Ուրբաթ, 26.04.2024, 23:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Մեծ հայրենականը և հերոսամարտի գրող Հր. Քոչարը
20:20
Մեծ հայրենականը և հերոսամարտի գրող Հր. Քոչարը
Հրաչյա Քոչար
Հայաստանում զարմանալիորեն անշուք անցավ հունիսի 22-ը, Խ. Միության վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման օրը, այն էլՙ 70-ամյակը: Ճիշտ է, միայն հաղթանակի տարեդարձը նշելու խորհրդային իներցիոն սովորությունը դեռ գործում է մեր մեջ, բայց չէ՞ որ այդ պատերազմում կորցրել ենք ավելի քան 300 հազար երիտասարդ, որոնց հիշատակը հավերժացնող լուռ վկաներըՙ հուշարձաններն սփռված են մեր ամեն մի գյուղում, ամեն մի բնակավայրում: Պատերազմի դժնդակ այդ օրերի վկաներից մեկն էլ հայտնի գրող Հրաչյա Քոչարն է եղել, ավելի ճիշտՙ ռազմաճակատից նրա ուղարկած թղթակցությունները: Դրանք ժամանակի ոգուն եւ գաղափարախոսության ամուր կնիքով հանդերձՙ մնայուն վկայություններն են ֆաշիզմի դեմ մեր բաժին մաքառումների եւ արյան ծանրածանր «տուրքի» մասին: Հենց այս էջերում «Ազգ»-ը հրապարակել է շատ նյութեր Հրաչյա Քոչարի մերձգրական, մեղմ ասած, տխուր եւ հակասական գործունեության վերաբերյալ: Հրատարակել է նաեւ նյութՙ ի պաշտպանություն նրա: Բայց չենք կարող, մանավանդ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ, չանդրադառնալ ու չշեշտել նրա պատերազմական շրջանի լրագրող-գրողի գործունեությունը, քանի որ այն մաս է կազմում մեր գրականության եւ հրապարակախոսության, ինչպես Համաշխարհային 2-րդ պատերազմըՙ մեր պատմության:

1941 թ. հունիսի 22-ին բարբարոս Հիտլերի հարձակման բոթը ցնցեց ողջ աշխարհը: Ու թեեւ Հիտլերը հայտարարել էր, որ պետք է հաղթանակեն, սակայն խորհրդային ժողովուրդների եւ Կարմիր բանակի անուրանալի ու առասպելական սխրանքները հօդս ցնդեցրին հիտլերյան ֆաշիզմի ոճրագործ մտադրությունը: Ժողովրդի անկասելի հաղթանակը, նրա բարոյաքաղաքական միասնությունը հիացրեց համայն աշխարհին:

Ֆաշիզմը պարտվեց, բայց կատարեց այնպիսի հրեշավոր արարքներ, որոնց նմանը մարդկությունը դեռ չէր տեսել: Նա թույլ տվեց հանցագործությունների ահռելի մասշտաբներ. 50 միլիոնից ավելի աշխարհը զոհ տվեց, որից 25 միլիոնըՙ խորհրդային երկիրը, իսկ հայ ժողովուրդըՙ ավելի քան 300 հազար մարտիկ:

Արյամբ ձեռք բերած այդ հաղթանակը ոչ միայն երկրի ազատության, այլեւ համաշխարհային արժեքների, մշակույթի պահպանման համար էր:

Մեծ Հայրենականի ժամանակ խորհրդային հազարավոր գրողներ եւս մեկնեցին ռազմաճակատ, որոնց շարքումՙ նաեւ հայ գրողները:

Մեր ակնարկագիրները ե՛ւ զինթղթակիցները ռազմի դաշտում հանդես եկան որպես մարտնչող հերոսներ, եւ գրականությունը հերոսականացավ պատերազմի թեժ մարտերում: Պատահական չէ, որ Դերենիկ Դեմիրճյանը այդ շրջանի գրականությունն անվանեց «հերոսամարտի գրականություն»:

Մարտիկ-գրողների ակնարկները, հոդվածները մնայուն գործեր են, որոնք ֆաշիզմին հաղթահարելու համար մեծ դերակատարում ունեցան:

Երկրորդ աշխարհամարտում բազմաթիվ մարտիկ-գրողների շարքերում իր ակնարկներով աչքի ընկավ եւ մեծ ուշադրության արժանացավ գրող, հրապարակախոս, գործող բանակի զինթղթակից Հրաչյա Քոչարը: Նրա ակնարկներում ու հոդվածներում արտացոլված են խորհրդային զինվորի հերոսական սխրանքները: Դրանք հիանալի, գեղարվեստական արժեք ունեցող փաստաթղթեր են, որոնցում ընթերցողն զգում է քաղաքական կյանքի մեծագույն ուժը, թշնամուն ոչնչացնելու գրողի շիկացած խոսքը, մեր զինվորին ոգեւորելու մեծ ձգտումը:

Արհամարհելով մահըՙ կամավոր զինվորագրված Քոչարը զենքը ձեռքին կռվում էր իր հերոսների հետ, ականատես լինում նրանց սխրանքով լի գործերին: Այդ նկատի ունենալով էլ Քոչարը գրում է, որ իսկական մարտիկ-գրողը պատերազմի դաշտում պետք է տեսնի իր մարտնչող հերոսներին, պետք է փորձությունների միջով սողա, թշնամու կրակների տակ հասնի մինչեւ դիրքերը, գրոհի գնա իր հերոսի հետ միասին, ուրախանա նրա ամեն մի հաղթանակով: Գրող-մարտիկը պետք է ձգտի նմանվել այն մարդկանց, որոնց գործերն է փառաբանում:

