Երեքշաբթի, 06.12.2022, 15:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » «Մարդիկ հրեշտակներ չեն, որ մեղքեր չունենան»
15:55
«Մարդիկ հրեշտակներ չեն, որ մեղքեր չունենան»
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
«Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք մամուլում շրջանառվող այն լուրին, թե իբր լարված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները: Սրբազանը դա անորակ հեքիաթ էր համարել: «Առավոտի» խնդրանքով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը պատասխանեց եւս մի քանի հարցի, որոնց մասին շատ է խոսվում մամուլում եւ քննարկվում սոցիալական ցանցերում:

Աղանդավորների մասին նա չցանկացավ խոսել, ասելով, որ չի ուզում անիմաստ ժամանակ վատնել: «Ժամանակ պետք է ծախսել քարոզչական ոլորտում: Ոչ մի երկիր եւ ոչ մի ազգ աղանդավորներից չի կարողացել խուսափել եւ օգուտ չի քաղել նրանց գործունեությունից: Աղանդավորները օտար երեւույթ են հայ օրգանիզմի մեջ՝ իմպլանտների նման: Իրենք էլ գիտեն, որ օտար են, դրա համար ամեն կերպ ձգտում են հարազատի երանգներ հաղորդել իրենց՝ հաճախ բուն էությունը թաքցնելով ձեւականության ետեւում: Իհարկե, սոցիալական խնդիրներ էլ կան, մեծ գումարներ են պտտվում...»,- նշում է սրբազանը ու հավելում, որ քարոզչությո՛ւնը պետք է զորացնել, իսկ աղանդավորներն իր համար «պատճեններ են, որ բնօրինակի ձեւով ուզում են մատուցել ժողովրդին»: Նրա համոզմամբ, աղանդավորների դեմ պայքարը միայն եկեղեցու խնդիրը չէ, այլ պետության, հայրենասերների, ժողովրդի մտածող հատվածի. «Ի վերջո, ազգային անվտանգության հարց կա»: Նավասարդ արքեպիսկոպոսը համամիտ չէ այն մտայնությանը, թե իշխանությունն անտարբեր է կամ աջակցում է աղանդավորներին. «Նման բան չկա...Գոնե ես չեմ տեսնում իշխանական խավի մեջ աղանդավորների: Ամեն դեպքում շատ վտանգավոր է՝ ինչ-որ լծակի տիրապետող մարդը դավանանքով աղանդավոր լինի, ավելի լավ է՝ աթեիստ լինի: Անզեն աչքով երեւում է, որ իշխանությունները կարեւորում են մեր՝ առաքելական եկեղեցին»:

«Առավոտի» այն հարցին, որ իրեն հաճախ տեսնում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ ՀՀԿ ոչ շարքային անդամների կողքին, սրբազանը պատասխանեց. «Ես այնտեղ եմ, ուր որ հարկն է»:

Իսկ ինչո՞ւ էր նախորդ նախագահական ընտրություններին անթաքույց սատարում ՀՀ ներկայիս նախագահին եւ ՀՀԿ-ին: «Արարատյան թեմից շատ հոգեւորականներ Ազատության հրապարակում միտինգների էին մասնակցում, եթե թույլ չտայինք, չէին կարող մասնակցել, բայց մենք լայնախոհություն ենք ցուցաբերել: Հիմա էլ բոլոր այդ հոգեւորականներն իրենց տեղերում են, ոչ մեկը տեղահան չի արվել: Իսկ ինչո՞ւ նույն տրամաբանությամբ իշխանական թեւից չեն հարցնում՝ սրբազա՛ն, ինչո՞ւ եք նրանց թողել, որ գնան Ազատության հրապարակ եւ նույնկերպ վարվեն, ինչպես այնտեղ հավաքված ժողովուրդը... Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին սատարելուն, այնտեղ իմ ընկերներն են, բոլոր նախագահներն իրենց որակները ցույց են տվել, ի՞նչ վատ է, որ այս նախագահի որակներին էլ ծանոթանանք: Ես իրեն հավատում եմ, իր ճակատագիրը կապված է Արցախի եւ ազգային անվտանգության հետ: Բայց իմ համակրանքը չի նշանակում, թե ամբողջ Արարատյան թեմի հոգեւորականները նման կերպ են մտածում: Ո՛չ, բոլորն ազատ են իրենց ընտրության մեջ: Իմ համակրանքը նախագահի հանդեպ հստակ է, բայց դա չի նշանակում, թե մյուսների հանդեպ ատելությամբ եմ լցված: Վերջին հաշվով մեր աջակցությունը մի կաթիլ է եղել ծովի մեջ: Ժողովրդի մեծամասնությունն իրեն է ընտրել: Ինքն էլ իր կարողություններով փորձում է արդարացնել ժողովրդի ընտրյալ լինելը»,- ասում է սրբազանը:

Մեր դիտարկմանը, թե վերջերս ավելի շատ աժիոտաժ կա Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շուրջ՝ վատ իմաստով, Նավասարդ արքեպիսկոպոսը պատասխանում է. «Դա արհեստական է, ուղղակի չեմ ուզում անուններ տալ, ենթադրությունների մասին բացահայտ ասելն էլ ոչ շնորհակալ գործ կլինի: Գիտեմ, բայց չեմ խոսի այդ մասին... Նպատակն էլ ոչ թե առաքելական եկեղեցին թուլացնելն է, այլ առաքելական եկեղեցու անհատների դեմ է դա ուղղված, ընդ որում՝ ընդդիմադիր թեւից չի գալիս»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հին վանքերի անմխիթար վիճակին եւ նորակառույց եկեղեցիներին, որոնք կառուցելիս հաճախ ճարտարապետական հանձնաժողովի հետ չի խորհրդակցվում: Սրբազանն ասում է, թե նման բան չկա ու ցանկացած եկեղեցի նորոգելիս կամ վերակառուցելիս առաջնորդվում են մասնագիտական հանձնախմբի որոշմամբ. «Ովքեր այլ բան են ասում, պարզապես ստում են: Ամեն ինչն էլ վերահսկվում է եւ շինարարական բոլոր կանոնները պահպանվում են»: Նավասարդ արքեպիսկոպոսը, իր ձեւակերպամբ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին էլ հավաստի աղբյուր չի համարում. «Ես չգիտեմ՝ հուշարձանագետ մասնագիտությունը որտե՞ղ են ստանում, կա՞ ֆակուլտետ, որը նման մասնագետներ է պատրաստում: Նրա հայտարարությունները գովազդային բնույթ ունեն, ոչ թե մտահոգությունից են բխում: Փոխանակ հայրապետի բեռը փորձեն թեթեւացնել, ձվի մեջ մազ են փնտրում, իրենց աչքի գերանը չեն նկատում, ուրիշի աչքի շյուղն են ուզում տեսնել: Բարոյական չէ նման հարցեր բարձրացնել-մեջտեղ բերելը: Նման բաներ եղել են անցյալներում էլ: Արված գո՛րծն է մնում»: Խոսք գնաց «Բենթլիի», զենքի շուրջ աղմուկից, հոգեւորականի ժուժկալության թեմայից, որոնք բուռն ծավալումներ էին ունեցել սոցիալական ցանցերում եւ մամուլում: «Մենք ազգային եկեղեցի ենք, համայնքների մեջ ենք գործում, մի տեսակ արտացոլանքն ենք մեր ժողովրդի կենսակերպի, մտածողության ու հոգեբանության: Միջին դարերի սուրբ Գրիգոր Նարեկացին (թեեւ նրա դեմ էլ ժամանակին անհիմն մեղադրանքներ հնչել են) եւ այօրվա հոգեւորականը նույնակերպ չեն կարող լինել, կարեւորը առաքելությունն է եւ այն նվիրումը, ջանադրությունը, անկեղծությունն ու հարազատությունը, որ հոգեւորականը ցուցաբերում է առաքելության մեջ: Ի՞նչ կարեւոր է, թե այս մեկը ցածրահասակ է, մեկը՝ բարձրահասակ, մյուսը թանկարժեք կտորից է պատմուճան հագել, դրանք երկրորդ-երրորդական հարցեր են: Մենք ունեցել ենք գեր հոգեւորականներ, օրինակ՝ Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, ում կուրծքը սուլթանական շքանշաններով էր զարդարված, դրա մեջ վատ բանե՞ր փնտրել, ասել՝ ծառայում էր թուրքական սուլթանի՞ն: Իհարկե, նման բաներ ժամանակին եղան, հեղափոխական երիտասարդությունը նույնիսկ հարձակվեց նրա վրա: Կամ մյուս հեղափոխականներն էլ Աշեկյան պատրիարքի մորուքը թուրքերի աչքի առաջ կապեցին էշի պոչին ու քարշ տվեցին: Հետո նույն թուրք զինվորները գլխատեցին այդ երիտասարդներին: Ախր սրանք դասեր են... ուզում եմ ասել, որ պետք չէ մանրուքների մեջ խորանալ, մարդիկ հրեշտակներ չեն, որ մեղքեր չունենան, բայց մյուս կողմից էլ պետք չէ լուսարձակի տակ սեւեռվել մանրուքների վրա»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը:

Իր եւ վեհափառի հարաբերությունների՝ իբր լարված լինելու թեման փակելու համար էլ նշում է. «Այդ լուրը տարածողը միամիտ, բայց նենգ մտադրությամբ մարդ է: Կարծել է, որ քարը գցի փոսի մեջ, խելոքները պիտի չարչարվեն, հանեն: Հիմա էլ երեւի ինքն իր վրա է ծիծաղում, որովհետեւ ոչ ոք էլ չի փորձում իր գցած քարը հանել, այնպես որ, նման լուրեր տարածելը ապիկար ու անհեռատես զբաղմունք է»:

Զրույցի վերջում Նավասարդ արքեպիսկոպոսը մի օրինակ բերեց. ժամանակին, երբ Գարեգին Առաջինը մի տեղ մեկ բաժակ գարեջուր է խմել, այդ լուրը սկսել է շահարկվել: Վեհափառը, սակայն, դրանից չի նեղսրտել. «Ինձ ասաց՝ տղաս, ոչինչ, այդ «ըսի-ըսավ»-ները դատարկ բաներ են, այսօր կան՝ վաղը չկան»:
 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96376/view

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 796 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0