Շաբաթ, 27.04.2024, 05:13
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » «Նախարարության գումարները փոշիանում են»
17:21
«Նախարարության գումարները փոշիանում են»
Վ. Մարտիրոսյան
«Առավոտի» հետ զրույցներում մեր արվեստագետները մտահոգություն են հայտնում Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) երկացանկի առիթով: Նրանք փաստում են, որ այս կոլեկտիվը, չգիտես ինչու, կատարում է, օրինակ՝ Մենդելսոնի ջութակի եւ նվագախմբի, Հայդնի, Մոցարտի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտները, Հայդնի սիմֆոնիան եւ այլն, մինչդեռ ժամանակին անվանի ջութակահար եւ դիրիժոր Զարեհ Սահակյանցի ղեկավարած այս կոլեկտիվի ոսկե ժամանակահատվածում եւ դրանից հետո էլ կատարվում էին զուտ կամերային ստեղծագործություններ՝ Վիվալդի, Կորելլի, Հենդել, Բախ, Բոկերինի, Տելեման, Կուպերեն, Տորելլի... Էդգար Հովհաննիսյանի «Բարոկկո» կոնցերտը, Ալեքսանդր Հարությունյանի «Կամերային սիմֆոնիետան», Էդվարդ Միրզոյանի «Էպիտաֆիան» եւ այլն:

Նշենք, որ երաժշտարվեստում դարերից եկող, հաստատված պատկերացումներ ու չափանիշներ կան ինչպես ժանրերի, այնպես էլ նվագախմբերի հարցում: Օրինակ, վերջինների տեսակները որոշվում են ըստ կատարողների թվակազմի, նվագարանների տեսակների եւ երկացանկի: Այս տրամաբանությամբ կամերային նվագախումբ ասելով՝ հասկանում ենք լարայինների գերակայություն եւ մի այնպիսի երկացանկ, որը ներկայացնում է կամերային ստեղծագործություններ՝ իրենց ժանրերով ու տեսակներով: Մի՞թե այս տարվա մարտ ամսից ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունները ստանձնած միջազգային մցույթների դափնեկիր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանը չգիտի այս մասին, որ պարբերաբար ներկայացնում է սիմֆոնիաներ եւ մենակատարի ու սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունները, որոնք, ըստ էության՝ կամերային չեն եւ չեն կարող ապահովել այն բազմաձայնությունն ու հնչողությունը, ինչը հատուկ է սիմֆոնիկ նվագախմբին:

«Առավոտն» այս առիթով կապվեց մեր անվանի արվեստագետների հետ՝ նրանց խոսքը լսելու ակնկալիքով:
Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն ասաց, որ թեեւ ինչ-ինչ պատճառներով ինքը դեռ չի հասցրել հաճախել նորանշանակ դիրիժորի ղեկավարած համերգներին, սակայն կոլեգաներից լսել է, որ մինչ օրս 1-2 անգամ է նվագախումբը հնչեցրել կամերային ստեղծագործություններ: Հավելեց նաեւ, որ Կամերայինը պետք է առաջին հերթին հնչեցնի հայ կոմպոզիտորների երկեր, հետո միայն՝ արեւմտաեվրոպական:

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ով 1991-94թթ. հանդիսացել է ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավարը, համոզված է, որ այս նվագախմբին հարկավոր է կոմպոզիտոր՝ գեղարվեստական ղեկավար. «Իմ ղեկավարած տարիներին Կամերայինը հնչեցրեց շուրջ 30 հայ հեղինակի երկ: Այո, շահագրգռված էի, որ նախ կոլեգաներս ստեղծագործեն այս ժանրում, հետո էլ՝ գրվածները կատարվի: Մյուս կողմից՝ այդ տարիների գլխավոր դիրիժոր Էմին Խաչատրյանը հիանալի գիտեր կամերային արվեստ»:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, նախ նշելով, թե նվագախումբը ճգնաժամ է ապրում, ասաց. «Ժամանակին մենք (նկատի ունի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը-Ս. Դ.) առաջարկեցինք Ռոբերտ Մլքեյանի թեկնածությունը, ով, համոզված էինք, կարող էր կարգավորել ցանկացած հարց: Օրինակ, հենց ֆինանսավորման խնդիրը: Չմոռանանք, որ նվագախմբի ֆինանսավորումը բարերար Մանուկյան հիմնադրամի կողմից սկսվեց, երբ Ղարաբեկյանի ղեկավարած նվագախմբին միավորվեց Մլքեյանի երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր նշանակելով «գաստրոլյոր» դաշնակահարին, իսկույն դադարեցվեց հովանավորությունը: Համոզված լինելով՝ հայտարարում եմ, որ նվագախմբին նախարարության հատկացրած գումարները փոշիանում են դաշնակահար դիրիժորի մշտապես Երեւան-Փարիզ-Երեւան չվերթների վրա»: Նվագախմբի երկացանկի մասով էլ պարոն Ամիրխանյանը շեշտեց, որ այս կոլեկտիվը առաջինը պետք է պրոպագանդի մեր հեղինակներին. «Մեր պետությունը ծախսում է մեզ վրա, կոնսերվատորիայում պատրաստում երաժիշտներ, այդ թվում՝ դիրիժորներ, որ մեր աչքը մշտապես դո՞ւրսը լինի... Անխոս, սեփական ունկնդրին առաջին հերթին պետք է կապել մեր երաժշտության հետ: Ի դեպ, ժամանակին մշակույթի նախարարը Կամերայինը փրկելու համար ոչինչ չձեռնարկեց»:

Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանն էլ գտնում է, որ ցանկացած կոլեկտիվի ծրագրային քաղաքականություն որոշողը գեղարվեստական ղեկավարն է. «Ուրիշ բան է, եթե կատարվելիք երկերի 70%-ը լինի կամերային, 30-ը՝ այլ, բայց ոչ թե հակառակը: Կարծում եմ, որ Վահան Մարտիրոսյանի նման քաղաքականությունը ժամանակավոր է: Զարմանում եմ նաեւ, թե Կամերային նվագախումբը ինչո՞ւ է դիմում Կոմիտասի ասլամազյանական մշակումներին, չէ՞ որ դրանք արվել են քառյակի համար: Կամերայինի մեկնաբանությամբ հնչող մշակումները, միանշանակ, տուժում են»:

Հ. Գ. Շատ կուզենայինք խնդրի մասին լսել նաեւ Վահան Մարտիրոսյանի կարծիքը, սակայն նրա հետ կապվել ոչ մի կերպ չի հաջողվում, լավագույն դեպքում միանում է հեռախոսի ինքնապատասխանիչը կամ ձայնային փոստը: Ամեն դեպքում պատրաստ ենք տպագրել Կամերայինի գեղարվեստական ղեկավարի տեսակետը:

 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96334/view

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 661 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պետական կամերային նվագախո, Վ. Մարտիրոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0