Չորեքշաբթի, 24.04.2024, 04:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Լավ էր էրբեք, քան այսպես ուշ...
17:19
Լավ էր էրբեք, քան այսպես ուշ...
Ալ. Թոփչյանի անտեղի զայրույթը

Լույս է տեսել Ալ. Թոփչյանի «Թե ինչպես որդին խայտառակեց սեփական հորը» [1] արձագանքը` իմ «Գուրգեն Մահարին եւ ռուս գրականությունը» հոդվածին [2]: Ով չի կարդացել, խորհուրդ կտայի բաց չթողնել:

Ես միշտ նախանձել եմ թամադաներին, որոնք ոտքի են կանգնում եւ բառերն իրար ետեւից շարելով, ճառախոսում: Ճիշտ է, երբ փորձում ես խորանալ բովանդակության մեջ, հաՃախ տեսնում ես, որ այն չկա: Բայց ահա կանգնում եմ ես, արտասանում մտքումս քանիցս կրկնված «խելոք» մտքեր ու ինձնից դժգոհ նստում, որովհետեւ... այնուամենայնիվ ինչ-որ բան մոռացել եմ բարձրաձայնել:

Ալ. Թոփչյանի խոսքը թամադայական է: Դժվար է նրա բառերի հոսքում որսալ փաստարկներ, հստակ մտքեր: Ստիպված ես կարդալ երկրորդ, երրորդ անգամ:

Սիրում եմ գրական բանավեճը, բայց այն, ինչ իմ գլխին պարբերաբար փաթաթում են Թոփչյան եղբայրները, մոտ է «քուչի կռվին», որին պարտավոր ես մասնակցել օձիքդ ազատելու համար: Ստիպված եմ այս անգամ էլ...

Ի՞նչ ասեմ ինձ ուղղված քաղաքակիրթ նորմերից դուրս արտահայտությունների մասին: Դրանք գրական էթիկայի կամ դաստիարակության պակասի հետեւանք չեն միայն, այլ նաեւ դիմացինի անբավարար ճանաչողության: Ստիպված եմ ներկայանալ: Ես հպարտ եմ, որ կրում եմ իմ մեծ հոր` Վանի առաջավոր մտավորականի, Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկի անուն-ազգանունը: Իմ պարտքը նրան ես հատուցել եմ 1907-08 թթ. հայ մամուլը ուսումնասիրելով եւ «Գրիգոր Աճեմյանի սպանությունը» հոդվածի հրապարակումով [3]: Հպարտ եմ հայ գրականության երախտավոր Գուրգեն Մահարու գրական ժառանգությամբ: Հպարտ եմ «Այրվող այգեստանների» գիտական հրատարակությամբ, «Սիբիրական» ժողովածուով եւ ուրիշներով: Հպարտ եմ մանավանդ գրքերով, որոնք նոր պիտի ներկայացնեմ ընթերցողին: Դա գրողի Երկերի լրացուցիչ ժողովածուն է ութ հատորով, կենսամատենագիտությունն է երեք հատորով: Հպարտ եմ, որ ուժերիս ներածին չափ արդարացրել եմ հայրական ընծայագիրը: Իմ այս հպարտությունները խորթ են Ալ. Թոփչյանին, բայց նա պետք է հասկանա` եթե ճիշտ է ասույթը, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, ապա ճիշտ է եւ այն, որ դատարկ տեղում սրբեր չեն հայտնվում: Ալ. Թոփչյանի հոգեւոր սնանկության ապացույցը նրա հոդվածն է, որը խորհուրդ կտայի կարդալ` համոզվելու համար որ նա այն է, ինչ կա, որ նրանից ավել-պակաս ոչինչ չես պահանջի:

Ի՞նչն է ստիպել ժամանակին ոչ անհայտ Է. Թոփչյանի որդուն գրիչ ճոճել իմ դեմ: Նրան զայրացրել է Մահարու 1968 թ. նամակից մի մեջբերում` իր հոր մասին: Շատ իզո՜ւր: Նա պետք է գնահատեր իմ մեծահոգությունը: Ես կատարել եմ միայն մեկ մեջբերում: Կրկնում եմ այն եւ բերում նորերը, որոնք վերաբերում են հայր Թոփչյանի դեմ գրողների նույն ընդվզմանը.

«Վերջապե՜ս, ճահիճը շարժվում է: Ճահիճ ասի, հիշեցի. Նագուշ Հարությունյանի հետ երբ եղանք Կրեմլյովկա, Սալախի մոտ, երկար զրույց ունեցանք: Ես ասացի, որ հայ գրողների միությունը վերածվել է ճահճի. Նագուշը բողոքեց.- ափսոս չի՞ ճահիճը. գրողների միությունը մո՛րգ է, մո՛րգ...- մորգը, ինչպես գիտես, մեռելատունն է... [4]

Ի հարկե. ճիշտ է ասել Թոփչյանը, որ ինքը «զոռով չի դարձել քարտուղար», եւ որ «իրեն ընտրել են»։ Բայց խի՛ղճը, խի՛ղճը... Չէ՞ որ նրան ընտրել են, որպեսզի նա շարժվի տեղից եւ աշխատի... իսկ նա 14 տարի խաբել է եւ՛ վերին եւ՛ վարին ու ոչինչ չի արել. դողացել է իր աթոռի վրա, եղել է երկդիմի, բայց ավելիՙ դիմազուրկ, պաշտպան է կանգնել գրական պարազիտներին եւ ստեղծել իր շուրջը խալույների մի դաս, ինքն էլ վերածվելով մի անընձյուղ, անպտուղ կոճղի... Ո՞վ պիտի հաջորդի նրան եւ նրա կամա ու ակամա խալույներին, իսկի հետաքրքիր չի, կարեւորն այսօր այն է, որ գրականության ճանապարհից դուրս շպրտվի այդ հնգանիվ սայլը...» (Աղավնուն, 12 հունիսի).

«Ինչի՞ց եմ վախենում. որ այդ ամենը կմնա թղթի վրա եւ Գրողների տան առնետները կվարեն հողն իրենց ուզածի պես եւ կամրանան իրենց աթոռներին: Ես Տեր-Ղազարյանցին մի թունդ նամակ ուղարկեցի եւ «իմ ձայնը միացրեցի նրանց ձայնին, որոնք պահանջում են փոխել գրական ղեկավարությունը», վերջ տալու համար «գրական քաղաքականության դիմազրկությանը»... [5] Եվ ինչով են զբաղված Մոսկվայի մեծ մամուլի հաստիքավոր թղթակիցները. ինչո՞ւ քամում են մժղուկներին, իսկ ուղտերին` կլլում: Թե՞ նրանք էլ հայ ժողովրդի արժանապատվությո՜ւնն են պաշտպանում...» (Աղավնուն, 26 հունիսի).

