Շաբաթ, 27.04.2024, 04:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Կինոփառատոները` վտանգի տակ
22:35
Կինոփառատոները` վտանգի տակ
Կինոփառատոները` վտանգի տակ
Սովորաբար ամբողջ աշխարհում միջազգային կինոփառատոներ կազմակերպելու հիմնական դժվարությունը հեղինակավոր ֆիլմերը ցուցադրելու իրավունք ձեռք բերելն է: Դրա համար պետք է ակտիվ համագործակցել միջազգային շուկայի գործընկերների հետ եւ, այսպես ասած՝ «լեզու գտնել» ֆիլմերի հեղինակների, նրանց ներկայացուցիչների հետ: Սակայն մեր երկրում, պարզվում է, պատկերն այլ է. կինոփառատոնում որեւէ միջազգային ֆիլմ ցուցադրելու համար ավելի հեշտ է լեզու գտնել ֆիլմի հեղինակի հետ, քան՝ մեր մաքսավորների: Չնայած այդ ֆիլմերը Հայաստան բերվում են անվճար, բայց ինչ-ինչ պատճառներով կինոփառատոների կոորդինատորներից մաքսատանը պահանջում են մաքսատուրք վճարել մի կլորիկ գումար: Ասենք՝ այսպես. յուրաքանչյուր խտասկավառակի համար, կախված ուղարկող երկրի հեռավորությունից, գանձվում է 25.000-100.000 դրամ: Սա այն դեպքում, երբ խտասկավառակների ու ժապավենների փաթեթների վրա մեծ-մեծ տառերով գրված է՝ «Այս խտասկավառակն օգտագործվելու է մշակութային ոլորտում եւ կոմերցիոն նպատակներ չի հետապնդում», ինչը ենթադրում է, որ տվյալ խտասկավառակի կամ ժապավենի տեղափոխման ծախսերից բացի, առանձին մաքսատուրք չպետք է գանձվի: Այդուամենայնիվ, արդեն կարելի է հաշվել, թե կինոփառատոները որքան եկամուտ են բերում մաքսայինին, որովհետեւ ամեն ամիս տարբեր կինոփառատոների համար Հայաստան են ներմուծվում նման մակագրմամբ մի քանի տասնյակ սկավառակներ:
Ինչպես գիտենք, ֆիլմն ուղարկելու համար, մաքսայինի այդ վճարովի ծառայությունից բացի, կա նաեւ սովորական փոստային առաքման տարբերակը, բայց հաշվի առնելով, որ խոսքը միջազգային հայտնի փրոդաքշընների մասին է, որոնք սովոր են օգտվել արագ փոստային ծառայությունից՝ DHL, FEDEX, քանի որ դա աշխարհում արագ եւ երաշխավորված առաքում է պարտադրում, մեր հայաստանյան կինոփառատոների աշխատակիցները, մեղմ ասած, ընկնում են կրակը: Այդ փաթեթները ոչ միայն արագ չեն հասնում հասցեատիրոջը, այլեւ կինոփառատոների կոորդինատորները, պատահում է՝ օրերով բանակցում են մաքսատան աշխատակիցների հետ՝ սկավառակները հնարավորինս մատչելի մաքսազերծելու համար:

Մենք փորձեցինք կինոփառատոների կազմակերպիչներից պարզել, թե վերջին շրջանում քանի՞ խտասկավառակ կամ ժապավեն մաքսազերծելու հնարավորություն են ունեցել եւ ինչո՞ւ են վճարում մի բանի համար, որը ծառայում է ողջ երկրի մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: «Առավոտի» հետ զրույցում «Արեւորդի» բնապահպանական կինոփառատոնի պատասխանատուները հայտնեցին, որ ընդամենը մի քանի օր առաջ են խտասկավառակ մաքսազերծել, որի համար վճարել են 30 հազար դրամ. «Մենք պարբերաբար առնչվում ենք այդ խնդրին եւ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ ստիպված ենք լինում վճարումներ կատարել: Մենք այդ ֆիլմերը ցուցադրում ենք անվճար: Սա իսկապես լուրջ խնդիր է, եւ եթե կառավարության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկվեն՝ փառատոները կարող են չկայանալ, որովհետեւ բյուջեն շատ սուղ է»:

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի կոորդինատոր Կարինե Արոյանի խոսքերով. «Մենք նույնպես ամեն տարի այդ խնդրի առաջ ենք կանգնում: Մենք խնդրում ենք մեր միջազգային գործընկերներին, որ անպայման տուփի վրա նշեն, որ ուղարկած խտասկավառակը կոմերցիոն նպատակներով չի օգտագործվելու, բայց, միեւնույն է, մեր վրա այդ սկավառակը առնվազն 25 հազար դրամ է արժենում: Եթե նույնիսկ ինքնարժեքը 5 եվրո է կազմում, մինչեւ մեզ մաքսայինը տեղյակ է պահում խտասկավառակի տեղ հասնելու մասին, օրեր են անցնում, իսկ ամեն մի օրը մաքսատանը մեծ տոկոսներ ու փող արժե, արդյունքում՝ 10 օր պահելուց հետո մենք 40-50 հազար դրամ տալիս ենք, ընդ որում՝ կախված, թե որ երկրից են ուղարկել՝ վճարը բարձրանում է: Եթե այդպես է պահանջում օրենքը՝ մենք առանց խնդիրների ու ավելորդ խոսակցությունների՝ վճարում ենք, բայց գտնում ենք, որ կարելի է վերանայել»:

«Ռոլան Բիկով» հիմնադրամի Մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հոկտեմբերին կայանալու է իրենց փառատոնը եւ այս օրերին անընդհատ տարբեր երկրներից նոր սկավառակներ են ստանում՝ յուրաքանչյուրի համար վճարելով սահմանված մաքսատուրքը. «Օրեր առաջ խտասկավառակներ ստացանք Իրանից ու դարձյալ վճարումներ կատարեցինք»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները, այնուամենայնիվ, իրենց ստացած ֆիլմերի համար նման մաքսատուրքեր չեն վճարում: Փառատոնի հիմնադիր Սուսաննա Հարությունյանի խոսքերով՝ «Մենք այդ ֆիլմերը բերում ենք որոշակի պայմանավորվածությունների հիման վրա եւ ժամանակավոր ներմուծում ենք կատարում, այսինքն՝ որոշ ժամանակ անց այդ ֆիլմերը վերադարձնում ենք, ուստի մաքսավճար չենք տալիս: Իսկ DHL, FEDEX ծառայությունները վճարովի են եւ, կարծում եմ՝ բնական է, որ պետք է այդ արագ լայնով ուղարկված ժապավենների համար վճարեն»:

Այնուամենայնիվ, շատ կինոփառատոների կազմակերպիչներ գտնում են, որ ֆիլմերը չեն կարող ժամանակավոր ներմուծման պայմանով բերել Հայաստան, քանի որ դա արժեք է, որը մնում է իրենց արխիվում ու ծառայելու է ժողովրդին: Նրանք պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ խնդրել վերանայել այդ մաքսատուրքերը՝ վստահեցնելով, որ դա մեր երկրի շահերից է բխում:
 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96690/view


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 784 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0