|  Երկուշաբթի Հայաստանի հայտնի հուշարձանագետներից մեկն ասել է, որ Իրանի հայկական պատմական գավառների 5000-ից ավելի պատմական հուշարձաններ լավ պահպանված են և գտնվում են պետության հոգածության ներքո: 
 Սամվել Կարապետյանը նման եզրակացության է եկել Իրանի հինգ գավառներում (Ղարադաղ, Մակու, Խոյ, Սալմաստ և Ուրմիա) մեկ ամիս անցկացնելուց հետո: Կարապետյանն այնտեղ զբաղվել է հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ:
 
 «Հուշարձանների խտությունն ու բազմազանությունը նույնն է, ինչ որ ներկայիս Հայաստանի, Արցախի կամ Արևմտյան Հայաստանի տարածքներում: Նորից մեր հայրենիքի կենսական հատվածն է, հայ մարդու բնօրրանը,- ասում է Կարապետյանը: - Տարածքները գրեթե հայաթափ են: Միայն Սալմաստի գավառում 15 հայերի հանդիպեցինք»:
 
 Ըստ հուշարձանագետի` այդ տարածքներում հայերն ապրել են մինչև անցյալ դարի 40-50-ական թվականները, ինչը վկայում են գերեզմանոցների տապանաքարերի տարեթվերը:
 
 «Գերեզմանոցները գյուղերի անձնագրերն են: Դրանք ցույց են տալիս, թե մինչև երբ է շարունակվել հայի կյանքը այդ գյուղում»,- ասում է նա:
 
 Հուշարձանագետը լավ պահպանված, վերականգնված եկեղեցիների ու բերդերի հանդիպել է ամենուր: Հատկապես առատ են եղել ուրարտական ժամանակաշրջանից մնացած հուշարձանները, նա տպավորված է Սալմաստի գավառի գյուղերից մեկի գերեզմանոցի ինը հայ ֆիդայիների պանթեոնով:
 
 Կարապետյանին հետաքրքրել է պատմական Ղարադաղի գավառը, որի հուշարձաններն ընդհանրապես ուսումնասիրված չեն, ի տարբերություն Մակուի, Խոյի ու Սալմաստի գավառների, որտեղ 70-80-ական թվականներին իտալացի ճարտարապետները գիտարշավներ են կազմակերպել:
 «Այդուհադերձ, Ղարադաղի հուշարձանները լավ պահպանված էին»,- ասում է նա:
 
 Ղարադաղի հակառակ կողմում Արցախի ազատագրված տարածքներն են` Ջեբրաիլից մինչև Հորադիզ: Ղարադաղն ազերիներով բնակեցված գյուղ է: Ըստ հուշարձանագետի` հայկական գավառներում ապրում են քրդեր և ազերիներ: Պարսիկներ ընդհանրապես չկան:
 
 «Ղարադաղում լարվածություն էր նկատվում, գյուղացիների հետ պարզ շփումներից անգամ, երբ հարցնում էինք հայկական հուշարձանների մասին: Այսինքն` կա Ադրբեջանից փոխանցված վարակ: Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ հենց Ղարադաղով է անցնում»,- ասում է նա:
 
 Կարապետյանը նշում է, որ ծրագիրն իրականացրել են Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հետ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախատեսվում է այն շարունակել նաև հաջորդ տարի:
 
 
 Աղբյուր`http://www.armenianow.com/hy/arts_and_culture/31328/armenian_monument_specialist_iran_study
 
 
 |