«Ի՜նչ է անում իշխանության մոլուցքը, չէ՞ որ նա կարող էր իր ժամանակին, պատվավոր կերպով հրաժարվել... 14 տարի նույն աթոռին նստել ի՞նչ է նշանակում. պարզ չէ՞, որ աթոռն էլ կբորբոսնի, նստուկն էլ... Քո երկյուղը, որ X-ին կարող են նշանակել, ինձ թվում է անհիմն. եթե կատարվի գործողությունն ապա մի նոր մարդ կբերեն, խելքից-մտքից դուրս մի մարդ... Ով ուզում է գա, միայն այս բորբոսից մի կերպ ազատվենք...» (Աղավնուն, 6 հուլիսի).

«Աստոծ տա շարժվի ճահիճ-մահիճը ու լուսնի երեսից թափվի սառնության կավիճը, իմանանք, ո՞վ է բարեկամը, ո՞վ` դահիճը...» (Ն. Ադալյանին, 15 հունիսի).

Ինձ հասած ստույգ տեղեկությունների համաձայն վերադասը հիմա զբաղված է Գրողների միության ղեկավարությունը փոխելու խնդրով: Վանում թուրք աստիճանավորները մտնում էին հայերի տները, օրերով ուտում, խմում էին ու հրաժեշտի ժամին մի 100 հնչուն ոսկի փող էին պահանջում, որպես «դիշ քրասի», այսինքն ատամնավարձ, որ կերան, խմեցին... Այդ բնակարաններն էլ երեւի նրանց... ատամնավարձն է [6]: Թող այդ էլ առնեն, ի սեր Աստծո, միայն թե ազատեն գրողներին իրենց «ղեկավարությունից», իրենց դիմազո՛ւրկ, շահախնդի՛ր, անպատասխանատո՛ւ ղեկավարությունից» (Գեղամ Սեւանին, 21 հունիսի).

«Երեւանից եկած նամակներին նայելով Թոփչյանին հանում են. այս` հօգուտ ոչ միայն գրողների, այլ եւ իրեն: 14 տարի քարտուղարեց, ոչինչ չարավ ոչ գրականության, ոչ իրեն համար...» (Աշոտ Մելիք-Սարգսյանին, 26 հունիսի).

«Երեւանից գրում են, որ պայքար է գնում գրական ղեկավարության դեմ: Անունը նրա Էդվարդ է, ազգանունը` Թոփչյան, որը 1954 թվականից նստած է առաջին քարտուղարի գահի վրա: Վատ մարդ չէ, բայց... առանց սկզբունքների, անդեմ, անգործունյա, որի շնորհիվ Հայաստանի գրողների միությունը վեր է ածվել մեռելատան: Ինչով կավարտվի այդ «պատերազմը» դեռ հայտնի չէ, բայց կարծում եմ, որ Թոփչյանը սպառել է իր դարը եւ նրա «ոճը» հնացել է: Ընդհանրապես այդ գրական քարտուղարները եւ քարտուղարությունները ավելի խանգարում են գրական շարժմանը, քան օգնում» (Լեոնիդ Պերվոմայսկուն, 25 հունիսի):

ՀԿԿ Կենտկոմը թույլ չէր տա, որ «ներքեւում» հարց լուծվեր: Է. Թոփչյանը մնաց պաշտոնում եւս յոթը տարի` ցմա՛հ...

Գանք « անընձյուղ, անպտուղ կոճղ... »-ին: Իմ ձեռքի տակ է «Գրական տեղեկատուն» (1986: Է. Թոփչյանի բաժնում առարկայական երեք նյութ կա միայն` «Վահան Տերյան» (1945), Լ. Շանթի եւ Ֆրանց Վերֆելի գրքերի առաջաբանները: Մնացածը թաքնված է անդեմ «Երկերի» տակ: Խնայելով ժամանակսՙ վճռեցի քանդել «Երկերի» կծիկը ձեռքիս տակ գտնվող Մահարու կենսամատենագիտությամբ: Առանձնացրի Մահարի-Թոփչյան նյութերը: Ահա պատկերը` «ՍՄԿԿ XX համագումարը եւ սովետահայ գրականության զարգացման մի քանի հարցերը» [7], «Կոմունիզմի կառուցումը եւ սովետահայ գրականության խնդիրները» [8], «XXII համագումարը եւ գրականության խնդիրները» [9], «Մեր ժամանակը եւ նրա արտացոլումը գրականության մեջ» [10], «Սովետահայ գրականության պատվի գործը» [11], «Հոկտեմբերը եւ հայ գրականությունը» [12], «Արդիականությունը եւ սովետահայ գրականության հիմնական խնդիրները» [13]... Չհավատալով նման «քյասիբությանը»ՙ մտա Ազգային գրադարանի քարտարան: Ընդամենը վեց քարտ, որից «Ի. Վ. Ստալինի ուսմունքը լեզվի մասին եւ սովետական գրականության մի քանի հարցերը» (1951) հոդված է ՀՍՍՌ ԳԱ տեղեկագրում, «Հոկտեմբերը եւ հայ ժողովրդի ճակատագիրը» (1965)` «Գիտելիք» ընկերության բրոշյուր, իսկ` «Արտասահմանյան ժամանակակից հայ գրողներ» (1946) գիրքը` անթոլոգիա, որի տիտղոսաթերթին նշված է «Կազմեցին եւ խմբագրեցին (?)) Է. Թոփչյանը եւ Հ. Գրիգորյանը»: Մնաց չափերով լուցկու տուփից քիչ մեծ «Վահան Տերյան» 45 «էջանոց» մենագրությունը եւ հետմահու «Երկեր» երկհատորյակը, որի «Լենինիզմը եւ գեղարվեստական գրականության նոր դարաշրջանը» (էջ 4-67) եւ «Հոկտեմբերը եւ հայ գրականությունը» (էջ 68-285) բաժիններում, հոբելյանական այլ ելույթների, հոդվածների ու Պետհրատի պատվերով գրված գրախոսականների կողքին, հայտնաբերեցի կենսամատենագիտային իմ նյութերի «մոնտաժը»...

Ա՞յս է է՜. Թոփչյանը...

