Շաբաթ, 20.04.2024, 16:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Նորահայտ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի «Տոհմանաբանությունը»
16:11
Նորահայտ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի «Տոհմանաբանությունը»
Նարեկ Հախնազարյան
Հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» Մեծ համերգասրահում տեղի ունեցավ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ.ղեկ. եւ գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան) 2010-2011 համերգաշրջանի եզրափակիչ փառահեղ համերգը (ծրագրում Պ.Ի. Չայկովսկի): Համերգի մենակատարն էր Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ինչպես համերգի ողջ ծրագրի, այնպես էլ Ն. Հախնազարյանի կատարողական արվեստի առանձնահատկությունների ու նրբությունների վերլուծությունն ու գնահատումը թողնելով երաժշտագետներինՙ ընթերցողի ուշադրությանը ներկայացնենք «պատանի» Նարեկի «հասուն» կենսագրության որոշ դրվագներ եւ նրա հարուստ «երաժշտական» ու ազգակցական «տոհմաբանությունը»: Նկատենք, որ տոհմաբանությունը (հուն. genealogia) օժանդակ պատմական գիտություն է, որն ուսումնասիրում է նշանավոր անձանց, տոհմերի, ընտանիքների ծագումն ու ազգակցական կապերը:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին (հայոց համազգային զարթոնքի տարում), Երեւանում, տոհմիկ երաժիշտների ընտանիքում: Հավանաբար ծնողները, ինչ-որ կանխազգացում ունենալով, նրան տվել են հայերիս համար աստվածային Նարեկ անունը: Հայրըՙ հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանը, երկար տարիներ նվագել է Կոմիտասի անվան լարային քառյակի կազմում, մայրըՙ Գայանեն կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Եղբայրներիցՙ Լեւոնը նույնպես դաշնակարահար է, ապրում է Գերմանիայում, Տիգրանը Ռուսաստանի Դաշնության Կոմիի Հանրապետության օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է:

Սուրեն Հախնազարյանի հայրըՙ Հայրապետը, հորաքույրըՙ Հրաչուհին, նույնպես ժամանակին ավարտել են կոնսերվատորիա, սակայն, ստանալով նաեւ ինժեներական կրթություն, զբաղվել են երկրորդ մասնագիտությամբ: Հորեղբայրըՙ Արամ Հախնազարյանը, երկար տարիներ եղել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի ճանաչված դասատու, նրա դուստրըՙ Ռիտա Հախնազարյանը, Արցախի կամերային նվագախմբում ալտահար է (վերջինիս որդին` Խաչատուր Ալմազյանը Բելգիայում ղեկավարում է իր «Almazian՛s Obsessin» համույթը):

Նախնական երաժշտական կրթությունը Նարեկը ստացել է Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (պրոֆ. Զարեհ Սարգսյանի դասարան), ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ. Ալ. Սելեզնյովի դասարան): Այժմ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտ է: Մասնակցել է աշխարհահռչակ թավջութակահարների բազմաթիվ վարպետության դասերին: Որպես Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆ, Ալեքսեյ Սելեզնյովի եւ Բոստոնի New England Conservatory-ի պրոֆ. Լորենս Լեսսերի ուսանող` Նարեկն ընդգրկված է Բոստոնի կոնսերվատորիայի հեղինակավոր Artist Diploma ստանալու ծրագրում:

Նարեկը միջազգային մրցույթների դափնեկիր է. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի (1-ին մրցանակ, Ոսկե մեդալ եւ երկու Հատուկ պարգեւ), Կորեայի Geongman միջազգային մրցույթ (2-րդ մրցանակ), Johansen երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ (ԱՄՆ, 1-ին մրցանակ), Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ (2007, 1-ին մրցանակ եւ Ոսկե մեդալ): Ն. Հախնազարյանը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Նարեկ Հախնազարյանի հյուրախաղերի աշխարհագրությունը ընդգրկում է Եվրոպայի, Ամերիկայի եւ Ասիայի մի շարք երկրներ: Համաշխարհային երաժշտական մամուլը Նարեկին համարում է «հասուն» ֆենոմեն` նրա համար կանխատեսելով «աստղային կարիերա»:

***

Ճանաչված հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի հետազոտությունների համաձայն` Հախնազարյանների համբավավոր տոհմը սերում է հայոց պատմական Գողթան գավառի կենտրոն Ագուլիս գյուղաքաղաքից: Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը գրում է. «...Ագուլիսը հայ ժողովրդի ստեղծագործության մի հուժկու ճիգն է, ժեռ քարերի ծոցից ծնված մի հրաշք... նոր ժամանակներում... հայտնի դարձավ իր ժողովրդի քաղաքակրթական անօրինակ ձիրքերով եւ համարձակ ձեռներեցությամբ լուսավորության, արտադրության եւ առեւտրի ասպարեզներում» (Ա. Ահարոնյան, Քրիստափոր Միքայելյան, «Խավարի մեջ», գիրք բ, Երեւան, 1991, էջ 364, 366): Ագուլիսի կործանումից երեք ամիս առաջ այնտեղ այցելած գնդապետ Հասկելի ներկայացուցիչ Քլարենս Աշերը այն նկարագրում է «որպես եդեմական այգի` սանդղավանդ մրգաստաններով ու խաղողի այգիներով... կոկիկ տներով ու նրբաճաշակ մարդկանցով, որոնք պատիվ կբերեին ամեն մի քաղաքակիրթ հասարակության» (Hovhannesian, Richard G, The Republic of Armenia, 1982, vol 2, p. 236):

