Ուրբաթ, 26.04.2024, 04:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 3 » “Նորաձեւության ճանապարհ”
18:10
“Նորաձեւության ճանապարհ”
«Արեւիկ Սարիբեկյան»
Հայկականը տպավորել է արտասահմանցի դիզայներներին

Բրիտանական խորհրդի նախաձեռնած "Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրի  շրջանակներում Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ստեղծում են  20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որ 2012 թվականին կցուցադրվի Հայաստանում եւ եվրոպական վերոնշյալ հինգ երկրում: Նորաձեւության` մայիսի 3-ին մեկնարկած  "ճանապարհով”  BRAVO.am-ը մի քանի անգամ քայլել է:): Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի հետ` թեմային առնչվող մեր նոր հարցազրույցը` նախագծի փակագծերը բացելու համար:):

- "Նորաձեւության ճանապարհի”  ո՞ր հատվածն եք անցել: Ի՞նչ է արվել եւ ի՞նչ է սպասվում առաջիկայում:

-Ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց Երեւանում` միջազգային սեմինարով, որին մասնակցում էին հայ եւ եվրոպացի փորձագետները, ինչպես նաեւ ծրագրի մասնակիցները, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներն ու ուսանողները: Քննարկվել են նորաձեւությանը նվիրված բազմաթիվ հարցեր` զարգացման միտումներից  մինչեւ ոլորտի մարտահրավերներն ու կանխատեսման հնարավորությունները:

Սեմինարին զուգահեռ կազմակերպվել են վարպետության դասընթացներ ուսանողների համար: Մենք մեծապես կարեւորում ենք վարպետության դասընթացների անցկացումը, որովհետեւ սա բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար շփվել արտերկրի լավագույն մասնագետների հետ եւ ստանալ գործնական խորհուրդներ: Դասընթացներին մասնակցել են հարյուրից ավելի ուսանողներ, շուրջ 150 մասնակից էլ ունեցել ենք սեմինարի ընթացքում: Ուրախ եմ նշելու, որ ե՛ւ սեմինարը, ե՛ւ վարպետության դասընթացները բավական հաջող ընթացան եւ մինչ օրս մենք դրական արձագանքներ ենք ստանում: Սեմինարին հաջորդեց ծրագրին մասնակից հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համար կազմված մշակութային ծրագիրը:

-Ներկայացրեք, խնդրեմ, ձեւավորված ստեղծագործական խմբերը:

-Ինչպես եւ նշել էինք նախկինում,  Երեւան այցելության ավարտին պետք է ձեւավորվեին ստեղծագործական խմբերը, որոնք են`

1. Քրիստինե Ավետիսյան /ՀՀ/ – Պավել Իվանչիչ /Չեխիա/
2. Արամ Նիկոլյան /ՀՀ/ – Անդրա Քլիցան /Ռումինիա/
3. Անի Իսկանդարյան /ՀՀ/ – Իդա Հելենե Գրո Քրիստանսեն /Դանիա/
4. Լուսինե Կոստանյան /ՀՀ/ – Ջիանին Փոլլասոն /Անգլիա/
5. Գայանե Սողոմոնյան /ՀՀ/ – Մելանի Ֆրեյեր /Գերմանիա/

-Հավաքածուի ստեղծման աշխատանքները սկսվե՞լ են:

-Հավաքածուն բաղկացած է լինելու 20 ստեղծագործությունից: Յուրաքանչյուր խումբ պետք է ստեղծի 4 աշխատանք: Հավաքածուն այնուհետեւ ցուցադրվելու է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Հայաստանի երեք մարզում եւ մասնակից եվրոպական երկրներում: Ակնկալում ենք, որ ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվար ամսին: Ներկայումս մենք կազմակերպում ենք մշակութային փոխայցելությունները հայ նկարիչ-մոդելավորողների համար, որի արդյունքում նրանք աշխատելու են էսքիզների ստեղծման եւ կոնկրետ գաղափարների մշակման ուղղությամբ:

-Ինչպե՞ս են իրենց դրսեւորում մասնակիցները:

-Մասնակիցները բավական ոգեւորված են: Մեր ամենօրյա կապի ընթացքում նրանք պատմում են իրենց ծրագրերի մասին եւ նշում, որ սպասում են Հայաստան իրենց հաջորդ այցելությանը, որպեսզի մասնակցեն ցուցադրության բացմանը:

-Պատմեք նաեւ արտասահմանցի  դիզայներների hայաստանյան այցի մասին: Ի՞նչ հասցրին տեսնել նրանք Հայաստանում, ի՞նչ ազդեցություն կունենա  դա հավաքածուների ստեղծման գործում:

-Տասն օր շարունակ մասնակիցները շրջել են Հայաստանի տարբեր մարզերում, այցելել թանգարաններ եւ արվեստանոցներ: Մեր նպատակն էր ներկայացնել Հայաստանն իր մշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգությամբ: Այցելության ավարտին նրանցից շատերը կիսվում էին իրենց տպավորություններով եւ նշում, որ հիացած են մեր հոգեւոր հարստությամբ, հատկապես մեր խաչքարերով, Էջմիածնի եւ Մատենադարանի գանձերով: Նրանք ասացին, որ հեռանում են խոր տպավորություններով եւ արդեն իսկ որոշակի գաղափարներ ունեն, թե հայկական մշակութային ժառանգությունն ինչպես է արտահայտվելու իրենց աշխատանքներում:

Օրինակ, ռումինացի մասնակիցը նշել է, որ տպավորված է հայկական մանրանկարչությամբ եւ որոշակի տարրեր հետագայում կօգտագործի իր աշխատանքներում, իսկ չեխ մասնակիցն իր հիացմունքն է  արտահայտել Փարաջանովի թանգարան այցելությունից հետո եւ ասել, որ տպավորված եւ ոգեշնչված է Փարաջանովի ֆիլմերով եւ կոլաժներով:

-Իսկ մեր դիզայներներն ինչպե՞ս են իրենց դրսեւորում, ե՞րբ են մեկնելու` հաջորդ փուլին մասնակցելու:

-Քրիստինե Ավետիսյանն արդեն այցելել է Չեխիա եւ ծանոթացել այդ երկրի մշակույթին: Մեր չեխ գործընկերները Քրիստինե Ավետիսյանի համար իսկապես հագեցած ծրագիր էին կազմել: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի իրենց այցելություններն իրականացնեն նաեւ հայ մյուս մասնակիցները: Նախատեսում ենք այցելություններն ավարտել առաջիկա երկու ամսվա ընթացքում:

-Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի արդյունավետությունն այս պահի դրությամբ:

-Ծրագիրն ընթանում է իր բնականոն հունով: Այժմ նկարիչ-մոդելավորղները աշխատում են էսքիզների ստեղծման ուղղությամբ եւ պատրաստվում իրենց այցելություններին: Այցելությունների ավարտից հետո  հնարավորություն կունենանք տեսնելու հավաքածուի նախնական նմուշները: Մենք եւս բավական ոգեւորված ենք եւ սպասում ենք մեր մասնակիցների աշխատանքի արդյունքներին:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/

Լուսանկարները` Bravo.am-ի եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B1%D5%A5%D6%82%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%E2%80%9D-4/

Կատեգորիա: Նորաձեւություն | Դիտումներ: 984 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0