Ո՛չ: Այս չէ: Չկա «Սուրեն Վահունու բանաստեղծությունների մասին» գրախոսականը: Ոչինչ, որ այն գրվել է Վահունու գրքույկի լույս տեսնելուց չորս տարի անց, գրական նորելուկի համար կարեւորն իր հավատամքն ում որ հարկն է ցուցաբերելն էր: Եվ ցուցաբերել է. «Վահունին իր «Նամակ Գուրգեն Մահարուն» բանաստեղծության մեջ փորձում է մերկացնել Մահարու անկումային, մանր բուրժուական տրամադրությունները, բայց ինքը այլ վերաբերմունք չունի դեպի իրականությունը, նա նույնպես տարվում է Մահարու տրամադրությամբ... Տրամադրությունների ընդհանրությունը ջնջում է սահմանը իր եւ Մահարու միջեւ եւ ինքնախարազանման փիլիսոփայությունը չի հիմնավորվում» [14]: Չկա «Դիտողություններ 7-րդ տարվա գրականության մասին» հոդվածը: Գրական ճաշակի ի՜նչ բացակայություն պետք էր ունենալ` քննադատի մատն ամենաքնարական գործերի վրա դնելու համար. «Դասագրքում Մահարուց տրված են անկումային բնույթի բանաստեղծություններ: Ահա մի կտոր այդ բանաստեղծություններից. «/Եկավ ինձ այցի /Այսօր իմ հուշը, /Տխուր եմ ասի, /Աշխարհը մուժ է...» : Կամ «Հին այգու դռանը», «Գիշեր» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը երազում է վերադառնալ հինը, ապրել «հնօրյա հին մի կարոտ...» : Կասկածից վեր է, որ նման բանաստեղծությունները չեն կարող օժանդակել մանուկ սերնդի կոմունիստական աշխարհայացքի կազմակերպման» [15]: Սա ի պաշտոնե խոսող վարչարարը չէ, այլ դեպի «բարձրերը» ձգտող շարքային ուսուցիչը...

Չկա բնորոշումներով առատ «Վաճառված գրչակը» հոդվածը [16], - թունավոր հումանիզմ, մահացողի զվարթություն, մեռած մարդ, խուլիգանական տխմարություն, գրչի բանդիտ, ոճրագործ նպատակ, հոգեկան հիվանդ, ստորագույն վարքագիծ եւ այլն... մտքիս չի գալիս ոչ ոք, որ համապատասխանի այս բնորոշումներին, բացի մարդկության թշնամի-տականքներից: Դու էլ չես գտնի, ընթերցող: Պարզվում է, որ այդ բնորոշումները վերաբերում են Վիլյամ Սարոյանին, հայ ժողովրդի խղճին ու հպարտությանը, որի մասին սեւով սպիտակի վրա գրված է` «Նա արդարացնում է... թուրք բռնակալների կազմակերպած հայկական կոտորածները» :

Երբ բռնադատված Մահարին վերադարձավ գրականություն, գրողների թամբին արդեն Է. Թոփչյանն էր: 1954-ի դեկտեմբերի 7-ին Արաքսը ելույթ ունեցավ կուսժողովում. «Մեր վարչությունը պետք է մտահոգվի, որպեսզի արդարացված եւ վերադարձած հեղինակները օգտվեն բոլոր իրավունքներից: Մինչդեռ նրանց հանդեպ անհրաժեշտ հոգատարություն չի ցուցաբերվում» [17]: Մեկ ամիս անց, հունվարի 29-ի ժողովում ելույթ ունեցավ Է. Թոփչյանը. «Մենք Ալազանին, Մահարուն եւ Նորենցին շրջապատել ենք իսկական հոգատարությամբ եւ նրանց համար ամեն ինչ անում ենք, օժանդակում ենք ամեն տեսակետից: Սխալվում են այն ընկերները, որոնք ասում են, թե որոշ անտարբերություն է զգացվում վերադարձած ընկերների նկատմամբ» [18]:

Կարելի էր վիճել, թե ով էր իրավացի, եթե Հայաստանում շատերը եւ ողջ Սփյուռքը անտեղյակ չլիներ կենդանի մնացած գրողների վերադարձի մասին, քանի որ նրանցից ամիսներով ոչինչ չէր տպվում, ոչ իսկ մամուլում որեւէ լրատվություն: Շ. Միսաքյանը «Ուշ մնացած հարցումներ» խմբագրականում ձայնեց. «Եւ ո՞վ ըսաւ թէ ուրիշներ վերադարձեր են: Միայն Մկրտիչ Արմէնի ողջութեան մասին լուրեր հրատարակուեցան, առանց ճշդելու թէ ո՛ւր կը գտնուի: Միւսներու մասին ոչ մէկ վաւերական տեղեկութիւն» [19]:

Միայն 1955-ի հունվարի վերջին Աշոտ-Արծրունին «Աքսորուած գրագէտներէն որո՞նք վերադարձեր են» նշմարում իրենց դստեր վաղաժամ մահվան մասին Գուրգեն եւ Ատոնինա Մահարիների հայտարարությունից եւ Նորենցի ու Ալազանի ցավակցությունից հավաստեց, որ այո՛, վերադարձողներ կան [20]: Տարօրինա՛կ, շա՜տ տարօրինակ աղբյուր «հոգատարությամբ շրջապատվածների» մասին, որոնք կես տարուց ավելի ապրում էին արդեն Երեւանում:

Կրկնում եմ, Հայաստանի գրողների միությունում խեղդվում էր այն արժեքավորը, ինչը դուրս էր կաղապարներից: Հրանտ Մաթեւոսյանը Հայաստանում ճանաչում գտավ մոսկովյան «անձնագրով»: Իսկ մինչ այդ նրա «մեղքով» փոխվեցին խմբագիրներ, կուսակցական տույժի ենթարկվեցին քննադատներ...

Բնորոշ էր «Այրվող այգեստանների» ճակատագրում Է. Թոփչյանի դերը:

1964-ին վեպն ավարտված էր եւ հանձնված... Է. Թոփչյանին. «Վեպս դեռ Թոփչու սեղանի վրա է: Զանգահարեց,- «Շնորհավորում եմ հաղթանակդ»,- ասաց: Ես էլ ասիՙ շնորհակալ եմ...» (28 հունվարի 1965 թ.): Գրողների միության քարտուղարն ի՞նչ գործ ուներ խմբագրական աշխատանքի հետ: Հայպետհրատում խմբագիրների մի ամբողջ խումբ էր աշխատում: Բայց... Է. Թոփչյանը բոլոր ակնառու գրքերի «ի պաշտոնե» խմբագիրն էր: Երկու շաբաթից Մահարին գրեց Շահան Շահնուրին: «Վեպս խմբագրում է նույն ինքը Էդվարդ Թոփչյանը: Այս խմբագրությունն ավելի ձեւական գործ է քան էական: Հույս ունեմ այս տարի սեղանիդ վրա դնել: Տա՜ Աստված» (13 փետրվարի):