Այսպես էր վարվում հենց ինքըՙ Քոչարը, ռազմի դաշտում, որտեղ եւ ծնունդ առան նրա «Հերոսների ծնունդը», «Նախօրյակին» ժողովածուները եւ այլ հոդվածներ:

1942 թ. գրված «Հերոսների ծնունդը» ժողովածուի ակնարկներում Քոչարը ցույց է տալիս, որ մարտիկների կենսագրությունն սկսվում է հենց ռազմաճակատից, հերոսները ծնվում են հենց այն պահից, ինչ անձամբ տեսնում է հեղինակըՙ իրական դեպքերը, իրական մարդուն: Նրանք հերոսանում են ամեն րոպե իր աչքի առաջ:

Քոչարը գրում է, որ «միջին» մարդը հերոս է դառնում ամեն պահի. Դավիթ Ավետիսյանը, Երվանդ Ալիխանյանը, Հովհաննես Մովսիսյանը եւ այլք սովորական, հասարակ մարդիկ են, իրական անձինք, ովքեր թշնամուն ոչնչացնելու տենչով են համակված: «Նրանք կռվում էին փոթորկված կրքով, հաղթում, հերոսանումՙ երբեք չկորցնելով հավատը հաղթանակի նկատմամբ»,- գրում է Քոչարը: Նրանք մարտնչում էինՙ անձնական սարսափը հաղթահարելով:

Ալիխանյանը ձեռնամարտի ժամանակ սպանում է ֆաշիստական սպայինՙ հենց նրա սեփական դաշույնով, թեեւ ֆիզիկապես թույլ էր նրանից, բայց թշնամու նկատմամբ խոր ատելությունը ուժեղ ու հզոր է դարձնում նրան: Այսպես էին ծնվում հերոսները:

Քոչարի «Նախօրյակին» (1943 թ.) ժողովածուում ամփոփված ակնարկների բոլոր հերոսները նույնպես օժտված են ամենաբարձր մարդասիրական եւ հայրենասիրական գաղափարներով: Նրանք իրենց մարտական անթիվ սխրանքներով բարձրացրել են հայ ժողովրդի փառքն ու պատիվը: Նրանց մոտ իշխում էր արիական ինքնապաշտպանության գաղափարը: Ստալինգրադի հայ պաշտպաններից Երվանդ Ալիխանյանըՙ ամոթխած, պարզամիտ, կարճահասակ, մոխրադեմ երիտասարդը եկել էր Շամշադինից (Տավուշ) եւ բազում հաղթանակներ տարել: Քոչարը մի երկու ժլատ, բայց բնորոշ խոսքով արտահայտում է իր հերոսի ողջ էությունը, խոսում նրա սխրանքների մասին, ցույց տալիս նրա հարուստ ներաշխարհը: Նույնպիսի հերոսության է ընդունակ նաեւ Սիսիանի կապույտ լեռների որդի, ականաձիգ Արգամ Հակոբյանը, որ թշնամու վրա կրակ էր բացում այն վայրկյանին, երբ հրամանի վերջին բառը խլանում էր հեռախոսի մեջ: Քոչարը գովասանքով եւ գորովանքով է վարվում հասարակ կռվող մարտիկների հետ եւ իր ջերմ վերաբերմունքն է ցուցաբերում նրանց նկատմամբ:

Ռազմահայրենասիրական իր ակնարկներում Քոչարը արտահայտել է տարբեր ազգության մարտիկների միջեւ բարեկամությունը: «Եղբայրներ» ակնարկում թշնամու շրջապատման մեջ ծանր վիրավոր քաղղեկ Կյուրեղ Գրիգորյանին, առանց վարանելու առաջ գնալով, փրկում է ուրկաինացի Բոնդորենկոն: Ընդհանուր թշնամու դեմ կռվում կոփված բարեկամությունը նպաստել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին:

Գառնիկ Զաքարյանը («Ծարավ»), կոմիսար Անտոնյանը («Եղբայրական արյուն») եւ անհամար հերոսներ, իրական, կոնկրետ մարդիկ են, հայ ժողովրդի պանծալի զավակներ, որոնց մասին Քոչարը ազգային մեծ հպարտությամբ է խոսում: Նրանք միասին հայ ժողովրդի ազգային հավաքական կերպարն են, բոլորն էլ հայրենասեր, քաջ, անձնազոհ, հավատարիմ հայրենիքին, հավատով լի հաղթանակի նկատմամբ:

Հերոսամարտի գրող Հր. Քոչարը պատերազմական իր ակնարկներում արտահայտել է լավատեսական գաղափարներ: Ուշագրավ է նրա «Վերադարձ» ակնարկը, (որտեղ հեղինակը գրում է, որ պատերազմի ահեղ կրակներից տարհանված անզեն բնակիչները իրենց բնակավայրերը ազատագրվելուց հետո վերադառնում են հայրենի տները, որոնք ավերվել էին: Նրանք վերադառնում են, որ վերանորոգեն իրենց տները:

Քոչարն այն գաղափարն է արտահայտում, որ վերադարձի ճամփան շարունակվում է, քանզի խորհրդային զորքերը անկասելի հաղթանակով առաջ են շարժվում, նահանջ չի լինի:

Այս վեհ գաղափարներով Քոչարը զինել, ոգեշնչել է մեր մարտիկներին, որ հաղթանակը, ի վերջո, մերն է լինելու:

Այսպիսով, անուրանալի է, որ Քոչարի ռազմահայրենասիրական ակնարկներն իրենց մնայուն ներդրումն ունեն Մեծ Հայրենականի հաղթանակի ընդհանուր գործում, որից եւ հետագայում մեծ դաս առան մեր ապագա սերունդները, Արցախյան ազատամարտի մեր հերոսները:


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011062504

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1098 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0