Ավաղ, «քաղաքակրթական այս սիրուն կղզին» բառացիորեն հոշոտվեց, աննկարագրելի կերպով ավերվեց, ու նրա բնակչության մեծ մասը սրի քաշվեց 1919թ. դեկտեմբերի 25-28-ին, այժմյան Օրդուբադ քաղաքի ու նրա շրջակա գյուղերի ազերի բնակչության կողմից:

19-րդ դարի վերջերին Հախնազարյան տոհմի ներկայացուցիչները Ագուլիսի մեկ այլ նշանավոր տոհմի` Աբեյանների հետ առեւտրական մեծ ընկերություններ էին հիմնել Մոսկվայում եւ մասնաճյուղեր ունեին Բաքվում, Աստրախանում, Երեւանում (Երեւանում Հախնազարյանների ընդարձակ տները գտնվում էին ներկայիս «Գլաձոր» համալսարանի տեղում), Աշխաբադում, Իրանի բազմաթիվ քաղաքներում, Մարսելում: Իրենց բարեգործություններով այս մեծահարուստ տոհմից հայտնի են եղել հատկապես Սարգիս եւ Հարություն Հախնազարյանները: Հայ մշակույթին, մանկավարժության եւ գիտության բնագավառում զգալի ծառայություններ են մատուցել Մարտիրոս եւ Հովհաննես Հախնազարյանները:

Մայրական կողմից Հախնազարյան տոհմից են սերում նաեւ եղբայրներ` միջազգային մրցույթների առաջին հայ դափնեկիրներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանը (հայրական կողմից սերում է Գողթանի Տանակերտ գյուղի Հայրապետյան հայտնի տոհմից), որի որդին նույնպես դաշնակահար է, բնակվում է Փարիզում: Նա երկար տարիներ եղել է նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ֆակուլտետի դեկան, արժանացել է ՀՀ Մովսես խորենացու անվան եւ Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Եվ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը, որը երկար տարիներ եղել է Կ. Սարաջյանի, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցների տնօրեն, Հայաստանի մշակույթի նախարարության ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, նրա երկու որդիները եւս դաշնակահար են, բնակվում են Էստոնիայում եւ Բեյրութում (Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն է): Յու. Հայրապետյանի ու Ս. Քեչեկի մայրը եւ Սուրեն Հախնազարյանի հայրը քույր ու եղբայր են:

Նշենք նաեւ նշանավոր ազգականների` պրոֆեսորի ու ասպիրանտի հետաքրքրական կենսագրության նմանությունների եւ տարբերությունների մասին: Յու. Հայրապետյանը ծնվել է 1933թ. հոկտեմբերի 22-ին, Նարեկ Հախնազարյանը` 1988թ. հոկտեմբերի 23-ին: Երկուսն էլ ժամանակին գրավել են ռուսական երաժշտական վերնախավի ուշադրությունը եւ հրավիրվել Մոսկվա, համապատասխանաբար 1953թ. (նշանավոր Յա. Ֆլիերի դասարան) եւ 2000թ., ուսումը շարունակելու եւ կատարելագործվելու նպատակով: Յու. Հայրապետյանը առաջին անգամ միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել 1955թ. Վարշավայում, Ն. Հախնազարյանը, առայժմ վերջին անգամ` Մոսկվայում` 2011թ., երկուսն էլ 22 տարեկան հասակում (Նարեկի դեպքում փոքր ինչ ավելի): Նրանց ծննդյան ու մրցանակակիր դառնալու տարիները իրարից բաժանում է ուղիղ 55 տարի:

Ագուլիսի կոտորածի հետեւանքով Պարսկաստան գաղթած Հախնազարյան տոհմի շառավիղներից առավել հայտնին մանկավարժ, հասարակական գործիչ Հովհաննես Հախնազարյանն է (1900-1978), նա փիլիսոփայության ու պատմության դոկտոր էր: Հայրենի Գողթան գավառի պատմական անցյալի վերաբերյալ նրա հուշագրությունն ու ուսումնասիրությունը ամփոփված են 1987թ. Անթիլիասում լույս տեսած «Գողթան գավառ» գրքում: Հովհաննեսի որդին է հայտնի ճարտարապետ-հետազոտող Արմեն Հախնազարյանը, որի ջանքերով Գերմանիայում հիմնադրած RAA կազմակերպությունը մեծ աշխատանքներ է կատարել Արեւմտյան Հայաստանի հուշարձանների ուսումնասիրության գործում: Կյանքի վերջին շրջանում Ա. Հախնազարյանը մեծ ու ազգանվեր աշխատանք էր կատարում նաեւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնում: Ագուլիսի Հախնազարյան եւ Քալանթար տոհմերից է սերում նաեւ թիֆլիսահայ նշանավոր նկարչուհի Գայանե Խաչատրյանը:

Եթե այս ամենին, հիշեցման կարգով, հավելենք նաեւ այն, որ Գողթան գավառը (մեզանից օտարված պատմական հայրենիքի այդ մասը այժմ կազմում է Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանը), ոչ միայն գողթան երգիչների, այլեւ մեծն Կոմիտասի (գյուղ Ցղնա) եւ աշխարահռչակ Արամ Խաչատրյանի (գյուղ Ազա) նախնիների, ծնողների հայրենիքն է, ապա միանգամայն պարզ կդառնա, թե դարերի ու տասնամյակների հոլովույթում որտեղից եւ ինչպես է ձգվում ու հարատեւում հայ երաժշտության, երաժշտական-կատարողական արվեստի գենետիկական շղթան, որի գաղտնիքների բացահայտումը թողնենք 21-րդ դարի գենետիկներին:


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011073002

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1008 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նարեկ Հախնազարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0