Վեպի առաջին հրատարակությունում խմբագիր է նշված Ս. Պայազատը: Իրականում այն ունեցել է առնվազն չորս խմբագիր: Տարի ու կես անց Մահարին գրեց. «Ցավալին այն է, որ վեպս երեք գրչով (Թոփչյան, Դագեսյան, Պայազատ) խմբագրելուց հետո այժմ խոշորացույցով կարդում են վերեւներում...» (29 օգոստոսի 1966 թ.):

Ճանապարհը դեպի տպարան կարճելու համար Մահարին համաձայնվել էր խմբագրական միջամտությունների հետ, որոնք, ինչպես ցույց տվեց վեպի գիտական հրատարակությունը (2004), ամենեւին էլ ձեւական չէին: Բայց թեկուզ լինեին տասնչորս խմբագիր` առաջին հրատարակության բոլոր էական փոփոխությունները պետք է վերագրվեն «առաջինին», թեկուզ պաշտոնի գերակայությամբ: Կողմնակի այդ է վկայում ֆրանսահայ գրող Վիկտոր Գարդոնին (Վահրամ Կաքավյան) գրած Մահարու նամակը. «Օրերս Հայաստանից Փարիզ կժամանի մի պատգամավորություն, որոնց մեջ է մեր Գերագույն խորհրդի նախագահ եւ գրողների միության առաջին քարտուղար, գրականագետ Էդ. Թոփչյանը... նա «մուշտարու աչքով» կարդացել է վեպիդ թարգմանությունը եւ ընդգծել այն ամենը, ինչ պետք է վերանայվի հեղինակի կողմից: Նա սիրով քեզ կընդունի եւ կուտա անհրաժեշտ ցուցմունքներ» [21] (11 ապրիլի 1965 թ.):

«Այրվող այգեստանները» պլանավորված էր հրատարակել 1965-ին: Մահարին թողեց ամառային Երեւանըՙ հույսով, որ ուր որ է` այն կիջնի տպարան. «Ի՞նչ եղավ վեպի խնդիրը, այդպես էլ չիմացա, մնաց սեղանի վրա՞, տպարա՞ն իջավ թե գզրոց մտավ...» (Է. Թոփչյանին, 20 մայիսի): Հունիսի 2-ին նա դիմեց ՀԽՍՀ գրահրատարակչության կոմիտեի նախագահ Հր. Մարտիրոսյանին. «Ես ուզում էի ձեզ անհանգստացնել իմ վեպի հրատարակության գործով: Վեպի վրա աշխատել եմ ավելի քան մի տասնամյակ եւ ավարտեցի անցյալ տարի... Թոփչյանը խմբագրեց վեպը եւ պիտի արդեն ուղարկվեր տպարան հատորյակներից դուրս հրատարակվելու համար, սակայն գործը կասեցվեց: Հայգիրքը պահանջեց առաջին հերթին տպագրել իմ երկերի առաջին հատորը, դուք Հայգրքի պահանջը իրավացի գտաք եւ... այսօր ստացած նամակից տեղեկանում եմ, որ ոչ վեպն է տպարան իջել, ոչ էլ երկերի առաջին հատորը...» [22]: Վեպի հրատարակության ձգձգումը հետեւանք չէր նույն կոմիտեի տարբեր օղակներում ծագած վեճի, թե որ գրքին տալ առաջնությունը: 1965 թվականին Մահարուց ոչ մի գիրք լույս չտեսավ: «Այրվող այգեստանների» նկատմամբ դեռ չէր ձեւավորվել դիրքորոշումը:

Վեպը լույս տեսավ 1966-ի ուշ աշնանը: Մամուլում այդ մասին չհայտնվեց ոչ մի տող, ինչը պարտադիր էր անգամ երկրորդական գրքույկների համար:

1967-ի ապրիլի 21-ի ՀԳՄ կուսժողովում ելույթ ունեցան արյան հոտ առած գրողները, ըստ խորհրդային շրջանի ընթացիկ սովորության. «Զարմանալի է լռությունը, որ կա Մահարու վեպի նկատմամբ, երբ ամբողջ ժողովուրդը զայրույթով է խոսում այդ մասին: Ինչո՞ւ մամուլը չի գրում «Այգեստանների» մասին» (Գ. Բես), «Իրավացի է ընկերների բողոքը գրքերի քննարկման վերաբերյալ: Պետք է քննարկել Մահարու վեպը» (Վ. Նորենց), «Մահարու գրքի քննարկումը պետք է լինի եւ եզրակացությունը հրապարակվի մամուլում...» (Է. Թոփչյան) [23]:

Թե ինչ «քննարկում» եղավ եւ ինչ հրապարակվեց մամուլում, հայտնի է: Լույս տեսավ ՀԳՄ քարտուղարության մեղադրականը վեպի մասին [24]: Քարտուղարության նիստին մասնակցել էին Է. Թոփչյանը, Պ. Սեւակը, Մ. Շաթիրյանը, Լ. Ղարագյոզյանը [25]:

Հուլիսի 13-ին Մահարին գրեց Կենտկոմի գաղափարական բաժնի վարիչ Ստ. Վարդանյանին. «Մի քանի օր առաջ ես ընկ. Ռ. Խաչատրյանին մի նամակ ուղարկեցի. ներփակեցի նաեւ իմ պատասխանը «Գր. թերթ»ում տպելու համար: Ես այդ նամակում գրեցի, որ իմ պատասխանի առաջին մասը, որը վերաբերում է Է. Թոփչյանին եւ Ալաջաջյանին, կարելի է հանել, բայց հետո եկա այն եզրակացության, որ կարիք չկա հանելու: Այնպես է դուրս գալիս, որ «քարտուղարությունը» ոչ մի տեղեկություն չի ունեցել ձեռագրից եւ հետին թվով իրեն իրավունք է համարում լավ գործը «անհաջողություն» համարել...» :

Չակերտված «քարտուղարությունը» նշանակում էր` «իմա` Է. Թոփչյանը»...

Կենտկոմի քարտուղարին եւ «Գրական թերթին» գրված նամակները չեն հայտնաբերվել, սակայն ակնհայտ է, որ Թոփչյանը լվացել էր ձեռքերը...

Նոյեմբերի 14-ին Թոփչյանը հանդես եկավ կուսակցական ժողովում իր նախկին ելույթին հակասող ելույթով. «Մահարու գրքի մասին քարտուղարության կարծիքը պատասխան էր ստացված նամակների: Քննարկումն այն ժամանակ ճիշտ չէր լինի: Եվ, իհարկե, նպատակ ունենք որոշ իմաստով պահպանել հեղինակին: Գրականության մեջ սխալներ կարող են լինել, բայց մարդուն չպետք է դնել հոգեկան ծանր վիճակի մեջ...» [26]:

Չկա այստեղ մի տող, որտեղ չլինի կեղծիք ու խարդավանք: Մենք քաղել ենք նյութերը տարբեր արխիվներից` կաթիլ-կաթիլ, բայց ե՞րբ պետք է հասարակությունը ստանա պատասխանը օրինական հարցի` որտե՞ղ են թոփչյանական շրջանի ՀԳՄ արխիվային փաստաթղթերը, ինչո՞ւ ընդունված կարգի համաձայն դրանք չեն հանձնվել Հայաստանի ազգային արխիվ: Ո՞ւմ է եղել ձեռնտու այս հավկուրությունը...

