Շաբաթ, 03.12.2022, 00:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Մեքենաներն ապահովագրում ենք, արվեստի գործերը ո՞չ
14:26
Մեքենաներն ապահովագրում ենք, արվեստի գործերը ո՞չ
 Գագիկ Խաչատրյան
Գեղանկարիչ, մշակույթի նախարարության թանգարանների եւ գրադարանների նախկին վարչության պետ Գագիկ Խաչատրյանն այսօր հատկապես կարեւորում է արվեստի գործերի վերականգնման՝ ռեստավրացիայի ու ապահովագրության խնդիրները: Նա տրամաբանական հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ կարելի է 2 հազար դոլարանոց մեքենան ապահովագրել, իսկ մի քանի հարյուր հազարանոց մշակութային արժեքավոր գործերը՝ ոչ, այն պարագայում, որ Եվրոպայում մարդիկ ապահովագրում են իրենց տան ողջ գույքը՝ փոքր արձանիկից սկսած, որը կարող է կոտրվել, մինչեւ պատին փակցված նկարները»:

- Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ մեզ մոտ չկա արվեստի, մշակութային գործերի ապահովագրություն, եւ ինչո՞ւ այդ մշակույթը մեզ մոտ չի ներդրվում:

- Նախ՝ դրա ժամանակը չի եղել ու նաեւ՝ նախաձեռնողը, հետո էլ՝ կարծես իներցիոն մոտեցում է՝ ո՞ւմ է պետք: Ցավոք, մեզ մոտ շատերը կարծում են, թե մեքենան շատ ավելի թանկ է, քան արվեստի մի գործ: Բայց բավական է մտնել ինտերնետ, նայել աճուրդների գները եւ հասկանալ, որ մեքենան ամենաթանկ բանը չէ այս աշխարհում: Գերմանիան առաջինն էր, որ ներմուծեց մեքենաների ապահովագրումը, բայց այսօր ապահովագրումը Գերմանիայում դարձել է ինքնակամ, եւ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարող են չապահովագրել իրենց ավտոմեքենան կամ գույքը, էլ չեմ ասում լուրջ արժեքավոր հավաքածուների մասին: Ապահովագրությունն իրենց առօրյա կյանքի մասն է կազմում, իսկ մեզ մոտ դեռեւս ստիպողաբար, բայց սկսեցին ավտոմեքենաներն ապահովագրել, ինչն էլի լավ է:

- Հայաստանում կա՞ն արվեստի կոլեկցիոներներ:

- Կան, ու դրանց թիվը քիչ չէ, ավելին՝ այդ մարդիկ հաճախ, կոլեկցիոներ լինելուց բացի, նաեւ արվեստի լավ գիտակներ են: Ապահովագրական ընկերությունները կարող են խորհրդակցել այդ մասնագետների հետ, որպեսզի չխաբվեն  գնահատելիս: Օրինակ, նկարների մեջ կա վերնիսաժյան կատեգորիա, եւ կան աշխատանքներ, որոնք իրենցից լուրջ արժեք են ներկայացնում: Հենց այստեղ է անհրաժեշտ, որ ապահովագրական ընկերությանը կից լինի անկախ խորհրդատվական մարմին, որոնք մի կողմից կզարգացնեն իրենց բիզնեսը, մյուս կողմից էլ կնպաստեն մշակույթի զարգացմանը: Իսկ լավ արվեստի գործը մարդը երբեք չի փչացնի, որպեսզի ապահովագրական գումար ստանա:

- Իսկ մենք այդ փորձագետներն ունե՞նք մշակույթի յուրաքանչյուր ոլորտում:

- Կա մի առանձնահատկություն՝ ամեն արվեստաբան ի զորու չէ հասկանալ արվեստի ամեն ոլորտից, որովհետեւ կա սպեցիֆիկա: Օրինակ Եվրոպայում կամ Ռուսաստանում նեղացված է այդ սպեցիֆիկան. մարդը, որ զբաղվում է Ռեպինի կամ էլի 1-2 նկարչի գործերով, չի կարող զբաղվել նաեւ Պիկասոյի գործերով, որովհետեւ նա ունիվերսալ չէ: Դրա համար, ինֆորմատիվության առումով, դժվար է ընդգրկել եւ քանդակը, եւ գեղանկարը, էլ չենք խոսում ուղղությունների, նկարիչների մասին:

- Ապահովագրման կարգն ինչպե՞ս է կատարվում, եւ քանի՞ տարով է այն լինում:

- Սովորաբար 1-5 տարի է: Սկզբի համար փորձնական կարելի է մեկ տարի անել եւ նայել դինամիկան: Նկարներն ապահովագրելու ժամանակ հաշվի են առնվում նկարչի ուսման ցենզը, որակավորումը, թե որտեղ եւ ինչ ցուցահանդեսների է մասնակցել, ինչ գործեր է վաճառել, թանգարաններում ունի՞ ներկայացված գործեր. նկարչի իրական վարկանիշն այդպես է որոշվում: Դրանից էլ ձեւավորվում է ընդհանուր ապահովագրության գինը, ու սեփականատիրոջն առաջարկվում է այն գինը, որը նա պետք է վճարի ապահովագրական ընկերությանը: Աշխարհահռչակ նկարիչների դեպքում մի փոքր այլ է, այնտեղ ազդում են նաեւ տարիների ընթացքում աճուրդներում առաջ քաշված գները:

- Խոսենք նաեւ ապահովագրությանը նախորդող ռեստավրացիայի մասին: Հայաստանում այսօր ովքե՞ր են ռեստավրացիա անում, կա՞ն ռեստավրացիոն կենտրոններ: Հաճախ լսում ենք, որ այս կամ այն նկարն ու որմնանկարը ռեստավրացիա անելու համար Իտալիայից են մասնագետներ հրավիրվում: Ռեստավրատորների՞, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս ունենք:

- Ռեստավրացիոն խնդիրը մեր մշակութային արժեքների պահպանման գործում առաջնահերթ է: Դեռեւս 96-98 թթ.-ին, երբ թանգարանների վարչության պետն էի, նախաձեռնեցինք եւ ուզում էինք այստեղ ստեղծել Պետերբուրգի ակադեմիական ինստիտուտի մասնաճյուղը՝ կոնկրետ ռեստավրացիոն ծրագրով, որտեղ նաեւ դրսից կգային-կդասավանդեին: Ես պատկերացնում էի մասնաճյուղ իր ամբողջ պետերբուրգյան բազայով, բայց քանի որ որոշ մարդիկ ընդդիմացան, ապա այդ բազան էլ մեզ ոչ ոք հենց այնպես չի տա: Այսօր ռեստավրացիոն կենտրոն ունի Հայաստանի ազգային պատկերասրահը, կան նաեւ ռեստավրացիայի շատ քիչ որակյալ մասնագետներ, իսկ նրանք, ովքեր մեկնում են դուրս սովորելու, չեն վերադառնում: Մինչդեռ, եթե հիմնվեր մասնաճյուղ, այն կապահովեր որակյալ մասնագետներ, եւ իտալացի մասնագետներին այդքան մեծ գումարներ չէինք տա: Այսօր Սարյանից ունենք շատ գործեր, որոնք շուտափույթ վերականգնվելու խնդիր ունեն: Եթե լիներ այդ կենտրոնը, ապա մենք տարածաշրջանում կլինեինք առաջատար: Անգամ ունեինք պոտենցիալ ուսանողներ Իրաքից, Իրանից: Նորից չեմ նախաձեռնում, որովհետեւ հոգնել եմ դռներ թակելուց:

- Իսկ հնարավոր չէ՞ որեւէ ինստիտուտին կից ստեղծել նման բաժին: 

- Շատ դժվար է Հայաստանում զրոյից բացել ռեստավրացիոն բաժին կամ թեկուզ դա ստեղծել Գեղարվեստի ակադեմիային կից. նախ՝ աշխատավարձի ապահովման խնդիր կա, իսկ ամենագլխավորը բազայի հարցն է, որ Հայաստանում չկա: Ես ինչու էի շեշտը դնում, որ անպայման պետերբուրգյան մասնաճյուղը լինի, որովհետեւ իրենք ունեին բազմապիսի գրականություն, պրակտիկ փորձ, իսկ դրա շնորհիվ մենք կունենայինք այդ բազան, որը շատ թանկ արժե: Պետական այրերը նաեւ իրենք որոշակի շահագրգռվածություն պետք է ցուցաբերեն, թե չէ մշակույթի նախարարությունն ի՞նչ է անում: Մշակույթի հանդեպ վերաբերմունքը զրոյացրինք, շատերին երբ հարցնում ես՝ որտե՞ղ է Չարենցի տուն-թանգարանը, ընդամենը հազար դրամանոցի մասին են հիշում: Իսկ եթե կառավարության շրջանում լինեին մտահոգ այրեր, նրանք որոշ քայլեր արդեն պետք է արած լինեին:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/28/meqenanern-apahovagrum-enq/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 701 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գագիկ Խաչատրյան, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0