Ուրբաթ, 26.04.2024, 01:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » “Օրրան”
02:47
“Օրրան”
Օրրան
Բարեգործական ընթրիք` մոտ 150 000 դոլար արդյունքով:)

Օգոստոսը  "Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում  "Օրրան”-ի ամիսն է, ուր ամեն տարի տեղի է ունենում բարեգործական կենտրոնի երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաեւ ամենամյա ընթրիքը:

Այս տարվա բարեգործական ընթրիքը օգոստոսի 19-ին էր`  "Տիգրան Մեծ” սրահում: Ներկաների թվում էին մշակութային, քաղաքական գործիչներ, գործարարներ, դիվանագետներ, սփյուռքահայեր, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց կգտնեք լուսանկարներում:):

Երեւանում եւ Վանաձորում գործող "Օրրան”-ը մի քանի տարվա ընթացքում ընթրիքի անցկացման ծրագիր է մշակել, հանդիսավարներն էլ յուրաքանչյուր տարի փոփոխվում են: Այս անգամ երեկոն վարում էին "Միսս Հայաստան 1998” Գոհար Հարությունյանը եւ ArmeniaNow-ի գլխավոր խմբագիր Ջոն Հյուզը:

Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը օրհնեց ընթրիքը, "Օրրան”-ի երեխաները երգեցին "Մառան” երգը, ապա Էլեն եւ Ռաֆայել պարային զույգը պարեց ռումբա ու չա-չա-չա, հետո էլ ելույթ ունեցան "Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի ատենապետ Գարո Արմենը եւ "Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Սաներից ներկա էին միայն նրանք, ովքեր երգելու էին. փոքրիկները ոգեւորված եւ ուրախ էին:): Ելույթից հետո նրանք ճաշեցին հյուրանոցի մեկ այլ սրահում: "Շատ-շատ մարդիկ են եկել, այս անգամ ավելի ուրախ է անցնում, սիրում ենք մեր ուսուցիչներին ու շարունակելու ենք գալ մեր սիրելի "Օրրան””, – ասացին Մոնիկան ու Մարին:

Այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ "Օրրան Գրիգորյան” մրցանակի հանձնումը, որը շնորհվեց ցերեկային խնամքի կենտրոնի վաղեմի բարեկամ "ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Մրցանակի հանձման ընթացքում մեծ էկրանին ցուցադրվում էին Ռալֆ Յիրիկյանի մանկության լուսանկարները, դերասան Հրանտ Թոխատյանն էլ ներկայացնում ու կատակներ էր անում:

Ի դեպ, մրցանակը կոչվում է "Օրրան Գրիգորյան”, քանի որ մինչ օրս կենտրոնին ամենամեծ նվիրատվությունը կատարել է բարերար Գրիգոր Գրիգորյանը:

Հրանտ Թոխատյանի հետ երեկույթին մասնակցելու էին եկել նրա կինը՝ Լուիզա Ներսիսյանը, եւ փոքրիկ աղջիկը՝ Լիլիթը: "Առաջին անգամ ենք բերել Լիլիթին, իրեն էլ հետաքրքիր է, հասակակից երեխաների հետ թող ծանոթանա, շփվի: Սուտ կլինի, եթե ասեմ՝  հաճախ եմ գնում "Օրրան”, բայց առիթի դեպքում լինում եմ այնտեղ: Այնքան շատ են երեխաները, որ մի կողմից լավ է, որ շատ երեխաներ կտրվում են փողոցից, մյուս կողմից վատ է, որ "Օրրան”-ի կարիքն ունեցողների թիվը մեծ է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

Արմինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին աջակցելու եւ իր զանգերն ու խնդրանքները չմերժելու համար. "Երբ Հրանտ Թոխատյանին զանգաhարեցի, ասաց՝  խնդրելու փոխարեն կարող եմ հրամայել. պատրաստ է միշտ մեր կողքին լինել: Երգիչներն էլ սիրով մեր ընթրիքի մասն են դառնում, չնայած այսօր մեզ համար չեն երգի, թող մնա հաջորդ տարի”:

Նախորդ տարվա հանդիսավար Քրիստինե Պեպելյանը վարողի պարտականությունները հանձնել էր Գոհար Հարությունյանին եւ իր մայրիկի հետ հյուրի կարգավիճակում էր. "Ցանկացած մարդ, ներկա լինելով, ինքնաբերաբար դառնում է գեղեցիկ տոնի մասնակիցը: Անցած տարի ինձ համար տպավորիչ էր վարողի դերում լինելը, կարծում եմ՝ պակաս տպավորիչ չէ գեղեցկուհի ու հմայիչ Գոհար Հարությունյանին տեսնելը”, – ասաց երգչուհին ու ավելացրեց, որ թեեւ երեխաներին անուններով չի ճանաչում, բայց հաճույքով է այցելում ու շփվում:

Ընթրիքի ընթացքում իրականացվեց ավանդույթ դարձած շամպայնի գավաթի վիճակախաղը, երեկոյի հաջորդ հատվածն աճուրդի ու դրամական նվիրատվությունների համար էր, ինչի նպատակով էլ հավաքվել էին ներկաները:

"Արմենիա-Մարիոթ” հյուրանոցի վաճառքի եւ մարկետինգի տնօրեն Զոլթան Կոնշանսկին եւ Մադլեն Մինասյանը՝ Արթուր Իսպիրյանի կինը, աճուրդի էին հանել տարբեր ընկերությունների ապրանքներ՝ կոնյակներից մինչեւ հյուրանոցում գիշերելու համարներ, նաեւ մի քանի նկարիչների աբստրակտ նկարներ:

Աճուրդի դրված իրերը ամենը գնելով՝  ներկաները լուծում էին կենտրոնի սաների սննդի, հագուստի ու մասնագիտական ուսուցման խնդիրը: "Օրրան”-ի հաշվարկներով` մեկ երեխայի տարվա ծախսը կազմում է 500 դոլար:

Բարեգործական ընթրիքի ընթացքում  "Օրրան”-ին հաջողվեց հավաքել մոտ 150 000  դոլարին համարժեք դրամ, որի մեծ մասը տրամադրեց Ռալֆ Յիրիկյանը, իսկ գնած նկարներն ուղարկեց Վանաձորի "Օրրան”. "Ամոթ չէ աղքատություն ունենալը, այլ ամոթ է կարիքի մեջ մարդկանց տեսնելը, հատկապես` երեխաներին,  ու օգնության ձեռք չմեկնելը”, -նշեց նա:

Բարեգործական ընթրիքի ավարտին հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ոգեւորված ու հուզված էր. "Ցավով եմ ասում, բայց մեզ դիմողների թիվը շատացել է, աղքատությունն ավելի ընդգծվում է, մեր կենտրոնն էլ այդքան մեծ չէ, որ բոլորին կարողանա օգնել: Դեռ լավ է, որ մեզ աջակցող բարի մարդիկ կան”:

Նվիրատվությունների երեկոն ավարտվեց հյուրերի եւ "Օրրան”-ի աշխատակիցների քոչարի պարով:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C%D6%85%D6%80%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%9D-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A9%D6%80%D5%AB%D6%84/
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1062 | Ավելացրեց: admin | Տեգեր: Օրրան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0