Մեծահոգի է Մահարին «վատ մարդ չէ, բայց...» բնորոշումով: Է. Թոփչյանը բացահայտվում է Մահարի-Սեւակ բարդույթում մինչեւ վերջ: «Այգեստանյան» թեժ օրերն էին: Անցել էր երեք տարի Մահարու «Մնայուն հաղթանակներ եւ ժամանակավոր պարտություններ» գրախոսականից: Սեւակի «գրագողության» հարցը անհուսորեն «մեռած» էր: Պետք էր վերակենդանացնել այն, բորբոքել Սեւակի թշնամությունը: Այդ մասին է Ա. Ալիքյանի նամակը, որտեղ հստակորեն խոսվում է երբեւէ չեղած հոդվածի մասին. «Լսել եմ շատ հավաստի աղբյուրներից հետեւյալը. Սեւակը քեզ հալածում է նրա համար, որ դու իբր թե ինձ հետ հոդված ես գրել իր բանագողությունների մասին եւ տվել ես «Լիտ. գազետա»: Համագումարյան օրերին նրանց ամբողջ խումբը Թոփչյանի իմաստուն ղեկավարությամբ աշխատել է ամեն կերպ «հայտնաբերել» այդ չեղյալ հոդվածը եւ կասեցնել: Այս մասին ինձ պատմող անձնավորության ներկայությամբ Թոփչյանը հատուկ զանգ է տվել Կ. Սերեբրյակովին, խնդրելով, որ նա ջանք չխնայի եւ անպատճառ ձախողեցնի այդ հոդվածի լույս ընծայումը... Ահա, սիրելի Մահ, քո գրքի դեմ հանված խաչակրության շարժիչ զսպանակներից մեկը: Անշուշտ այս պատմության մեջ նողկալին ոչ այնքան Սեւակն է, որքան Թոփչյան կոչված արարածը...» (30 հունիսի 1967 թ.):

Նամակը պատճառ դարձավ, որ Մահարին գրեր Է. Թոփչյանին.

«Հարգելի Էդվարդ, որդի Ստեփանի.

Ինձ այնքան մեծ ցավ չպատճառեց այն, որ Գրողների միության քարտուղարությունը (հակառակ այն բանին, որ «դե ֆակտո» իմ վեպը ձեր կողմից էր խմբագրված) թույլ չտվեց, որ գրական մամուլում լույս տեսնեն դրական գրախոսականներ իմ վեպի մասին եւ ընդհակառակը յուղ լցրեց կրակի վրա բորբոքելու համար գրքի շուրջ բարձրացած անառողջ կրքերը, դարձնելով այն գրական անոնիմկաների եւ անստորագիր պարսավագրերի շահատակության թիրախ... ինձ ավելի ցավ պատճառեց այն տխուր փաստը, որ ինչպես վերջերս միայն ինձ հասավ, Մոսկվայում դուք զանգահարել եք "Литературная газета"ի խմբագրությունը արգելելու մի հոդվածի տպագրությունը, մի հոդված, որը պետք էր որ գրված լիներ իմ կողմից եւ պետք էր, որ ուղղված լիներ Պարույր Սեւակի դեմ... ցավալի է, որ դուք հավատացել եք, որ ես այնքան ընկած, անսկզբունք, անողնաշար մարդ եմ, որ կարող եմ նույն "Лит. газета"ում նոյեմբեր ամսին հոդված գրել եւ Սեւակին անվանել «խոսքի վարպետ» [27], եւ 6 ամիս հետո նույն մոսկովյան թերթին հոդված տալ նրա դեմ, որը ոչ մի կապ չունենար իմ բարձր կարծիքի հետ` Սեւակի մասին:

Բայց մի րոպե ենթադրենք թե քո ստացած տեղեկությունն այնքան «արժանահավատ» է եղել, որ դուք չեք կասկածել դրա ճշմարտացիության մասին եւ ամբողջ հոգով ցանկացել եք խափանել հոդվածի լույս ընծայումը: Ենթադրենք: Բայց այդ դեպքում փոխանակ զանգահարելու "Л. Г."ին, հնարավոր չէ՞ր «Մոսկվա» հյուրանոցի մի համարից զանգահարելու մյուս համարը, ինձ, եւ պաշտոնապես կամ ընկերաբար թելադրել կամ խորհուրդ տալ, որ ես ետ վերցնեմ մի հոդված, որը գոյություն չի ունեցել: Ինչո՞ւ այդպես չվարվեցիք. որովհետեւ դուք կասկածել եք իմ ազնվությանը, որ ես կարող եմ ձեզ խաբել, ասել, որ այդպիսի հոդված ես չեմ գրել եւ դնել ձեզ կատարված փաստի առաջ... եթե իմ մասին դուք հոռի կարծիք չունենայիք եւ եթե ճիշտ ճանաչեիք ինձ, դուք չէիք թույլ տա ձեզ զանգահարելու ոչ ինձ, ոչ նամանավանդ խմբագրություն եւ կասեիք ձեր «լրատուին».- «Նա այդպիսի բան չի կարող անել, ես ճանաչում եմ նրան»: Իսկ դուք...

Էդվարդ Ստեփանիչ, քանի՞ տարի հարկավոր է միասին աշխատել, իրար ճանաչելու համար: Եվ ի՞նչն է հիմք տվել ձեզ այդքան վատ մտածելու իմ մասին:- Ահա թե ինչու իմ վերջերս տեսած ցավերի մեջ ամենամեծ ցավը այս է, որի մասին ես չէի կարող չգրել ձեզ» (14 հուլիսի 1967 թ.):

Նրանք երկուսն էլ իրենց արշիններով էին չափում դիմացինին: Անօգուտ գործ` տարբեր էին «արշինները», չափվող անձերը... Բաց ճակատով գրված նամակը մեղադրում էր քարտուղար-ղեկավարին «պիղատոսության» եւ անազնվության մեջ:

Այս թեմայով մի նամակ էլ Մահարին գրել է Վ. Դավթյանին. «Այստեղ իմացա, որ Մոսկվայում Պարույրը չգիտեմ ինչ պրովակատորից [28] լսել է, որ ես "Лит. газ."ին հոդված եմ տվել իր դեմՙ քեզ հայտնի հին, մեռած խնդրի մասին: Այդ հոդվածում ես ցանկացել եմ «ոչնչացնել» Պարույրին, եւ որպեսզի նա չ’ոչնչանա (!?), հավարը հասցրել են Թոփչյանին. նա էլ վերցնի ու զանգ տա "Л. Г."ին թեՙ ի սեր Ալլահի այդ հոդվածը չտպեք... Արմանք-զարմանքՙ "Л. Г."ում նման բան անգամ չկա ...

