացման խոսքում հիմնավորեց Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Նառա Ավանեսյանը:

«Հարթունյանների ընտանիքի գործունեությունն այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունում, վտանգված է նաև նրանց կողմից իրականացվող ողջ բարեգործական գործունեությունը: Այս ճնշումների պատճառով է, որ Նարեկ Հարթունյանը, հոգեպես լինելով մեր կողքին, այսօր այստեղ չէ ֆիզիկապես»,- ասաց Նառա Ավանեսյանը:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3336/

Կատեգորիա: Քանդակագործություն | Դիտումներ: 949 | Ավելացրեց: admin | Տեգեր: Շուշի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0