Ուրբաթ, 29.03.2024, 19:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Կոմիտաս վարդապետ
13:07
Կոմիտաս վարդապետ
Կոմիտաս
Հաշվի առնելով վերջին դեպքերը, երբ թուրքերը պարբերաբար գողանում են հայ ազգային երգերն ու վերամշակում այնպես, ինչպես կցանկանան, հարկ համարեցի անդրադառնալ մեծն Կոմիտասին, որպեսզի համացանցում պարբերաբար հոդվածներ ընթերցող երիտասարդները հնարավորինս տեղեկացված լինեն մեր ազգային երգարվեստից ու հարկ եղած դեպքում գիտակցեն, որ պետք է սատար կանգնեն մեր մշակութային հարուստ ժառանգությանը:

Կոմիտասը` նույն ինքը Սողոմոն Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին արհեստավոր Գևորգ Սողոմոնյանի և Թագուհի Հովհաննիսյանի ընտանիքում: Կարևոր է նշել, որ Կոմիտասի նախնիները, համաձայն կենսագիրների, Գողթն գավառից էին սերում: Նրանք 17-րդ դարի վերջերին տեղափոխվել են Փոքր Ասիայի Քյոթայիա քաղաքը: Սողոմոնն ավարտել է տեղի քառամյա դպրոցը, ապա ուսումը շարունակել Բուրսայում: Այնուհանդերձ, պատանու ուսումն ընդհատվում է հոր մահից մեկ տարի անց:

Սողոմոնի համար ճակատագրական է լինում Էջմիածնի վեհարանի հանձնարարությամբ լավ ձայն ունեցող երեխաների ընտրության հանգամանքը, երբ Դերձակյանը շուրջ 20 որբերից ընտրում է հենց ապագա մեծ երգահանին: Կոմիտասը բազմիցս նշել է, որ Էջմիածին, ապա Գերմանիա մեկնելը թույլ տվեց իրեն խուսափել Քյոթաիյայում կոշկակար դառնալու ճակատագրից: Ավելին, նա Էջմիածնում է հաղորդակից լինում հայ դարավոր մշակույթին` ուսումնասիրելով հայ միջնադարյան հանճարեղ գրականությունը, տաղերը, մատյանները` միաժամանակ ականջալուր լինելով տեղի հասարակ ժողովրդի նիստուկացին, աշխատանքի ժամանակ կատարվող գեղջկական երգերին ու այլ մեղեդիներին: Սողոմոնը սկսեց գրառել ու մշակել հաճախակի կատարվող ազգային երգերը: 1893 թ. նա ավարտեց ուսումն Էջմիածնում՝ նշանակվելով ճեմարանի երաժշտության դասատու, այնուհետև աբեղա ձեռնադրվելով` ստացավ «Կոմիտաս» անունը: 1895 թ. աշնանից Թիֆլիսում պարապում է Մ. Եկմալյանի մոտ, հաջորդ տարի մեկնում Գերմանիա: Շնորհիվ Կոմիտասի` գերմանացի երաժիշտները առիթ են ունենում ծանոթանալու հայ ժողովրդական բացառիկ երաժշտական արվեստին: Ավարտելով ուսումը՝ Կոմիտասը վերադարձավ Էջմիածին` վերսկսելով իր գործունեությունը ճեմարանում: Մեծ հաջողություն են ունենում 1905-1907 թվականների ընթացքում նրա դասախոսություններն ու համերգները Անդրկովկասի և Արևմտյան Եվրոպայի քաղաքներում` մասնավորապես Թիֆլիս, Բաքու, Փարիզ, Բեռն, Լոգան, Ժնև և այլն, որոնք միտում ունեին հայ երգարվեստը հասու դարձնելու ու արժանի ճանաչում բերելու: 1910 թ. Կոմիտասը հեռացավ Էջմիածնից՝ հաստատվելով Կ.Պոլսում: 1914 թ. Կոմիտասը 20 այլ երկրների երաժշտական մշակույթի գործիչների հետ մասնակցեց Փարիզում կայացած Միջազգային երաժշտական ընկերության կոնգրեսին` հանդես գալով 2 զեկուցմամբ` «Հայկական գեղջուկ երաժշտությունը» և «Հին և նոր նոտագրությունը հայկական հոգևոր երաժշտության մեջ»:

1915 թ. նա ականատես եղավ Հայոց Ցեղասպանության դեպքերին` իր ժողովրդի հետ կիսելով աքսորի տառապանքները: 1919 թ. վերջինիս տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական կենտրոն, ուր նա մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևանի Պանթեոն:

Հանճարեղ երգահան, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար ու երգիչ Կոմիտասի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն, հարկադրված եմ սահմանափակվել այսքանով: Թող որ ոչ մի հայ երբեք չմոռանա, որ Կոմիտասը վերածնեց մեր ազգային երաժշտությունը` այն` իր ողջ ուժով և ինքնատիպությամբ, ներկայացնելով աշխարհին…


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/298-komitas

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 793 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կոմիտաս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0