Ասա այդ փչացածին* (տողատակի ծանոթագրությունում «* Պարույրին...» - Գր. Ա.), որ ես փչացած չեմ, որ մեռած գործերով չեմ զբաղվի, որքան էլ նա վնասի ինձ ուղղակի կամ անուղղակի։ Ասա, որ նա փառքով հարբած է եւ դադարել է ճանաչելուց իր բարեկամներին եւ թշնամիներին, ասա, որ հարբեցումից հետո կգա «պախմելիան» եւ նա շատ բանի համար կզղջա եւ կափսոսա։- Ասա՛...» (14 հուլիսի 1967 թ.):

Վերհիշենք համագումարից օրեր առաջ գրված մեկ այլ հոդված. «Ես չեմ հիշում IV համագումարի ամբիոնից հնչե՞ց թե ոչ Պարույր Սեւակի անունը որպես ապագա խոստացող երիտասարդի. սակայն այսօր, յոթ տարի հետո, անհնարին է պատկերացնել մեր [29] նորագույն պոեզիան առանց նրա» : Ավելացնենք այդ նույն օրերին Սեւակից կատարված բարեկամական մեջբերումը մեկ այլ հոդվածում [30]:

Այս ամենից հետո կարդանք ալթոփչյանական մեկնությունը. «Եվ Գ. Մահարին տեսնելով, որ երկրորդ անգամ ձախողեց, որ չկարողացավ իր անմաքուր ծրագիրն իրագործել, էպիստոլյար ժանրով իր դժգոհությունն է հայտնում Էդ. Թոփչյանին` չքմեղանքով, խեղաթյուրելով փաստերը, դիմացինին ապուշի տեղ դնելով» :

Դիմացինն ապուշ չէր, որ հոդված կանգնեցնելուց հետո նման նամակ կուլ տար: Նա խոհեմաբար լռեց: Նամակների ու փաստերի այս փո՞ւնջն է հավաստի, թե՞ Ալ. Թոփչյանի դատարկ կրակոցը: Նա այնքան է անգնդակ կրակոցներ արձակել, որ սկսում է ինքն էլ հավատալ իր «մարտական» փամփուշտներին: Այդ նա՛ էր «Գարունում» գրել այդ նույն չեղյալ «հոդվածի» մասին` «Այո, հարեւաններ էինք, եւ չեմ մոռացել` ինչպես էր Գուրգեն Մահարին համառորեն համոզում Էդուարդ Թոփչյանին տպագրել Պարույր Սեւակի դեմ գրված (կազմակերպված) հոդվածը: Նման եղանակով ճգնելով պատասխանել «Այրվող այգեստանների» դեմ բանաստեղծի սուր քննադատական ելույթին» :

Կշարունակի՞ նա պնդել իր խոսքերի ճշմարտացիությունը այս նամակների ու փաստերի լույսի տակ: Եթե իմ նկատմամբ նա տածում է ժառանգական անվստահություն, ապա թող կարդա Դ. Գասպարյանի «Գուրգեն Մահարի-Պարույր Սեւակ» հոդվածը [31]:

Սխալվում է նա եւ Ալեքսանդր Չակովսկու հարցում: Կամ էլ կարծում է, թե գտնվում է ջունգլիներում եւ ասածը կընդունվի հալած յուղի տեղ: Սոցաշխատանքի հերոս, Ստալինյան եւ Լենինյան մրցանակների դափնեկիր, 1971-1986 թթ.` ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, 1986-1990-ին` ՍՄԿԿ Կենտկոմի անդամ, քսան տարի ԽՍՀՄ Գերագույն սովետի պատգամավոր, Լենինի (կրկնակի), Հոկտեմբերյան հեղափոխության եւ այլ շքանշանների դափնեկիր, Գրողների միության վարչության երեսնամյա քարտուղար. սոցռեալիզմի ջատագով, բրեժնեւյան «Մալայա Զեմլյայի» փաստացի հեղինակ, պալատական արձակագիր Չակովսկուն ռուս գրական աշխարհը վաղուց է թաղել որպես 50-80 թթ. կոմֆորմիստ: Չիմանալը մեղք չի: Մեղքը չիմացած բանի մասին խելոքի տեսքով խոսելն է, գովերգն է անարժան գրողի, որի գնահատականը Մահարին տվել է ժամանակին:

Անդրադառնանք Ալ. Թոփչյանի դերին Մահարի-Սեւակ հարցում: 1988-ին լույս տեսավ Վաչե Սաֆարյանի «Ուշացած խոստովանություն...» հոդվածը. «1966-ի գարնանից (մայիսի վերջերից) Երեւանում շրջանառության մեջ դրվեց մի ստոր զրպարտագիր` Սեւակի գրագող լինելու մասին: Հեղինակը Ա. Ալիքյանն էր, խրախուսող հովանավորը` Գ. Մահարին, մասսայականացնող-տարածողը` Ալ. Թոփչյանը» [32]: Վերջինս պատասխանեց. «Վ. Սաֆարյանը իրեն հատուկ անհարգալից խոսում էր մի հոդվածի մասին, որն իբր գրվել է Գ. Մահարու հորդորով եւ Աբրահամ Ալիքյանի ձեռամբ: Այդ հոդվածի մասին շատ եմ լսել, ծանոթ եմ շատ եւ շատ մանրամասների, որոնք գուցե մի օր, երբ գրական մթնոլորտը գնա դեպի առողջացում, հնարավոր լինի հրապարակել...» [33]:

Անցել է քառորդ դար: Ինչո՞ւ է լռում նա, ո՞ր առողջացմանն է սպասում: Մենք տեսանք, թե քանի կոպեկ արժի նրա «չեմ մոռացելը» «այգեստանյան օրերի» «հոդվածի» մասին. դրանից զատ` ի՞նչ մանրամասների է նա տիրապետում, որոնք մեջտեղ չեկան նրա ընտանեկան պատիվը շոշափող բանավեճերում: Ականջդ բեր, ասեմ, ընթերցո՛ղ: Նա ոչինչ չգիտի, իսկ եթե գիտի մի բան, ապա չի ասի, քանի որ նա եւս Թոփչյան է...

