Ուրբաթ, 26.04.2024, 21:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Մինչեւ չքարանա, արձանը չի խոսի
23:35
Մինչեւ չքարանա, արձանը չի խոսի
Արտաշես Հովսեփյան
«Մարդ մի լեզու ունի, չէ՞, արվեստագետի լեզուն էլ իր գործն է: Մեր խոսելը քամի տալ է, տանել չեմ կարողանում այն արվեստագետներին, որ տելեվիզորով խոսում են: Ուրեմն նա արվեստագետ չի, արվեստագետը գործով է խոսում»,- ասում է քանդակագործ Արտաշես Հովսեփյանն ու ցույց տալիս արվեստանոցի անկյունում իրար վրա դրված երկու հեռուստացույցները, որոնք, ձայնից բացի, պատկեր ցույց չեն տալիս:

Վարպետ Արտաշեսն այն արվեստագետներից է, ով չի սիրում խոսել, փոխարենը խոսում են նրա արած գործերը՝ Ալեքսանդր Թամանյանի եւ Արմեն Տիգրանյանի արձանները, Օրբելի եղբայրների եռաքանդակը Ծաղկաձորում, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարթաքանդակներն ու Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Նիկողայոս Ադոնցի հուշարձանը Սիսիանում ու Ջիվանու հուշակոթողը Ջավախքում: Արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովսեփյանը նաեւ մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքների հեղինակ է:

«Ծնվելուց է սկսվում ամեն ինչ: Իմ մեջ եղել է այդ բանը, քար եմ սիրել, հողից հանել, եկեղեցու գմբեթից ընկած քարը մաքրել, դրել կողքի, հետո քարի վրա ծիտ եմ փորել, բայց չեմ զգացել, թե դա իմ մեջ ինչ է»,- ասում է քանդակագործն ու էլի դժգոհում: «Տես էլի խոսեցնում ես ինձ, իսկ դա ավելորդ խոսել կնշանակի»,- ասում է նա ու խոսքը խոսք բերելով, հայրենի լեռնաշխարհի կանչով, ինքն էլ չի նկատում, թե ինչպես է անկեղծանում. «Մինչեւ չքարանա, արձանը չի խոսի, երբ զգում ես լեռան շոյանքը, բա դա խոսել չի՞»:

Իսկ քարի հետ երկխոսությունը ստացվել է, թե ոչ, դրա մասին վկայում է միայն արձանը, մնացածը՝ եթե աչք ունես, ինքդ կտեսնես: «Ինքդ էլ չես հասկանում ոնց է ստեղծվում, ոչինչ չես զգում, ոչ հոգնածություն, ոչ սով, բայց հենց քո ուզածը ստացվում է, կշտանում ես, ջահելանում ու հետն էլ ուժեղանում»,- ասում է նա ու հետո միանգամից շրջվելով դեպի ինձ՝ հարցնում. «Ե՞րբ ես քեզ լավ զգացել, երբ սիրել ես, չէ՞, բայց հետո՞ ինչ, որ եղանակը ցուրտ է եղել, կարեւորը՝ չես մրսել, չէ՞»:

Վարպետի խոսքով՝ արվեստագետից ավելի մեծ խաբեբա չկա, որովհետեւ ինչպես զգում է, այնպես էլ արարում է. «Իսկ իրա զգալը զրո է, այս է աշխարհը, այս է գեղեցիկը, այս է սիրելը… Լավը, ճիշտը անհասանելի բան է: Մի օր Վազգեն Վեհափառն ասաց՝ երբեք պետք չի նայել ամպերի մեջ Քրիստոսի ոտքերը տեսնելու համար, նա մեր մեջ է»:

Նախամուտքից միասին անցնում ենք արվեստանոց, որտեղ նա մեղմորեն շոյում է իր դիմաքանդակներն ու նշում՝ ամենակարեւորը մարդու էությունը տեսնելն է. «Այ հիմա ինձ խոսեցնում եք, բայց ինձնից պատասխան մի ուզեք, ես ինքս, լինելով քանդակագործ, չգիտեմ ինչ բան է քանդակագործությունը: Ասում են՝ Լեոնարդոն «Ջոկոնդայի» վրա ասեղի ծայրին նմանվող վրձնով է աշխատել, բայց էն լավը, որ կա, էլի չի դրել, որովհետեւ չի հասել, հասնելն արդեն աշխարհի վերջն է նշանակում»:

Վարպետից հետաքրքրվում եմ նաեւ թամանյանական ու այսօրվա Երեւանի մասին եւ ստանում նրա մի քիչ զայրացած ու ավելի շատ հիասթափված պատասխանը. «Էս քաղաքը փչացրել են, այլանդակել, Թամանյանը հիմա որ լիներ՝ գժվել էր, ինչպե՞ս կարելի է ապականել հարազատ մորդ երեսը»:

Ապրելը բարդ բան է,- ասում է վարպետ Արտաշեսն ու պահի տակ զայրանում իր ընկերների վրա, որ հիշեցնում են իր տարեդարձի մասին: «Տնից փախնելու եմ»,- ի պատասխան ընկերների շնորհավորանքներին, ասում է 80-ամյա քանդակագործն ու վրա բերում. «Հարսանիքի օր են շինելու, պետք չի, էլի…: Այս աշխարհն իմն է, եւ ես եմ նրա քարերից ծնված բանաստեղծ որդին ու չեմ հավատում իմ մայրամուտին»:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/23/a-hovsepyan-2/

Կատեգորիա: Քանդակագործություն | Դիտումներ: 1160 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0