Հինգշաբթի, 25.04.2024, 23:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Մայր Արաքսի... մայթերով
16:35
Մայր Արաքսի... մայթերով
Արաքսը փողոց է Բուրջ Համուդի սրտում
Արաքսըՙ փողոց է: Արաքսը փողոց է Բուրջ Համուդի սրտում: Բուրջ Համուդը հայերի նստավայրն է Բեյրութի սրտում: Բեյրութը Լիբանանի սիրտն է: Լիբանանը սիրտն է սփյուռքահայության:

... Մայր Արաքսի մայթերով... Ես քայլում եմ այդ փողոցով արդեն անթիվ-անհաշիվ անգամներ: Եվ չեմ ձանձրանում: Ես ամեն անգամ նոր բան եմ զգում, տեսնում, գտնում... Նոր երանգ, նոր դեմք, նոր բարեկամ...

Բարեւ՜, Արա՛քս: Տեղի հայերը նրան «շուկա» են կոչում: «Շուկան» այստեղ նաեւ խանութների (ո՛չ պարտադիր մթերային) շարան է, փողոց է, թաղ է: Ինձ այդ բառը, մանավանդ Արաքսին կից, դուր չի գալիս: Ես Արաքսին շուկա չեմ կոչում: Արաքսըՙ Արաքս է: Արաքսըՙ մի աշխարհ է: Տարօրինակ, ինքնատիպ: Արաքսը ոգի ունի: Հոգի: Դեմք ունի: Ձայն: Երազանք: Ես դանդաղ ճեմում եմ զուգահեռ մայթերի երկարաշար խանութների ցուցափեղկերի կողքով: Նայում-թափանցում եմ ներս: Այսպես ես քայլել եմ Համրայով, Փարիզի Շանզ Էլիզեյով, Պրահայի Ստարոմեստկա համբավանուն առեւտրային կենտրոնով, Վարշավայի, Մոսկվայի, Ս. Պետերբուրգի, աշխարհի շատ քաղաքների «շուկաներով», նրանց գեղատեսիլ եւ հարուստ խանութների շքեղ ցուցափեղկերի առջեւով: Նայել եմ ներս: Նայել, ինչպես թանգարան եկած զբոսաշրջիկը ցուցանմուշին է նայում: Պատահել է, մտել-գնել եմ ինչ-որ բան, եւ դուրս եմ եկելՙ նոր զգեստ կամ կոշիկ գնած մարդու առտնին բավարարվածությամբ: Ես չգիտեմՙ միտքս եւ հոգիս որտե՞ղ էին այդ պահերին: Հաստատ ո՛չ այդ խանութներում: Ա՜յլ է Արաքսը: Արաքսում ես նայում եմ խանութներից ներս մտազնին ու հոգետրոփ: Եվ տեսնում եմ իմ հոգու աչքերը: Ես ուզում եմ Արաքսում հենց հիմա, միանգամից գնել բոլոր այս խանութների բոլոր-բոլոր ապրանքները: Ուզում եմ այսօր, գոնե այսօր լիածուփ խրախճանք լինի այս մարդկանց տներում: (Անշուշտ, նրանք աղքատ չեն: Սակայն մոռանանք մի պահՙ անպայման ծայրահեղ վատ աստիճանով համեմատելու, բաղդատելու եւ դրանով գոհանալու մեր ազգային սովորությունը): Ես ուզում եմՙ ոչ մի հոգս, մտահոգություն, պարտք, կարիք, չիրականացված ցանկություն, չմարած վարձ կամ տուրք չլինի: Ուզում եմ փողը շա՜տ, մարդավայել շա՜տ լինի: Բոլորի համար: Մանչուկից մինչեւ ծերունի: Ուզում եմ, որ հեքիաթ լինի: Գոնե այսօր: Գոնե մեկ օր:

Տե՜ր, դի՛ր իմ գրպանի մեջ այդքան փող: Շա՜տ փող: Տուրՙ որ ես տամ: Տո՛ւր ինծի, Տէր, ուրախութիւնն անանձնական... Թող որ կիսեմ այն իմ արյունակիցների հետ:

... Ո՞վ գիտի տառապանքի գինը: Իմ տառապանքի գինը Արաքսի մայթերով քայլելիսՙ անչափելի է: Ինչպէս անչափ ու անտակ է այս մարդկանց աչքերում ապրող ցավն ու կարոտը: Կա՞ աշխարհում որեւէ այլ տեղ, որ շուրթերին այսքան լուռ ճչացող խնդրանք լինի, հոգու մեջ այսքան անմոխիր այրում, հայացքի մեջ այսքան արժանապատիվ աղերսանք... Ամաչո՜ւմ եմ: Ամաչում եմ ձեզանից ոչինչ չգնել: Աշխարհի բոլոր երկրների բոլոր փողոցների բոլոր խանութները կարելի է մտնել եւ ոչինչ չգնել: Այստեղՙ չի կարելի: Արաքսի վրաՙ չի կարելի: Նաեւՙ հարակից Մարաշ փողոցում, որը հենց այդպես էլ կոչվում է, հակառակ որ այդ ողջ հատվածն է կոչվում Նոր Մարաշ: Այստեղ գրեթե միայն ուտեստներ են վաճառում: Մարաշում պարենավաճառները կշռում են (ի՜ տարբերություն մեր... ախ՜, այս «մեր-նրանց» տարբերությունները...) ճիշտ-ճիշտ կշեռքի սլաքի համաձայն. գրամ առ գրամ: Պատահում էՙ մեկ հատիկ ավել են դնում: Եվ ժպտում են քեզ: Ժպտում են քեզ նաեւ Արաքսում: Անգամ այն օրերին, երբ Արաքսից ոչ հեռու հերթական անգամ պայթում են արկերը: Պրկված չարություն, կենդանական վախ եւ ինքնակորույս խուճապ չկա՛ Արաքսի դեմքին եւ նրա սրտի մեջ. կյա՜նք է, Լիբանա՜ն է, կպատահի՜... Արաքսը բարի ժպտում է քեզ:

... Որքա՜ն կոկիկ, մաքուր, անուշահոտ են փոքրիկ, եւ փոքրից մեծ այս խանութները: Դրանց դռներից ներս բաբախում է կարոտանքի ձայնը: Այն, որ Արաքսի մայթերից խանութ է մտնում: Ինձանից առաջ: Խանութատերե՜րը, սպասարկողնե՜րը... Նրանք «որսում» են քոՙ հայաստանցի լինելը, շատ ավելի վաղ, քան դու ոտքդ խանութի շեմին ես դնում: Ինչպես կենդանիներն են զգում մոտալուտ երկրաշարժը: Հիմա երկրաշարժ է լինելու. նրանց եւ իմ հոգիներում:

- Դուն հայաստանցի՞ ես:

Իսկապես, կարոտը ա՞խտ է, հիվանդությո՞ւն է... Իսկ լավ կամ առողջ հիվանդություն լինո՞ւմ է: Ուրեմն սխալ է բառը: Ուրեմն կարոտ-ախտ չէ: Այլՙ կարոտակիզում: «Դուն հայաստանցի՞ ես...»: Հարցումն այս այնպիսի՜ նրբախոր երանգներ ու ենթաիմաստներ ունի, որ մի պահ, ակամայորեն, ամաչում ես, որ դու հայաստանցի ես, այլ ոչՙ իրենց պես հազար ու մի բազմանուն Տեր Զորներ տեսած-անցած Սփյուռք: Քեզ մեղավոր ես զգում:

Ո՞վ գիտի մեղքի գինը, իմ ա՛յդ մեղքի: Եվ կարո՞ղ է մարդն ամաչել իր չկրած տանջանքների համար: Կարո՛ղ է: Այստեղՙ Արաքսում:

- Հրամե՜, - ասում են այնպիսի՜ ձայնով, որ սրտիդ ամենափակ անկյունում պահմտած սառույցի կտորը (ամեն մարդու սրտի մի անկյունում մի սառցե կտոր կա)ՙ հալչում է: Այդ ձայնի մեջ բոլոր Ախթամարների կենդանի ղողանջը կա, բոլոր Վանա ծովերի կապույտ ծփանքը, բոլոր Տավրոսների վեհակուռ գագաթները, բոլոր Մասիսների կարոտականչը: Սուրճ են բերում, աթոռ առաջարկում: Նայում են քեզ այնպիսի հայացքով, թվում էՙ հիմա կփլեն հոգիդ անսասան պահող գերանները (ամեն մարդու հոգումՙ այդ հոգին պահող մի քանի գերան կա. Կոմիտա՛սը վկա): Նրանք հայաստանցի տեսել են: Հիմնականումՙ այստեղ, Բուրջ Համուդում: Բայց ի մայթն Արաքս եկած յուրաքանչյուր նոր հայաստանցի իրենց համար նոր երեւույթ է: Մի ա՜յլ բան, ա՜յլ էականություն: Հատկապես նրանց համար, ովքեր երբեք Հայաստան չեն գնացել, Հայաստանը չեն տեսել: Նրանք իրենց ծագումնաբանական բնազդով անշուշտ կռահում են, որ Հայրենիքըՙ դա միայն ամեն օր հեռուստատեսիլով իրենց տեսած «Հ1»-ը չէ՛: Նրանք նայում են քեզՙ հայաստանցուդ եւ ցանկանում են տեսնել քո մեջ մարմնավորված իրենց երազած Հայաստանը: Անցյալն ու ներկան: Եվ դու գիտակցում ես, որ հիմա, նրանց առջեւ կանգնած, կրում ես քո ուսերին այդ քաղցր ու ծանր պարտավորվածությունն ու պատասխանատվությունը: Իրենց բուրջհամուդյան առտնին կյանքում դուՙ բացառիկ ներկայություն ես: Այդպե՛ս են նայում քեզ: Եվ վերհիշելով իրենց անցած-տեսած, իսկ առավել երիտասարդներըՙ լսած այլազան Տեր Զորները, սասանվում են մի պահ: Եվ նայելով քեզՙ այդ Տեր Զորներով չանցածիդ, մի պահ ոգեպնդվում: Այստե՛ղ, այստե՛ղ է աշխարհի այն տեղը, ուր անասելի քաղցրությամբ ես զգում քո հայ լինելը: Գուցե այնպեսՙ ինչպես երբեք եւ ոչ մի տեղ: Այստեղ է, որ ամբողջ էությամբդ զգում ես, ենթագիտակցորեն եւ գիտակցաբար հասկանում, որ նրանք եւ դուՙ նույնն եք, նույն արյունն եք, այս Տիեզերքի ընդհանուր, նույն մասնիկը:

... Այդ ո՞վ, ո՞ր սադայելական միտքն ու լեզուն են մոգոնել-հորինել, նաեւ զրպարտել մեզ, թե մենքՙ հայաստանցի ենք եւ սփյուռքահայ, թուրքահայ ենք եւ ռուսահայ, ֆրանսահայ ենք եւ ամերիկահայ, կիպրահայ ենք եւ սիրիահայ, ավստրալահայ ենք եւ լիբանանահայ, եգիպտահայ ենք եւ պարսկահայ... Թե մենք նաեւՙ գյումրեցի ենք, ապարանցի ենք, վանեցի ենք, մուսալեռցի ենք, մշեցի ենք, էջմիածնեցի ենք... ե՜նք,... ե՜նք,... ե՜նք: Թե մենք նաեւ (այսքանը իբր քիչ է) գլենդելցի ենք, բուրջհամուդցի ենք, թիլելցի ենք, կոնդեցի ենք... Տե՜ր Աստված... Այդքա՜ն շատ ենք մենքՙ մեր տարբերության մեջ... Այդքա՜ն տարբեր ենք մենքՙ մեր շատ քչության մեջ... Այդքա՜ն տարանուն: Այդքա՜ն տարաբնակ: Ո՞ւմ միտքն է, ո՞ւմ գործը, ո՞ւմ լեզուն: Ես դրանց ....