Ալ. Թոփչյանը վկայակոչում է «Գարունում» տպագրած իր հոդվածը: Ծիծաղելի է մտածել, որ Մահարին հավակնություն է ունեցել դառնալ գրողների «կոլխոզի» (Ալ. Թոփչյանի բառն է ու վարկածը) ղեկավար եւ այդ հողի վրա մրցակցել է Սեւակի հետ: Մահարին «լիդեր» չէր, նրա համար այն, ինչ դուրս էր գրականությունից, ժամանակի կորուստ էր: Նրա հազարի մոտ նամակներում «կոլխոզ» բառն այդ իմաստով չկա: Կա «ժյուրի» ( «Բարեւներ ժյուրիին...» )` թատրոնի ու արվեստի աշխատողների ընկերախումբ, որի սրճարանային հավաքներին առիթով մասնակցում էր: Պատահական չէ, որ լիդերության վարկածը ծնվել է «լիդերի» ընտանիքում: Ֆրեյդը տալիս է դրա բացատրությունը, չարժի ենթագիտակցականը բացատրել մատը ծծելով:

Ամնեզիա ասես, թե՞ ուրիշ բան...

Ալ. Թոփչյանն իմ առջեւ այլընտրանքներ էր դրել, որոնք ընդգրկում էին «կիլլեր վարձելուց» մինչեւ «ձայնը կտրելը»: Իմ առաջարկն այլընտրանք չունի: Նա պետք է ընդունի, որ շփոթել է գրականագիտությունը պոկերի հետ եւ զբաղվել է «բլեֆով»:

Տեղի սղության պատճառով բաց եմ թողնում Մահարի-Սեւակ կապերի մանրամասները: Խոսքը կտուրը չեմ գցում, այլ տալիս եմ ընթերցողին ի պահ` ընթացիկ տարում հարցին անդրադառնալու խոստումով:

Այգեստանյան խարդավանքների հետեւանքով Մահարին հայտնվեց վիլնյուսյան հիվանդանոցում. «Եթե հաջող անցավ վիրահատությունը, ամսի 28-ին կզանգահարեմ, իսկ եթե ոչ (чем черт не шутит!), ես այստեղ էլ պիտի խնդրեմ, որ նեղություն չքաշեն ինձ` Երեւան տեղափոխեն: Ես պիտի խնդրեմ Լիտվական ԼՖ-ին տալ ինձ ժամանակավոր կացարան, մինչեւ... մինչեւ Չարենցն ու Բակունցը, Թոթովենցն ու Եսայանը կունենան իրենց շիրիմները: Սակայն մտածում եմ, որ դժվար թե այսպես հեշտ պրծնեմ. ավելի հավանական է, որ կտանեմ վիրահատությունը եւ ամսի 28-ին կիջնեմ դժոխք, Կասյան N 3, բն. 36, Թոփչյանի, Արմենի եւ արմենների հարեւանության քաղցր հեռանկարով...» (Վ. Դավթյանին, 6 օգոստոսի 1967 թ.):

Ալ. Թոփչյանի հոդվածի սակավ ծանոթագրություններում նշված է միայն մեկ հոդված: Եթե նա բացեր «Այրվող այգեստանների» գիտական հրատարակության 651-րդ էջը, կլայնացներ իր պատկերացումներն այդ հոդվածի մասին. «Այրվող այգեստանների» լույս տեսնելուց հետո Արմենը գրեց «Բանաստեղծի պասկվիլը առանձին հատորով» հոդվածը... «Հոդվածը» դուրս է գրականությունից։ Այն հակակրանք է առաջացնում իր բառապաշարովՙ «ամենաստորն ու ամենակեղտոտը հայ գրականության մեջ», «գարշելի գիրք», «անշնորհք եւ անխելք գիրք», «անազնիվ ամբաստանագիր», «կրկեսի կլոունի խեղկատակություններ», «կապկություններ», «մանր քաղքենու մկնաբանային (մեկ այլ տեղումՙ մկնիկային...- Գր. Ա.) տեսանկյուն», «խայտառակորեն անտաղանդ գրող», «ազգի դավաճան», «թուրք գրող», «Թուրքեն Մահարի», «ներքին թուրք»...

Սա՞ է դուր եկել Ալ. Թոփչյանին: Նմանն զնմանի՞ն...

Եվ ամենազավեշտականը: Ալ. Թոփչյանին զայրացրած մեջբերումն իր հոր մասին, որի համար նա բարձրացրել է այս փոթորիկը, վեպի 660-րդ էջում արդեն կար: Յոթ տարի առաջ: Հազարից ավելի ընթերցողների ձեռքին Հայաստանում եւ Սփյուռքում պտտվում է այդ գիրքը: Պե՞տք էր նոր հազարների ուշադրությունը հրավիրել այդ մեջբերման վրա: Հիրավի` «Թե ինչպես որդին խայտառակեց սեփական հորը»... Արձակագիր Ալ. Թոփչյանի թույլտվությամբ մենք կհապավեինք «սեփականը»...

Ալ. Թոփչյանն սպառնում է Մահարու մասին բացասական նյութերի հայտնաբերումով: Իմ պատասխանը դժվար թե նա հասկանա: Ես որեւէ նյութ` դրական թե բացասական, կենսամատենագիտության մեջ կընդգրկեմ, ինչպես ընդգրկել եմ մինչեւ հիմա: Տաղանդ ես չեմ ժառանգել, այլ միայն սկզբունք, որ գրականությամբ պետք է զբաղվել մաքուր ձեռքերով: Մեծ գրողը մեծ վրիպումներ չի ունենա, իսկ փոքր վրիպումները միայն կհաստատեն նրա գրական ժառանգության ամբողջությունը: Որպես բացառություններ...

Լրջությունից հեռու է նաեւ սպառնալիքը` Մահարուն խայտառակող գիրք գրելու մասին, քանի որ... ապրել է նրա հարեւանությամբ: Թե ի՞նչ կարող էր տեսնել կամ լսել նա գրողի մասին, որն ապրում էր բացառապես գրականությամբ, մնում է հանելուկ... Մի «գաղտնիք» էլ ասեմ` Մահարին նրանցից է, որոնց վրա շպրտվող ցեխը չի կպչում...

