Ուրբաթ, 19.04.2024, 06:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Կոմիտասյան փառատոն ու փողերի պատմություն
15:26
Կոմիտասյան փառատոն ու փողերի պատմություն
Փրոյթցել դղյակ
Օրերս Գերմանիայից «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային հասցեով ստացված նամակից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-7-ը Բրանդենբուրգի երկրամասի Փրոյթցել դղյակում առաջին անգամ կազմակերպվել է Կոմիտասի անունը կրող փառատոն: Ըստ նամակագիրների, սահմանված է եղել մրցանակային ֆոնդ՝ 20000 եվրոյի չափով, «Արամ եւ Վահրամ Եկավյանների Հողամասային Ընկերություն» հիմնադրամի կողմից: Անկախ նախապես հայտարարված մրցանակներից, հայտարարվել է նաեւ Կոմիտասի անվան առաջին միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակը՝ 10 000 եվրո:

«Հետագայում պարզվեց, որ մրցանակային ֆոնդը նախատեսված է եղել ոչ թե մասնակիցների, այլ ժյուրիի անդամների համար: Փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ խմբավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, երգչուհի Աննա Մայիլյանը, կոմիտասագետ Մհեր Նավոյանը, դաշնակահարուհի Մարինա Աբրահամյանը եւ ուրիշներ: Ըստ նախնական պայմանավորվածության, «Արամ եւ Վահրամ Եկավյանների Հողամասային Ընկերություն» հիմնադրամը պետք է հոգար ճանապարհի եւ փառատոնին մասնակցության ողջ ծախսերը: Հայաստանցի հյուրերի դժգոհությունը օր օրի մեծանում էր, քանի որ Եկավյանները չէին կարողանում ամբողջությամբ ապահովել այն պատշաճ պայմանները, որոնք անհրաժեշտ էին հայ անվանի երաժիշտների համար,- գրված է նամակում,- ուստի փառատոնի փակմանը Վահրամ Եկավյանը մրցանակային ֆոնդի ավելի քան կեսը բաժանեց ժյուրիի անդամների միջեւ, 2000-ական եվրո նվիրաբերելով Աննա Մայիլյանին՝ կոմիտասյան գեղեցիկ կատարման համար, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ Գերմանիայում կրած դժվարությունները քիչ մեղմելու նպատակով, Մարինա Աբրահամյանին, քանի որ նա պարոն Եկավյանի մորաքույրն է (ի դեպ, հենց այդպես էլ ասվեց բեմից), իսկ Հովհաննես Չեքիջյանին 2000 եվրո չնվիրաբերվեց, դրա փոխարեն սահմանվեց նրա անվան մրցանակ: Արդյունքում փառատոնին մասնակցող երիտասարդ երաժիշտներին բաժին հասավ մրցանակային ֆոնդի մի չնչին մաս: Խոստացված 10 000 եվրո գլխավոր մրցանակը եւս մասնակիցներին այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել»:

Ժամանակին «Սպեղանի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանը «Առավոտին» հայտնել էր, որ երգչախմբի 15-ամյա հոբելյանը գուցե կնշվի Գերմանիայում, հետո Հայաստանում եւ Արցախում: Ասել էր նաեւ, որ հպարտ է կոմիտասյան խմբերգերը, որոնց վրա ինքն աշխատել է շուրջ 5 տարի, հնչեցնել գերմանական մի հոյակերտ դղյակում:

Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը այս տարվա գարնանը, դարձյալ մեզ հետ զրույցում, հայտնել էր, որ ինքը իբրեւ ժյուրիի նախագահ կմասնակցի Գերմանիայում առաջին անգամ կայանալիք կոմիտասյան միջազգային փառատոնին: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Հայաստանից Գերմանիա մեկնած 33 հոգանոց խմբի կազմում չեն ընդգրկվել «Սպեղանի» երգչախումբը եւ խմբավար Հարություն Թոփիկյանը: «Ես եւ Սարինա Ավթանդիլյանը դեռ մարտ ամսին հրաժարվեցինք մասնակցել փառատոնին՝ տեսնելով Վահրամ Եկավյանի հոգեւոր մերկությունը... Կարճ ասած՝ Եվրոպայում ընդունված կարգ է՝ շուրջ 200 եվրո վճարել եւ պայմանագրով ձեռք բերել դղյակ՝ պայմանով, որ տարիների ընթացքում այն կվերանորոգես կամ կհիմնանորոգես, եւ քանի որ դա առանձնատուն չէ, այլ դղյակ, ապա այն պետք է ճանաչելի դառնա աշխարհին»,- ասաց պարոն Թոփիկյանը, հավելելով, որ ինքն ու Սարինան պարոն Եկավյանի մոտ նախ նկատել են մանրախնդրություն ու գծուծություն, խոստումներում էլ՝ անհստակություն: Ի դեպ, ի սկզբանե փառատոնի նպատակն է եղել ընդգրկել լավագույն կոլեկտիվներ տարբեր երկրներից եւ հավուր պատշաճի Կոմիտաս ներկայացնել:

Ս. Ավթանդիլյանն էլ «Առավոտին» ասաց, որ պարոն Եկավյանի հետ վաղօրոք պայմանավորվածություն են ունեցել, որ ինքը պատասխանատու է միայն գեղարվեստական մասի համար, իսկ Եկավյանը՝ կազմակերպչական: «Ստեղծագործական ողջ ուղուս ընթացքում երբեք նման տհաճ պատմությունների մեջ չեմ ընկել... Փաստորեն, Վահրամ Եկավյանը սեփականեց կոմիտասյան փառատոնի նախագիծն ու ծրագրերս: Նա անազնիվ անձնավորություն է, որովհետեւ նպատակը ոչ թե մաքրամաքուր Կոմիտաս հնչեցնելն էր, այլ վարդապետի անունով դղյակին փառք ապահովելը: Նա նույնիսկ ինձ ասաց՝ ինձ ինչի՞ համար են պետք ձեր հայերը, մի հատ Դոմինգո էիք բերել՝ չկարողացաք նորմալ համերգ կազմակերպել... Նույնիսկ վիրավորեց մի ամբողջ ազգի, ասելով, թե Կոմիտասին Գերմանիայում կոմիկի են նմանեցնում: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ այս արտահայտություններն ինքը թույլ տվեց այն ժամանակ, երբ մենք հրաժարվեցինք մասնակցել փառատոնին»,- ասաց տիկին Ավթանդիլյանը:

Երգչուհի Աննա Մայիլյանն էլ ընդամենը հետեւյալն ասաց փառատոնի մասին. «Առաջին փառատոնն էր, ուստի կային կազմակերպչական անհարթություններ... Կուզեի, որ հետագայում այս փառատոնում հնչեր զուտ Կոմիտաս»:
 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96724/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 828 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գերմանիա, փառատոն, Բրանդենբուրգ, Կոմիտաս, Արամ եւ Վահրամ Եկավյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0