... Քո՜ւյր իմ: Ի՜մ եղբայր: Աղջի՜կս: (Զգուշացնում եմ ընթերցողիս. ինձ դյուրազգաց չհամարել: Ով ցանկանում է անձամբ տեսնել-զգալ այս ամենըՙ կարող եմ գործուղել Արաքս: Աչք-սիրտ-հոգի-խելք չունեցողները չդիմեն: Կարող եմ նաեւ հայտնել ինտերնետային կայքէջը եւ e-mail-ը. www.Araxstreet@carotacizum.com):

... Դուՙ կոկիկ, նազանի, գեղեցկորեն տխուր աչքերով, մեղմ ժպտադեմ: Աղջի՜կս... Դու հիմա պիտի նստած լինեիր հայրենիքիդ քաղաքամայր (քաղաքները նույնպես մայր են ունենում) Երեւանի պետական համալսարանի մեծ ու լուսավոր դասասենյակներից մեկի նստարանին: Դու երկա՜ր, ծանծաղ, միանման օրեր նստած ես խանութում եւ ապակե փեղկից նայում ես ամեն մի անցորդին, եւ սրտի տրոփյունով փորձում ես գուշակել. հաճախո՞րդ է արդյոք, կմտնի՞, կգնի՞ մի բան... Ինձ համար տառապանք է տեսնել քեզ հաճախորդ չդարձած անցորդների ետեւից նայող քո հուսալքված, տխուր հայացքը. սա՜ էլ չմտավ խանութ, օրս անցավ, ի՞նչ վաճառեցի... Չեմ կարողանում նայել քո աչքերին: Ների՛ր ինձ: Տե՜ր, գթա՛... Կամ նրան, կամ ինձ: Դի՛ր իմ գրպանի մեջ այնքան փող, շատ փող, որ այս աղջիկը այսօր լիաթոք ժպտա: Տուր ինձՙ որ ես տամ:

... Դուՙ իմ եղբայր: Ես միշտ տեսնում եմ քեզ մտավորականին հարիր տեսքով, հագ ու կապով: Ճաշակավոր բաճկոնով, ճերմակ վերնաշապիկով, փողկապով: Պատվարժան կեցվածքով: Խելացի հայացքով: Դու հիմա պիտի Հայաստանի գրադարաններից մեկի տնօրենը լինեիր, կամ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի դասախոսը: Գուցեՙ բժիշկ: Տեսակդ է այդպիսին: Բայց դու... Ներիր, ես քո աչքերին նույնպես նայել չեմ կարող: Որովհետեւ չեմ գնելու քեզանից այս ապարանջանը: Ոչինչ չեմ գնելու:

Ի՞նչ տամ քեզ իմ չտվածի դիմաց, սփյուռքահայ իմ բարեկամ: Իմ քույր, եղբայր, իմ աղջիկ...

Ոչ, ես այնքան խեղճ չեմ, ուզո՞ւմ ես պատմեմ քեզ հայրենիքիդ զմայլելի բնության մասին: Ուզո՞ւմ ես քեզ համար Կոմիտասի երգը երգեմ: Ուզո՞ւմ ես արտասանեմ քեզ համար. Թումանյա՜ն, Տերյա՜ն, Չարե՜նց, Սեւա՜կ... Ուզո՞ւմ ես: Լսի՛ր ինձ, լսի՛ր: Թող քո օրը, գոնե այս օրը հոգուդ խրախճանք լինի: Միայն... Միայն հետո մի հարցրու ինձ. «Ի՞նչպես է մեր հայրենիքը» (Արաքսում սիրում են տալ այդ հարցը): Գիտեմ, դու հայրենիքում երբեք չես եղել: Շատերը այստեղիցՙ Արաքսից չեն եղել: Երազում են: Տենչում են: Դյուրին չէ, հասկանալի է: Բայց խնդրում եմՙ մի հարցրու: Ես քեզ համար այդ հարցի պատասխանը չունեմ: Եվ մի՛ հարցրուՙ ինչո՞ւ: Ես նույնպես քեզ ամեն հարց չէ, որ տալիս եմ:

- Բարեւ՜, ինչպե՞ս ես: Վերնազգեստ վաճառող այս աղջիկը արդեն ճանաչում է ինձ: Շատերն են ինձ Արաքսի վրա դեմքով ճանաչում: Քանի՜ ձմեռ գալիս-գնում եմ:

Հիմա ես խանութ կմտնեմ եւ կասեմ նրան. գիտես, չեմ ուզում այստեղից դուրս գալ: Լավ եմ զգում ինձ այստեղՙ այդքան վատ զգալով հանդերձ: Ես նստեմ այս աթոռակին եւ պարզապես նայեմ: Նայեմ, ինչպես բարեհամբույր եւ կիրթ ես ընդունում, ճանապարհում խանութ ամեն մի մտնողին: Չես մոռանում ասել. «Բարի՜ եկած էք»: Անգամ եթե մի քանի զգեստ երկա՜ր փորձելուց հետոՙ ոչ մեկը չեն գնում: Լսեմ, ինչպես ես սիրալիր ու գրագետ, հարկ եղած դեպքում շփվում հաճախորդներիդ հետ նաեւ արաբերեն, ֆրանսերեն կամ անգլերեն: Նայում եմ քեզ եւ տեսնում. ահա դու կանգնած ես Հայաստանի պետական երգչախմբի առաջին շարքում: Եկմալյան ես երգում: Հետոՙ Բեթհովեն: Սիրունիկն ես, քեզ կարելի է առաջին շարքում կանգնեցնել: Իսկ հիմա տեսնում եմ. Երեւան-Ֆրանկֆուրտ միջազգային ավիաուղիների չվերթի ինքնաթիռի ուղեկցորդուհին ես: Հագիդՙ մուգ կապույտ պաշտոնազգեստ, որից զգաստանում են ինքնաթիռի ուղեւորները: Գեղեցիկ ժպիտով, սիգաճեմ քայլքով, տանտիրոջ ինքնավստահությամբ անցնում ես բազկաթոռների միջով: Եվ այլազգի ուղեւորները հարգալից ժպտում են քեզ կապույտ ու անխռով երկնքում:

... Երեւի ես գիժ եմ: Ասա, Արաքս, գի՞ժ եմ ես: (Քե՛զ չեմ հարցնումՙ ընթերցող: Քեզ, եթե կ՚ուզես, կարող եմ հիշեցնել հասցեն. www.Arax... եւ այլ... Այսքան բան):

... Մայր Արաքսի մայթերով մտամոլոր գնում եմ... Ո՞ւր... Փողոցի մի եզրը տանում է «Ազդակ» օրաթերթի խմբագրատուն: Այն ինձ համար հարազատ օջախ է: Փողոցի մյուս եզրը տանում է Բուրջ Համուդ: Այնտեղ իմ հարազատների օջախն է: Արաքսըՙ ճանապարհ է նրանց միջեւ: Տե՜ր, կա՞ աշխարհում մի Արաքս, որը ոչ թե տանի... այլ... գրկի ինձ: Եվ ասի. մի՛ տառապիր: Ես քոնն եմ, դուՙ իմը: Մենք մի արյունից ենք: Ես քեզ ոչ մի տեղ չեմ տանի: Մնա՛: Մնա՛ ինձ մոտ, ինձ հետ: Եվ հետո. լսի՛ր, դու այդ ի՞նչ էՙ վատ երազ ես տեսել, զառանցե՞լ ես... Այդ ի՞նչ www-ներ են: Ի՞նչ Տեր Զոր: Եվ ի՞նչ բարբաջանք ենՙ աշխարհի ոչ մի լեզուներում տեղ չունեցող այդ բառասահմանումները... Ասես տգիտորեն կազմված բառակապակցությունների շեղված բառարան լինի. «սփյուռքահայ», «հայաստանահայ», «ամերիկահայ», «գրենլանդահայ», «ճապոնահայ», «այսինչեցի», «այնինչեցի»... Մղձավա՜նջ: Այդպես չի՛ կարող լինել: Դու այդ ամենը մտքիցդ, սրտիցդ հանիր: Կամ ես: Ես Արաքսն եմ: Կաս դու: Դու իմ մասնիկն ես: Եվ տեսՙ մենք միասին ենք:

Երանի՜ այսպես խոսեր Արաքսը:

... Փետրվարի վերջին օրն է: Արդեն եկել է թիթեռը: Ժպտում է Լիբանանյան մայրին: Արաքսում գարուն է:

Արաքսըՙ փողոց է: Բուրջ Համուդում: Բուրջ Համուդը Բեյրութում է: Բեյրութըՙ Լիբանանում: Լիբանանըՙ իմ սրտում է:

Բեյրութ-Երեւան

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011073006

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 976 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիբանան, Արաքս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0