Զուր է նա ինձ մեղադրում Մահարուն «սրբացնելու» մեջ: Ես միայն ներկայացնում եմ, եւ եթե Մահարին դրանից սրբանում է, ապա այստեղ իմ մեղքը կամ վաստակը չկա: Ի վերջո, եթե հաշվի առնենք, որ սուրբը նույնպես հարաբերական հասկացություն է, քանի որ նրանցից շատերն են եղել մահկանացու, ապա ինչո՞ւ չասել, չնշել, չբարձրաձայնել, չտարբերակել, չեւայլնել, որ իր միջավայրում Մահարին իրոք սուրբ էր եւ նրա նմաններին մատների վրա հաշվելու համար երկու ձեռքը պետք չէր... Եթե դա է Ալ. Թոփչյանին ներվայնացնում` թող բուժի իր նախանձկոտությունը:

Ալ. Թոփչյանին խորհուրդ կտայի իմ հրապարակումները չկարդալ: Ես չեմ գրում իմ սերնդի մարդկանց համար: Նրանք ըստ մեծ մասի չեն ձերբազատվել սովետմարդու հոգեբանությունից, չեն ապաշխարել, ապրում են «ինչ եղել է, անցել է» օրորոցայինով: Իմ հրապարակումներն ուղղված են առողջ սերնդին, որը եկել է, կա՛, բայց նրա ձայնը կլսվի, երբ կհաղթահարվի հետխորհրդային գրական խորհրդայինը...

Ցանկանում եմ նրան ազնիվ բանավեճեր` առանց ճշմարտության առջեւ թույն փնչալու եւ գրպանում կուկիշ պահելու...

Հ. Գ.- Ներողություն եմ խնդրում ընթերցողից հարկադիր շեղման համար: Շուտով կներկայացվեն Մահարի-Իսահակյան գրական կապերը, որին կհետեւի «Բազում աղմուկ վասն... մեկ պատմվածքի» հրապարակումը: Մնացածը, ինչպես ասույթն է ասում` տանք քամուն, սիրելի ընթերցող: Մենք դեռ շատ ասելիք ունենք իրար...

Ծանոթագրություններ

1. «Ազգ», հավելված «Մշակույթ», Եր., 2011, 11 հունիսի, թ. 11, էջ Ա, Բ:

2. «Ազգ», հավելված «Մշակույթ», Եր., 2011, 7 մայիսի, թ. 8, էջ Դ, Ե:

3. «Ազգ», հավելված «Մշակույթ», Եր., 2011, 5 մարտի, թ. 4, էջ Գ, Զ, Է:

4. Ալ. Թոփչյանը անհավանական է համարում այս փաստը: Բայց ահա կողմնակի եւս մի վկայություն. «Մոսկվայում մոտ հանդիպումներ ունեցա Նագուշի հետ: Գնացինք Սալախին տեսանք...» (Վ. Դավթյանին, 16 մայիսի 1968 թ.): Կարո՞ղ էր Մահարին իր ժամանակակցին վերագրել չասված խոսքեր` գրելով այդ մասին մեկ այլ ժամանակակցի... Ալ. Թոփչյանի կարծիքով պետական գործիչը նման կարծիք չէր հայտնի: Հավանորեն նրան խորթ է եղել ոչ միայն այլախոհությունը, այլեւ ինքնուրույն մտածողությունը...

5. Այդ նամակը հայտնաբերված չէ: Ալ. Թոփչյանը, չկարողանալով կարդալ տողատակը, նույնացրել է այն Աղավնուն գրված նամակի հետ, տալով դրան «մատնագիր» եւ «37 թվականի ոգի ու ոճ» գնահատականները:

6. Անդրադարձն է Գեղամ Սեւանի տողերի. «Դիտում եմ իմ խշտյակիցս թե` ինչպես Գրողների միության նոր շենքը բաժանել են մեր հինգ քարտուղարներից չորսը իրար մեջ եւ բաժին են հանել Լիտֆոնդի եւ այլազան ֆոնդերի նախագահներին, մոռանալով մի սենյականոց բնակարան հատկացնել մեղավորիս...»:

7. «Գրական թերթ» (Գ. Թ.), Եր., 1957, 4 հուլիսի, թ. 24:

8. «Սովետական Հայաստան» («Ս. Հ.»), Եր., 1959, 7 հունվարի, թ. 5:

9. «Գ. Թ.», Եր., 1961, 8 դեկտեմբերի, թ. 50:

10. «Սովետական գրականություն», Եր., 1964, ապրիլ, թ. 4:

11. «Ս. Հ.», 1964, 19 մարտի, թ. 67:

12. «Ս. Հ.», Եր., 1965, 14 փետրվարի, թ. 37։

13. «Գ. Թ.», Եր., 1966, 18 նոյեմբերի, թ. 47:

14. «Գ. Թ.», Եր., 1934, 10 փետրվարի, թ. 4:

15. «Խորհրդային դպրոց», Եր., 1935, 11 սեպտեմբերի, թ. 30:

16. «Գ. Թ.», Եր., 1951, թ. 38:

17. ՀԱԱ, ֆոնդ 170, ցուցակ 1, գործ 43, էջ 121:

18. ՀԱԱ, ֆոնդ 170, ցուցակ 1, գործ 63, էջ 6:

19. «Յառաջ», Փարիզ, 1955, 19 Յունուարի, թ. 7575, էջ 1:

20. «Հայրենիք», Բոստոն, 1955, Յունուար, թ. 1, էջ 108-109:

21. Խոսքը «Զմրուխտե ձիավոր»-ի մասին է: Վ. Գարդոնը Է. Թոփչյանի հետ հանդիպել է եւ մերժել «խմբագրական» փոփոխությունները: Վերջինս, վերադառնալով Երեւան, ֆրանսերեն (!?) նամակով մերժել է վեպի հրատարակությունը:

22. ՀԱԱ, ֆոնդ 954, ցուցակ 1, գործ 2, էջ 27:

23. ՀԱԱ, ֆոնդ 170, ցուցակ 1, գործ 182, էջ 18, 19:

24. «Գ. Թ.», Եր., 1967, 19 մայիսի, թ. 21:

25. ՀԱԱ, ֆոնդ 798, ցուցակ 1, գործ 972, էջ 20:

26. ՀԱԱ, ֆոնդ 170, ցուցակ 1, գործ 182, էջ 42:

27. "Литературная газета", 1966, 15 ноября, N 135.

28. Ավելորդ բառ չէր «պրովակատոր»-ը: Ո՞վ էր գրել այդ «թատերախաղը», որի բեմադրության նպատակը մի անգամից երկու նապաստակ խփելն էր: Քանի չի տրված այլ անուն` մենք հակված ենք մտածելու, որ դա Է. Թոփչյանն էր...

29. «Նայիրի», Բեյրութ, 1969, 3 Օգոստոսի, թ. 9:

30. «Երեւան», Եր., 1966, 17 հոկտեմբերի, թ. 244:

31.«Գրական թերթ», Եր. 2008, 20 հունիսի, թ. 22

32. «Գարուն», Եր., 1988, մայիս, թ. 5, էջ 48:

33. Հուշե՞ր, թե՞ զրպարտություն, «Գարուն», Եր., 1988, հուլիս, թ. 7, էջ 16:

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011071603

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1200 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0